Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 09 au 10 mars
 

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ

«Ինձ թվում է Սահմանադրական դատարանը հերթական անգամ ձեւակերպեց արդարադատություն չիրականացնելու իր պատճառաբանությունները: Սահմանադրական դատարանի կողմից այս որոշման հրապարակումը՝ ես վստահ կարող եմ ասել, շատ ավելի մեծ վնաս ու հարված հասցրեց հանրապետության իրավակարգին, ժողովրդավարությանը՝ քան կարող էր հասցնել հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշումը».- ասաց Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե րիգորյանը: Վահե րիգորյանը Ազատություն ռադիոկայանին նա— հայտնեց, որ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել կամ անտեսել է իրենց դիմումի առանցքային երեք հարցերը: Դրանցից առաջինը վերաբերում էր հանրապետության նախագահի — վարչապետի միջամտությանը ընտրական գործընթացներին: «Մեր հիմնավոր կարծիքով, Սահմանադրական դատարանի կողմից մեր այդ իրավական դիրքորոշմանը որեւէ կերպ չանդրադառնալը եւ դրան իրավական գնահատական չտալը հստակ ապացույց է այն բանի, որ մեր դիրքորոշումը եղել է ակնհայտորեն հիմնավոր: Դա նաեւ ընդունվում է Սահմանադրական դատարանի կողմից՝ եւ նա իր լռությամբ այս հարցի վերաբերյալ ընդունում է, որ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ սահմանադրության բազմաթիվ խախտումներով նախընտրական քարոզչության ողջ ընթացքում միջամտելը, ինչպես նաեւ հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից՝ վարչապետի պաշտոնում իր պաշտոնական պարտականությունները կատարելը չդադարեցնելը քարոզչության ողջ ընթացքում եւ դրանք օգտագործելը՝ նախընտրական քարոզչության ողջ ընթացքում կարող էին եւ ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Ռրեւհետեւ՝ հակառակ դեպքում, Սահմանադրական դատարանը չէր կարող անտեսել այս երկու հիմնադրույթային հարցերը: Այսինքն, Սահմանադրական դատարանը իր լռությամբ՝ ընդունել է մեր այս դիրքորոշման իրավացիությունը»:


Մեր կեղտոտ մարտի մեկը

Ազատ հայի օրագրից

Այդ շաբաթ օրը իմ համար սկսվեց Գ.Ա.-ի զանգով, որը բավական ծանր հիվանդ էր և հենց այդ պատճառով չէր գիշերել Ազատության հրապարակում: Հենց նրանից իմացա, որ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանները փորձել են հարձակվել վրաններում քնածների վրա: Այնուհետև երկրորդ, ավելի վճռական գրոհով հարձակվել են, ծեծել դիմադրողներին, լցրել մեքենաները: Լևոնին շրջապատել են, բայց վերջինս դիմադրություն ցույց չի տվել (ինչ դիմադրի?): Ասում են, որ նա ասել է. խնդրեմ, ձերբակալ եք ինձ, եթե հիմքեր ունենք: Նրան հենց Քոչարյանի թիկնազորի պետը նստացրել է մեքենան և քշել Լևոնենց տուն: Այստեղ նա առնվել է տնային կալանքի տակ (իբր` որպեսզի նրան վտանգ չսպառնա): Ցույց անողների մի մասին էլ հաջողվել է փախչել: Նրանց մեծ մասը հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Զուգահեռաբար կոչ է արվել հավաքվել ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, եթե թույլ չտան` Սախարովի հրապարակում: Սակայն քանի որ Ֆրանսիայի հրապարակում շարունակվել է ծեծկռտութը` որոշվեց հավաքվել հենց այդտեղ` դեռ մինչև ժամը երեքը: 


 Դեպքի վայրում` Մյասնիկյանի արձանի մոտ մի հոծ բազմություն` մոտ 200.000 (ոմանք ավել են ասում` չեմ կարող պնդել): Շրջապատել են արձանը` լցված է քաղաքապետարանի դիմացի հրապարակը, արձանի ետևի այգին, շրջակայքը: Փողոցը փակված է   2 կողմերից տրոլեյբուսներով ու ավտոբուսներով, ակերը ծակած: Պարզվում է, որ այստեղ հավաքվածներն են այսպես բարիկադավորվել` պաշտպանվելու համար ոստիկանների և այլոց գրոհներից: Իսկ մինչ այդ տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք եղել են առավոտյան քաղաքացիներին հաջողվել է “զավթել” ոստիկանների 3-4 վահան: Միացրեցին բարձրախոսները, խոսեցին: Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը: Կոչ արեցին դիրքերը ամրացնել` օգտագորելով ձեռքի տակ եղած միջոցները` առանց որևէ բան քանդելու: Հանգիստ, առանց էմոցիաների գործելու և պահանջեցին ազատել Լևոնին: Մինչ այդ Լևոնը իր տնից ասուլիսով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իրադարձությունների մասին: Որոշեցինք սնվել ու վերադառնալ: Ես, Դն, Նն ու Ան գնացինք երրորդ մաս` Աենց տուն: Երբ վերադարձանք, բոլորը լսում էին Ազատութկուն ռադիոկայանը (ով տեղյակ չէ` ասեմ, այս օրերին միակ քիչ թե շատ նորմալ լրատվամիջոցն է` բոլոր հեռուստաընկերությունները իշխանական են, Երկիր Մեդիան դաշնակներինն է, երբեմն մի փոքր ավելի օբյեկտիվ: Ռադիոներից միայն Ազատությունն է իր անունին համապատասխան գործում, ինտերնետում քիչ ավելի լավ է վիճակը` a1plus կա և այլ օպերատիվ գրող աղբյուրներ): “Ազատությունից“ իմացանք այն ինչ արդեն գիտեինք` տարբեր ականատեսների պատմածից` որոշ դետալներով լրացված: Այս ընթացքում դիրքերը ավելի էին ամրապնդել: Դեպի կրկես տանող ճանապարհին կար մի շուռ եկած վիլիս` դեռ ցերեկվա ծեծկռտուքի ժամանակ սա ամբոխի վրա էր քշել, 2 հոգու վրաերթի ենթարկել: Որից հետո ասում են դրա վարորդին ծեծել են ու նա փախել է: Իսկ վիլիսը ով պայթեցրեց` չիմացանք: Ուզում եմ հատուկ շեշտել` արձանի հրապարակից հնչում էին կոչեր որևէ վնաս չհասցնել սեփականությանը: Մեջբերեմ 2 դրվագ ուղղակի խոսքով Արամ Սարգսյանի “ելույթից”. <<Ա’յ տղա: Այ տղա, իջի այդտեղից: Իջի’:>> (քաղաքապետարանի դիմաց կառուցվող էլիտարոտ շենքի փայտե հենասյուների վրա մի ջահել էր բարձրացել` այնտեղից ներքև փայտ էր գցում: Առհասարակ այս շինարարությունից շատերն էին զինվել` լոմով, փայտերով, ձողերով) : “Եթե սադրիչ չես, իջի: Դրան շրջապատող մարդկանց, մեծերին եմ դիմում, դրան խելք սովորացրեք”: Տղան իջավ: Երկորդ անգամ այդ մասին լսվեց, երբ հեռվում` քաղաքապետարանի դիմիացի մասում ինչ-որ մեկը մեքենային էր մոտեցել, գուցե փորձում էր քանդել այն: Ասվեց <<Էդ ինչ ես անում? Տեղն ու տեղը սատկացրեք դրան: Դա սադրիչ է: Ասեցինք` ոչ մի սեփականություն ձեռք չտալ>>: Կարծես դրան հեռացրին` չգիտեմ:

սկսեցինք մթնելուն զուգահեռ նկատել Հանրապետության հրապարակից շարժում: Երևաց, որ այդ կողմից շրջապատված ենք զինված ուժերով` սաղավարտներով, հոծ շարքեր էին երևում: Նաև այդ մասին հաղորդում էին այն կողմում մեր ընկերները` այդ թվում Ա.ն, որ այն կողմում էր հայտնվել: Ապա իմացանք, որ Ձկան խանութի կողմից մեծ քանակությամբ զինվորական տեխնիկա է կուտակվել: Լևոնից կարգին ինֆորմացիա չկար, նրան չէին թողնում գա: Ցերեկը Կ.ն էր զանգել Կարմիրից, ասեց որ իրենց ևս մոբիլիզացնում են: Ապա Դ.-ին զանգեցին` ասեցին որ Կուբաթլուի զորքը ևս այստեղ է շարժվում: Այս պահին Զաքյանի կողմից սկսվեց աղմուկ` վահաններով շարք կազմածները վահաններին մահակներով հարվածելով աղմուկ էին ստեղծում: Մ-ին ու  մյուս տղերքին տեսանք: Մ-ն ասեց, որ եթե անելանելի վիճակ լինի` փախնենք Զաքյանի ուղղությամբ, իսկ այնտեղից իր եղբոր օֆիս ինչ-որ շենքերի արանքով: Այդ ընթացքում տեսա բենզինի շշով ինչ-որ մեկի: Որտեղից այս ջահելները? Ուր են երկրապահները? Մանվելի մասին էլի հեքիաթներ` իբր գալիս է իր զորքով ժողովուրդւ պաշտպանելու: Մի քանի անգամ արցունքաբեր գազ թողեցին: Ապա սկսեցին աղմուկ հանող ռումբեր գցել: Լուսարձակող կրակերթեր: Վախեցնում էին: Մենք էլ գոռում էինք` թուրքեր հեռացեք: Հասկանալով, սակայն, որ հենց հայ ջահելներ են այն կողմում` իսկ արդեն թե ում ծրագիրն են իրագործում` չգիտեմ: Մի շտապօգնության մեքենա մտավ հրապարակ, շրջեց ու հեռացավ: Այս ռումբագազային թոհուբոհում մի կին վատացավ: Մոտ 55-60 տարեկան էր հավանաբար: Մոտեցա: Հաջողվեց զանգվածին հեռու քաշել; Գիտակցությունը կորցրել էր: Անոթազարկը տեղն էր, հաճախացած: Մի երկու թեթևակի ապտակ տվեցի, ուշքի եկավ, բայց խիստ թուլացած էր, գիտակցությունը մթագնած: Ասեց անունը` Ա: Պարզվեց` որդին մեր կողքին է: Պառկացրինք արձանի պատվանդանին, մեր կոլեգաներից մեկը (այդ աղջկան տենց էլ տեղը չբերեցի, բայց դեմքը շատ ծանոթ էր) վալիդոլ էր դրել բերանը: Ն-ին արդեն ասել էի զանգեր 103: Կինը սկսեց դողացնել. Մամրարը սառն էր: Հանեցի բաճկոնակս, գցեցի տակը: Շտապ օգնությունից տեղեկություն չկար: Չգիտեմ որտեղից պատգարակ բերեցին: Դրեցինք վրան ու վազեցինք այգիով դեպի Զաքյան: Ճանապարհին հագա բաճկոնակս` համոզվելով, որ հեռախոսս տեղն է, չի կորել: Այնտեղ տեսանք, որ 3-4 մեքենա կա մասնավոր: Գոռացի` ով կա մեքենաների տերերից: Մի մեքենա շարժվեց, տեղափոխեցինք հիվանդին նրա մեջ ու որդու հետ ուղարկեցինք հիվանդանոց: Վերադարձանք Մյասնիկյանի արձանի մոտ, ճանապարհին նկատելով 4 պատգարակ` այն շտապ օգնության մեքենան էր հավանաբար թողել ու հեռացել: Դեռ ետ չեկած, լսեցինք, որ մեր ուղղությամբ “բժիշկ, բժիշկ” գոռալով երեք հոգի են վազում: Նրանցից մեկը` 16-17 տարեկան աչքի վնասվածք էր ստացել: Կեղտոտ, արյունոտ վերք էր: Կողքից մեկը թրջած թաշկինակով մի փոքր մաքրեց վերքը: Երեխային թևից բռնելով` շարժվեցինք նույն` Զաքյանի ուղղությամբ` այգու միջով: Նորից գոռում եմ` ով կա մեքենայով: Տեսանք մի արտասահմանյան մեքենա` մեջը տղա ու աղջիկ` իսկ ետևի նստարանին մի գեղեցիկ ծաղկեփունջ: Ասեցի` հիվանդանոց է պետք գնալ: Բայց տղան առանց այն էլ ամեն ինչ հասկացել էր: Տուժած տղային տեղափոխեցինք եղբոր հետ ետևի նստարանի վրա: Այդ պահին ևս մի վիրավոր բերեցին: Դրան էլ դրեցինք մեքենայի մեջ ու մեքնենան հեռացավ: Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ուժեղ բախումներ էին, մեքենաներ էին այրվում, ասեցին, որ փշալար բերած մեքենան է պայթեցվել: Ապա մի պատգարականման մետաղյա կոնստրուկցիայի վրա բերեցին ահավոր վիճակում, արյունահոսոց երիտասարդի: Սկսեցինք մեքենա փնտրել: Բեռնատար գազել կանգնեցրինք: Նստեցի մեջը` վիրավորի հետ: Դ-ին էլ կանչեցի` բայց երևի հեռու էր: Բայց դրսից շտապօգնության ձայն լսվեց: Իջանք, տեղափոխեցինք “Ռաֆ” մակնիշի շտապ օգնության մեքենայի մեջ: Մի կերպ շարժվեցինք` դրսից հարվածում էին: Նոր տեսա, թե ինչ է պատահել վիրավորի հետ. գլուխը բացել էին, ուղեղը` մեծ կիսագնդերով դուրս էր թափվել: Դիմեցի առջևում նստած իմ կոլեգային` չէր էլ ուզում լսել: Ստերիլ կտորներ խնդրեցի արյունահոսող հատվածները սեղմելու համար` քույրը, որ իմ հետ էր նստած` տվեց, առանց հիվանդին նայելու: Երևի շատ էին վախեցած: Մեկ էլ կանգնեցրին` մի վիրավոր ևս կար: Ներսում նստած քույր և առջևում նստած բժիշկը ասեցին թե ծանր հիվանդ ունենք, չենք կարող, բայց ես պնդեցի, որ վերցնենք, քանի որ մեր ունեցած վիրավորից հույս չունեի: Վերցրեցինք, մի կերպ նստեց կողքս: Անունը` Ս: Գլխի վնասվածք ուներ, բայց ոչ շատ լուրջ: Ճանապարհին խոսեց ծանոթների հետ բջջայինով: Իմն էլ էր զանգում, բայց ձեռքերս արյունոտ չէի վերցնում շալվարիս գրպան տեղափոխած բջջայինը: Սրանք էլ չէին կողմնորոշվում, թե ուր քշեն` դեպի իրենց նախատեսած երրորդ հիվանդանոց ճամփեն փակ էր: Մինչ այդ համոզվեցի, որ գլուխը բացված հիվանդը արդեն մահացել է: Պնդեցի, որ քշեն առաջին հիվանդանոց:  Հասանք: Շատ դանդաղ էին դիմավորում: Մինչև մի քանի անգամ չգոռացի, որ մյուս հիվանդի համար դուռը դրսից բացեն, որ իջնենք: Այդ ժամանակ լսվեց 25-26 տարեկան զոհվածի հեռախոսի ձայնը` հեծկլտան ռաբիզ էր: Մյուսին տարանք ընդունարան: Վ-ն էր այստեղ, կազմակերպում էր: Այստեղ բժիշկներից տեսա մի ծանոթի, ինքը ինձ ճանաչեց, բայց ես տեղը չբերեցի: Հետո  Ա-ն տեսա` կանչել էին: Ընդունարանում էր նաև մի ռազմական ոստիկան` 18-19 տարեկան: Կարծես ոչինչ` լավ էր, չհասկացա ինչ վիրավոր է: Լվացվում էի ընդունարանում, երբ բերեցին կողքիս աթոռին դրին ոստիկանի մահակն ու պաշտպանիչներ` հերթապահին ասելով` “էս էրեխեքի պտույքներն ա, ստեղ եմ դնում:”


Մեր կլինիկաների գծով  Ա-ին տեսա: Մ-ին զանգել տվեց: Ինձ ասեց.
- Դու ինչ էիր այնտեղ անում?
- Փորձում էի մարդկանց օգնել, մեր եղբայրներին ու քույրերին:
- Դուք պիտի պատասխան տաք ձեր քաղաքականության համար, սաղ ձեր պատճառով ա
- Ինչի համար պատասխան տամ, որ հիվանդներին եմ տեղափոխել, մարդկանց օգնել?
- Եթե որպես բժիշկ ես եղել, լավ, շնորհակալություն,- փափկած պատասխանեց:
- Եթե կարող եք այնտեղ շտապ օգնության մեքենաներ ուղարկեք, մարդիկ վիրավորվում, մնում են:
- Ոթրտեղ:
- Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ:

Պատասխանեցի ու սկսեցի մտածել` իրոք չգիտեր, թե որտեղ է: Բա էս ամենը, այս գրոհը սկսած իշխանությունները չէին մտածում այնտեղ բազում շտապ օգնության մեքենքներ ուղարկել, Էրեբունիի ռեանիմոբիլներ ուղարկել: Բա սրանք ինչի համար պատասխան տան? Դեռ այն ուշագնաց եղած կնոջից սկսած իմ դիրքորոշումը քաղաքացիականից դարձավ զուտ Հիպոկրատի երդում տված մեկի դիրքորոշում:

Հարցրի Վ-ին ու Գ-ին, թե կարող եմ, արդյքոք, օգտակար լինել: Ինձ ասեցին, որ իրենք ամեն ինչ կանեն: Ու գնացի:
Դ-ի հետ խոսեցի, ասեցի ինչ կա: Իրենց մոտ լարված էր:
Տնից տագնապահար զանգեցին որերորդ անգամ: Որոշեցի իմ կեղտոտ շորերով այնտեղ էլ չգնալ: Դ-ի, Ն-ի մասին մտածելով եկա տուն: Հեռախոսս ճամփին նստեց:

22.30-ին Քոչարյանը հայտարարեց Արտակարգ դրություն` 20 օրով:

Դ-ի հետ խոսեցի, պարզվեց, որ թալան է սկսվել, վիճակը անկառավարելի է, ոստիկանները նահանջել են: Խնդրեցի որ տուն գնան, քանզի թալանչիների հետ այլևս գործ ունենալ չարժե: Դ-ն ու Ն-ն գնացին տուն: Գիշերը` 3.00-ին Լևոնը իր կողմնակիցներին հեռախոսով հորդորել էր ցրվել տներով:
Հետո բազմիցս համոզվեցի, որ թալանը սադրել էին: Այդ թվում ոստիկանների ցույց տված կադրերով` առանց դեմքների վրա ֆոկուս անելու տեսնում էին, թե ինչպես են մարդիկ արկղերով հեռանում խանութներից: Շատ հանգիստ: Բա ուր էր նահանջել ոստիկանությունը այդ պահին: Թե այդ օպերատորը արջի միս կերած միայնակ նկարում էր թալանչի մարոդյորներին, որոնք տեսնելով նկարողին կսպանեին?

Եվ հետո ականատեսներ գիտեմ, որոնք տեսել են, թե ինչպես են ցուցարարները նրանց հետ վիճում, պահանջում դադարեցնել թալանը:

Հ.Գ. Իսկ այսօր, մարտի 2-ին, Քոչարյանը շրջեց տուժած ոստիկանների պալատներով, առողջություն մաղթեց: Իսկ հասարակ տուժած քաղաքացիներին կրկին անտեսեցին: Նրանք մարդ չեն Ձեր համար, պարոն Նախագահ?
Իսկ Դուք նրանց?

Հ.Հ.Գ. Իսկ այսօր, մարտի 2-ին, ՌԴ-ում ընտրություններ են, բայց իրենց РТР-ով վազող տողով գրեցին. Сторонники ЛТП негласившись с результатами выборов в Армении начали погромы и президент Кочарян ввел чрезвычайное положение.

Պատասխան պիտի տան:


ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է

"Մայամի Հերալդի" փոխանցամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանը շաբաթ օրը մերժել է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին ընդդիմության դիմումը: Դատարանն ընդունել է, որ քվեարկության օրը տեղի են ունեցել խախտումներ, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: "Մայամի Հերալդը" նշում է, որ ռազմավարական կարեւոր դիրք ունեցող ոչ կայուն Հայաստանում մարտի 1-ին տեղի ունեցած արյունահեղությունը դարձավ անցած տասնամյակում ամենաբարդ քաղաքական ճգնաժամը: "Մայամի Հերալդը" հիշեցնում է նաեւ, որ դիտորդական առաքելությունները հիմնականում դրական են գնահատել փետրվարի 19-ի ընտրությունները: "Մոսկովսկի Կոմսովոլեցը" գրում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը դատախազությանը կարգադրել է քննել խախտումների մասին նյութերը: "Ուտրո" ռուսական էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունել այն փաստը, որ հայկական մի շարք զանգվածային լրատվական միջոցներ անհավասար եղանակով են լուսաբանել նախընտրական քարոզարշավը, սակայն, ըստ դատարանի, թեկնածուներն այնուամենայնիվ ունեցել են իրենց նախընտրական ծրագրերն ընտրողներին հասցնելու հնարավորություն: "Թյորքիշ Ուիքլի" պարբերականը հայաստանյան հետընտրական զարգացումներին նվիրած վերլուծությունը վերնագրել է "Հայաստան. Երեւանյան ցույցի ցրումը նախօրոք ծրագրված ակցիա՞, թե՞ ճակատագրական սխալ": "Թյորքիշ Ուիքլին" նշում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խիստ ու կոշտ ձեւակերպուների համեմատությամբ վարչապետ Սերժ Սարգսյանն այս ընթացքում փորձել է ավելի մեղմ եւ հաշտ տոնով խոսել: Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի երեկվա վճռին, ԲԲՍ-ին նշում է, որ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է, թե իշխանությունները նոր զանգվածային չարտոնված հանրահավաքներ չեն հանդուրժի նույնիսկ արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց հետո: ԲԲՍ-ի թղթակիցը հաղորդում է, որ սեւ զգեստ կրող մի խումբ կանայք, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն, երեկ կազմակերպել են մարտի 1-ի զոհերին հիշատակին նվիրված ակցիա. նրանք ծաղկեպսակներ են տեղադրել այն փողոցում, որտեղ բախումն է տեղի ունեցել: "Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյունը" գրում է, որ Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին հաղթող ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, եւ այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ի պատասխան դրա ի՞նչ է ծրագրելու ընդդիմության լիդեր, նախկին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանը:


Ինֆորմացիոն բլոկադա - Ա1+ և այլ կայքեր

Օրեցօր
ավելի ես համոզվում, որ ՀՀ իշխանությունները` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղեկատվական շրջափակման մեջ են կամ այլեւս իրավիճակին չեն տիրապետում:

Կամ
էլ ուզում ենանմեղերեւալ , բայց արդյունքում` հիմարություններ են դուրս տալիսՕրինակ` այսօր Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակն այնպիսի կեցվածք է ընդունել ու այնպիսի հայտարարություններ արել, ասես` “Ա1+”-ը  վերցրել ու սեփական  կամքով փակել է սեփական կայքը: Արտակարգ դրությունը դրություն, բայց այդ որ օրենքում է գրված, թե արտակարգ դրության ժամանակ արգելվում ընդհանրապես դեպի կայք մուտքը, այդ որ օրենքով են արգել “a1plus.am”  դոմեյնը:

Քոչարյանի
խոսնակի հիշողությունը թարմացնելու համար արժե հիշեցնել ու որի մասին ինքը շատ ավելի լավ գիտի, որ Ա1+-ը չի զրկել իր ընթերցողներին իր կայք այցելելու, գոնե նախորդ օրերի քաղաքական իրադարձություններին ծանոթանալու հնարավությունից: Արտակարգ դրություն հայտարարվելուց հետոԱ1+”-ն իր ընթերցողներին տեղեկացրեց,որ ստիպված է աշխատել այլ ռեժիմով` այսինքն այն կետերին համահունչ, որ ասված է արտակարգ դրության մասին Քոչարյանի ստորագրած փաստաթղթում: Այսինքն` Ա1+-ը ներողություն խնդրեց իր ընթերցողներից,ո ր չի կարող ներքաղաքական իրադարձությունները լուսաբանել եւ ըստ կարգի` այդ մասին թույլատրվում է տալ միայն պաշտոնական տեղեկատվություն:

Իսկ
հաջորդ օրը` մեր հարգելի ԱԱԾ-ն չգիտես որ օրենքով պրովայդերներին հրահանգում է ընդհանրապես  փակելԱ1+” –ի կայք մուտքը, ավելի ուշ արգելափակում a1plus.am  դոմեյնը:
Այդ մասին Քոչարյանի խոսնակը չգիտի, թե….?    Ընդհանրապես ավելորդ չէր ժողովրդավարական արժեքներից խոսող Քոչարյանի խոսնակն իմանար այն ինտերնետային էջերը, որոնք հնարավոր չէ այսօր այցելել `իրենց անօրինական հրահանգի հետեւանքով: Եթե խոսնակն ու նրա շեֆն ավելի լավ բառ գիտեն այս իրավիճակը բնութագրելու, քան ինտերնետային գրաքննությունը, թող մեզ հուշեն, մենք իրենց հեղինակային իրավունքները կպաշտպանենք:

Ահա
այն կայքերը, որոնց մուտքը արգելափակվել է.

A1plus.am
Youtube.com
Youtube.com/a1plusnews
Elections.a1plus.am
Azatutyun. am
Azatutyun.org
Azatutyun.net
Armtoday.info
Aravot.am
Lragir.am
Payqar.net
hzh.am
Levonforpresident.am
Lefonforpresident.com
Levonforpresident.org
Levonpresident.am
Zhamanak.com
Echanel.am
Armenialiberty.am
Armenialiberty.org
Armenialiberty.net
Zhamanak.com
Կարող ենք  նաեւ շարունակել……………….

 

Երբեք չմոռանալ, երբեք չներել

Իմ աչքի առաջ գարնան առաջին օրվա այրվող Երեւանն է: Իմ աչքի առաջ բոլորի կողմից լքված, հուսահատությունից` հերոսացած, զորքով շրջապատված, բայց դիմադրող ժողովուրդն է, որը քարերով ու մահակներով դուրս է եկել հրազենի ու զրահատեխնիկայի դեմ:

Իմ աչքի առաջ իմ գնդակահարվող ժողովուրդն է, որի զոհերի թիվը մինչ այժմ անհայտ է, որի միակ մեղքը նա էր, որ նա 10 օր 10 գիշեր միանգամայն խաղաղ եւ օրինական ձեւերով իրականացնում էր անարդարության դեմ բողոքի սահմանադրական իր իրավունքը: Ժողովուրդ, որին լուսաբացին դաժան ծեծի ենթարկեցին, բայց որին փարիսեցիները այժմ էլ զրկում են ինքնապաշտպանվելու իրավունքից: Ժողովուրդ, որի ուղղությամբ կրակողը արժանանում է հերոսացման ու հատուկ պատիվներով հուղարկավորման, այն դեպքում, երբ տասնյակ անանուն զոհերի ճակատագիրը անհայտ է մնում: Հարյուր հազարավոր մարդիկ, որոնց զրկում եմ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից սեփական իսկ երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք գրեթե պաշտոնապես անվանվում են բոմժ, հոգեկան հիվանդ, թմրամոլ, ալկոհոլիկ: Իմ ժողովրդի ամենաազնիվ, ամենաօրինապահ, ամանեգիտակից, ամենահպարտ ու իր իրավունքների համար պայքարելու պատրսատ հատվածը, որին ազգի տականքը այսօր հալածելու իրավունք է ձեռք բերել, բայց առանց որի այդ տականքը երբեք չի կարողանա պահել այս երկիրը արտաքին թշնամուց: Սրանց մասին է ասված, որ չեն հասկանում, թե ինչ են անում:
Իմ աչքի առաջ կրկին ու կրկին գարնան առաջին գիշերվա կրակներն են: Գարունը բերեց իր հետ հուր, արյուն եւ մատաղ զոհեր: Իմ աչքի առաջ երկու այրվող փշալարի մեքենաներն են: Սա այն փշալարն է, որի սահմաններից անդին անցավ Քոչարյանի ինաուգուրացիան 2003-ին, այն փշալարն է, որը երկու մասի բաժանեց Բաղրամյանը 2004-ին եւ այն փշալարն է, որը չհաջողվեց կիրառել 2008-ին: Փշալարի այդ երկու մեքենաները միշտ վառվելու են իմ հիշողության մեջ որպես ապագա հաղթանակի մարգարեացում: Նա ով անցկացրել է մարտի մեկի լույս երկուսի գիշերը Մյասնիկային արձանի շրջակայքում զգում է եւ գիտակցում է միայն մի բան. Նա երբեք չի մոռանա եւ երբեք չի ների: Այդ գիշերվանից հետո ուղիղ յոթ օր ու յոթ գիշեր ես պարկած եմ եղել 39 աստիճան ջերմությամբ եւ գիշերային նեքին տափի մեջ տեսել եմ միայն մի տեսարան` այրվող կրակներ եւ կրկնել եմ միայն մի ֆրազ` երբեք չմոռանալ, եւ երբեք չներել: Սա նոր հայոց ուխտն է: Կանցնի մի ամիս, մի տարի, մի տասնամյակ, թե ամբողջ մի կյանք, բայց հարյուր հազարից յուրաքանչյուրը բաց չի թողնի հատուցման հարմար պահը: Սա նոր “Նեմեսիս” է: Եբեք չենք ների սեփական ժողովուրդին թուրք սարքող ու իրենց պյուռոսյան հաղթանակից գինով մալագարներին: Դրա համար պետք է զինվել սառնասրտությամբ ու եթե պետք լինի տարիների կամքով:


2008-ի մարտի մեկին կործանվեց հայոց պետականությունը, կործանվեց Երրորդ Հանրապետությունը, կործանվեց ազգային միասնության, ազգային համաձայնության թեկուզ եւ աղոտ շանսը: Ուղիղ նշանակետով կրակոցից հետո չի լինում քաղաքական հակառակորդ, լինում է թշնամի: Քաղաքական հակառակորդին կարելի է նույնիսկ ծեծել, բայց հրազենով սպանում են միայն թշնամուն: Մեկ գարնանային գիշերվա մեջ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին ներքին թշնամու, իզգոյի, պետությունից տոտալ եւ անդառնալի օտարցվածի կարգավիճակում: Եվ եթե այդպես է, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Մենք կթաքցնենք մեր արցունքները, նույնիսկ մեր վրդովմունքը: Եթե դուք մեզ ընդունում եք միայն որպես թշնամի, որպես որեւէ երկխոսության ու զիճման անարժան բիդլո, խուժամուժ, ուրեմն, այո, մենք թշնամի ենք, դուշման ենք, ոսոխ ենք: Օրենքից դուրս եք դնում մեզ, ուրեմն մենք օրենքից դուրս գայլեր ենք, որոնք ամեն գիշեր քնելուց առաջ պլանավորելու են վրեժխնդրության իրենց պլանը: Բայց վրեժն ու դատը մենք չենք իրականացնելու: Մենք համբերատար ենք եւ կսպասենք: Մենք չենք դուրս գա օրինավոր միջոցնբերի սահմաններից, որովհետեւ վրեժի անխախտ մեխանիզմը դուք ինքներդ եք արդեն գործի դրել: Մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ բումերանգով վերադառնալու է նրան, ով առաջինը հանեց սուրը պատյանից: Բայց երբ դուք կործանվեք, այդ ժամանակ, թող ձեր մտքի ծայրով իսկ չանցնի օգնության կանչել մեզ: Որովհետեւ ձեր կործանման այդ պահին հասարակության միակ հատվածը, որ կարող էր ձեզ օգնել դա մենք էինք` նրանք, ով առնականություն ունեցավ կանգնել անարդարության դեմ եւ բարկադներ սարքել տանկերի դեմ: Ձեր կործանման պահին ձեզ օգնության չեն հասնի ոչ ձեզ այսօր ծափահարող ստահակները, ոչ վախից տակներն արած “մտավորականները”, ոչ ժողովուրդի ողբերգության ֆոնին վակխանալիա անող վհուկ “մասնագետները”, ոչ հայլուրացված քաղքենի զանգվածը…: Դուք կործանեցիք այն ոգին, որի շնորհիվ հայերս տարել էին պատմական մեր հաղթանակը 20-րդ դարում, կործանեցիք այն գերագույն արժեքը` ազատությունը, որի շնորհիվ գոյացավ Ազատ Հայաստան եւ Ազատ Արցախ եւ այժմ Կարսի անկումը անխուսափելի է: Սա ես ձեզ խոստանում եմ ամենայն պատասխանատվությամբ: Իսկ մինչ այդ հոխորտեք եւ ձեզ տղա զգացեք` հայ զինվորին իր հայրենակից կանանց, երեխաներին ու խախաղ քնած մարդկանց ծեծ ոի ջարդի ուղարկող խրոխտ հրամանատարներ, կրակոցի հրաման տվող քաջարի ազգի ջոջեր, այդ մեծագույն հաղթանակը գովերգող հայրենասեր գրչակներ: Քանի՞ տարի է ձեզ մնացել: Մե՞կ, երկո՞ւ, հի՞նգ: Դա ոչ մի նշանակություն չունի: Թող ձեզ լինի: Ձեզ հնարավորություն է տրված, որպեսզի վերջապես անպատիժ պղծեք մեր ողջ պայքարը սկսած 88-ից: Բայց իմացեք, որ հնարավոր չէ պղծել ակունքները եւ ոգին` միաժամանակ վայելելով դրա բոլոր պտուղները: Դուք երազում եք սովետական ձեր Հայաստանը: Դուք կստանաք այն` 1987-ի սահմաններով եւ դա լավագույն դեպքում: Որովհետեւ կռվողը հաստատ դուք չեք լինելու, ինչպես եւ չեք եղել երբեք: Բարի երթ դեպի անդունդ, իմ նախկին հայրենակիցներ: Առաջ ….: Բայց առաջվա Հայաստանն էլ երբեք չի լինելու:

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հայ Ազգային Մշակութային Կենտրոն»-ը Խորապես ցավակցում է մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերը Երեւանում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու հարազատներին:

Հույս ունենք, որ նրանց թափած արյունը կարթնացնի եւ կսթափեցնի բոլորին, որպեսզի խուսափեն առավել ծայրահեղություններից ու բռնություններից:
 Հայոց բանակի Երեւանի փողոցներում հայ ժողովրդի դեմ հանելը համարում ենք անպատասխանատու քայլ, որը միայն մեր ժողովրդի պառակտմանն ու երկրի հեղինակության եւ վարկի վնասմանն է ծառայում:
Կոչ ենք անում անհապաղ հանել բանակը Երեւանից եւ  տեղափոխել Արցախ՝ սահմանները պաշտպանելու, որտեղից իսկական վտանգ է սպառնում Հայոց աշխարհին:

«Հայ Ազգային Մշակութային Կենտրոն»՝   Գերմանիա 07.03.2008



ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ, որն այժմ գտնվում է Բրյուսելում և մասնակցում է ԵԽ Նախարարների խորհրդի` Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնված քննարկումներին:

 Լևոն Տեր-Պետրոսյանը Պիտեր Սեմնեբիին է ներկայացրել արտակարգ դրության չհիմնավորվածությունը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դրական քայլ` ուղղված երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու լարվածության մեղմացմանը, չի կատարվել: Հակառակը` շարունակվում են իր համախոհների համատարած ձերբակալությունները, որոշ մարզերում և գյուղական վայրերում (Հատկապես Արարատի և Արագածոտնի մարզերում) քրեական տարրերը ոստիկանության համատեղ խմբերով բռնություններ են իրականացնում ինչպես շարժման համախոհների, այնպես էլ իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների նկատմամբ: 



ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԱՐՏԻ 10-ի դրությամբ

Արտակարգ դրության պայմաններում շարունակվում են խուզարկությունները, ձերբակալությունները, ծեծով, ստորացմամբ, մարդու տարրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող հարցաքննությունները:

Շարժման ղեկավարների եւ ակտիվիստների մի մասը ծերբակալված է, մի մասն անցել է ընդհատակ: Տեղեկություններ են ստացվում մեկուսարաններում եւ քննչական գործողությունների ընթացքում իրականացվող խոշտանգումների մասին:

Վարչախմբի գործողությունները նպատակ ունեն. 

Բարոյապես սպանել Շարժման ակտիվիստներին եւ ամբողջ երկրում վերականգնել վախի մթնոլորտը

Ահա ոստիկանական բաժիններում արձանագրված մի քանի փաստեր, որոնք պատկերացում են տալիս մարդկանց նկատմամբ վերաբերմունքի բնույթի մասին:


- Ոստիկանական բաժնում երկար ժամանակ պահվող կինը, երբ խնդրել է բնական կարիքները հոգալու հնարավորություն տալ, նրան ստիպել են, որ այդ բանը անի դուռը բաց զուգարանում` քննիչի եւ ոստիկանների աչքի առջեւ:

- Մի այլ կնոջ 4 տարեկան երեխայի հետ մի քանի օր բերման են ենթարկել եւ առավոտից մինչեւ ուշ երեկո, առանց սննդի հնարավորության, պահել ոստիկանական բաժանմունքում, որպեսզի դրանով ստիպեն նրա ամուսնուն ներկայանալ ոստիկանություն:

-  Ծանր կոտրվածքներ ունեցող, գիպսի մեջ կապկպված հիվանդին տարել են ոստիկնություն «կարճ զրույցի», որը տեւել է շուրջ 20 ժամ: Ընդ որում` հարցաքննությունն իրոք տեւել է մեկ ժամ, սական դա իրականացվել է վերջին ժամվա ընթացքում:

- Ոմանք, արդեն իսկ տեղեկացնում են, որ իրենց դաժան ծեծի ենթարկելով կամ սպառնալիքներով ստիպել են կեղծ ցուցմունքններ ստորագրել Շարժման ղեկավարների մասին:

Կան ավելի սահմռկեցուցիչ դեպքեր: Դաժանություններն իրականացնում են հատուկ առանձնացված քննիչները եւ ոստիկանության առանձին աշխատակիցներ: Ոստիկնությունն ընդհանուր առմամբ ավելի զուսպ է: Եւ դա այն պատճառով, որ սրանք մարտի 1-ին նույնպես դարձել են դիմակավոր պատժիչ մարդասպանների թիրախը:

Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց (որոնց` շուրջ 4000 հոգու ցուցակները հայտնի են), հանրահավաքների եւ երթերի առավել ակտիվ մասնակիցների (որոնց հնարավոր է եղել արձանագրել), պարզապես նախընտրական շրջանում նրա օգտին արտահայտված կամ նրան ձայն տված հազարավոր մարդկանց, կանչում են ոստիկանություն` «զրույցի»: Հսկայական այս ցուցակից այն մարդկանց, ովքեր աշխատում են պետական որեւէ հիմնարկում, ազատում են աշխատանքից, իսկ մասնավոր սեկտորում աշխատողներին պահանջում են, որ աշխատանքից ազատեն  գործատուները:

Լեւոն Տեր Պետրոսյանիօ ձերբակալությունը չի նպաստի լարվածության նվազեցմանը

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Դրանում, Փենինգտոնը մասնավորապես, նշել է. «Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն: Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»: «Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ ԱՄն-ի կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է Ջոզեֆ Փենիգթոնը: 

Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում Բրայզային այցի ընդհանուր էությունը` ավելացնելով, թե նա  Հայաստանի իշխանություններին հստակորեն փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի: 

Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանել է. «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»: 

Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի: «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»-ընդգծել է դիվանագետը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի: 

Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն նշել է. «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»: 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է եւ որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը:  «Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»,- շեշտել է Փենինգտոնը:

ՍԴ-ն` մարդասպանների հովանավոր

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ մարմինը հավանություն տվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած խայտառակությանը, ինչը պաշտոնապես որակվում է, որպես Հայաստանի նախագահի ընտրություններ, հայ հանրության շրջանում էական արձագանք չստացավ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ՍԴ-ից ավելին չէին էլ ակնկալում:

Ի վերջո անհեթեթություն է մինչեւ ուղնուծուծը ստրկացած մարդկանցից ակնկալել, որ նրանք կարող են հանուն ազատության ինչ-որ քայլեր անել` գիտակցելով, որ դրա համար կարող են զրկանքներ կրել:

Այն հանգամանքը, որ ՍԴ-ում ամեն ինչ կանխորոշված էր, ակնհայտ էր հենց մարտի 4-ին, երբ այդ մարմինը սկսեց քննել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները: Այն փաստը, որ ՍԴ նիստին չէր մասնակցում դատարանի անդամներից մեկը` Վալերի Պողոսյանը, արդեն իսկ վկայում էր, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված է: Վ. Պողոսյանը նախկին ԽՍՀՄ տարիներին դիսիդենտ է եղել եւ նրա ազատական հայացքները բոլորին են հայտնի: Ավելին, որոշ լուրերի համաձայն Պողոսյանը իր գործընկերների վարքի մասին իմանալուց հետո միանգամից վատացել է եւ հրաժարվել է ՍԴ քննարկումներին մասնակցել` չբացառելով, որ դատարանի դահլիճում կարող է սրտի կաթված ստանալ:

ՍԴ մնացած անդամները դատաքննությանը սկսվելուց առաջ եւ դրա ընթացքում մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հավաստիացրել են, որ իրենք հնազանդ են եւ իրենց «խելոք» կպահեն: Ավելին, որոշ լուրերի համաձայն ՍԴ որոշումը հրապարակելուց առաջ այդ դատարանի բոլոր անդամները առանձին-առանձին հրավիրվել են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ կրկին անգամ հավաստել, որ իրենք հնազանդ են: Նույնիսկ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ինչպես հայտնի է մազերով է զգում, թե իրենից ինչ են ակնկալում իշխանությունները, նա եւս ստիպված է եղել եւս մեկ անգամ «պախանին» հավաստել, որ հնազանդ է:

Ավելին, ՍԴ նիստերի օրերին դատարանի անդամները սեփական ստրկական վիճակը նկարագրելու համար լուրեր էին շրջանառության մեջ դնում այն մասին, որ դատարանի շենքը գտնվում է Ազգային անվտանգության աշխատակիցների կատարյալ հսկողության տակ: Ըստ այդ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները արձանագրել են անգամ ՍԴ անդամների հոգոցները: Արդյունքում, ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն գործնականում ղեկավարել է ոչ թե այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այլ Կիմ Բալայանը:
Իհարկե, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը յուրովի բոյկոտել էր դատաքննությունը` դատարանի որոշման ընթերցումը հանձնարարելով Հրանտ Նազարյանին: Սակայն, նման ստից «բոյկոտներով» միեւնույն է իրական մեղքերդ չես կարող թաքցնել, առավել եւս, որ ՍԴ անդամները իրենց ձեռքով վերջնականապես քարուքանդ արեցին ՀՀ արդարադատության համակարգը:

Այսօր արդեն ակնհայտ է, որ ապագայում ՍԴ անդամների հիմնական փաստարկը լինելու է այն, որ իբր իրենք մեղավոր չեն եւ այդ Ռոբերտ Քոչարյանն է իրենց պարտադրել խայտառակությունը դարձնել, որպես նախագահական ընտրություն: Իրականում, ՍԴ-ի հետ կապված միակ փաստը, որը անհրաժեշտ է արձանագրել եւ ՀՀ ապագան կերտելիս չմոռանալ, այն է, որ սահմանադրական արդարադատություն իրացնելուն կոչված այդ մարմնի բոլոր 9 անդամները, այդ թվում նաեւ նիստերին մասնակցելուց հրաժարված Վալերի Պողոսյանը, փաստացի Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ստանձնել են մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին սպանելու պատասխանատվությունը:

թանկացումները սկսվել են

Վերջին մեկ շաբաթում Հայաստանի սպառողական շուկայում նկատվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների գների աճ:

Այս պահի դրությամբ առավել շատ բարձրացել է հացի գինը` 10-15 տոկոսով: Այսինքն, նախկին ասենք 130-140 դրամանոց հացը երեկվանից խանութներում սկսել են վաճառել 150-160 դրամով:

Չնայած, հացից բացի մնացած մթերքների արժեքները խանութներում էապես չեն փոխվել, սակայն, դրանց մեծածախ գներն այս օրերին դանդաղ բայց հաստատուն աճում են: Բանն այն է, որ ձեթերի, մակարոնեղենի, քաղցրավենիքների, մսամթերքների, սուրճերի եւ մնացած այլ մթերքների մեծածախ գները` մեկ միավորի կտրվածքով, վերջին մեկ շաբաթում բարձրացել են մինչեւ տաս դրամով: Այս հանգամանքի շնորհիվ խանութներն առայժմ պահպանում են հին գները: Բայց հասկանալի է, որ հետագայում եւս թանկացումները շարունակվելու դեպքում խանութները ստիպված են լինելու իրենց վաճառքի գները եւս բարձրացնել:

Ծանր մեղադրանքներով գործեր թխել Շարժման ղեկավարության եւ առաջին հերթին` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ

Քոչարյան-Սարգսյան զույգը համաժողովրդական շարժման քաղաքական ողջ էլիտային ձերբակալելու հրաման է տվել: Խնդիրը` նրանց դեմ ծանր մեղադրանքներ հարուցելով տեւական ժամանակով նրանց ազատությունից զրկելն է: Ձերբակալված կամ հետախուզման մեջ են կենտրոնական շտաբի անդամների մեծ մասը, շրջանային շտաբների ղեկավարներ եւ ընտրական գործընթացների համակարգողներ: Նույն խմբի մեջ են դասվում հանրահավաքներում բոլոր ելույթ ունեցողները: Կարճ քննչական գործողություններ կատարելուց հետո, նրանց նկատմամբ սովորաբար մեղադրանք է հարուցվում Քր. օրենսգրքի 300 (Պետական իշխանությունը յուրացնելու), 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու), 225 (Զանգվածային անկարգություններ կազմակերպելու), 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու ու անցկացնուլու) եւ այլ հոդվածներով:

Քննչական գործողությունների հիմնական միտումն ու ուղղվածությունը, անկախ նրանից, թե ով է հարցաքննվողը, հենց սա է` ցուցմունքներ կորզել այն մասին, թե իբր հանրահավաքները եւ այլն ուղղված են եղել պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելուն: Դրանով Քոչարյան-Սարգսյան զույգը նպատակ ունի մի կողմից արդարացնել ապօրինի արտակարգ դրություն հաստատելու իր որոշումը, մյուս կողմից` իր վրայից գցել այն սպանությությունների մեղքը, որ կատարեցին իրենց հրամանով` հատուկ այդ նպատակով Հայաստան բերված հատուկ ջոկատայինները:

Հասարակական մթնոլորտը

Չնայած գործադրված համընդհանուր բռնություններին, որեւէ մեկին անհնար է թվում արյունով եկեծ եւ արդեն երկրորդ անգամ սեփական ժողովրդի արյան վրա իր իշխանությունը հաստատել փորձող ռեժիմի հարատեւումը: Հակառակ դեպքում նրանք այլ բան չեն տեսնում, քան երկրից հեռանալը:

Սակայն նաեւ չեն պատկերացնում, թե ինչպես կարող է 3 միլոն մարդ ստիպված լինի հեռանալ երկրից` այն թողնելով երկու կամ թեկուզ երկու տասնյակ մարդու: Ուստիեւ շատերն ասում են, որ պարզապես սպասում են արտակարգ դրության շրջանի ավարտին` համարելով, որ հենց հաջորդ օրը պետք է հանրահավաքներ անել:

 ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկություններ են ստացվել, որ միջազգային ճնշման արդյունքում հնարավոր է, որ առաջիկա երկուշաբթի օրը հանվի արտակարգ դրությունը:

Ոմանք տեսել են, թե ինչպես ավտոբուսներով Հայաստանից դուրս են բերվում հատուկ պատժիչ ջոկատայինները: Ավտոբուսներն ուղղություն են վերցրել դեպի Ղարաբաղ:

Ոստիկանական բաժանմունք է հրավիրվել եւ հարցաքննվել Ստեփան Դեմիրճյանը, ինչից հետո նրան տուն են թողել:

Մի խուսբ երկրապահների հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ, սպառնալիքներով նրանցից ստորագրություն վերցրել, որ նրանք այլեւս չեն մասնակցի որեւէ հանրահավաքի:

Շրջում են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում պատկերված են մարտի 1-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ընդհարման եւ ոճրագործության առանձին դրվագներ: Դրանցից մեկում, մի քանի րոպե տեւողությամբ, պատկերված է, թե ինչպես միմյանց դեմ հանդիման կանգնած են ոստիկանական ստորաբաժանումները եւ ժողովուրդը: Որեւէ ընդհարում չկա: Ապա ոստիկանները դուրս են գնում ու նրանց ետեւից երեւում են սեւազգեստ ու դիմակավորված հատուկ ջոկատայինները` ավտոմատներով զինված: Նրանք սկսում են կրակել, հիմնականում մեկական կրակոցներով: Ընկնում է առաջին սպանվածը, ապա` ուրիշներ: Սպանվածներին ոտքերից ու ձեռքերից բռնած տեղավորում են ինչ-որ մեքենայի մեջ: Կրակոցները շարունակվում են: Մինչդեռ հանրապետության դատախազության մամլո խոսնակաը հայտարարում է, թե այդ օրը զինվորների կողմից հրազեն չի օգտագործվել:

իրավունք չունեն անտարբեր մնալ

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ «Բալկանյան քաղաքական ակումբը»` ի դեմս դրա նախագահ Գ. Դ. Ժելյու Ժելեւի, երեկ տարածել է հայտարարություն:

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Որպես  «Բալկանյան քաղաքական ակումբի» նախագահ` ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով: Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների` 40, սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը: Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի  Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է  աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղության պահպանումը և անվտանգությունը,  ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն  է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն  քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն»:

հասարակությանը հնարավոր չէ խաբել

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայաստանյան վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է, որ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների:

«Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, դա ոչ մի ապագա չի ունենա, եւ կարծում եմ, մենք ապագայում կտեսնենք նոր ցնցումներ»,- նշել է քաղաքագետը: Բոզոյանի կարծիքով, ըստ էության, այսօր հասարակությանը խաբել հնարավոր չէ: Նրա խոսքերով, հասարակությունն ավելի ակտիվացած է, հասարակությունն արդեն պահանջում է լուրջ լուծումներ, եւ իշխանությունը տեսել է դա:

 
 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement