Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 11 au 12 mars
 

Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»

http://zhamanak.com/article/8603/
8:08 Yerevan | 4:08 GMT | Tuesday 11 March 2008

«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում», - համոզված է «ԺԵ»-«ԺԼԱ»-ի զրուցակից` ՀՀՇ հիմնադիր անդամ, 1991-1999թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: 

-Պարոն Շահնազարյան. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ձեր անունը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնյաներ եւ իշխանական լրատվամիջոցներ հնչեցնում էին` կապելով այդ դեպքերի հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին Երեւանում, եւ ի՞նչ գնահատական կտաք այդ իրադարձություններին: 

- Օգտվելով` մարտի 1-ից հետո ինձ ընձեռված այս առաջին հնարավորությունից` խորապես եւ անկեղծորեն ցավակցում եմ մարտի 1-ին բոլոր զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Իմ անունը շոշափելու առիթով այդ պաշտոնյաներին ձեր թերթի միջոցով ես արդեն պատասխանել եմ (Դ.Շահնազարյանը մեր թերթի մարտի 6-ի համարում ասել էր. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով».- հեղ.): Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե նստացույցի մասնակիցներին, թե ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է: 

Ազատության հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ: Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Ազատության հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին: Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք: 

Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր: 

Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ ասեմ, որ իմ անձնական տպավորությամբ` գեներալներ Աֆյանը եւ Գիզիրյանը շահագրգռված չէին, որ այդտեղ բախումներ ծագեն: Այնուհետեւ նկատեցինք, որ սադրիչների մի նոր խումբ աղմուկ-աղաղակով եկավ Գինու գործարանի կողմից, սկսեցին քարեր նետել, այնուհետեւ ոստիկանական մեքենայի հետ կապված հայտնի միջադեպը եղավ` ես 200 մետր հեռավորության վրա նկատեցի, թե ինչպես ոստիկանության այդ մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ, եւ փառք Աստծո, իմ տեղեկություններով զոհեր չկան, երեք մարդ է վիրավորվել: 

- Այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն չտրվեց գալ` իրեն մի քանի ժամ սպասող հազարավոր մարդկանց մոտ: Իսկ դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ: 

- Մի պահ հույս կար, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ գոնե 15 րոպեով թույլ կտան Տեր-Պետրոսյանին գալ, հանդարտեցնել բորբոքված ժողովրդին: Որ իշխանությունները չգնացին այդ քայլին, դա խոսուն եւ լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նրանք մեծ սադրանք էին կազմակերպում, այն, ինչը եւ տեղի ունեցավ: Այդ անորոշ իրավիճակը պահպանվեց մինչեւ երեկոյան ժամը 21.10-ը` ցուցարարները Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել էին մինչեւ ՌԴ-ի դեսպանատան հատվածը, ինքնակազմակերպվել, բարիկադավորվել էին: ժամը 21.10-ին ՌԴ դեսպանատնից դեպի վերեւ` ձկան խանութի տարածքից պայթյուններ հնչեցին, կարծում եմ պայթուցիկ փաթեթներ էին: Այնուհետեւ սկսվեցին հուժկու ավտոմատային լուսարձակող գնդակների տեւական կրակահերթեր` ցուցարարների գլխավերեւով. դա նույնպես հոգեբանական ակցիա էր, սակայն ժողովուրդը չշարժվեց տեղից` 100 000 մարդ միաբերան վանկարկում էր` «թուրքեր, հեռացեք»: Սակայն Քոչարյանը հրեշավոր սադրանք էր ծրագրել, որն էլ իրականացրեց: Պարզվեց, որ նա սպանդ էր կազմակերպել այլ տեղ` Լեոյի, Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ուր ցուցարարներ չկային եւ չէին էլ եղել: Ցուցարարների գլխավերեւում այդ լուսարձակող գնդակներով կրակահերթերին զուգահեռաբար, ճիշտ այդ պահին սկսվել էին այրվել ավտոմեքենաներ եւ ջարդվել խանութների ցուցափեղկեր Մաշտոցի պողոտայում` շուկայի շրջակայքում: Այսինքն` ցուցարարները այլ վայրում էին, իսկ Քոչարյանը հատուկ գործողություններ էր իրականացնում բոլորովին այլ հատվածում` կրակում էին անցորդների, ժողովրդի վրա, իսկ սադրիչները, քրեածին տարրերը, օլիգարխների թիկնազորի անդամները այրում, ջարդում էին խանութների ցուցափեղկերը: Այսինքն` Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում մինչեւ ՌԴ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարների նկատմամբ Ռ.Քոչարյանը հարձակման իմիտացիա իրականացրեց` լուսարձակող փամփուշտներով ցուցարարների գլխավերեւով սուրացող կրակահերթերով, որպեսզի ցուցարարների համար խլացվեն այն իրական կրակոցները, որոնք մարդկային կյանքեր էին խլում. փաստորեն սպանդ էր իրականացվում Լեոյի, Պարոնյանի եւ Մաշտոցի փողոցներում: Հարց է ծագում` ինչու՞ ժամը 21.10-ին սկսվեցին այդ գործողությունները, կարող էին սպասել մինչեւ գիշերվա ժամը 03.00-04.00-ն, ցուցարարները կհոգնեին, կհեռանային... Ոչ, Քոչարյանի նպատակը մեկն էր` Օպերայի հրապարակում իրականացրած իր բռնությունները մարտի 1-ին նույնացնել արդեն Ֆրանսիայի դեսպանատան իրադարձությունների հետ: 

Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց խաղաղ ժողովրդի վրա, ինչ համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում: Սրա ապացուցողական փաստերը բազմաթիվ են եւ շեշտակիորեն ավելանում են` այս մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ է միջազգային հանրությունը: Մեկ հատկանշական փաստ` ինչու՞ են իշխանությունները կտրականապես հրաժարվում, որպեսզի ստեղծվի մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող միջազգային անկախ հետաքննող մարմին... Որովհետեւ դրա կազմակերպիչները իրենք են եւ դրա ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Քոչարյանը. նրան հարկավոր էին զոհեր, գնդակահարվեցին մարդիկ, ովքեր անգամ ցուցարարներ չէին` խաղաղ անցորդներ էին, նրան պետք էր արտակարգ դրություն հայտարարել: Հետեւաբար, մեծագույն այս ողբերգությունը, որը տեղի ունեցավ մարտի 1-ին, անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված, ծրագրված հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես առայժմ չեմ անդրադառնա մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մանրամասներին, արդեն հսկայածավալ տեղեկություններ եւ փաստեր կան, որոնք ուղղակիորեն ապացուցում են Քոչարյանի գործած ոճրագործությունը, սակայն արդեն իսկ անվիճելի է, որ Քոչարյանը արյուն թափեց, նպատակ ունենալով այդ արյունը «բարդել» ընդդիմության վրա, սակայն այս անգամ նրա հաշվարկները չարդարացան: Եվ ամենացավալին այն է, որ այդ դեպքերից հետո ոչ միայն սգո օր չհայտարարվեց, այլեւ` նա ցավակցություն չհայտնեց զոհվածների ընտանիքներին. իրեն մտավորական համարող Քոչարյանի նոմենկլատուրայի որեւէ ներկայացուցիչ նույնպես ցավակցություն չհայտնեց, ավելին` ԼՂ-ից ոչ միայն համաժողովրդական Շարժմանը սատար կանգնելու որեւէ արձագանք չեղավ, այլեւ չգտնվեց ցավակցություն հայտնող: 

Քոչարյանը իր սահմանափակ, գավառամիտ եւ բացառապես քրեական (կրիմինալ) մտածողությամբ չի գիտակցում մեկ պարզ իրողություն. սա արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը չէ, սա արդեն մեր ժողովրդի` ՀՀ քաղաքացիների պայքարն է. ժողովուրդը սա երբեք չի հանդուրժելու եւ պայքարը իրականում նոր է սկսվում: 

Մի ուշագրավ փաստ եւս` մարտի 1-ի երեկոյան ինձ երկու տասնյակից ավելի մարդիկ մոտեցան, ասացին, որ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, բայց որոշել են Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ գալ` Ազատության հրապարակում առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններից հետո: Այսինքն` մի կողմում մեր ամբողջ հասարակությունն է, իսկ մյուս կողմում` իշխանությունը: Քոչարյանը ապացուցեց, որ եղել եւ մնում է օտար, որ ինքը օկուպացիոն ռեժիմ է ղեկավարում եւ այժմ այդ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի է ելել ողջ ժողովուրդը, եւ այդ ռեժիմը դատապարտված է: Քոչարյանը գտնվելով անդունդում` փորձում է իր շրջապատին էլ քաշել անդունդը: 

Մեկ կարեւորագույն հանգամանք` համաժողովրդական այս Շարժման եւ 1988թ. Շարժման միջեւ զուգահեռներ-ընդհանրություններ անշուշտ կան, սակայն այս Շարժումը, դրականորեն, էապես տարբերվում է 1988թ. Շարժումից. սա Շարժում է հանուն ազատության եւ քաղաքացիական իրավունքների, սա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների Շարժումն է` հանուն արժանապատվության եւ ազատության հաստատման: Իշխանությունները չեն գիտակցում, որ այսօր գործ ունեն նոր ժողովրդի հետ. սա այն ժողովուրդը չէ, որը մինչ այժմ էր, այս ժողովուրդը գիտի ինչ է անում, եւ զանգվածային ինքնակազմակերպման այն գործընթացները, որոնք ծավալվում են` անշրջելի են: Այս իշխանության ճակատագիրը կանխորոշված է, նրանց չի փրկի ոչ միջազգային հանրությունը (որի դիրքորոշումն իմիջիայլոց կտրուկ փոխվել է հօգուտ հայ ժողովրդի), ոչ կրիմինալը: Ես հպարտ եմ, որ հիմա մենք այսպիսի ժողովուրդ ենք: Եվ բանակը, եւ ոստիկանությունը, եւ գեներալիտետը հստակ գիտակցում են, թե Ռ.Քոչարյանը ինչպիսի արհավիրքի առաջ է իրենց կանգնեցրել, քանի որ այն արյունը, որը թափվել է մարտի 1-ին` ոչ միայն Քոչարյանի վրա է, այլեւ իրենց վրա է, եւ նրանք պիտի գիտակցեն, որ ովքեր Քոչարյանի կողքին են այսօր` նրանք եւս հանդիսանում են այդ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները: 

- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը օրերս հրապարակեց իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում բավականաչափ օրինախախտումների փաստեր են ներկայացված, Եվրամիության նախագահության հայտարարության եւ արեւմտյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների ականատեսն ենք վերջին օրերին: Սակայն մյուս կողմից էլ իշխանությունները միջազգային հանրության պահաջները, կոչերը շրջանցելու մարտավարություն են կարծես որդեգրել. օրինակ` ամենահաճախ հնչող հորդորներից մեկը` «բոլոր կողմերի միջեւ երկխոսություն սկսելու» գաղափարն է, որը չի կայանում: Նման իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում` Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու նպատակով: 

- Միջազգային հանրության կողմից արձագանքները բազմաթիվ են` միջազգային տարբեր ատյաններից, կազմակերպություններից, կուսակցություններից, անհատներից հսկայական թվով համերաշխության ուղերձներ են ստացվում: Կանդրադառնամ երկուսին. ԵՄ նախագահության հայտարարությունը. կոչ էր ուղղված երկու կողմերին` Տեր-Պետրոսյանին եւ իշխանություններին. հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունը անվերապահորեն ընդունել է` այդ մասին հայտարարելով Հայաստանի ամենաբարձր ատյանում` Սահմանադրական դատարանում: Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չկա: Երկրորդ կարեւոր փաստաթուղթը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցն է, որը, ըստ էության, դատավճիռ է այս իշխանությունների համար: Այդ զեկույցից կարելի է բացառապես մեկ եզրակացության գալ` Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է երկխոսությանը` ապա իշխանությունները մյուս թեկնածուների հետ, այսինքն` իրենց ներսում ինչ-որ բանակցություններ են վարում: Այս ընտրությունները հստակ եւ վերջնականապես ցույց տվեցին թե մեր ժողովրդին, թե ամբողջ աշխարհին, որ գոյություն ուներ ընդդիմության մեկ թեկնածու, իշխանության ութ թեկնածու` առանց որեւէ բացառության եւ նույնիսկ այդ պայմաններում Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այժմ էլ տեղեկատվական բլոկադա են իրականացնում, զանգվածային կեղծիք ու սուտ են տարածում, թույլ չեն տալիս թերթերը տպագրվեն, կայքեր են արգելափակում, ինտերնետն էլ գուցե արգելեն` այս պայմաններում դա էլ չի բացառվում. հետո ի՞նչ պետք է անեն. «սանձել է ուզում հողմերին էս ողորմելին»... 

- Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման հարյուրավոր կողմնակիցների, Լ.Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ մշակվել է քաղաքական հետապնդումների հստակ ծրագիր. այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետագա քայլերը եւ իշխանության հետագա գործողությունները. ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները արտակարգ դրություն հայտարարելուց հետո: 

- Ինչպես գիտեք, հարյուրավոր ձերբակալվածներ կան: Տեր-Պետրոսյանն արդեն դիմել է` ամսի 21-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելով: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանի թիմը, ինչպես եղել է` այդպես էլ շարունակելու է մնալ բացառապես օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կարծում եմ, որ Քոչարյանը սրանով չի սահմանափակվելու, նա նորանոր սադրանքներ է կազմակերպելու, որպեսզի երկարաձգի արտակարգ դրությունը, ավելին` հաշվի առնելով Քոչարյանի ոչ ռացիոնալ, իրավիճակին բացարձակապես ոչ համարժեք (ոչ ադեկվատ) մտածելակերպը, վստահ եմ, որ նրա ծրագրերում է նաեւ ռազմական դրություն հայտարարելու գաղափարը, որը կարող է իրագործել` օգտագործելով ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք ես չափազանց մտահոգիչ եմ համարում: Չեմ բացառում, որ դեպքերի նման ընթացքի դեպքում նա փորձի ապրիլի 9-ի Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությունն էլ ոչ նպատակահարմար համարել: Իսկ Տեր-Պետրոսյանը այս ամբողջ ընթացքում խախտել է ընդամենը մեկ օրենք, այսպես կոչված` «չարտոնված հանրահավաքներ» է անցկացրել (թեեւ «չարտոնված ցույց, հանրահավաք, երթ» ձեւակերպում գոյություն չունի` հանրահավաքը խաղաղ է, կամ ոչ խաղաղ), մինչդեռ այսօր գոյություն չունի քրեական մեկ հոդված, Հայաստանի ստանձնած մեկ միջազգային պարտավորություն, որը այս իշխանությունները խախտած չլինեն: Ամեն օր ձերբակալվածների, կալանավորների թիվը ավելանում է, շարունակում են ռեպրեսիաները, իշխանությունները ավելի են սրում իրավիճակը: Այսինքն` այս իշխանությունները ապացուցում են, որ Հայաստանում իսկապես ավազակապետություն է, որ այս իշխանությունների հիմքը կրիմինալն է: Ի դեպ, միջազգային հանրությունն էլ արդեն համոզվել է, որ Հայաստանում ավազակապետություն է, եւ որ ԱԺ, ՍԴ, դատարաններ գոյություն չունեն, դրանք ընդամենը ցուցանակներ են: 

- Ընդհանրապես, երբ ասում ենք «իշխանություններ», ու՞մ պետք է նկատի ունենալ` Ռ.Քոչարյանի՞ն, թե՞ Ս.Սարգսյանին, եւ մարտի 1-ի դեպքերի պատասխանատուն Ռ.Քոչարյա՞նն է, թե՞ Ս.Սարգսյանը: 

- Չեմ ցանկանում նրանց միմյանցից տարանջատել. գոյություն ունի պարագլուխ, որը արդեն կործանված է, իր շրջապատին էլ իր հետ տանում է: 

- Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ որեւէ այլ վճիռ չէիք ակնկալում ՍԴ-ից, իրո՞ք կանխատեսելի էր այդ վճիռը: 

- Ավելի քան կանխատեսելի էր: 

- Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրությունը Ձեր կարծիքով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապ ու՞նի, եւ եթե այո` ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ: 

- Անշուշտ կապ ունի, որովհետեւ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչի` նա Ղարաբաղն էլ կզոհի, ժողովրդին էլ է պատրաստ զոհել` հանուն իր անձի. նրա գործողությունները երբեք ադեկվատ չեն իրավիճակին: Իսկ հետեւանքները կարող են շատ ծանր լինել առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի համար: Եթե Քոչարյանի իշխանությունը երկարաձգվի` ԼՂ-ի հարցը արդեն անվերադարձ կլուծվի` գուցե արդեն դե ֆակտո:

Իրականացվում է միակողմանի ագրեսիվ քարոզչություն

«Ազատություն» ռադիոկայանը այսօր հարցազրույց է անցկացրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Ռադիոկայանի այն հարցին, թե արդյո±ք զանգվածային լրատվամիջոցներին առնչվող դրույթը հրամանագրում համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքի պահանջներին, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վերապահումով է պատասխան տվել. «Ինձ այս օրերին մեկ այլ բան է ավելի մտահոգում: Դա այն է, որ զանգվածաբար նախագահի հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է: Ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ համարյա բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները եւ թերթերը, որոնք մենք սովորաբար իշխանամետ ենք կոչում, փաստորեն որեւէ ձեւով իրենց գործունեությունը չեն սահմանափակել»:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը, մասնավորապես, նկատի ուներ, որ հեռուստաընկերությունները եւ ինչպես Հայաստանում ընդունված է ասել իշխանամետ մամուլը հենց հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից պետական եւ ներքաղաքական կյանքի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություններ են տարածում, «այլ գրում են բազմաթիվ վելուծություններ, բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, բազմաթիվ կարծիքներ, հարցազրույցներ եւ այլն, եւ այլն, որոնք ուղղակիորեն եւ կոպտորեն խախտում են հրամանագրի դրույթները»: «Այն դեպքում, որ այն լրատվամիջոցները, որոնք փաստորեն որեւէ խախտում դեռ չէին արել, արգելափակվել են: Եվ փաստորեն նրանց նկատմամբ նախնական գրաքննության մեխանիզմներ են աշխատացվում: Իսկ նախագահի հրամանագրով Հայաստանում գրաքննություն, առավել եւս` նախնական գրաքննություն մտցված չէր»:

Ըստ Բորիս Նավասարդյանի, լրատվամիջոցների միակողմանի սահմանափակում է կատարվել: Առանց հանցանք կատարելու եւ հանցանքը ապացուցելու, մեղադրվել եւ պատժվել են մի շարք լարտվամիջոցներ, ինչի արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարեւոր իրավական սկզբունք` անմեղության կանխավարկածը:

Հարցին, թե որքանով են հատկապես ԶԼՄ-ի եւ ազատ խոսքի սահմանափակումները մեղմացնում ներքաղաքական լարվածութունը եւ ինչ հետեւանքներ կունենան այս միջոցառումները երկրի համար, Նավասարդյանը պատասխանել է. «Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, առաջինը` որեւէ ձեւով չի նպաստում արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած խնդիրների հաղթահարմանը: Բացի դրանից, իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են գնալ երկխոսության, համագործակցության եւ համաձայնության հասնել հասարակության տարբեր շերտերի, տարբեր խմբերի հետ, բայց կատարվում է հակառակը, երբ միակողմանի ագրեսիվ քարոզչություն է տեղի ունենում: Եվ վերջապես, այս օրերին կիրառվում են խոսքի ազատությունը, մամուլի հավասարությունը, բազմակարծությունը ճնշելու այնպիսի եղանակներ, որոնք ամբողջատիրական հասարակություններում են միայն կիրառվում»:

Բողոքի ցույց Վաշինգտոնում

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում տեղակայված Հայաստանի դեսպանատան առաջ երեկ բողոքի ցույց են կազմակերպել բազմաթիվ ամերիկահայեր` որպես Լոս Անջելեսում վերջերս տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի պատվիրակներ` ՀՀ իշխանություններին փոխանցելու հանրահավաքի մասնակիցների պահանջները:

Պատվիրակ ցուցարարները պահանջել են, որ ՀՀ դեսպանատնից իրենց մոտ պաշտոնյա իջնի, սակայն այդպես էլ ոչ ոք չի եկել: Ցուցարարները կարդացել են Լոս Անջելեսի բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հայտարարությունը, որով ամերիկահայերը ՀՀ իշխանություններից պահանջում են վերջ տալ քաղաքական հետապնդմանը, ազատ արձակել մարտի մեկի իրադարձություններից հետո ձերբակալված կամ կալանավորված բոլոր ցուցարարներին, Հայաստանում վերացնել արտակարգ դրությունը, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Ցուցարարները հայտարարությունը փոխանցել են ՀՀ դեսպանատուն: Բողոքի ցույցը կազմակերպել են «Հանուն ժողովրդավար Հայաստանիե կոալիցիան եւ Վաշինգտոնի կազմակերպական կոմիտեի անդամները: Կոալիցիայի անդամ Կարո Կարապետյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ արդեն իսկ ունեն նախնական համաձայնություն ԱՄՆ Պետդեպարտամենտ մտնելու եւ ամերիկահայերի պահանջները այնտեղ ներկայացնելու համար` Լոս Անջելեսի բազմահազարանոց ցույցի մասնակիցների տասնյակ հազարավոր ստորագրություններով: «Մենք` որպես Ամերիկայում բնակվող հայեր, ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը օժանդակի, որպեսզի դարադեցվի բռնապետությունը եւ չճանաչվեն կեղծված ընտրությունների արդյունքներըե, - ասաց Կարո Կարապետյանը



Մերժել են

Երեկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք ացկացնելու մասին:

Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը մերժել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը: Իսկ մերժել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ ենթակետով` զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքում, եթե առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը: Երեւանի քաղաքապետարանը այս մերժումով փաստորեն խոստովանել է, որ Հայաստանում խաղաղ ցույցերն ու հանրահավաքները մարդկանց կյանքին վտանգ են սպառնում` ոստիկանությունն ու բանակը գալիս մարդկանց վրա կրակում են:

Կոչ է արել չճանաչել ընտրությունների արդյունքները

Հայաստանի հելսինկյան ասոցիացիան այսօր դիմել է միջազգային կազմակերպություններին` կոչ անելով չընդունել փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Իրավապաշտպան կազմակերպությունը  միջազգային հանրությանը նաեւ կոչ է արել պահանջել Հայաստանի նախագահից անհապաղ չեղյալ համարել 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը՝ Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին:

Միայն միջազգային հետաքննությունը կհամարվի արժանահավատ

Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար:

«Հայաստանի իշխանությունները պետք է հրավիրեն Եվրախորհրդին կամ հարգանք վայելող այլ կազմակերպությունների՝  հուզումները եւ Հայաստանի ոստիկանության եւ բանակի կողմից դրանց պատասխանը քննելու համար: Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,- հայտարարել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կարլսենը: Վերջինս նաեւ նշել է, որ լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Կարլսենի խոսքերով, ժամանակն է, որ կառավարությունը հրավիրի անկախ միջազգային դերակատարների, որոնք կբացահայտեն, թե ինչ է կատարվել, եւ կապահովեն պատասխանատվությունը յուրաքանչյուր հանցանքի համար: Ի դեպ, անցյալ շաբաթ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն նամակ է հասցեագրել երկրի արտգործնախարար Յոնաս Գար Ստորեին` հորդորելով Նորվեգիայի իշխանություններին ակտիվություն ցուցաբերել այս հարցում:

Մտահոգված է մարդու իրավունքների վիճակով

Հայաստանում հետընտրական բռնությունների հետեւանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով մարտի 12-ին ժամանելու է Երեւան` մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանության խրախուսման նպատակով:

«Ես մտահոգված եմ Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով»,- Հայաստան ժամանելուց առաջ երեկ հայտարարել է հանձնակատարը: Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ խոսնակի Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, միջազգային կազմակերպությունների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանձնակատար Համմարբերգը այցելելու է նաեւ բանտեր, ոստիկանական տեղամասեր եւ հիվանդանոցներ` հայտնի իրադարձությունների մասնակից անձանց հանդիպելու նպատակով:Հրատապ է վերականգնել այն վիճակը, երբ լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի խոչընդոտվում

Պրեսկոտը կոչ է արել արտակարգ դրության մնացած դրույթներն էլ հանել

Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի իշխանությունների կողմից՝ անցյալ շաբաթ Հայաստան իր կատարած այցից հետո, եւ կոչ է արել հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները:

«Ես հատկապես ողջունում եմ քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կասեցման մասին դրույթի չեղյալ հայտարարումը, որի վերաբերյալ ես հատուկ կոչ արեցի իմ այցի ընթացքում: Այժմ ես կոչ եմ անում իշխանություններին հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները, մասնավորապես նրանք, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը», - հայտարարել է Պրեսկոտը եւ հավելել. «Ես կրկնում եմ իմ այն եզրակացությունը, որ ներկա ճգնաժամի հանգուցալուծման միակ եղանակը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումն է, արտակարգ դրության հանումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնումը եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննումն ու քաղաքական բոլոր ուժերի միջեւ երկխոսության ծավալումը անհրաժեշտ քաղաքական եւ ընտրական բարեփոխումների վերաբերյալ»:  Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն` Ջոն Պրեսկոտը իր բացահայտումների եւ եզրակացությունների վերաբերյալ կզեկուցի Վեհաժողովի նախագահին ԵԽԽՎ-ի բյուրոյի մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը:

Զինվորները մնացել են պեռաշկիի հույսին

ինչպես արդեն տեղեկցրել էինք, մարտի 1-ից Երեւան բերված ժամկետային զինծառայողներին իրենց վերադասները մեղմ ասած «այնքան էլ լավ չեն կերակրում»:

Թերահավատները կարող են ականատես լինել, թե ինչպես են զինվորականների բարեկամները ուտելիք բերում նրանց: Իսկ կառավարության եւ ՀՀԿ-ի գրասենյակի մոտ կանգնած զինվորականները նույնիսկ այդ հնարավորությունից են զրկված: Նրանք մնացել են պեռաշկի ծախող պապիկների հույսին: Օրվա տարբեր ժամերի կարելի է ականատես լինել, թե ինչպես է պեռաշկի վաճառող պապիկը սկուտեղը ձեռքին մոտենում զինվորներին, եւ ինչպես են զինվորները հերթ կանգնում` 1-2 պեռաշկի գնելու համար:

Առա’ջ, Շուշան

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, մարտի 1-ի գիշերը «Ազատության» հրապարակում տեղի ունեցած ջարդի ամենաակտիվ մասնակիցներից մեկը եղել է երգչուհի, նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի համար «Առաջ, Հայաստան» երգող Շուշան Պետրոսյանի ներկայիս ամուսինը` Արման Հարությունյանը:

Վերջինս տխրահռչակ 6-րդ վարչության աշխատակիցներից է: Ընդ որում, Շուշան Պետրոսյանի Արմանը հատկապես աչքի է ընկել նրանով, որ առանձնահատուկ դաժանությամբ ծեծել է «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:

Այսօր կրկին

Երեկ ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Պատգամավորը դատախազությունում մոտ ութը ժամ հարցաքննվել է որպես վկա: Երեկ դատախազությունից դուրս գալուց հետո Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ինքն առարկություններ ունի քննության ընթացքի հետ կապված եւ չի գտնում, որ այն անաչառ է: Այսօր Ստեփան Սաֆարյանը կիկին հրավիրվել է գլխավոր դատախազություն: Այսօր գլխավոր դատախազություն է հրավիրվել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երկխոսության կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ Վոլքերը հայտարարել է, թե միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը:

«Մենք աշխատում ենք կողմերին համոզել, որպեսզի երկխոսության սկիզբ դրվի: Խոսքը թե՛ կառավարության մասին է, որը շատ կոշտ մեթոդների է դիմել` սահմանափակելով լրատվամիջոցների ազատությունը, արտակարգ դրություն հայտարարելով, ձերբակալություններ իրականացնելով: Դիմում ենք նաեւ ընդդիմությանը, որն այդ մարդաշատ ցույցերի կազմակերպիչն էր: Մենք աշխատում ենք երկու կողմի հետ էլ` փորձելով քաղաքական երկխոսություն նախաձեռնել, կազմակերպել մի «կլոր սեղան», որի շուրջ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները կքննարկեն ստեղծված իրադրությունը` փորձելով հանգուցալուծել այն հակամարտությունն ու լարվածությունը, որն այսօր առկա է», - ասել է Վոլքերը:

Վերջինս նաեւ հատուկ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների որդեգրած մարտավարությունը: «Մենք չենք կարծում, որ հետագա ճնշումները, հետագա ձերբակալությունները ճիշտ գործելաոճ են: Անհրաժեշտ է վերացնել արտակարգ դրությունը, ապահովել մամուլի եւ հավաքների ազատությունը, ապահովել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որպեսզի Հայաստանը կարողանա դուրս գալ քաղաքական այս ճգնաժամից», - հայտարարել է Քուրթ Վոլքերը:

ԱՄՆ-ն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ՀՀ իշխանությունների գործադրած բռնությունները

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները:

Բրայզան դա որակել է որպես «ցավալի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»: Բրայզան նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին: «ԱՓ»-ն նշում է, որ Բրայզան Երեւանում հանդիպել է Տեր-Պետրոսյանին, ընտրություններում հաղթող ճանաչված վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ռեկտոր են խոստացել

Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանին իշխանությունները խոստացել են ՀՀ-ում գործող հեղինակավոր բուհերից մեկի ռեկտորի պաշտոնը:

Մասնավորապես նշվում է հայ-ռուսական սլավոնական համալսարանի անունը: Սույն պաշտոնը թերեւս կլինի այն ծառայության գինը, որ Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ մատուցեց ՀՀ իշխանություններին:




Стой, кто идет?

Այսինքն, եթե Լյուդովիկոս 14-րդն ասում էր. ՙՊետությունը` այդ ես եմ՚: ապա Քոչարյանն ու Սարգսյանն իրենցն են համարում ողջ աշխարհը: Մի կողմ թողնենք կլինիկական բժշկության մեջ բավականաչափ լավ նկարագրված մեր իշխանությունների վարքագիծը, թեպետ կարծում եմ, որ աշխարհի բժշկական պարբերականները մեծ գումարներ կտային մեր իշխանությունների վարքագիծը նկարագրող հոդվածների համար: Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ էին մտածում մերոնք այլ երկրների քաղաքացիներին ապօրինի խուզարկելիս: 

Տարբերակ թիվ մեկ. Նրանք հույս ունեին Բրայզայի գրպանում գտնել այն մետաղյա ձողերից, որոնք դատախազության ենթադրությամբ ծառայել են ընդդիմության կողմից իշխանությունը ուզուրպացնելու գործիք: Հաշվի առնելով ամերիկյան տեխնիկայի մակարդակը, կարելի է ենթադրել, որ նշված ձողերը պետք է լինեին ծալովի եւ տեղավորվեին պարոնայք Բրայզայի եւ Սեմնեբիի գրպանի ծխախոտի տուփի մեջ: Տարբերակ երկրորդ.  արդեն հիշատակված ծխախոտի տուփի մեջ գտնվում էր ոչ թե ծալովի մետաղյա ձող, այլ, ասենք, ծալովի ինքնաթիռ օդաչուով, որով նախագահ Տեր-Պետրոսյանը պետք է փախչեր փաստացի կալանքի վայր դարձած իր առանձնատնից: Տարբերակ երրորդ. Սեմնեբիի ավտոմեքենայի մեջ թաքնված էր ամերիկյան 6-րդ նավատորմը, որը ներկայացնելով ՀՀ դատախազության կողմից նշված անհայտ արտաքին ուժերը պետք է իրականացներ մեր հայրենիքում իշխանության բռնազավթումը: Տարբերակ չորրորդ. Բրայզան եւ Սեմնեբին ցանկանում էին խախտել արտակարգ դրության իրավական ռեժիմը, Վիկտոր Սողոմոնյանի եւ բանակի գլխավոր շտաբի ցուցումները եւ չարանենգորեն տրամադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին արգելված գրականություն: Ի դեպ, հաշվի առնելով, թե արտակարգ դրության օրերին ինչպիսի նյութեր պարունակող պարբերականներ չի թույլատրվել լույս տեսնել, կարելի է ենթադրել, որ Բրայզան ու Սեմնեբին Տեր-Պետրոսյանին էին բերել Հեմինգուեյի կամ Ֆոլքների գրքերը, որոնց հեղինակները ժամանակին չեն ֆայմել իրենց գրածները համաձայնեցնել Հայաստանի Անվտանգության ծառայության հետ: Ավելին, հնարավոր է, որ ամերիկացիների ձախ գրպանում Աստվածաշունչն էր, որում պարունակվող ՙմի սպանաներ՚ պատվիրանը ակնհայտ դուր չի գալիս մեր որոշ գեներալներին, իսկ ՙմի պաշտի այլ աստծու, բացի քո Տեր Աստծուց՚ պատվիրանը որպես մարտահրավեր կարող են ընդունել մեր շատ եկեղեցականներ, որոնք հաջողությամբ փոխարինել են Հիսուսի պաշտամունքը Սերժ Սարգսյանի պաշտամունքով, իսկ ՙՀայր Մերի՚ փոխարեն պարբերաբար արտասանում են ՙԱռաջ, Հայաստան՚ եւ բանակի գլխավոր շտաբի շրջաբերականները: Վերջապես պետք է նկատի ունենալ, որ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի ընտանիքի անդամների քանակը եւ առանձնատան կից այգու (այսինքն, բաց տարածք) լինելը կարելի է ենթադրել, որ Սեմնեբին եւ Բրայզան ցանկանում էին Լ. Տեր-Պետրոսյանի բակում անցկացնել չարտոնված միտինգ, իսկ գուցե նաեւ երթ առանձնատան մուտքից մինչեւ բնակելի տարածք: Այսքանը կատակով: 

Այժմ մեկ-երկու խոսք ավելի լուրջ: Հազիվ թե մեր իշխանություններն այնքան անգրագետ են, որ չգիտեն դիվանագիտական անձեռնմխելիության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ դիվանագետի կանգնած վայրը մի քանի մետր շառավղով համարվում է տվյալ երկրի տարածք: Թեպետ այս հանգամանքն էլ չի կարելի բացառել, սակայն առավել հավանական է, որ մերոնք պարզապես ցանկանում էին ցույց տալ, որ թքած ունեն բոլորի եւ բոլոր օրենքների վրա եւ պատրաստ են մինչեւ վերջ քշել իրենց էշը` չհասկանալով, որ քուչում ընդունված մեթոդները քաղաքակիրթ աշխարհում կարող են արժանանալ մեղմ ասած ոչ ադեկվատ վերաբերմունքի:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ 2008 թ. մարտի 10-ին, Երեւանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք բերման են ենթարկվել եւև նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ինչպես նաեւև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կատարելու կասկածանքով:


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»

Նախագահության նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության աստիճանը պետք է որոշի ժողովուրդը:

Դիակները տարել են այլ վայրեր

Մարտի 1-ին իրականացված բռնություններից տուժած քաղաքացիների հարազատներից տեղեկացանք, որ շատ վիրավորների ու արդեն մահացած մարդկանց իրավապահ մարմինների ներկայացուցիչները այդ գիշեր ամենակոպիտ ձեւով ՙբեռնել՚ են ավտոմեքենայի մեջ ու դեպքի վայրից հեռու նրանց նետել են փողոցում: Ի թիվս մի քանի դիակների, մի վիրավորի եւս իրավապահները տարել եւ նետել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածքում, որից հետո որոշ ժամանակ անց շտապօգնությունը մոտեցել է անօգնական մարդկանց: Երիտասարդ վիրավորներից մեկը, ում շտապօգնությունը հայտնաբերել է Համալիրի տարածքում, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է եւ պատմել է, որ ինքը հրազենային վնասվածք է ստացել ոստիկանների կողմից արձակված կրակոցից` Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ծավալված բախման ժամանակ: Նա ասել է նաեւ, որ իր հետ նույն տարածքում էլի մի քանի մարդիկ կային, բայց ինքը չգիտի, նրանք ո՞ղջ էին, թե ոչ:


Կարմիր խաչով մեքենան զորք է բերել

Մարտի մեկին տեղի ունեցած ջարդի ժամանակ հրահրված սադրանքների մասին շատ է խոսվել: Ամեն օր, հանդիպելով վայրագ ոստիկանների մահակներից տուժած քաղաքացիների հետ, նորանոր մանրամասներ ենք իմանում: Մեզ պատմեցին, որ կարմիր խաչով ոստիկանական այն մեքենան, որը այրված վիճակում «Հայլուրը» ակտիվորեն ցուցադրում էր, իրականում դեպքի վայր էր եկել ոչ թե վիրավորներին  օգնություն ցուցաբերելու, այլ բոլորովին այլ նպատակով: Ականատեսների պատմելով, այդ մեքենայով ոստիկանները լրացուցիչ զորք են բերել Մաշտոցի պողոտա: Հենց ոստիկանների աչքի առջեւ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից իջել են քաղաքացիական հագուստով մարդիկ ու լաթի կտոր տեղադրելով մեքենայի բենզինի բակում, այրել են կարմիր խաչով մեքենան ու արագ հեռացել:

Պատմեցին նաեւ, որ Մյասնիկյանի արձանի դիմաց կանգնած ոստիկանության մեքենայի մեջ եղել են բազմաթիվ շշեր` լցված դյուրավառ հեղուկով` բենզինով: Այ այս մեքենան, ըստ ականատեսների, այրել են ցուցարարները, որպեսզի ոստիկանությունը չկարողանա բենզինի շշերն այլ տեղ 
օգտագործել:


Հելսինքյան Ասոցիացիայի հատարարությունը

Հելսինկյան ասոցիացիան, 2008թ. փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի ընտրություններում հանդիսանալով դիտորդ և հետևելով հետընտրական իրավիճակին, հայտարարում է, որ անցած ընտրությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Քվեաթերթիկների լցոնումները, ընտրողներին ահաբեկելը, լրագրողների վրա հարձակումները, ընտրատեղամասերում թաղային ՙհեղինակությունների՚ ներկայությունը որպես հանձաժողովի անդամներ, վստահված անձիք կամ դիտորդներ, կեղծումները ձայների հաշվարկի ժամանակ չէին կարող չանդրադառնալ քվեարկության արդյունքների վրա: Այս ամենը առաջացրեց ընդդիմության բնական հակազդումը, որն արտահայտվեց բողոքի խաղաղ ցույցերում:

2008թ. մարտի 1-ին Ռ. Քոչարյանի հրամանով իրականացվեց հատուկ ոստիկանական գործողություն, որի միակ նպատակը Ազատության հրապարակում ընդդիմության խաղաղ ցույցը ուժով ցրելն էր: Ավելի ուշ, բողոքի խաղաղ ցույցը շարունակվեց Միասնիկյանի արձանի մոտ, և կրկին անգամ ցուցարարների հադեպ իրականացվեց ուժի ծայրահեղ կիրառում, որն էլ հանգեցրեց մարդկային կյանքի կորուստների:

Հելսինկյան ասոցիացիան ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում են հանրապետության իշխանությունները:
Հելսինկյան ասոցիացիան իր պարտքն է համարում դիմել միջազգային կազմակերպություններին հետևյալ պահանջներով`

-     չընդունել 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները,
-     պահանջել Հայաստանի Նախագահից անհապաղ չեղյալ համարել 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը` Երևանում արտակարգ դրություն մտցնելու մասին,
-     պահանջել ազատելու Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին,
-     պահանջել, որպեսզի ՀՀ իշխանություններն անցկացնեն միջազգային փորձագետների մասնակցությամբ անկողմնակալ և ամբողջական հետաքննություն` ցուցարարների նկատմամբ կիրառված ուժի փաստով, ինչը հանգեցրեց մարդկային կորուստների,
- կասեցնել ինչպես Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միջազգային կազմակերպություններում` ներառյալ Եվրոպայի խորհուրդը, այնպես էլ Հայաստանին տնտեսական և ֆինանսական աջակցություն ցուցաբերող բոլոր ծրագրերը` մինչև Հայաստանի` միջազգային ժողովրդավարական չափանիշներին և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելը:  


Խուզարկություն

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ մոտ երկուսուկես ժամ խուզարկել են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի աշխատասենյակը եւ ընդունարանը:

Նրանք փնտրել են զենք զինամթերք: Սակայն ոչինչ չգտնելով, ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ տարել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներից մի քանի CD, Արարատ Զուրաբյանի 2 նոթատետրերը եւ նշումներ արած թղթեր: ԱԱԾ-ն իր հետ տարել է նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանի աշխատասենյակում գտնվող համակարգիչը: Ի դեպ, ԱԱԾ-ականները դատարանի որոշմամբ ունեցել են միայն Արարատ Զուրաբյանի աշխատասենյակն ու ընդունարանը խուզարկելու թույլտվություն եւ Քոքոբելյանի սենյակում գտնվող համակարգիչը տարել են անօրինական:

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է պատժել նրանց, ովքեր ուժ են գործադրել

Երեկ ուշ երեկոյան Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Հայաստանի քաղաքական ուժերին կրկին հորդորել է երկխոսություն սկսել:

Այն հարցին, թե ի՞նչ հավելյալ մանրամասներ կարող է հաղորդել ամերիկացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից երկխոսության, այսպես կոչված, «կլոր սեղանի» ձեւաչափի վերաբերյալ, Բրայզան պատասխանել է. - «Մենք կցանկանայինք տեսնել, որ բոլոր խոշորագույն քաղաքական կուսակցությունների` ընդդիմադիր, իշխանամետ, կոալիցիայի անդամները, բոլորը հավաքվեն միասին քննարկման համար, քննարկում, որը կներկայացնի Հայաստանի բոլոր քվեարկողներին, որը կխոսի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ապագայի եւ դրանց ամրապնդման մասին: Թե որո՞նք կլինեն կոնկրետ թեմաները` դա մասնակիցների գործն է, իհարկե: Սակայն բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գործընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը»:

 «Մենք պաշտպանում ենք անկախ հետաքննության առաջարկը եւ կարծում ենք, որ դա օգտակար կլինի: Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի երբեւէ գնահատել ճշգրտորեն, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք: Վերականգնենք ընտրություններին հասցված վնասները` պատժելով այն մարդկանց, որոնք ապօրինի կերպով ուժ են գործադրել կամ խախտել են ընտրությունների մասին օրենքը»-նշել է ամերիկացի դիվանագետը պատասխանելով այն հարցին թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում Եվրամիության նախագահության` անկախ հետաքննություն անցկացնելու առաջարկին:

Ռադիոկայանի այն հարցին, թե հակառակ ԱՄՆ-ի` ձերբակալությունները դադարեցնելու մասին կոչերին, ընդդիմության ակտիվիստներին շարունակում են ձերբակալել եւ ինչ է արվում այդ առնչությամբ` Մեթյու Բրայզան ընդգծել է. «Սա մի խնդիր է, որը պետք է լուծվի Հայաստանի կառավարության կողմից, իհարկե, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»:

Անդրադառնալով Հայաստանի գլխավոր դատախազի այն պնդումներին, թե «ընդդիմության առաջնորդները հոգեբանական դիվերսիա են իրականացրել մարդկանց նկատմամբ», ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնականն արձագանքել է.-«Օհ, այ քեզ հայտարարություն: Պարոն Տեր-Պետրոսյանը ակնհայտորեն շատ հայտնի քաղաքական գործիչ է, ով շատ հմուտ է իր հռետորության մեջ, այնպես որ, նա մարդկանց ոգեշնչելու կարողություն ունի եւ անում էր դա Երեւանի Ազատության հրապարակում ունեցած իր ելույթներում: Սա այն դեպքը չէ, երբ մասնավոր մի ղեկավար կախարդական հնարքներ է գործադրում. Lեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս իբրեւ քաղաքական գործիչ»:
 
Ամերիկացի բարձաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ ինքն այցելել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանին եւ, իր կարծիքով, օգտակար զրույց ունեցել նրա հետ:
«Ես, մասնավորապես, քաջալերեցի նրան` լիարժեք մասնակցել Հայաստանի կառավարության հետ երկխոսությանը եւ ուղիներ փնտրել` Հայաստանում ժողովրդավարության ընթացքը վերականգնելու համար», - մանրամասնել է Մեթյու Բրայզան:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանց վերաբերյալ «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցին, որտեղ Բրայզան Հայաստանի կառավարության արձագանքը գնահատել էր որպես «կոշտ ու վայրագ», նա նշել է.-«Վայրագություն տեղի է ունեցել երկու կողմերում էլ, եւ ես փորձել եմ դա հասկացնել իմ բոլոր հարցազրույցներում: Խնդիրն այն է, որ երբ մարդիկ փողոցներում հայտնվում են առճակատման իրավիճակում, եւ չկա տեղեկատվության ազատ հոսք` անկախ մամուլի միջոցով, յուրաքանչյուր կողմ փորձում է մեղավոր ճանաչել մյուսին: Բայց ի վերջո, իհարկե, կառավարությունը պատասխանատու է քաղաքացիների դեմ կառավարական ուժեր գործադրելու համար: Իսկ քաղաքացիներն էլ պատասխանատու են խաղաղ կերպով բողոքելու եւ օրենքի սահմաններում տեղավորվող մեխանիզմներ գործադրելու հարցում: Ահա այս ենք մենք կոչ անում բոլոր կողմերին»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Միացյալ Նահանգների նախագահը միջամտի Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը հարթելու գործընթացին, Մեթյու Բրայզան ասել է.-«Մենք Հայաստանի կառավարության հետ հաղորդակցության շատ արդյունավետ միջոցներ ունենք, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ այժմ տեղի ունեցող հաղորդակցությունը բավարար է: Նախագահ Բուշը իր որոշումը կկայացնի, եւ եթե նա ցանկանա ներգրավվել գործընթացում, դա, իհարկե, նրա որոշումն է»:

Ամերիկացի բարձաստիճան դիվանագետը միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում, ինչպես նաեւ ողջ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մշտական շփումներ է ունենում Ռուսաստանի կառավարության եւ դիվանագիտական շրջանակների իրենց գործընկերների հետ: «Այդուհանդերձ, մենք չենք համաձայնեցնում մեր դիվանագիտական դիրքորոշումները այն առումով` ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականն եւ ընդգծել.-«Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում ունի, թե ինչ է նշանակում իսկական ժողովրդավարություն ստեղծելը, եւ մենք այդ նպատակին հետամուտ ենք լինում մեր սեփական ուղիով` սերտորեն համագործակցելով Հայաստանի կառավարության եւ քաղաքացիների հետ»:

Քոչարյանի անօրինական ակտը

Մի խումբ փաստաբաններ այսօր տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«Մենք, որպես մարտի 1-ին և 2-ին զանգվածային բռնությունների արդյունքում իրավապահ մարմինների կողմից տարբեր ոստիկանական բաժանմունքներ և կալանավայրեր տեղափոխված անձանց շահերի պաշտպաններ տալիս ենք հայտարարություն ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրի կապակցությամբ, տվյալ հրամանագրի համապատասխանությունը վիճարկելով ՄԻԵԿ-ի դրույթների համապատասխանության ներքո: Մենք գտնում ենք, որ ՀՀ Նախագահի հրամանագիրը հակասում է նույն կոնվենցիայի 6-րդ և 10-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետությանը որպես բարձր պայմանավորվող կողմ, տվյալ դեպքում, ուղղակիորեն խախտել է իր կողմից ստանձնած պարտավորությունները: Չնայած արտակարգ դրություն հայտարարելով փորձ է արվում հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝  ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու պատճառաբանմամբ, սակայն հրամանագրով սահմանված սահմանափակումները այսօր պետությունում ստեղծել են սարսափի, ահաբեկման, նույն բնակչության իրավունքների և օրինական շահերի կոպիտ ոտնահարման իրադրություն: Միարժամանակ անվերահսկելի են դարձել նախաքննական մարմինների ապօրինի գործողությունները: Մասնավորապես հրամանգրի 4-րդ կետը սահմանափակում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացումը, տեղաշարժերի և զանգվածային լրատվական միջոցների կողմից պետական և ներքաղաքական  հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական  տեղեկատվության սահմաններում: Սա թույլ է տալիս սահմանափակել և վերահսկելի դարձնել մեր պաշտպանական գործունեության ռեալ և արդյունավետ իրականացմանը, քանի որ պաշտպանական գործունեությունը իր մեջ ներառում է նաև հրապարակային  քննարկումները, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ուշադրության սևեռումը կատարված իրավախախտումներին, որը չի արվում: Մարտի   5-ի մամուլի ասուլիսում ՀՀ Նախագահը ընդդիմադիր ուժերին ուղղակի մեղադրանք առաջադրեց, որով էլ առաջնորդվում են նախաքննական մարմինները: Նրաց կողմից հայտարարվեցին կոնկրետ  անձանց ուղղված մեղադրանքներ, որով խախտվեց անմեղության կանխավարկածի սկզբունքը: Պաշտանական լրատվության միակողմանի, սադրիչ և մեղադրական քարոզչությունը տարածվում է բոլոր ԶԼՄ-ների միջոցով, որով բացառվում է այլակարծությունը, այդ թվում մեր պաշտպանյալների պաշտպանական իրավունքից բխող տեսակետների և կարծիքների ներկայացումը: Ավելին, ՀՀ Նախագահի կողմից կոշտ քննադատության է ենթարկվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, որը արձանագրել էր խաղաղ ցուցարարների իրավունքների շարունակաբար խախտվող փաստերի մասին՝ անձանց ոստիկանության տարբեր բաժանմունքներում ապօրինաբար պահելը,  հարազատներին որևէ տեղեկություն չտրամադրելը, մասսայական բռնությունների կիրառելը և պաշտպանություն նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ չստեղծելու շարունակական դեպքերը: Ուստի և սույն հրամանագիրը պետք է դիտել որպես ՀՀ սահմանադրությանը և ՄԻԵԿ-ին հակասող պետական ակտ»:



Օրերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այցելելիս իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկության են ենթարկել Պիտեր Սեմնեբիին եւ Բրայզային: Ինչ վերաբերում է Սեմնեբիին, ապա նա այնքան զարմացած էր, որ չհիշեց էլ իր դիվանագիտական անձեռնմխելիության մասին, սակայն Բրայզան ոչ մայն հիշեց, այլեւ բավականաչափ ակտիվ ընդդիմացավ խուզարկվելուն: Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները յուրյանց անսահման միամտությամբ, ամենայն հավանականությամբ կարծում են, որ իրենց կողմից հայտարարված արտակարգ դրությունը տարածվում է ողջ աշխարհով:
 
 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement