Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 13 au 14 mars
 

ԱՇԽԱՐՀԸ ՑՆՑՎԱԾ Է

Մարտի 1-ին Հայաստանում կատարված ողբերգական իրադարձությունները եւ դրանց հաջորդած զարգացումները լուրջ արձագանք ստացան ամբողջ աշխարհում:

Առաջին իսկ օրվանից տասնյակ միջազգային կառույցներ, եվրոպական երկրներ, հայտնի ու անհայտ կազմակերպություններ հատուկ հայտարարություններ ընդունեցին Հայաստանի վերաբերյալ եւ դեռ շարունակում են ընդունել: Հայ հանրությունը, սակայն, միայն մասամբ է ծանոթ դրանց, քանի որ եթե նույնիսկ ՀՀ իշխանական ԶԼՄ-ները անդրադառնում են այդ հայտարարություններին, ապա միայն համապատասխան սրբագրումներ անելուց հետո: Ուստի հարկ ենք համարում ներկայացնել այդ հայտարարությունների հատկապես այն հատվածները, որոնք կրճատվել են իշխանական ԶԼՄ-ների կողմից: Այսպես` մարտի 1-ին Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ նույն օրը իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա, մասնավորապես, նշել է, որ ցնցված է առնվազն 8 զոհերի մասին տեղեկություններով, միաժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել «հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները, կենտրոնանալ հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու եւ ոչ թե քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու վրա»: Հայտնի իրադարձությունների ժամանակ Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, իր հերթին, նշել է, որ ձերբակալությունները պետք է իրականացվեն միմիայն ապացույցներով: Եվրոպացի դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դե յուրե տնային կալանքի տակ չէ, իսկ դե ֆակտո՝ այո: Տալվիտիեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել արտակարգ իրադրությունը:

Մարտի 3-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել հայտարարված արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը: Իր հերթին, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը` ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին մարտի 4-ին Վիեննայում հայտարարել է, որ արտակարգ դրությունը չպետք է իշխանությունների կողմից օգտագործվի` հասարակությանը տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկելու նպատակով: ՀՀ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մարտի 4-ին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Հայտարարության մեջ նշվում է. «Մենք խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը»:


Մարտի 7-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս հետ խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները: Իսկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Բրայզան դա որակել է որպես «ցավալի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»: Ամերիկացի դիվանագետը նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին: Իսկ ահա փետրվարի 19-ի ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը մարտի 10-ին ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը եւ կոչ է արել հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները: Նույն օրը Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել` մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար: «Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,- հայտարարել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կառլսենը: Վերջինս նաեւ նշել է, որ լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Մարտի 11-ին եռօրյա այցով Երեւան ժամանելուց առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով: Իր հերթին, Սպիտակ տան մամուլի խոսնակ Թոնի Ֆրատոն երեկ մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ քաղաքական երկխոսության կոչ արել: «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, վերացնի արտակարգ դրությունը եւ վերականգնի մամուլի ազատությունը: ԱՄՆ-ն դատապարտել է մարտի 1-ի եւ 2-ի բռնությունները, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, եւ դրան հետեւած իշխանության գործողությունները, ներառյալ ընդդիմադիրների ձերբակալումը, մամուլի ազատության, ինչպես նաեւ հավաքվելու իրավունքի սահմանափակումը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակը: Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երեկ իր մտահոգությունն է հայտնել Եվրամիության նախագահությունը` իշխանություններին կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: ԵՄ նախագահության կողմից երեկ ընդունված հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում «ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»: Նշենք, որ սրանք ամբողջը չեն, եւ այս ընթացքում Հայաստանին վերաբերող հայտարարություններ ընդունած կառույցների եւ երկրների շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Մասնավորապես, դրանց մեջ են` «Human Rights Watch», «Amnesty International» կազմակերպությունները, Բալկանյան քաղաքական ակումբը, Կանադայի ԱԳ նախարարությունը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ այլն

ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից դեպի Պարոնյան փողոց քայլելիս, ի թիվս մոտ 30 քաղաքացիների, դաժան ծեծի են ենթարկվել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը եւ դուստրը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մշտապես մասնակցող Գրիզելդա եւ Գայանե Ղազարյանները պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տիկնոջ հրավերով երեկոյան ժամը 21-ի սահմաններում որոշել են գնալ Պարոնյան 18 հասցեում գտնվող նրանց բնակարան եւ փոքր-ինչ հանգստանալուց հետո հետ վերադառնալ: Ճանապարհին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ամբողջ Մաշտոցի պողոտան` մինչեւ Ամիրյան փողոց, լցված ոստիկաններով: Տիկին Գրիզելդան պատմում է, որ ոստիկանների մի մասն այդ պահին շարժվել է դեպի քաղաքապետարան, իսկ մի փոքր մաս էլ, պոկվելով խմբից, սկսել է «քշել» տարբեր պատճառներով հանրահավաքից անջատված խմբին: «Ես մոտեցա սպաներից մեկին եւ ասացի, որ երբ այս ամենը վերջանա, նրա «պագոնները» պոկել կտամ, քանի որ շատ լավ եմ ճանաչում իրեն»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Իսկ սպային նա ճանաչել է դեռեւս Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունից: Հայհոյելով եւ ձեռքի ռեզինե մահակով հարվածելով Գրիզելդա Ղազարյանի որովայնին` ոստիկանը շարունակել է «քշել» մարդկանց: Նրանց հասցրել են Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, լսելով կրակոցներ, մարդիկ վախեցել են եւ մտածել, որ հրապարակում այդ պահին դիակներ են միայն եւ պետք է հետ գնալ այնտեղ: «Հրապարակում մեր հարազատներն էին, որդիս: Շատ վախեցանք եւ գոռում էինք` էս ի՞նչ եք անում, պետությունը մենք ենք, մի միլիոն սպանեցիք, 2 միլիոն սպանեցիք, ո՞ւմ համար եք մնալու էս երկրում: Ի պատասխան` շիթավոր ոստիկանները սկսեցին խփել շիթերին, որ մեր ձայնը չլսվի, որ մեր քարոզչությունը տեղ չհասնի, ազդեցություն չգործի»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Ոստիկաններն ավելի կատաղած են վազել դեպի մարդիկ, որոնք էլ սկսել են թաքնվել շենքերում: Մուտքերի մոտից քարշ տալով ոստիկաններից մեկը Գայանեին գցել է փողոց եւ իրեն միացած մի քանի ոստիկանների հետ սկսել ոտքերով հարվածել աղջկան: Այդ ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ տիկին Գրիզելդան, չնայած Շիրխանյանի կնոջ հորդորներին, թե նա Ռաֆայել Ղազարյանի կինն է: Ծեծելուց հետո Գայանեին նորից քարշ տալով (այս անգամ նա ցավից չի կարողացել քայլել) հասցրել են մոր մոտ: Մտցնելով շենք` սպաներից մեկը նրանց ասել է, որ ինքը փրկել է նրանց կյանքը: Հետո սպան լքել է նրանց, եւ մայր ու դուստր փորձել են որեւէ մեկի բնակարան մտնել: Առաջին հարկում նրանց առաջ դուռ չեն բացել: Բարձրանալով երկրորդ հարկ` պարզել են, որ գրեթե բոլոր փախածները այդտեղի բնակարաններից մեկում են: Այդ տանն էլ Գայանեն զանգել է իր երկու ծանոթներին եւ խնդրել շտապօգնություն ուղարկել: «Որոշ ժամանակ անց երկուսն էլ զանգեցին եւ ասացին նույն բանը. շտապօգնությունից ասում են, որ իրենք Լեոյի փողոցին են հասել, բայց չեն կարողանում առաջ գալ, քանի որ ոստիկանները կրակում են իրենց մեքենաների վրա»,- ծանոթների ասածն է պատմում Գայանեն: Հետո պատշգամբից լսել են, թե ինչպես են ոստիկանները թաքնված մարդկանց փնտրում: «Այսինքն` նրանք ոչ թե մարդկանց ցրելու նպատակ ունեին, այլ ծեծելու եւ այդքանից հետո էլ դեռ չէին հանգստացել»,- մտածել է Գայանեն: Արդեն գիշերը` ժամը երկուսն անց կես, եկել է շտապօգնության մեքենան, բայց Ղազարյանները հրաժարվել են նրանց հետ գնալ: «Ասացին, որ պիտի տանեն Էրեբունու հիվանդանոց, բայց ես գիտեմ, որ այնտեղ ինձ կսպանեին: Ես չուզեցի գնալ նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, եւ մեր մեքենայով գնացինք Հանրապետական հիվանդանոց: Այնտեղ բժիշկները զարմացան, որ ոստիկաններից բացի ուրիշ քաղաքացի են ներս թողել»,- պատմում է Գայանեն: Այդ հիվանդանոցում էլ հենց տկն Գրիզելդայի գլխին 8 կար է դրվել: Նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ խնդրել է իր հիվանդության պատմությունը տալ` բուժումը շարունակելու համար, բայց չեն տվել` ասելով. «Քանի որ դուք կապված եք այդ դեպքերի հետ, մենք չենք կարող հիվանդության պատմությունը տալ: Դատախազությունը հարցում կանի, մենք նրանց կտանք պատասխանը, իսկ ձեզ` պատճենը»: Այս ամենից հետո էլ Գայանեին հեռացրել են աշխատանքից: Ու չնայած դրան, տկն Գրիզելդան հավատում է, որ հաղթելու է եւ հաղթանակած էլ պիտի ապրի միմիայն Հայաստանում:

«Ժառանգությունը» դատարանում կվիճարկի «Արտակարգ դրության» մասին հրամանագիրը

March 14, 2008

«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք վարչական դատարանում վիճարկելու են Հայաստանի Հանրապետության նախագահի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը։

«Հայաստանի Հանրապետության նախագահի՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցադիմումով այսօր ՀՀ վարչական դատարան է դիմել «Ժառանգություն»կուսակցությունը` համարելով, որ ի թիվս այլ սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում են Հայաստանի օրենսդրության, ինչպեսեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր թերթերի ու կայքերի աշխատանքը, ինչը քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում է:

Դատարանին ուղղված դիմումում «Ժառանգությունը» խնդրում է անվավեր ճանաչել վերոնշյալ հրամանագիրը, որը, կուսակցության հիմնավորմամբ, օրենքից դուրս է եւ անհամաչափ ստեղծված իրավիճակին: Հայցվոր կողմը դատարանին միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց` արգելել ՀՀ նախագահի կողմից սահմանադրական իրավունքների նոր սահմանափակումներ եւ շտապ նշանակել արագացված դատաքննություն:

«Ժառանգություն» կուսակցությունը ակնկալում է, որ Վարչական դատարանն արդար վճիռ կկայացնի ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված արգելանքները հանելու, արտակարգ դրության պայմանակարգով ստեղծված անհարմարությունները վերացնելու, քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամբողջապես վերահաստատելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

չեն հանդուրժվելու

Միջազգային ճգնաժամային խմբի` Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը երեկ ամերիկյան «Wall Street Journal» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է, որ Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով:

Նրա խոսքերով, Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունները թեեւ առաջինն էին Երեւանի փողոցներում, սակայն տեղավորվում են Հարավային Կովկասում արդեն շատ ծանոթ վտանգավոր սխեմայի շրջանակներում: Ըստ Ֆրեյզերի, «հաճախ կրկնվող սցենարը հետեւյալն է. նախ խախտումները եւ ընտրակեղծիքների մասին պնդումները ստվերում են ընտրությունները, այնուհետեւ ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր է կազմակերպում, եւ վերջապես` ուղարկվում է ոստիկանությունը եւ անհամարժեք ուժ է գործադրում` ծեծելով ազատելով փողոցները ցուցարարներից: Դա այնքան սովորական բան է դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այժմ կարծես նույնքան ժամանակ են ծախսում հետընտրական պայքարին պատրաստվելու վրա, որքան ծախսում են քվեների համար ընտրարշավի վրա: Նույնը, ինչպես երեւում է, սպասվում է Վրաստանում մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որտեղ նոյեմբերին կառավարության հարձակումը խաղաղ ցուցարարների վրա նախորդեց հունվարյան նախագահական ընտրություններին»: Ֆրեյզերը գրում է, որ տարածաշրջանում անչափ շատ ընտրություններ են ստվերվել ձայների վատ կամ շատ վատ հաշվարկով, ընդդիմադիր ակտիվիստների ահաբեկմամբ, քվեատուփերի լցոնմամբ, բազմակի քվեարկությամբ, կողմնակալ ընտրական հանձնաժողովներով, կառավարության թեկնածուի աջակցման համար պետական ռեսուրսների օգտագործմամբ եւ լրատվամիջոցների կողմից ընտրարշավի աղավաղված լուսաբանմամբ: «Դա չէ այն հետխորհրդային իրականությունը, որի հույսը ունեին շատերը: Խորհրդային Միության փլուզումից եւ Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո բոլորը խոսում էին նրանց ժողովրդավարացման մասին»,- շեշտում է Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս գտնում է, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները, հատկապես` խորհրդարանականները, սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին` առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության» կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների` իշխանության մնալուն: Ֆրեյզերը շատ ավելի վստահելի է համարում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք հիմնված են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւած դիտարկումների վրա, եւ որոնք վերջնական տեսքով շատ ավելի ուշ են ներկայացվում: Հոդվածագիրը շեշտում է, որ ընտրությունների նման սցենարը կկրկնվի, մինչեւ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն նոր ուղեգիծ չորդեգրեն` աջակցելով ավելի շատ այդ երկրների հաստատություններին, այլ ոչ թե անհատներին: «Նրանք պետք է հստակ հասկացնեն, որ կեղծված ընտրությունների հերթական շրջանը չի հանդուրժվելու: Խորհրդային Միության փլուզումից 17 տարի անց բոլոր այդ երկրները պետք է արդեն իմանան` ինչպես անցկացնել իսկական ընտրություններ: Ժամանակն է, որպեսզի տեղի իշխանությունները եւ նրանց օտարերկրյա գործընկերները Հարավային Կովկասում եւ նախկին Խորհրդային Միության որեւէ այլ վայրում ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու եւ հետագա արյունահեղություններից խուսափելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեն»,- եզրափակում է Սաբինա Ֆրեյզերը:

Թերթերը չեն տպագրվել, մեղմացումներ չկան


Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագրով փոփոխություններ են կատարվել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

Փոխվել է մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում», շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ` «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

Իրականում սակայն ոչ մի բան էլ չի փոխվել, իրականացել է նախօրեին հնչած մեր մտավախությունը, մարտի 1-ից չհրատարակվող թերթերը լույս չեն տեսել նաեւ մարտի 14-ին։ Իսկ թե ինչու, պարզաբանում են թերթերի խմբագիրները։

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ` «ՀՐԱՊԱՐԱԿ» թերթի գլխավոր խմբագիր–Մարտի 13-ին մենք աշխատել ենք, ամփոփել են 15 օրվա իրադարձությունները, գիշերվա 2-ին թերթը տարել են տպարան, ուր նստած էր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը, որը առանց որեւէ պատճառաբանության ասել է, որ թերթը չի տպվելու։ Թերթը տպել արգելելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնելու մեր առաջարկին ի պատասխան ասաց, թե պատճառներ չի ներկայացնում։ Այսպես մերժել են բոլոր թերթերին։ Տպագրվել են այն թերթերը, որ մարտի 1-ից հետո էլ էին տպագրվում։ Այնպես որ մամուլի ազատության սահմանափակումները չեն մեղմացել, դրանք ընդամենը ֆորմալ քայլ էին, Արեւմուտքին ցույց տալու համար, որ իշխանությունները զիջումների են գնում, բայց իրականում ներքին կարգով պահեցին նախկին վիճակը։ Ու հայտնի չէ, թե չորս օրից հետո, երբ արտակարգ դրությունը վերացած լինի, հնարավոր լինելո՞ւ է տպագրվել, թե իշխանությանը այս վիճակը այնքան դուր կգա, որ կշարունակեն նույն գրաքննությունը այլ մեթոդներով կիրառել։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի գլխավոր խմբագիր-Երեկ մենք աշխատել ենք, թերթը պատրաստել, տարել տպարան։ Տպարանում նստած էր Ազգային անվտանգության ծառայության գրաքննիչը, ով թույլ է տալիս, կամ արգելում է տպագրությունը։ Տարան մեր թերթի 4-րդ, 5–րդ, 6-րդ, 7-րդ էջերը, ուր Լեւոն Տեր–Պետրոսյանի բաց թողնված ասուլիսներն էին։ ԿԳԲ–ի գրաքննիչը ասաց, որ այդ ասուլիսներում պարունակվում է ակնհայտ սուտ տեղեկատվություն, ինչը հակասում է նախագահի հրամանագրին, եւ թերթը չի կարող տպվել եւ արգելեց թերթի տպագրությունը։ Նրանք միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար հայտարարեցին, թե մեղմացումներ են արել, բայց ոչ մի բան էլ չեմ մեղմացրել։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» օրաթերթի գործող խմբագիր ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ էլ ասաց, որ երեկոյան թերթը սովորականի պես տարել են տպարան ու էլի հանդիպել Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի, ով կարդացել է նյութերը, հեռախոսով ինչ–որ մեկի հետ զրուցել եւ ասել, որ «Հայկական ժամանակը» չի տպագրվելու։ Հայկ Գեւորգյանը եւս կարծում է, որ մամուլի ազատության սահմանափակումների մեղմացումները «մեղմացումներ չէին, այլ միջազգային հանրության աչքին թոզ փչել, մեր իշխանությունները հստակ ցանկ ունեն, թե որ թերթերը չեն տպագրելու»։

Հայտարարված մեմղացումներից հետո չեն գարծում նաեւ էլեկտրոնային թերթերը։ «ԼՐԱԳԻՐ» էլեկտրոնային թերթի խմբագիր ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆԸ ասաց, թե ինչպես մարտի մեկին, այնպես էլ այսօր, իրենց չաշխատելու պատճառը խմբագրությունը չէ, այլ նրանք, ովքեր անջատել են թերթը։ Հայկազն Ղահրիյանի կարծիքով, եթե իշխանությունները թույլ չեն տալիս թերթերին աշխատել, նշանակում է, որ սահմանափակումներիր ոչ մի մեղմացում էլ չի եղել։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՐՈՆՈՒՄ

Գարնան առաջին օրը Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերից մեկը 46-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն էր, ում մասին նրա բակի հարեւաններն ասում են` արդարություն փնտրող մարդ էր:

Ու թեեւ նա արդարություն էր որոնում, սակայն այն, ինչ գտավ, որեւէ ընդհանրություն չունի այդ հասկացության հետ: Հովհաննես Հովհաննիսյանը կամ, ինչպես նրա մասին խոսելիս հարեւաններն են ասում, Հովիկը, այլեւս չկա, եւ նրա ընտանիքը մնացել է շիվար: Կինն ու երկու երեխաները պատուհասած արհավիրքից հետո երեկ առաջին անգամ էին տուն վերադարձել: Մինչ այդ բնակվել են Հովհաննեսի ծնողական տանը, որտեղից էլ կատարվել է նրա հուղարկավորության արարողությունը: Ամուսնուն կորցրած Լիլյան անչափ սակավախոս էր: Նա չէր կարողանում ու նաեւ չէր ցանկանում իր ցավն արտահայտել բառերի միջոցով: Մանավանդ` խոսել ու պատմել մի բանի մասին, որին ներկա չի եղել: Ասում էր` դեպքերի միայն հաջորդ օրն են իրենց զանգահարել ու տեղեկացրել, որ Հովհաննեսը զոհվել է: Թե ո՞վ էր այդ բոթը հայտնողը, տիկին Լիլյան չգիտի: «Ես միայն մտածում եմ, որ անմեղ զոհ եմ ունեցել: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»,- հարց է ուղղում այրիացած կինը` վստահեցնելով, որ իր արհեստավոր ամուսինը հանրահավաքներին չէր մասնակցում, ու այդ օրն էլ «հաճախորդի» տնից է վերադառնալիս եղել. Հովհաննեսը սանտեխնիկ էր, եւ հենց որ մեկնումեկը ջրի խողովակների հետ կապված խնդիր էր ունենում, անմիջապես զանգահարում էր նրան: Այդ անգամ էլ, ինչպես վստահեցնում են Հովհաննեսի տանը, նա աշխատանքի էր գնացել ու պետք է տուն վերադառնար: Բայց ուշացել է: Ծանոթ-բարեկամներն անընդհատ զանգահարել ու հետաքրքրվել են` Հովհաննեսը չեկա՞վ: Նա այլեւս չէր գալու եւ իր ընտանիքը թողնելու էր նաեւ առանց կերակրողի, որովհետեւ միակ աշխատողն ինքն էր: Հարեւանները պատմում էին, որ նրան անընդհատ աշխատանքային գործիքներով լի պայուսակը ձեռքին էին տեսնում: Ճիշտ է, տիկին Լիլյան մասնագիտություն ունի, սակայն արդեն այնքան էլ երիտասարդ չէ, ուստիեւ չի համապատասխանում աշխատանք գտնելու համար այսօրվա ընդունված չափանիշներին: Եւ չնայած ամուսնու մահվան հարցում տիկին Լիլյան մեղավորներ չի փնտրում, գոնե մինչ այս պահը, ասելով` «Ի՞նչ իմանամ` ո՞ւմ մեղադրեմ», սակայն նրա հարեւանները չեն խուսափում այդ մասին խոսելուց: Թեեւ պետք է նշել, որ ամեն դեպքում` ակնհայտ էր մարդկանց զգուշավորություն ցուցաբերելու հանգամանքը: Ստալինի ժամանակների շունչն էր մի տեսակ զգացվում: Բայց լիովին զգուշավորություն պահպանել չի լինում, եւ մարդկանց թեկուզ կատակով արված արտահայտությունների միջից դուրս է գալիս նրանց իրական վերաբերմունքը: ««Հայլուր» նայեք, «Հայլուրից» ճիշտը չկա»,- օրինակ` հեգնանքով ասում էին նրանք: Ինչեւէ: Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները կարծում են, որ այդ մարդկանց զոհվելու պատճառ են հանդիսացել Ազատության հրապարակում նույն օրը վաղ առավոտյան կատարված դեպքերը, երբ մահակավորները սկսել են ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: ««Հայլուր» ենք լսում, ստացվում է` մեղավորը մեռնողներն են, բայց մեղավորը Օպերայում կատարված դեպքերն են: Գիշերով քնած մարդու վրա կհարձակվե՞ն»,- ասում էին նրանք ու հաղորդում իրենց իմացածը, ըստ որի` «գրոհայինները» կտրել են վրանների թելերը եւ դրանից հետո սկսել են խփել վրանների տակ մնացած մարդկանց` չնայելով` ո՞վ կա, ո՞վ չկա այնտեղ: Ահա այդպիսի անմարդկային վերաբերմունքն էլ ունեցավ իր շարունակությունը, բայց արդեն Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակում: Իսկ որ այդքան զոհ ունենալուց հետո մեր երկրում Սգո օր չհայտարարվեց, Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները համարում են սխալ, ի տարբերություն նրա կնոջ, որն այդպիսի միտք չի արտահայտում: Կարծես վիրավորանք պարունակող տոնով նա ասում էր. «Իրենց գործն է: Մենք մեր սուգն արել ենք»: Նա նաեւ վստահեցնում էր, որ չի տեսել, թե իր զոհված ամուսինն ինչպիսի վնասվածք էր ստացել, սակայն հետո չէր ժխտում, որ կարծես գլխին ստացած հրազենային վնասվածքից է մահացել: «Ես չեմ նայել»,- ասում էր նա:

միայն ժողովրդավարական միջավայրում

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում:

Այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ֆինանսավորման վրա: Դանիլովիչը նաեւ գրել է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները հայտնի իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին: «Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ` 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ, հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա»,- եզրափակել է Ջոն Դանիլովիչը:

առանց երկակի ստանդարտների

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները Կոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի կապակցությամբ երեկ հանդես են եկել հայտարարությամբ:

«Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունները իրենց համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունը, պաշտպանում են ազատ ինքնորոշման իրավունքը եւ ողջունում միջազգային հանրության կեցվածքը Կոսովոյի բնակչության մեծամասնության մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հարգման հարցում: Միաժամանակ, պատգամավորները աշխարհի երկրների խորհրդարաններին կոչ են արել հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված պետությունների ճանաչման հարցում` ձեռնպահ մնալով երկակի ստանդարտներից:




բանաձեւ են ընդունել

Եվրոպական խորհրդարանը երեկ տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը:

Բանաձեւի մեջ, մասնավորապես, նշվում է, որ «նախագահական ընտրությունների արդյունքները խաղաղ կերպով վիճարկող ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված ճնշումները, ի վերջո, հանգեցրին 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների: Մարտի 1-ին հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ լրատվամիջոցների ազատությունը երկրում սահմանափակվել է»: Միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել անհապաղ կազմակերպել մարտի 1-ի դեպքերի թափանցիկ, անկախ եւ անկողմնակալ քննություն` իսկ սխալ պահվածքի ու քրեական բռնարարքների համար պատասխանատուներին կանգնեցնել դատարանի առաջ: Եվրոպացի խորհրդարանականները Հայաստանի կառավարությանը կոչ են արել վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պատճառով: Անդրադառնալով Եվրոպական հարեւանության ծրագրին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը, պատգամավորները Եվրամիության գործադիր մարմնին` Եվրոպական հանձնաժողովին կոչ են արել կենտրոնանալ հատկապես հայաստանյան դատական համակարգի անկախության ապահովման ու ոստիկանական ուժերի մարզումները կազմակերպելու անհրաժեշտության վրա: Հայաստանի իշխանություններին Եվրախորհրդարանը կոչ է անում նաեւ արագորեն կյանքի կոչել այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում են Միջազգային դիտորդական առաքելության վերջին եզրակացություններից:



ՈՎ ԻՆՉԻՑ Է ԽՈՍՈՒՄ...

Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, թե մեծահոգաբար վերանայում է արտակարգ դրության մասին հրամանագրի ԶԼՄ-ներին վերաբերող դրույթները:

Իսկ իրականում միայն գումարելիների տեղերն են փոխվելու, և այն սողանցքը, որն իշխանությունները թողնում են իրենց համար, ցանկացած պահի ցանկացած լրատվամիջոցի կարող է օրենքից դուրս հայտարարել: Վերոնշյալ սահմանափակումներն, ըստ Քոչարյանի, վերաբերելու են միայն սադրիչ գործողություններին և ակնհայտ կեղծ լրատվության տարածմանը: Երկրի նախագահը հավանաբար տեղյակ չի, որ նման դեպքերն այս երկրում վաղուց կարգավորվում են մեկ այլ օրենքով և իր ասածը հեռու է հայտնություն լինելուց: Սակայն դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել, այլ այն մասին, որ եթե հիշյալ կարգը կիրառվեր որևէ օրինական երկրում, ապա հատկապես ու՞մ մեղքն ու պատիժը ամենամեծը կլիներ:

Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ միայն վերջին երկու շաբաթների ընթացքում իշխանական քարոզչամեքենան այնքան կեղծիք ու սուտ է արտանետել, որ դրանցով մի քանի ստվարածավալ հատորներ կարելի է կազմել: Ցանկացած հայաստանցի գիտի, որ եթե թվարկելու լինենք անցած 10 տարիներին Քոչարյանի ու նրա թիմի մոգոնած կեղծ ու սադրիչ տեղեկությունները, ապա հանրային գրադարանը կլցվի ծայրեծայր: Եվ որպեսզի մեզ ազատենք այսպիսի ահռելի բեռից, սակայն նաև հիմնավորած լինեն մեր պնդումները, ընտրենք ամենաչնչին ժամանակահատվածը` հենց երեկ Քոչարյանի 5-10 րոպեանոց զրույցը լրագրողների հետ, իսկ այդ զրույցից` ընդամենը մեկ-երկու պարբերություն, և այն ժամանակ պարզ կդառնա, թե ում հետ գործ ունենք:

Ինչպես և պետք էր սպասել, նախագահը շինհրապարակում կանգնած վերստին խոսում էր մարտի 1-ի իրադարձությունների մասին (հիմա այլ թեմայով մարդկանց չես զբաղեցնի): Ինչ-որ բաներ էր ասում և ահա հիշատակում է մի թիվ. «108 ոստիկան է վիրավորվել այդ հանրահավաքի ժամանակ...»: Սա ասում է Ռ. Քոչարյանը: Նույն Քոչարյանը մարտի 2-ին ասում էր ընդամենը 8 վիրավորված ոստիկանի մասին: Օրվա երկրորդ կեսին առողջապահության նախարարից նա լսում է, որ վիրավորված են 58 իրավապահներ: Մարտի 3-ին ոստիկանության մամլո քարտուղար Սայադ Շիրինյանը խոսում է հիվանդանոցում գտնվող 43 ոստիկանության ծառայողների և 131 զինծառայողների մասին: Այդ ընթացքում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «թարմացնում է» իր տեղեկությունները և զեկուցում, որ վերքեր են ստացել 72 զինծառայողներ ու իրավապահներ: Բայց մարտի 4-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամոթով է թողնում նրան` հայտնելով, թե վնասվածքներ ունեն 117 ոստիկաններ: Իր դատախազի ու նախագահի համար էլ ավելի հիմար վիճակ է ստեղծում դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, որը հենց այն պահին, երբ Քոչարյանը քաղցր-քաղցր զրուցում էր լրագրողների հետ, «Արմինֆո»-ի թղթակցին հայտնում է, թե վիրավորված են 180 ոստիկաններ...

Որտեղի՞ց են ծնվում այս ցուցանիշները: Չէ՞ որ նույնիսկ Քոչարյանն էր խոստովանում, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո որևէ միջադեպ չի գրանցվել: Այդ ո՞ր ճակատում ու ո՞ր բախումներում են մարտի 1-ից հետո վիրավորվում տասնյակ ու տասնյակ նորանոր համազգեստավորներ...

Նման պրոգրեսիվ շիլաշփոթը շատ ավելի խառնիճաղանջ կդառնար, եթե մենք մեջբերեինք նաև այն բոլոր հակասական տեղեկությունները, որոնք վերաբերում են վիրավոր շարքային քաղաքացիներին: Սակայն դա չենք անի, այլ կբավարարվենք ընդամենը մեկ կարևոր հղումով: Եթե չեք մոռացել, Ս. Շիրինյանն, արցունքն աչքերին, խոսում էր 18-20 տարեկան վիրավորված 131 զինծառայողների մասին: Իսկ ահա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ս. Օհանյանը մարտի 4-ին բառ առ բառ հայտարարեց հետևյալը. «Զինված ուժերից զոհեր ու վիրավորներ չկան...»: Ահա այսպիսի բաներ: Հիմա գլխի ընկա՞ք, թե ովքեր են սադրիչ լուրեր ու սուտ տեղեկություններ հաղորդողները:

Բայց սա ընդամենը Քոչարյանի հիշատակած մեկ թվի մասին էր: Հիմա դիտարկենք երկրորդ թիվը` արտասանված նույն զրույցի ժամանակ: Խոսելով այն մասին, թե ազգադավ ընդդիմությունը որքան վնասներ է պատճառել երկրին, նախագահն ասում է «Անցյալ տարի Հայաստան է այցելել 510 հազար զբոսաշրջիկ», ինչը նշանակում է, թե այս տարի այդքանի հույս չունենաք: Կարո՞ղ ենք գոնե այս միամիտ ցուցանիշին հավատ ընծայել: Պարզվում է, որ դա էլ հեշտ չի լինելու: Բանն այն է, որ այս տարվա հունվարի 31-ին առևտի և տնտեսական զարգացման նախարարության տարածած տեղեկատվության համաձայն «2007 թվին Հայաստան են այցելել 480 հազար միջազգային զբոսաշրջիկներ` կանխատեսված 450 հազարի դիմաց»: Այսինքն, 30 հազարով պակաս, քան Քոչարյանի հայտնածն է: Կեղծ տեղեկատվությու՞ն է: Անշուշտ: Օրենքով պատժելի՞ է: Իհարկե: Եվ հիմա փաստեր խեղաթյուրող այս մարդն ու նրան կից պաշտոնյաները պիտի վերահսկեն մեր ազնվությունը: Հավանաբար հենց այսպիսին է եղել այն առակի սկզբնաղբյուրը, որտեղ գայլին գառների հովիվ են կարգում...



Նահանջ դեպի բռնապետություն

Ամերիկյան Jane’s հետազոտական կենտրոնը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կանխատեսել է, թե այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրմանը պաշտոնական Երեւանի կողմից:

Ըստ Jane’s-ի վերլուծաբանների, հաշվի առնելով «մինչեւ վերջ պայքարելու» Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստումը` հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները արտակարգ դրությունը վերացնելուց հետո կանգնեն Երեւանում փողոցային ավելի մեծ բողոքների փաստի առաջ, թեեւ անհավանական է, որ դրանք ուղղակիորեն սպառնան կառավարության կայունությանը: 

Իշխանությունները կարող են փորձել կանխել նման ցույցերը` ձերբակալելով նախկին նախագահին եւ էլ ավելի նահանջելով դեպի բռնապետություն: «Բոլոր դեպքերում, այժմ Արեւմուտքի համար ավելի դժվար կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկվող որեւէ փաստաթղթի ստորագրման պաշտոնական Երեւանի կողմից, քանի որ ներքին կայունությունը առաջնայնություն է ստանում բանակցությունների նկատմամբ, եւ հանրային աջակցություն ձեռք բերելու նպատակով օգտագործվում է ազգայնական հռետորաբանություն», - ամփոփում են Jane’s-ի վերլուծաբանները:


ամերիկահայերը պահանջում են նոր ընտրություններ անցկացնել

«Հանուն ժողովրդավարական Հայաստանի» կազմակերպության եւ ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհրդի ներկայացուցիչներ Համբիկ Սարաֆյանը եւ Սեւակ Խաչատրյանը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարության կովկասյան հարցերով գրասենյակի վարիչ Փոլ Ուոհլըրզի հետ եւ պետքարտուղարության Հայաստանի բաժնի պատասխանատու Քրիսթին Ռայթի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ամերիկահայ համայնքին մտահոգող հարցեր, մասնավորապես` Հայաստանում գործադրվող բռնությունները եւ քաղաքական հետապնդումները: Կողմերը կարծիք են հայտնել, որ ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը եւ խոսքի ազատությունը պետք է հարգվեն Հայաստանում: Հայ պատվիրակները ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել հետեւողական լինել` մինչեւ նշված հարցերի շուրջ գործնական արդյունքների հասնելը: Հայ պատվիրակները պետքարտուղարության ներկայացուցիչներին են հանձնել նաեւ 10 հազար ամերիկահայերի ստորագրությամբ մի գրություն, ըստ որի` վերջիններս Հայաստանի իշխանություններից պահանջում են վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, վերացնել մամուլի ազատության, հանրահավաքների կազմակերպման իրավունքի սահմանափակումները, չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ: Պետքարտուղարության ներկայացուցիչները նշել են, որ իրենց համար կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի հայ համայնքի կարծիքը`միաժամանակ նշելով, որ իրենք մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ մեծ թվով հեռախոսազանգեր եւ նամակներ են ստացել:

Հայ համայնքի ներկայացուցիչները նույն հարցով հանդիպումներ են ունեցել Կոնգրեսի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:



Վաղ թե ուշ ճշմարտությունը կպարզվի

Շվեդիայի հայկական ընկերակցությունների միության խորհուրդը օրերս բաց նամակ է հղել Հայասանի կառավարությանը, Հանրային հեռուստատեսությանը եւ մասնավորապես` Հայլուրին:

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Շվեդիայում հայկական համայնքի անդամները շվեդական մամուլի հետ միասին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայերը մեծագույն ցավով հետեւում են Հայաստանում վերջերս  տեղի ունեցած նախագահական ընտրությունների զարգացումներին:  Երկար ժամանակ նախընտրական քարոզարշավը թվում էր անկախացումից հետո ամենաակատիվներից մեկը եւ չնայած դեռեւս գոյություն ունեցող թերությունների, ընդունվում էր, որպես երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ կատարվող դրական քայլերից մեկը: Այնուամենայնիվ շատ կարճ ժամանակի ընթացքում պարզվեց, որ դա կարճ ապրող ցանկալի մտածողություն էր: Որպես քաղաքացիներ մի երկրի,  որին շատ այլ ազգեր հետեւում են եւ համարում ազատ եւ ժողովրդավար ազգ, վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները միանգամայն համարում ենք որպես չընդունվող վարքագիծ, որը չի համապատասխանում 21-րդ դարի Հայաստանին:  Արտակարգ դրության մասին հայտարարությունը, չզինված ցուցարարների վրա կրակելը, համարյա բռնապետության հաստատումը, ինչպիսին է գրաքննության մտցնելը  դատապարտվում է ինչպես արտասահմանյան, այնպես էլ Շվեդական բոլոր կառույցների եւ կազմակերպությունների կողմից:   Այն, որ Հայասատանը նկարագրվում է որպես հետսովետական օլիգարխիական ղեկավարումով պետություն, գովելի իմիջ չէ: Ինչ վերաբերում է Հայաստանյան հանրային հեռուստատեսությանը եւ մասնավորապես «Հայլուրի» կողմից լուսաբանվող լուրերին` ինչպես նախընտրական քարոզարշավի եւ մարտի 1-ի հուզումների ժամանակ, այնպես էլ  դրան հաջորդող օրերին, կարելի է բնութագրել որպես ամբողջապես միակողմանի,  կանխակալ եւ գրգռիչ մեկնաբանություն, որը  «Հայլուր»-ն իրեն թույլ տվեց տարածել: Մենք գտնում ենք, որ դա շատ արտասովոր է, որ լրատվամիջոցները  ոչ մի անգամ թույլ չտվեցին  ընդդիմությանը ներկայանալ եւ դատապարտել կամ չդատապարտել տեղի ունեցածը, այսպիսով արձանագրելով, թե արդյոք դա պաշտպանում է այդ գործողությունները կամ առանձնացնում եւ դատապարտում է դրանք: Ցավոք, Հ1-ը եւ մասնավորապես Հայլուրը ոչ մի բան չեն արել լուսաբանելու եւ դրանով ներդրում կատարելու Հայաստանի ներկայիս իրավիճակի լավացմանը, բայց վարկաբեկել են նրանց ովքեր համամիտ չեն պետական քաղաքականության հետ: Այսպիսով, հանրային հեռուստատեսությունը եւ լուրերի գործակալությունները հավասարապես պատասխանատվություն են կրում երկրի ապակայունացման համար: Չնայած դրան, այժմ, երբ Հ1-ը տարածում է իր հաղորդումները արտասահմանում, հիմնականում զարգացած ժողովրդավարական երկրներում, յուրաքանչյուր զգայուն եւ ողջամիտ մարդ հարցականի տակ է դնում խնդրի միակողմանի լուսաբանումը, այսինքն ինչու ընդդիմությունից ոչ մեկին հնարավորություն չի տրվում բացատրելու եւ պաշտպանելու համար:

Ի վերջո, այն, որ գրեթե ողջ լրատվամիջոցների, ռադիոյի, ինտերնետային կայքերի` ինչպիսիք են Armenialiebrty.org եւ Youtube.com, փակելը մեծ մտավախությունների տեղիք են տալիս: Մենք ծաղրում եւ դատապարտում էինք Թուրքիային, որ նույն ձեւով է վարվում Հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ, երբ թուրքական կառավարությունը արգելեց Youtube.com «իր քաղաքացիներին անհիմն ստից պաշտպանելու համար»: Արդյո՞ք Հայաստանը եւ Հայատանի կառավարությունը չեն դիմում նույն գործողություններին: Եվ արդյո՞ք հայակական կառավարությունը իրապես հավատում է այն բանին, որ ինտերնետային կայքերը եւ տեղեկատվությունը ու փաստագրված իրականությունը կանհետանան այն բանի պատճառով, որ դրանց հասանելիությունը Հայաստանում արգելվում է: Եվ ինչքա՞ն է տեւելու արգելքը եւ, հետո, ի՞նչ: Տեղեկատվությունը, նկարները եւ տեսաձայնագրությունները դեռ առկա կլինեն այնտեղ եւ հասարակությունը կիմանա այդ փաստերի մասին, որոնք ներկայացվում են բոլոր կողմերից` թեր եւ դեմ:



Նա երազ էր տեսել

Մեր պատմության մեջ սեւ տառերով գրվելիք մարտի մեկից առաջ Գոռ Քլոյանը երազ էր տեսել, որ իր ատամները թափվում են բռան մեջ, եւ արդեն մարտի մեկից հետո նրա անունը հնչեց այդ օրը զոհվածների անունների շարքում:

Գոռն առավոտյան երազը պատմել է մորը, նա էլ, վատ բան կանխագուշակելով, ենթադրել է, թե որդու` արդեն ծեր տատիկ-պապիկների հետ կարող է բան պատահել: Բայց ճակատագիրը դաժան անակնկալ էր պատրաստել հենց 28-ամյա Գոռի համար. այդ օրը նա գնացել էր հանրահավաքի, հետո ոտքից վիրավորվել ու որոշ ժամանակ անց մահացել, քանի որ, ըստ նրա մոր` տիկին Ազատուհու հաղորդածի, հրազենից վնասվել էր սրտից սնուցվող աորտան: «Երրորդ շտապօգնության հիվանդանոցից մի բուժքույր զանգահարեց եւ ասաց, որ Գոռը ոտքից վիրավորվել է, նրան վիրահատում են, եւ ամեն ինչ լավ կլինի: Գնացի: Զգացի, որ վիրահատությունը երկարում է: Հասկանում էի` ոտքի վիրահատություն եւ այդքան երկա՞ր: Ժամեր էր անցնում»,- այդ ամենն առանց հուզմունքի չէր կարողանում վերհիշել Գոռի մայրը` ենթադրելով, թե գուցե իր որդին շատ ավելի շուտ էր մահացել, պարզապես բժիշկները չէին կարողանում հայտնել այդ գույժը: «Հասկանում էի` բժիշկները խուսափում էին մեզնից, ինչպես հասկացա` իրենց սիրտն էլ չէր տալիս, որ ասեն` ձեր տղան այլեւս չկա»,- իր վշտի մասին էր պատմում տիկին Ազատուհին ու չէր կարողանում զսպել արցունքները, որին անմիջապես արձագանքեց Գոռի 3-ամյա որդին` Սարգիսը: «Չեմ լացում, բալես, ուղղակի գլուխս է ցավում, դեղ բեր խմեմ»,- թոռանը հավատացնում էր որդեկորույս մայրը` մեզ բացատրելով, թե նա ուշիուշով հետեւում է, որպեսզի տատը հանկարծ չլացի: Իսկ Գոռի մյուս որդին ընդամենը 2 ամսական է: «Իմ վիշտն ու ցավը, աշխարհը գիտի, այնքան մեծ է: Բառ չեմ գտնում: Ո’չ հարց եմ կարողանում տալ, ո’չ պատասխան: Չգիտեմ` ումից ինչ պահանջեմ»,- արցունքները զսպելով ասում է տիկին Ազատուհին: Երկու երեխաների հայրը, որը ֆիրմաներից մեկում որպես վարորդ-առաքիչ էր աշխատում, 30 տարեկան էլ դեռ չկար եւ կյանքից հեռացավ` բազմաթիվ ծրագրեր անավարտ թողած: Նրա ծնողները պատմում են, որ Գոռը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, եղել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ: Ավելին, նրա հայրը նույնպես, իր իսկ խոսքերով, ամբողջ քարոզարշավի ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի կողքին, քանի որ նրա հետ շրջագայող բեռնատար ավտոմեքենայի վարորդն էր: Ու նա վարչապետից իր կորստի կապակցությամբ ցավակցական հեռագիր էր սպասում, որն այդպես էլ չի ստացել ու դրանից անչափ վիրավորվել: Իսկ ինչո՞ւ էր Գոռը որոշել մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Գուցե, անձամբ տեսնելով ընտրական գործընթացն իր ամբողջ վեհությամբ` հիասթափվե՞լ էր: Ծնողները վստահեցնում են, թե գոնե իրենց հետ նա այդ մասին չի կիսվել ու ոչինչ չի պատմել: Ասում են նաեւ, թե մինչ այդ օրը Գոռը չէր մասնակցում հանրահավաքներին եւ նույնիսկ նրա ընկերներն են ապշած, թե ինչպե՞ս եղավ, որ մարտի մեկին որոշեց գնալ: Ինչեւէ: Վերջին օրերին այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ հատկապես զոհվածների հարազատները կա’մ ասում են, թե նրանք առաջին անգամ էին հայտնվել ընդդիմության հանրահավաքներին, կա’մ էլ վստահեցնում, թե իրենք տեղյակ չեն եղել, որ նրանք մասնակցում են դրանց:

 
 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement