Comité de soutien à la démocratie en Arménie
  4 interviews importantes
 

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ես կարեկցում եմ Սերժ Սարգսյանին»

ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ըստ էության, գտնվում է տնային կալանքի տակ, մարտի 11-ի երեկոյան իր առանձնատանը ասուլիս էր հրավիրել: Ստորեւ ներկայացնում ենք նրան ուղղված հարցերը եւ պատասխանները աննշան կրճատումներով:

-Մի քիչ անհասկանալի կլիներ, թե ինչո՞ւ շուտ չեմ արել ասուլիսը, բայց սպասում էի` նախ, Սահմանադրական դատարանի որոշմանը, երեք օր էլ սպասեցի, մինչեւ գրավոր ստացա որոշումը. մինչեւ այդ որոշումը ձեռքիս չլիներ, ես չէի կարող խոսել: Հիմա այդ գրավոր որոշման մասին ես մի հայտարարություն եմ արել:

«Ս.թ. մարտի 5-ին ես Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրեցի երկու իրավական հարցի վրա: Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն` վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, եւ քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ հետեւաբար նրա գրանցումն անօրինական է: Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի` «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»: «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը` սկսած առաջադրումից մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է` Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի, քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել»:

Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 եւ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թե’ դիմող, թե’ պատասխանող կողմի կարծիքները: Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ եւ համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ:
Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջեւ չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին: Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը` Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր եւ խայտառակ վիճակի մեջ. փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները եւ ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ: Ես այս հայտարարությունը վերնագրել եմ այսպես «Սահմանադրական դատարանը ականապատեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը»:

Մի երկրորդ տեղեկություն էլ իմ կողմից. ես բազմիցս հայտարարել էի, որ մենք առայժմ հարգում ենք արտակարգ դրության պայմանները, ոչ մի միջոցառում, ոչ մի զանգվածային բողոք չենք կատարել եւ ընդհանրապես, մարտի 1-ից հետո մեր կողմից իրադրությունը սրելուն ուղղված բացարձակապես որեւէ քայլ չի կատարվել: Բայց ասել էի, որ արտակարգ դրությունը վերացնելուց անմիջապես հետո մենք պիտի սկսենք մեր հանրահավաքները: Երեկ մենք դիմել էինք քաղաքապետարան` մարտի 21-ին հանրահավաքի իրազեկում տալու համար: Այսօր առավոտյան մեզ մերժել են: Մերժում կա գրավոր, ինձ հետաքրքիր էլ չէ դրա հիմնավորումը, բայց փաստ է` այսպիսի բան չի եղել ընդհանրապես: Մերժելու պրակտիկա գոյություն չունի: Կարող էին մերժել ասելով` Թատերական հրապարակը հարմար չէ, մենք ձեզ տրամադրում ենք այլ տեղ: Ուրիշ հիմք չկա: Դա էլ չեն արել` ընդհանրապես են մերժել: Սա շատ կարեւոր բան է:

ՍԴ որոշման մասին: Ի՞նչ է ստացվում: ՍԴ 19 էջանոց որոշումը մանրամասներին է վերաբերվում: Հիմնական մասը կոնստատացիա է` դիմողի եւ պատասխանողի հարցադրումների շարադրանք: Մնացածը` դատարանի վերաբերմունքը, նորից մանրամասներին է վերաբերվում. ինչ-որ տեղամասերում կատարվածի, մամուլի անհավասարության եւ այլն: Բայց այս ամբողջը նշելուց հետո, վերը նշված ամենագլխավոր երկու խնդիրը լրիվ անտեսել են: Լրիվ անտեսված են այս 2 գլխավոր խնդիրները: Ինձ համար շատ հասկանալի է: Եթե նրանք անդրադառնային այս 2 հարցին, պիտի կայացնեին մի հեղհեղուկ մեկնաբանություն, այն դեպքում, երբ այս 2 հոդվածները մեկնաբանության ենթակա չեն: Ոչ մի դատարան իրավասու չէ մեկնաբանելու այս 2 հոդվածները: Ուրեմն, կատարվել է մի մեկնաբանություն, որ արել է Դավիթ Հարությունյանը: Բայց այնքան հեղհեղուկ է եղել նրա մեկնաբանությունը, որ դատարանը դա չի ներկայացրել որպես իր կարծիք: Ուղղակի տվել է որպես պատասխանողի կարծիք: Ասենք, կարող էր ասել` մենք համաձայն ենք Դավիթ Հարությունյանի մեկնաբանության հետ, կամ իրենց մեկնաբանությունը տալ: Եթե սա չեն արել, եթե իմ հարցադրմանը չեն պատասխանել, դա նշանակում է, որ իմ հարցադրումները ապացուցված են:   

-Պարոն Տեր-Պետրոսյան, ՍԴ-ն իր որոշման մեջ այդ նկարագրական մասում նաեւ նշեց, որ ՍԴ-ն չպիտի քննի օրենսդրական վեճերը եւ ասաց, որ դրանք քննության են ենթակա վարչական դատարանում, որ դա դուք պիտի վիճարկեք վարչական դատարանում: Դա ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Գուցե զուտ ձեւական առումով նրանք շատ ճիշտ են, այդպիսի ընթացակարգ կա, որոշ հարցեր վերաբերվում են վարչական դատարանների իրավասությանը: Այսինքն, իրենք այստեղ կարող են շատ ճիշտ լինել: Նույնը Եվրոպական դատարանները, եթե բոլոր ինստանցիաները չեն անցել, չեն բողոքարկել, նրանք չեն ընդունում գործը: Այստեղ ֆորմալ առումով նա կարող էր ասել` սա ինձ չի վերաբերվում: Բայց այս 2 հարցերը միայն իրեն են վերաբերվում, ուրիշ ոչ մեկին: Ինձ համար, ասում եմ, մանրամասները կարեւոր չեն: Դրված են ամենակոնկրետ եւ ամենագլխավոր հարցերը, որոնց ՍԴ-ն չի պատասխանել, չի անդրադարձել, վերաբերմունք չի արտահայտել եւ եզրակացության չի հանգել:

-Պարոն նախագահ, ՍԴ-ն փաստացի այն վերջին իրավական ատյանն էր Հայաստանում, որտեղ կարելի էր բողոքարկել ընտրությունների արդյունքները: Սրանից հետո ի՞նչ իրավական քայլեր եք պատրաստվում անել:

-Չկա: Եվրոդատարանը չի ընդունում գործեր նախագահի ընտրության արդյունքները վերանայելու վերաբերյալ: Բայց կան ուրիշ խդնիրներ, որ կարելի է բարձրացնել, ասենք մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավունքների, մարդիկ, որոնք ձայն են տվել եւ փաստորեն այդ ձայները գողացվել են նրանցից: Բազմաթիվ այլ հարցերով կարելի է դիմել ՍԴ:

-Պարոն նախագահ, այն, որ մերժեցին հանրահավաքը, արդյոք դա չի՞ նշանակում, որ իշխանությունները ցանկանում են ընդդիմության գործողությունները տանել դեպի փակուղի:

-Իհարկե: Ուրիշ ի՞նչ է նշանակում: Հենց դա էլ նշանակում է: Մենք հիմա կդիմենք հաջորդ օրվա համար` մարտի 22-ի համար, թող էլի մերժեն, կդիմենք մարտի 23-ի համար:

-Իսկ հնարավո՞ր է հանրահավաքները Երեւանից դուրս անել:

-Կա այդպիսի հնարավորություն, բայց հիմա այնպիսի երկրում ենք ապրում… Մերոնք դիմել էին Էջմիածնում, այնտեղ էլ էին արգելել: Ասացին, որ ԳԱԼԱ-ն չի հեռարձակվում, թեեւ արտակարգ դրությունը չի տարածվում Երեւանից դուրս:

-Չարտոնված հանրահավաքներ չե՞ք անելու: Եթե անընդհատ մերժեն, ի՞նչ եք անելու:

-Ինչքա՞ն պիտի մերժեն: Չեն կարող այդքան մերժել: Ուրիշ ձեւ կգտնեն: Պարզապես կերկարացնեն արտակարգ դրությունը: Իրենց պետք է 20 օր, որ մինչեւ ապրիլի 9-ը հանրահավաք չլինի: Մենք չենք պատրաստվում չիրազեկված հանրահավաք անել: Իրազեկված կլինի, կանենք:

-Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը ինչպե՞ս եք մեկնաբանում: 

-Շատ ցավալի էին այս վերջին իրադարձությունները սահմանի վրա, որովհետեւ լուրջ էին: Համենայնդեպս, ըստ արտասահմանյան աղբյուրների, զինադադարի 14 տարվա ընթացքում սրանք ամենալուրջ խախտումներն են եղել: Դա արդեն լուրջ բան է: Հիմա մոտիվների մասին չեմ ուզում խոսել: Ակնհայտ մոտիվներ կան: Հնարավոր է, որ Ադրբեջանում, ամենավերին մակարդակներում ինչ-որ մարդկանց թվա, որ Հայաստանը թուլացած է, ներքին քաղաքական լարվածությունը կոտրել է կառավարելիությունը եւ այլն: Հետախուզական բան կա այս ամենի մեջ` թեթեւ հետախուզություն անել, տեսնել, թե ինչպիսի դիմադրություն կլինի: Հնարավոր է: Խոսում են նաեւ հայկական կողմի մոտիվների մասին: Ես չեմ ուզում հիմա չեղած տեղը ենթադրություններ անել: Ասում են, որ միգուցե Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն Հայաստանի ներքին խնդիրներից շեղել մեր ժողովրդին: Չգիտեմ` որքանով է լուրջ: Եթե տեղյակ չեմ, ենթադրություններ ես երբեք չեմ անում: Բայց փաստն արդեն մտահոգիչ է:

-Պարոն նախագահ, կարո՞ղ եք կոնկրետացնել, շարունակելո՞ւ եք պայքարել հանուն նոր ընտրությունների եւ եթե այո, ինչ մեթոդներով:

-Ես հիմա մեկ միջոց ունեմ պայքարելու` կլինի հնարավորություն հանրահավաքներ անցկացնելու, մամուլը կբացվի, կօգտագործենք մամուլը, կօգտագործենք հանրահավաքները, բոլոր օրինական միջոցները, որոնցով մենք հնարավորություն կունենանք ժողովրդի հետ շփվելու, խոսելու, այն, ինչ արել ենք 5 ամիս: Հինգ ամիս մեր կողմից որեւէ խախտում տեղի չի ունեցել: Այդքան երթեր եղան, մեծ հանրահավաքներ, որեւէ երթի ժամանակ որեւէ մեքենա չքերծվեց, մի ապակի չկոտրվեց, այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ մեկ օրում ժողովուրդը փոխվեց: Մի բան պատահեց` ժողովրդի վրա մահակ բարձրացրեցին, հետո տարերային բողոքներ եղան, հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, հայտնվեցին պրովոկատորներ, սկսվեց մի պրոցես, որը կառավարելիությունից դուրս եկավ: Բայց ես վստահ եմ, որ այդ պրոցեսը հրաշալիորեն կառավարվում էր իշխանությունների կողմից: Ես այսօր էլ 100 տոկոսով վստահ եմ, որ եթե լինեն հանրահավաքներ` իրազեկված, թույլ տրված եւ իշխանությունները մահակ չկիրառեն, ոչ մի հասարակական կարգի խախտում տեղի չի ունենա:

Հիմա այն մասին, թե ինչ պիտի ասեմ ժողովրդին: Պիտի ասեմ, որ ես չեմ ընդունում այս իշխանությունների լեգիտիմությունը, պիտի բացատրեմ: Եթե կոռուպցիա է, կոռուպցիա, եթե մարդու իրավունքների խախտում է, մարդու իրավունքների խախտում է: Քաղաքական պայքար է: Կլինեն նոր հնարավորություններ, չգիտեմ` ընտրություններ` տեղական, պառլամենտական, բոլոր միջոցներով մենք պետք է պայքարենք այս իշխանությունների դեմ` քաղաքակիրթ, հասկանալի, հստակ, անզիջում: Մեր կարծիքի կամ կամքի ինչ-որ փոփոխության պարտադրանքի մենք չենք ենթարկվի, ոչ ոք Սահմանադրությամբ էլ չի կարող ստիպել մեզ փոխել մեր կարծիքը: Դա իմ իրավունքն է: Ինչ վերաբերվում է ոչ քաղաքական լարվածությանը, դրան մենք չենք գնում: Ոչ քաղաքական ես համարում եմ ֆիզիկական կոնտակտը` բռնություններ եւ այլն: Այդպիսի բանի մենք երբեք չենք գնացել եւ չենք էլ պատրաստվում գնալ:

-Պարոն նախագահ, անընդհատ միջազգային կառույցները ներկայացուցիչները այցելում են Հայաստան, հետո մենք ստանում ենք տարբեր հաղորդագրություններ, միջազգային մամուլը բոլորովին այլ բան է ասում, իսկ մեր մամուլը հայտարարում է, որ եկան Սերժ Սարգսյանին շնորհավորեցին եւ գնացին: Ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:

-Դա հավատի խնդիր է: Ով ուզում է, հավատում է Սերժ Սարգսյանի պրոպագանդային, ով ուզում է` հավատում է միջազգային հանրությանը: Դա ինձ թվում է, ցույց է տալիս, թե մենք ինչ երկրի հետ գործ ունենք: Իսկապես, մարդկաց անհարմար վիճակի մեջ են դնում: Մարդիկ գալիս են, իրենց հետ մի բանի մասին են խոսում, դուրս են գալիս, այդ մարդու անունից ինչ-որ բաներ են հայտարարում: Նույնիսկ կոնֆլիկտներ…: Դուք այսօրվա Բրայզայի հայտարարությանը ծանո՞թ եք, թե ոչ: Ես չգիտեմ, թե ինչ խոսակցություն է եղել նրանց միջեւ, բայց ես տեսնում եմ ինչ-որ անձնական վիրավորվածության տարր էլ կա այդտեղ: Նրանք մի բան են խոսել, արել են լրիվ հակառակը: Ես անգամ դա եմ տեսնում այս հայտարարության մեջ:

-Իսկ ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ:

-Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Գալու ենք Բրեժնեւի շրջանին, երբ մեր ժողովուրդը մեր պաշտոնական հեռուստատեսության ոչ մի ասածին չի հավատալու: Կամ հակառակն է հասկանալու: Նրանք մի բան են ասելու, հակառակն են հասկանալու: Գալու ենք այս վիճակին:

-Ըստ էության, քանի որ գնում է ուղեղների լվացման պրոցես եւ մարդիկ կամ հասարակության մեծ մասը չունեն ինտերնետի հնարավորություն, տարվում են այդ ինֆորմացիայով եւ հավատում են նրան ինչ տրվում է պետական հեռուստատեսության եթերով: Եւ նաեւ հաշվի առնելով ձերբակալվածների մեծ թիվը` դուք կարծում եք, եթե հաջողվի հետագայում ստանալ հանրահավաքի թույլտվություն, ժողովուրդ կհավաքվի՞:  

-Ուղեղների լվացումն, իհարկե, նոր չէ, այս իշխանությունները 10 տարի դրանով էին զբաղված: Ալտերնատիվն էլ շատ թույլ էր: 17 հեռուստաընկերությանը դիմադրում էր ընդամենը 3-4 թերթ` ընդհանուր` 15-20 հազար տպաքանակով: Ալտերնատիվ դարձան մեր հանրահավաքները, մեր CD-ները: Դրանք շատ լուրջ ալտերնատիվ դարձան: Հիմա  դա էլ կօգտագործենք, եթե հանրահավաքներ թույլ չտան: Մենք կհասցնենք ժողովրդին: Ժողովուրդն էլ սիրում է… արդեն ճաշակ է ձեւավորվել: Նույնիսկ պահանջում են` բա ո՞ւր է մեր կինոն: Ուղեղների լվանալը երբեք արդյունք չի տալիս: Ուղեղներ լվանալով հասարակությանը հնարավոր չէ խաբել: Կարող էին խաբել, եթե այս վերջին 6 ամսվա իրադարձությունները տեղի ունեցած չլինեին: Ես գտնում եմ, չգիտեմ, ինձ հետ համաձայն եք, թե չէ, այսօր մենք ունենք լրիվ ուրիշ հասարակություն, ուրիշ ժողովուրդ, քան ունեինք 6 ամիս առաջ: Ես սա համարում եմ մեր ամենամեծ նվաճումը: Իմ համակիրների, իմ թիմի հետ հրաշք ենք գործել: Մենք ստեղծել ենք նոր հասարակություն, քաղաքացիական հասարակություն, գիտակից հասարակություն, ինտելեկտուալ հասարակություն, որի հետ ուզած-չուզած, պիտի հաշվի նստեն: Այո, ձերբակալություններով կարող է փորձեն չեզոքացնել մեզ: Այսօր ամենասուր հարցը դա է: Ձերբակալությունները շարունակվում են նույն թափով: Այդ ձերբակալությունները բացառապես քաղաքական ռեպրեսիայի բնույթ ունեն: Ըստ էության, բախումների ոչ մի մասնակից չի ձերբակալվել, ձերբակալվել են միայն քաղաքական դեմքեր: ՀՀՇ վարչության 70 տոկոսն է ձերբակալված, մի մասն էլ թաքնվում են, իմ կենտրոնական շտաբից 3-ն են ձերբակալված, 3-ը թաքնվում են, իմ տարածքային շտաբների բոլոր ղեկավարները ձերբակալված են, բոլոր այն մադրիկ, ովքեր ակտիվ են եղել այս ընտրությունների ժամանակ, ձերբակալված են: Աշխարհը սա շատ լավ հասկանում է եւ սրա տակից դուրս չեն գալու: Ինչքան շատ ձերբակալեն, այնքան դժվարանալու է իրենց գործը: Իրենց թվում է, փակելո՞ւ են աչքերը: Ոչ: Քաղբանտարկյալն այսօր շատ հազվագյուտ կատեգորիա է: Քաղբանտարկյալներ աշխարհի շատ քիչ երկրներում կան: Դարն անցել է, եւ Հայաստանը չունի այն ռեսուրսները: Ասենք, Իրաքը կարող է 20 տարի սահմանները փակել, նավթ ուներ, բրինձ ուներ, յուղ ուներ, կարագ ուներ, ոչ մեկի օգնության կարիքը չուներ, կարող էր դիկտատուրա լինել: Հայաստանը չունի այդ ռեսուրսները: Ե’ւ քաղաքական հալածանքներ իրականացնի, ե’ւ մարդու իրավունքներ ոտնահարի ե’ւ ընտրությունների այսպիսի վայրագ միջոցառում իրականացնի, ե’ւ նաեւ կախված լինի ամբողջ աշխարհից. չի դիմանա: Հայաստանը դիկտատուրա հաստատելու ռեսուրս չունի: Կարող է ինչ-որ ժամանակավոր խրախճանք լինի նրանց մոտ: Բայց չեմ կարծում, նրանք խրախճանքի մեջ են այսօր: Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր շատ ավելի մտահոգ են, քան մեզանից յուրաքանչյուրը, որովհետեւ իրենք հասկանում են` ինչ են արել, ինչպիսի պատասխանատվության տակ են մտել: Արյուն է թափվել, մեծ արյուն է թափվել: Այս արյան պատասխանատվությունն իրենք շատ լավ զգում են: Այո, շատ վայրագ ընտրություններ են կատարվել: Դրա գնահատականն արդեն տրվեց ԵԱՀԿ-ի այս երկրորդ զեկույցում: 1995-ից մինչեւ 2007-ի ընտրությունները բոլոր զեկույցները եթե գումարեք, այսքան խիստ, այսքան կոշտ զեկույց չի եղել: Սրանք երեւույթներ են, որ չեն կարող անտեսվել: Ինչքան շուտ իշխանությունները գիտակցեն այս բանը եւ ավելի չծանրացնեն վիճակը, այնքան լավ: Մարտի 1-ից հետո մենք իրադրությունը սրող որեւէ քայլ չենք կատարել: Իսկ նրանց բոլոր քայլերն անընդհատ գնում են դեպի սրման: Այս ձերբակալությունները… անընդհատ խոսում են երկխոսությունից, բայց անում են ամեն ինչ, որպեսզի դա խափանեն:

-Պարոն Տեր-Պետրոսյան, ես որքան հասկացա, դուք շատ հավանական եք համարում արտակարգ դրության երկարաձգումը: Կասե՞ք ինչ հիմնավորմամբ:

-Իշխանությունները երբեք էլ չեն հավատացել, որ հանրահավաքներն ինչ-որ վտանգ են ներկայացնում հասարակական կարգը խախտելու տեսանկյունից: Եթե մեզ թույլ չեն տալիս, ուրիշ պատճառով թույլ չեն տալիս: Հիմա Սերժ Սարգսյանը վերջապես ստացավ «օծություն» ՍԴ-ի կողմից: Նա ուզում է թագադրվել ապրիլի 9-ին: Հիմա ի՞նչ կստացվի, եթե հանկարծ մարտի 21-ին նորից 300 հազար մարդ կանգնի հրապարակում, ասի` Սերժիկ, հեռացիր: Դա կնշանակի, որ ժողովուրդը չի ընդունում ՍԴ-ի որոշումը: Այսինքն, ժողովուրդը չի ճանաչում այդպիսի նախագահ: Իրեն դա պետք չէ: Գոնե, ասում եմ, հասցներ մինչեւ 9-ը, հետո ինչ կլինի, կլինի: Ես նրանց շատ լավ հասկանում եմ: Աշխարհն այդպես է դատում. ինչ դատարան կուզի վճռի, ինչ դիտորդներ ուզեն`  գնահատեն… եթե ժողովուրդը չի ընդունում այդ իշխանությունը, սրա հետ է հաշվի նստում աշխարհը: Ժողովուրդը հավատ չի տածում այս ընտրությունների նկատմամբ: Այդ հավատը չկա: Սա ամենակարեւոր հարցն է: Չկա, ժողովուրդը չի ընդունում, ծանր բան է Սերժ Սարգսյանի համար: Ես նրան կարեկցում եմ:

-Պարոն նախագահ, այնուամենայնիվ, քրեական գործը, որ քննչական հատուկ ծառայությունում է քննվում, այսպես է սկսվում, «Լեւոն Տեր-Պետրոսյանը…», այսինքն, ձեր անունը առաջինն է: Ինչքանո՞վ եք հնարավոր համարում, որ այնուամենայնիվ այն խոսակցությունները, որոնք շրջում են ձեզ ձերբակալելու մասին, իրակացվեն:

-Ես չեմ բացառում, որ ձեզ էլ ձերբակալեն: Չեմ բացառում այս կանխավարկածը:

-Պարոն նախագահ, միջազգային հանրությունը կարեւորում է քաղաքական երկխոսությունը: Այս պահի դրությամբ եղե՞լ է երկխոսություն սկսելու որեւէ փորձ:

-Միջազգային հանրությունը լուրջ հանրություն է: Նրանք երբեք դատարկ կոչ չեն արել: Նրանք դրել են օրակարգը` 4 կետ, եւ 5-րդը` երկխոսություն: Ես էլ ՍԴ-ում պաշտոնապես հայտարարել եմ, որ այս օրակարգով ես պատրաստ եմ հենց այս պահին, խնդրեմ, սկսենք երկխոսություն: Մեր կողմը ընդունել է, մյուս կողմը չի ընդունել: Դա դնում են մի կողմ, ինչ-որ ուրիշ վերացական բաներ են ասում` շոու, կլոր սեղան, մյուս կողմից շարունակում են ձերբակալությունները: Մեր դիրքորոշումը շատ լուրջ է: Մենք չենք հնարել, մենք չենք հուշել, Եվրամիության նախագահությունը դրել է, թե ինչ օրակարգով երկխոսություն: Մենք համաձայնել ենք: Հիմա թող Եվրամիությունը բարի լինի, տեր կանգնի իր առաջարկներին, շարունակի պնդել: Ես անընդհատ հանդիպում են նրանց հետ, ասում եմ` ձեզանից բան չենք ուզում, դուք եք ընկել թակարդը, դուք առաջարկել, տեր կանգնեք: Ասել եմ, որ դա ձեզ համար էլ է քննություն: Դրանով մենք կտեսնենք, թե դուք որքան լուրջ եք, որքան եք պնդում ձեր իսկ առաջարկը: Օրակարգի առաջին հարցն է` արտակարգ դրությունը վերացնել, բոլոր ձերբակալվածներին ազատել, ապահովել խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների ազատությունը եւ անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն: Ոչ մի նշանակություն չունի` ես ընդունում եմ իշանությունների լեգիտիմությունը, թե ոչ: Իշխանությունը կա, դա քաղաքական ֆակտոր է, դա ուժ է, նշանակություն չունի` ընդունում ես, թե չես ընդունում, դու կարող ես նրանց հետ բանակցել: Աշխարհը երկար ժամանակ չէր ընդունում Յասեր Արաֆաթի լեգիտիմությունը, բայց նրա հետ խոսում էր: Աշխարհն այսօր չի ճանաչում Ղարաբաղի նախագահի լեգիտիմությունը, բայց նրա հետ խոսում է: Ոչ մի նշանակություն չունի: Եթե քաղաքական ֆակտոր կա, քաղաքական ֆակտորի հետ պետք է խոսես, պետք է հաշվի նստես: Ես չեմ ընդունելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, բայց դա չի նշանակում, որ ես նրա հետ չեմ խոսի: Կա մարդ, իշխանություն ունի, լծակներ ունի, ո՞նց կարող ես անտեսել: Ինքն էլ ինձ չի կարող անտեսել: Իմ հետեւում էլ ժողովուրդ կա: Առայժմ անտեսում է, ոչինչ, վաղ թե ուշ հաշվի կնստի:   

-Այսինքն, այդ եվրոպական եւ ամերիկյան դիվանագետների միջնորդական ջանքերն առայժմ ապարդյո՞ւն են:

-Ես չեմ կարող ասել: Բավական բանի հասել են, ինչո՞ւ:

-Արմեն Հարությունյանի մասին Քոչարյանի ունեցած ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

-Ես չեմ ուզում գնահատել: Դուք գնահատեք: Ռոբերտ Քոչարյանն այսպիսի բնավորություն ունի. մարդը կա, աշխատում է, պաշտոն ունի, երբ իրեն տհաճ մի բան է ասում, 2-րդ օրը նա կարող է գոյություն չունենալ: Ջհանգիրյանը մի հայտարարություն արեց, մի րոպե հետո գործից ազատեցին, մի օր հետո էլ ձերբակալեցին: Տասը դիվանագետ հայտարարություն արեցին, նույն պահին նրանք հեռացվեցին աշխատանքից` քիչ էր, Սահմանադրության խախտումով նրանց կոչումներից էլ զրկեցին: Արմեն Հարությունյանը կարող էր 100 տարի էլ աշխատել, եթե այսպիսի հայտարարություն չաներ: Լարիսա Ալավերդյանը դրանից առաջ մի երկու բան ասաց, վերջացավ: Հիմա դուք վաղը մի բան կասեք, դուք էլ կվերջանաք: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանն ամեն օր ապացուցում է այն, ինչ ես 5 ամիս ուզում էի ապացուցել ժողովրդին:

-Այս վիճակի լուծումը դուք ինչպե՞ս եք պատկերացնում:

-Երբ որ կստացվի, մենք մեր հանրահավաքը կանենք, կխոսենք ժողովրդի հետ:

-Այսինքն, դուք այսօր խնդիր տեսնում եք միայն հանրահավաքների՞ միջոցով:

-Ուրիշ միջոցները դուք ասեք, ես ասացի` թերթերի միջոցով, հանրահավաքի միջոցով, կտան հեռուստատեսություն, հեռուստատեսության միջոցով: Ես դա էլ եմ ասել մի անգամ: Միջնորդներին ասացի` չե՞ք ուզում հանրահավաք, խնդրեմ, տվեք ինձ հնարավորություն ամեն օր կես ժամ խոսել ժողովրդի հետ, դա ինձ համար ավելի լավ է: Ամեն օր էլ պետք չէ, ես շաբաթը մեկուկես ժամ ուղիղ եթերով խոսեմ ժողովրդի հետ: Ի՞նչ եք ուզում, ասում եք` չեք ուզում զանգվածներ հավաքվեն: Շատ լավ, ես էլ չեմ ուզում, մեղք է ժողովուրդը, տանը կխոսեմ: Ասել եմ:

-Դուք ասացիք, որ Հայաստանը ռեսուրս չունի բռնապետական երկիր կառուցելու համար եւ նաեւ անդրադարձաք միջազգային դիտորդատական առաքելության միջազգային զեկույցի գնահատականներին: ԵԱՀԿ գործող նախագահն ասաց, որ վերջնական զեկույցն ավելի խիստ է լինելու: Ի՞նչ եք կարծում, դրան կոնկրետ պատժամիջոցներ կարո՞ղ են հետեւել:

-Բազմաթիվ պատժամիջոցներ կան արդեն: Ուրիշ երկրների հանդեպ կիրառված են: Ասենք, Եվրամիությունը, Եվրոպառլամենտը չընդունեց Ալբանիայի ընտրությունները, չճանաչեց Բելառուսի ընտրությունները, նրանց պատվիրակություններին զրկեցին Եվրոպառլամենտում, Եվրախորհրդում ձայնի իրավունքից, մանդատից: Կան հետո ռեզոլյուցիաներ, նույնիսկ վիզաներ…: Բելառուսի նկատմամբ վիզաների սահմանափակում կիրառեցին: Եթե ուզեն, ինչ ասես, կարող են անել: Ես չգիտեմ, թե հիմա ինչ կանեն: Ես եվրոպացիների մտադրությունների մեջ չեմ թափանցում: Մինչեւ հիմա, իհարկե, դժգոհություններ արտահայտել եմ, բայց մարդիկ գործ էլ արեցին: Այսինքն, այնպիսի գնահատականներ են տվել, որ դրանից ետ նահանջել չեն կարող: Եթե չավելացնեն քննադատության դոզան, այլեւս ետ գնալու տեղ չունեն:

-Իշխանությունները փորձում են տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ անել եւ ասել, որ մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն դուք եք:

-Վերագրել ինչ ասես կարող են: Վերագրելով 20 միլիոն մարդ Սիբիրում կործանեցին: Բայց ոչ միայն ես, մեր այս ամբողջ շարժումը, այս բռնությունների մեջ, այս բախումների մեջ որեւէ պատասխանատվություն չունենք: Դա ամենաէլեմենտար բանն է, որ նրանք իհարկե պետք է փորձեն մեզ վրա բարդել: Կհաջողվի, կհաջողվի, դրանից էլ չենք վախենում: Ես ասել եմ, ոչ ոք չի կարող իմ առջեւ որեւէ պահանջ դնել, թե ես որեւէ օրենք եմ խախտել: Հինգ ամիս բացարձակապես չի խախտվել, այո, փետրվարի 21-ից հետո մենք անցկացրել ենք չիրազեկված հանրահավաքներ: Եթե սրա համար պատիժ է հասնում, ես պատրաստ եմ կրել այդ պատիժը: Դրա պատիժը գիտե՞ք ինչ է, 300-400 դոլար տուգանք. Գորբաչովը 88-ին 2 անգամ ինձ տուգանել է:

-Պարոն նախագահ, դուք իրադարձությունների նման ընթացք կանխատեսո՞ւմ էիք մինչեւ հանրահավաքային շարժում սկսվելը:

-Չէ, ես չէի կանխատեսել այսպիսի բան եւ հանրահավանքներից մեկում ասել եմ, հիմնավորել եմ, ռացիոնալ հարթության վրա ես չէի պատկերացնում, որ այսպիսի բան հնարավոր է: Ռոբերտ Քոչարյանը գնացող նախագահ է եւ իրեն բացարձակապես պետք չէր այսպիսի բանի տակ մտնել, իսկ Սերժ Սարգսյանն էլ եկող նախագահ էր, նրան պետք չէր սրանով սկսել իր 5 տարվա իշխանությունը: Ես մոտեցել եմ մեր երկրին ռացիոնալ կատեգորիաներով, այստեղ կարող եք ասել, ես սխալվել եմ: Մեր երկիրը շատ ավելի վայրագ է, քան իրեն կարելի էր այդ կատեգորիաներով դատել: Համարեք, որ սխալվել եմ: Ես ավելի լավ պատկերացում եմ ունեցել այս մարդկանց մասին, քան նրանք կան:

-Պարոն նախագահ, մարտի 1-ի իրադարձություններից հետո միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների աննախադեպ ուշադրությունն ինչո՞վ է բացատրվում:

-Որովհետեւ աննախադեպ վայրագություն է կատարվել Հայաստանում: Եթե այսպիսի ընտրություն չլիներ, եթե դրանից հետո էլ այս արյունահեղությունը չլիներ, իհարկե, այդպիսի ուշադրություն էլ չէր լինի: Աննախադեպ վայրագություն է կատարվել այս երկում: Ո՞նց կարող էր դա չնկատվեր:

-Պարոն նախագահ, եթե ձեր հանրահավաքը արտոնեն եւ կրկին դրվի նույն պահանջը` կամ պահպանության ծառայությունից հրաժարվել կամ տանից դուրս չգալ, դուք ի՞նչ որոշում կընդունեք:

-Այդպիսի պահանջը, նախ, անօրինական է: Ոչ ոք այդպիսի պահանջ չի կարող դնել իմ առջեւ: Դա օրենքն է սահմանել, եթե ես անգամ դուրս գամ մենակ, ինձ պիտի ձերբակալեն, բերեն հետ եւ միայն պահպանությամբ թողնեն: Այդ ինչի՞ համար է օրենքը; Դա ոչ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդպիսի առաջարկ անել, ոչ նրա զորքերի հրամանատարը: Օրենքը նրանցից վեր է: Օրենքն ինչի՞ համար են սահմանել` մի քանի պատճառով; Նախ, ես գաղտնիք կրող եմ: Պատկերացրեք, ադրբեջանական հետախուզությունն ինձ վերցնի, ինչքա՞ն գաղտնիքի կրող եմ ես: Երկրորդ, լավ, ես դուրս եկա մենակ, ոչ մի քաղաքական բան չէ, մի խուլիգան կամ մի շիզոֆրենիկ մի բան անի, դա պետության հեղինակության խնդիր է: Հետո Ռոբերտ Քոչարյանի, ներողություն, երեսին են թքելու, թե դու ինչպես կարող էիր նախկին նախագահին այդպես… Դա երկրի պատիվն է, իր պատիվն է: Ծիծաղելի բաներ են անում, որ չարժեր անգամ մեկնաբանել: Եթե ես անգամ ուզենամ էլ մենակ դուրս գալ, ինձ պիտի ձերբակալեն, թույլ չտան:

-Տասն օր առաջ, երբ օպերայի ջարդն էր տեղի ունեցել, դուք ասացիք, որ 10 օր չեն դիմանա, հրաժարական կտան: Դրան հետեւեցին ավելի վայրագ գործողություններ: Հիմա ի՞նչ եք կարծո՞ւմ, հրաժարական կտա՞ն, ե՞րբ, ի՞նչ պայմաններում:

-Դա ոչ մի նշանակություն չունի. մի երկու շաբաթ, 10 օր, 20 օր: Ես մի բան գիտեմ, ստեղծվել է մի այնպիսի հասարակություն, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կարող կառավարել այս հասարակությունը: Չեն կարող: Կարող է, Սադամ Հուսեյնի մեթոդներով, բայց դա էլ ռեսուրսներ է պահանջում: Այդ ռեսուրսները Հայաստանը չունի: Հայաստանը պիտի այս բանն անի, մյուս կողմից Հազարամյակի մարտահրավերների ծրագիրն են դադարեցնելու: Չեն տալու այդ փողը: Վաղը չգիտեմ, ամերիկյան օգնություններն էլ կարող են կրճատվել: Չունի ռեսուրս այս երկիրը: Կամ, կամ:

-Պարոն Տեր-Պետրոսյան, եթե Հազարամյակի մարտահրավերներից զրկեն, եթե նույնիսկ այդ գումարները չտան, ձեր կարծիքով, այդ դեպքում կհրաժարվե՞ն իշխանությունները պաշտոններից, թե՞ էլի կշարունակեն պաշտոնավարել թեկուզ առանց այդ գումարների, թեկուզ ժողովրդի շատ ծանր սոցիալական պայմաններում:

-Բայց թելը մի օր կտրվում է, չէ՞: Կարող է փորձեն դա անել, բայց ինչքա՞ն: Մի օր կկտրվի: Հայաստանում դիկտատուրա չի կարող լինել: Փորձեն, չի ստացվի: Ուղղակի վատ կլինի, որ անշրջելի բաների կարող են բերել: Եթե իրենք էլ ռացիոնալ մտածեին, այսքան չէր խորանա:

-Ձեր աղբյուրների միջոցով որեւէ այլ տեղեկություն ունե՞ք զոհերի մասին:

-Չունեմ: Փորձում ենք ճշտումներ անել: Հիմա ասված է պաշտոնապես: Ութը քի՞չ է: Եւ բացարձակապես անհարկի, ժողովուրդն ի՞նչ էր անում: Միտինգ էր անում: Ես այլ մեխանիզմ էլ էի առաջարկել: Լավ է, Քոչարյանն էլ հաստատեց, որ ես իր հետ խոսել էի գեներալի միջոցով: Կարող է դա էլ չասեր: Շատ պարզ միջոց էր, բայց իրենց պետք չէր այդպիսի մեծ միտինգների պայմաններում Սահմանադրական դատարանի նիստ անել: Սա արեցին, որ արտակարգ դրություն հայտարարվի, ՍԴ-ն այդ պայմաններում վճիռ կայացնի: Եւ հասան իրենց նպատակին: Բայց սա վերջը չէ:

-Դուք զոհերի մասին ե՞րբ իմացաք:

-Միայն դատախազի հայտարարությունից հետո: Այդ գիշեր, երբ Քոչարյանն արտակարգ դրություն մտցրեց, խոսում էր ընդամենը, որ 8 ոստիկան հրազենից վիրավորվել են: Ես 3 անգամ Քոչարյանի հետ բանակցել եմ` գնալ այնտեղ ցրել հանգիստ: Եթե դա չեղավ, ինձ վերջին անգամ ժամը 22-ի մոտերքն էր, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ինձ տեղյակ պահեցին, որ այլեւս ոչ մի կոմպրոմիս, նրանց պիտի ցրենք, դա հաստատեցին նաեւ 9 դեսպանները, որոնք գնացել էին նախագահական նույն առաջարկով: Նրանց էլ Արմեն Գեւորգյանն էր ասել` ոչ մի կոմպրոմիս, պիտի ցրենք: Դրանից հետո, երբ լսեցի, որ Քոչարյանն էլ արտակարգ դրություն հայտարարեց, ես կապի մեջ էի, իմացա, որ այնտեղ քիչ մարդ է մնացել` 4-5 հազար մարդ, որ սպասում էին, ես հասկացա, որ մի նոր ջարդ է լինելու: Այդ ժամանակ ես զանգահարեցի այնտեղ, Արամ Սարգսյանին ասացի, որ իմ անունից փոխանցի, խնդրեցի, ժողովուրդը հասկացավ, մեծ մասը գնաց Արամի հետ: Այնտեղ մնացել էր մի 200-300 հոգի, նրանց էլ համոզում էր Նիկոլը, նա էլ միկրոֆոնով ասում էր իմ բառերը, այդտեղ էլ ահագին մարդ պոկվեց, ասում է` մնացել էր 50-60 հոգի, նրանց էլ մեկ առ մեկ համոզել, տարել են:

-Պարոն Տեր-Պետրոսյան, Վեհափառը ձեր մոտ ե՞րբ է եկել, ո՞ր ժամին:

-Կարծում եմ, ժամը 14-ին, 15-ին, երբ արդեն շատ ժողովուրդ էր կուտակված, դեռ բախումները չէին եղել: Բայց կրկեսից մինչեւ Մաշտոց արդեն լիքը լցված են եղել: Մինչեւ իմ դարպասն է եկել:

-Իսկ հնարավո՞ր է, որ եթե ձեր հանդիպումը լիներ, բախումը չլիներ:

-Բայց բախումը մեզ հետ ի՞նչ կապ ուներ: Ժողովուրդն արդեն հավաքվել էր, ես էլ լավ միջոցն առաջարկում էի: Ես ասեմ, թե Վեհափառին ինչու չեմ ընդունել: Շատ պարզ պատճառով, որ սխալ հասցեով էր եկել: Նա պիտի նրա դուռը գնար, ասեր` ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես անում, եղբայր:

«Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ»

Ասում է Նիկոլ Փաշինյանը

-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի մեկի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:

-Նախ եւ առաջ ես ուզում եմ ցավակցություն հայտնել քոչարյանական վայրագ հարձակման բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին եւ հավաստել, որ նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում է ազատվել քոչարյանասերժական բռնապետությունից:
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա  «Ժողովներ, հանրահավաքներ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը հրապարակային միջոցառումները դադարեցնելու հստակ հիմքեր է տալիս եւ սահմանում է հստակ ընթացակարգ: Ոստիկանությունը այդ ընթացակարգը խախտել է: Եթե ոստիկանությունը մտադիր էր հարկադիր կերպով դադարեցնել հրապարակային միջոցառումը, պետք է այդ մասին նախ տեղյակ պահեր կազմակերպիչներին եւ սահմաներ ողջամիտ ժամկետ դադարեցնելու համար, որից հետո եթե կազմակերպիչները  չիրականացնեին այդ պահանջը պետք է երկու անգամ բարձրախոսով հայտարարեր, որ ուժով դադարեցնելու որոշում է կայացված: Պաշտոնական վարկածով ասվում է, որ ոստիկանությունը եկել էր վրաններում զննություն կատարելու: Նման բան չի եղել, տեղի է ունեցել հետեւյալը.  մահակներով, էլեկտրաշոկերով զինված սաղավարտավոր ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակը, Հանրապետության առաջին նախագահը մոտեցել է բարձրախոսին, հանրահավաքի մասնակիցներին հորդորել է ոչ մի կոնտակտ չհաստատել ոստիկանության հետ եւ ասել է, որ եթե նրանք եկել են, ենթադրվում է, որ  ասելու բան ունեն: Սակայն որեւէ ոստիկան ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլ միանգամից սկսել են հարձակում ցուցարարների վրա` մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրոշոկով: Եվ դա տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի կերպով: Բայց ամենակարեւորն այն է, որ դրանից հետո էլ ոստիկանները հետապնդել են հեռացող մարդկանց: Իսկ արդեն ցերեկը նրանք հարձակվել են այն մարդկանց խմբերի վրա ովքեր չիմանալով, որ վաղ առավոտյան ցրել են նստացույցի մասնակիցներին, եկել են Ազատության հրապարակ հանրահավաքին մասնակցելու: Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում եւ հանրապետության հրապարակի մերձակայքում ոստիկանները  հարձակվել են ենթադրվող ցուցարարների վրա, այսինքն մարդկանց խմբերի վրա  եւ մահակներով նրանց ծեծի ենթարկել: Այսինքն ծեծը տեղի է ունեցել ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ նրանից շատ հեռու` Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում, Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Եւ ըստ էության այս ապօրինի գործողությունները  բերել են ընդվզման, եւ մարդիկ տեղեկանալով որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կուտակված է ցուցարարների որոշակի խումբ, որը ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից, հավաքվել են այդտեղ եւ ուղղակի փորձ են արել պաշտպանել իրենց արժանապատվությունը:

-Իսկ  ի՞նչ տեղի ունեցավ մարտի մեկի երեկոյան քաղաքապետարանի մերձակա հրապարակում:

-Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ հասկացան որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին: Արդեն կեսօրին լուրեր կային եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք, այսինքն մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն: Եւ, իմիջիայլոց, «Հայլուրը» մեզ շատ լավ օգնում է, հայտարարվում է, թե ցուցարարները զինված են եղել, բայց կադրեր են ցույց տալիս, թե ինչպես են երիտասարդները մոտակայքից խողովակներ պոկում պաշտպանվելու համար: Եթե զինված են եղել, ի՞նչ կարիք կար մոտակա շինհրապարակներից խողովակներ պոկել, մանրացնել պաշտպանության համար:

Եւ ավելին, տեղի է ունեցել հանցագործություն. ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա: Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր: Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, ստիպում է մտածել, որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար:

Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են  հստակ հանձնարարական` չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց: Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը:

Այդ իրադարձություններով մարտի մեկին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ` մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ:  Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա` ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված: Արդյոք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին:

-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին,որ ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտից պետք է գնային Մատենադարան: Ասվում է նաեւ որ դուք թույլ չեք տվել դա անել:

-Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից ժողովրդին հանելու ոստիկանության ձգտումը ուներ մեկ նպատակ. այդ հրապարակը բացարձակապես հարմար չէր ժողովրդի դեմ ուժային գործողություններ իրակնացնելու համար եւ մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանության ծրագիրը հետեւյալն էր` մարդիկ երթով պետք է դուրս գային Մաշտոցի պողոտա եւ ցուցարարների մեջ եղած պրովոկատորները պետք է ջարդուփշուր անեին «Երեւան Սիթի» խանութի ապակիները, վառեին մի քանի մեքենաներ: Այդ ժամանակ ժողովուրդը կլիներ Մաշտոցի պողոտայում, որը երկու կողմից  բաց է, եւ շատ հեշտ կլիներ նրանց խուճապի մատնելը, երկու կողմից ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա բանեցնելը: Իսկ հաշվի առնելով, որ բանակը արդեն Երեւանում էր եւ զինված էր մարտական զենքերով, ապա Մաշտոցի պողոտայում մարդիկ կլինեին բացարձակապես անպաշտպան: Երբ որ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ, ես ունեի այդ ծրագրի մասին հավաստի տեղեկություն, եւ հրապարակ գալուց հետո իմ առաջին խնդիրը հետեւյալն էր` ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Խնդիր, որն իմ կարծիքով լուծվեց` մինչեւ վերջ ոչ մի զինվոր չկարողացավ ոտք դնել Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ եւ ոչ մի տեխնիկա` ոստիկանական կամ զինվորական, չմտավ հրապարակ,  ոչ թե այն պատճառով որ չէին ուզում, այլ նման հնարավորություն ուղղակի չունեին:

-Քաղաքացիների մեջ վստահ լուրեր են պտտվում, որ այդ օրը բոլոր խժդժությունները սկսվել են էջմիածնից ժամանած ինչ-որ խմբի գործողությունների արդյունքում:

-Մենք հենց տեղում հայտարարել ենք, որ դատապարտում ենք խանութների նկատմամբ իրականացվող գործողությունները: Ակնհայտ է, որ դրանք կազմակերպվել են իշխանական սադրիչների կողմից: Մենք տասը օր անընդհատ Երեւանում կազմակերպել ենք հանրահավաքներ, երթեր եւ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունենում այդ հանրահավաքների եւ երթերի ընթացքում, ոչ մի անկարգություն չի եղել եւ այս փաստերը ինքնին արդեն վկայում են իրենց մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների կողմից, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Մենք տեղում դատապարտել ենք կողոպուտի, խանութների ապակիները ջարդելու դեպքերը, ամեն ինչ արել ենք որ այդ դեպքերը տեղի չունենան եւ հիմա էլ դատապարտում ենք, եւ հայտարարում ենք, որ դա կապ չունի մեր պայքարի հետ: Ի դեպ ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմել քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրապետության տարբեր մարզերից: Եղել են նաեւ հայտնի օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներ:

-Երեկ արդեն տեղեկատվություն ստացվեց, որ բավական լարված է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծը: Ձեր կարծիքով ի՞նչ են նշանակում այդ գործողությունները` արդյոք Ղարաբաղին անմիջական պատերազմի վտանգ է սպառնում:

- Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը  շատ լավ հասկանում են, որ այն պահից երբ տանկերը հանվեցին Երեւանի փողոցներից, իրենք այլեւս իշխանություն չեն ունենալու: Նրա հայտարարած արտակարգ դրությունը ապօրինի է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրավական ռեժիմ է սահմանել իր հրամանագրով, ինչը նշանակում է, որ իրավական ռեժիմը, գրաքննությունը, թերթերի փակումը եւ մյուս բոլոր սահմանափակումները ապօրինի են: Հիմա  Ռոբերտ Քոչարյանի այդ արտակարգ դրությունը չի կարող երկար տեւել,  20 օրով է հայտարարված: Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որպեսզի նա այս տանկերի ռեժիմը կարողանա ավելի երկար պահպանել, իսկ դրա համար հարմար է ռազմական դրություն հայտարարելը: Եւ ես կարծում եմ, որ Քոչարյանի սցենարներից մեկն է դա, որպեսզի իրենք սահմանների վրա հրահրեին ինչ-որ սահմանային բախումներ, ինչի արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ռազմական դրություն մտցնել, որը օրենքով սահմանված է եւ կարող է տեւել վեց ամիս, մեկ տարի: Դա նշանակում է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել նախագահի պաշտոնում, քանի որ ռազմական դրության ժամանակ նախագահի ընտրություններ չեն անցկացնում եւ գործող նախագահը շարունակում է իր պաշտոնավարումը: Կարծում եմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի պահեստային սցենարներից մեկն է:

-Սահմանային բախումներից անմիջապես հետո ՀԿ-ում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանում խաղաղությունը վերականգնելուն: Ձեր կարծիքով դա կարող է խոչընդոտ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի այդ սցենարի իրականացմանը:

-Ես չեմ կարող տվյալ պահին մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ ե’ւ ՆԱՏՕ-ն, ե’ւ Ռուսաստանը, ե’ւ ողջ միջազգային հանրությունը  հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստ են ամենածայրահեղ քայլերի իրենց իշխանությունը պահպանելու համար եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը թույլ չեն տա տարածաշրջանում պատերազմ հրահրել հանուն մեկ-երկու հոգու իշխանության պահպանման:

-Ինչպե՞ս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները շարունակելու իրենց պայքարը եւ ժողովրդական շարժումը:

-Պայքարի սցենարներն արդեն կան: Գիտեք, որ ակտիվիստների հիմնական մասը ձերբակալված է կան վիրավորներ, ցուցարարների շարքերում կան զոհեր: Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իբր սգում են տեղի ունեցածի համար: Ութ զոհ է եղել. եթե այդքան սգում են, ինչո՞ւ Հայաստանում սգի օր չի հայտարարված: Սա ամենաառաջին հարցն է, որ պետք է նրանց ուղղել: Սգի օր չհայտարարելով, նրանք ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է մեր հետագա պայքարին, այդ պայքարի սցենարը շարունակում է մնալ նույնը, մենք կկազմակերպենք հանրահավաքներ  խաղաղ գործողություններ եւ չենք ընկրկի որեւէ ուժի առաջ: Ես համոզված եմ, որ այս պահից Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին մնացել է մեկ, երկու, առավելագույնը երեք հանրահավաք: Կարծում եմ, որ այդ դեպքերից հետո զինվորականությունը հասկացավ, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, հասկացավ, որ իրենք գործ ունենք մարդասպան հրամանատարների հետ, որոնք ուզում են երկիրը ներքաշել եղբայրասպան պատերազմի մեջ:
Ես կարծում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է այս 20 օրն օգտագործել ընդդիմության լիդերներին չեզոքացնելու համար, սակայն կարծում եմ, որ անգամ նման գործողությունները չեն կարող հետագա իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, քանի որ մենք գործ ունենք իրապես համաժողովրդական  շարժման հետ, որը  քոչարյանասերժական հանցագործ իշխանությունից ազատվելու որոշում արդեն կայացրել է, մնում է միայն այդ որոշումը իրագործել, եւ ես կարծում եմ, որ այդ որոշման իրագործումը ընթացքի մեջ է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ նա այլեւս ոչ մի պայմաններում չի հանդուրժի այս հանցավոր իշխանությանը: Պետք է հասկանանք նաեւ, որ այսօր հանրությունը Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը համարում է ուղղակի ապացույց այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հանրությունը հասկանում է, որ նրանք տանկերը հանել են փողոց այս եւ բազմաթիվ այլ հանցագործություների պատասխանատվությունից խուսափելու համար եւ ամենակարեւորը` հանրությունը հասկանում է, որ սա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն է, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ եթե քաղաքացին այս պայքարում ընկրկի, կնշանակի որ նա դավաճանում է սեփական հայրենիքին եւ այդ հայրենիքը դատապարտում չգոյության:

-Պարոն Փաշինյան, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերից մի քանի խմբերի է բաժանում մարտի մեկի տեղի ունեցածի մասնակիցներին: Դուք, օրինակ, հայտնվել եք հրահրիչների խմբում: 

-Տվյալ իրավիճակում հրահրողի դեր կատարում են միայն հանցագործ իշխանությունները, ովքեր իրենց հանցագործությունների մեջ 10 տարվա ընթացքում օր օրի լկտիացել են, ինչի արդյունքում մարդկանց հասկացրել են, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել մարդկային լեզվով: Հոկտեմբերի  27, Պողոս Պողոսյանն, «Տեցի Կռուգ», Բուզանդի փողոց, ապրիլի 12,  ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, «Ա1պլյււսի»-ի փակում պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն. ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դուրս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը. չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին: Եւ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի:

-Հավաստի տեղեկություններ կան, որ իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգված է ԱԱԾ-ին ձեզ ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես ուզում եմ ասել, որ երբեք  զենք չեմ ունեցել եւ զենք չեմ կրել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Իմ, ըստ էության ընդհատակում գտնվելու պատճառը ոչ թե ձերբակալվելուց խուսափելն է, այլ այն, որ ես կարծում եմ որ որոշակի պատասխանատվություն եմ կրում շարժման հետագա ընթացքի համար եւ ընդհատակում գտնվելու  շարժառիթը  միայն հետագա պայքարը կազմակերպելու գործում համեստ ներդրում ունենալն է: Ինչ վերաբերում է զինված լինելուն, ասացի որ կյանքում զենք չեմ ունեցել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Ես զինված եմ միայն քաղաքացիական վճռականությամբ. պայքար, պայքար մինչեւ վերջ:

Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»

http://zhamanak.com/arti
8:08 Yerevan | 4:08 GMT | Tuesday 11 March 2008

«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում», - համոզված է «ԺԵ»-«ԺԼԱ»-ի զրուցակից` ՀՀՇ հիմնադիր անդամ, 1991-1999թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: 

-Պարոն Շահնազարյան. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ձեր անունը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնյաներ եւ իշխանական լրատվամիջոցներ հնչեցնում էին` կապելով այդ դեպքերի հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին Երեւանում, եւ ի՞նչ գնահատական կտաք այդ իրադարձություններին: 

- Օգտվելով` մարտի 1-ից հետո ինձ ընձեռված այս առաջին հնարավորությունից` խորապես եւ անկեղծորեն ցավակցում եմ մարտի 1-ին բոլոր զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Իմ անունը շոշափելու առիթով այդ պաշտոնյաներին ձեր թերթի միջոցով ես արդեն պատասխանել եմ (Դ.Շահնազարյանը մեր թերթի մարտի 6-ի համարում ասել էր. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով».- հեղ.): Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե նստացույցի մասնակիցներին, թե ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է: 

Ազատության հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ: Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Ազատության հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին: Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք: 

Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր: 

Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ ասեմ, որ իմ անձնական տպավորությամբ` գեներալներ Աֆյանը եւ Գիզիրյանը շահագրգռված չէին, որ այդտեղ բախումներ ծագեն: Այնուհետեւ նկատեցինք, որ սադրիչների մի նոր խումբ աղմուկ-աղաղակով եկավ Գինու գործարանի կողմից, սկսեցին քարեր նետել, այնուհետեւ ոստիկանական մեքենայի հետ կապված հայտնի միջադեպը եղավ` ես 200 մետր հեռավորության վրա նկատեցի, թե ինչպես ոստիկանության այդ մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ, եւ փառք Աստծո, իմ տեղեկություններով զոհեր չկան, երեք մարդ է վիրավորվել: 

- Այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն չտրվեց գալ` իրեն մի քանի ժամ սպասող հազարավոր մարդկանց մոտ: Իսկ դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ: 

- Մի պահ հույս կար, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ գոնե 15 րոպեով թույլ կտան Տեր-Պետրոսյանին գալ, հանդարտեցնել բորբոքված ժողովրդին: Որ իշխանությունները չգնացին այդ քայլին, դա խոսուն եւ լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նրանք մեծ սադրանք էին կազմակերպում, այն, ինչը եւ տեղի ունեցավ: Այդ անորոշ իրավիճակը պահպանվեց մինչեւ երեկոյան ժամը 21.10-ը` ցուցարարները Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել էին մինչեւ ՌԴ-ի դեսպանատան հատվածը, ինքնակազմակերպվել, բարիկադավորվել էին: ժամը 21.10-ին ՌԴ դեսպանատնից դեպի վերեւ` ձկան խանութի տարածքից պայթյուններ հնչեցին, կարծում եմ պայթուցիկ փաթեթներ էին: Այնուհետեւ սկսվեցին հուժկու ավտոմատային լուսարձակող գնդակների տեւական կրակահերթեր` ցուցարարների գլխավերեւով. դա նույնպես հոգեբանական ակցիա էր, սակայն ժողովուրդը չշարժվեց տեղից` 100 000 մարդ միաբերան վանկարկում էր` «թուրքեր, հեռացեք»: Սակայն Քոչարյանը հրեշավոր սադրանք էր ծրագրել, որն էլ իրականացրեց: Պարզվեց, որ նա սպանդ էր կազմակերպել այլ տեղ` Լեոյի, Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ուր ցուցարարներ չկային եւ չէին էլ եղել: Ցուցարարների գլխավերեւում այդ լուսարձակող գնդակներով կրակահերթերին զուգահեռաբար, ճիշտ այդ պահին սկսվել էին այրվել ավտոմեքենաներ եւ ջարդվել խանութների ցուցափեղկեր Մաշտոցի պողոտայում` շուկայի շրջակայքում: Այսինքն` ցուցարարները այլ վայրում էին, իսկ Քոչարյանը հատուկ գործողություններ էր իրականացնում բոլորովին այլ հատվածում` կրակում էին անցորդների, ժողովրդի վրա, իսկ սադրիչները, քրեածին տարրերը, օլիգարխների թիկնազորի անդամները այրում, ջարդում էին խանութների ցուցափեղկերը: Այսինքն` Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում մինչեւ ՌԴ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարների նկատմամբ Ռ.Քոչարյանը հարձակման իմիտացիա իրականացրեց` լուսարձակող փամփուշտներով ցուցարարների գլխավերեւով սուրացող կրակահերթերով, որպեսզի ցուցարարների համար խլացվեն այն իրական կրակոցները, որոնք մարդկային կյանքեր էին խլում. փաստորեն սպանդ էր իրականացվում Լեոյի, Պարոնյանի եւ Մաշտոցի փողոցներում: Հարց է ծագում` ինչու՞ ժամը 21.10-ին սկսվեցին այդ գործողությունները, կարող էին սպասել մինչեւ գիշերվա ժամը 03.00-04.00-ն, ցուցարարները կհոգնեին, կհեռանային... Ոչ, Քոչարյանի նպատակը մեկն էր` Օպերայի հրապարակում իրականացրած իր բռնությունները մարտի 1-ին նույնացնել արդեն Ֆրանսիայի դեսպանատան իրադարձությունների հետ: 

Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց խաղաղ ժողովրդի վրա, ինչ համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում: Սրա ապացուցողական փաստերը բազմաթիվ են եւ շեշտակիորեն ավելանում են` այս մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ է միջազգային հանրությունը: Մեկ հատկանշական փաստ` ինչու՞ են իշխանությունները կտրականապես հրաժարվում, որպեսզի ստեղծվի մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող միջազգային անկախ հետաքննող մարմին... Որովհետեւ դրա կազմակերպիչները իրենք են եւ դրա ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Քոչարյանը. նրան հարկավոր էին զոհեր, գնդակահարվեցին մարդիկ, ովքեր անգամ ցուցարարներ չէին` խաղաղ անցորդներ էին, նրան պետք էր արտակարգ դրություն հայտարարել: Հետեւաբար, մեծագույն այս ողբերգությունը, որը տեղի ունեցավ մարտի 1-ին, անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված, ծրագրված հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես առայժմ չեմ անդրադառնա մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մանրամասներին, արդեն հսկայածավալ տեղեկություններ եւ փաստեր կան, որոնք ուղղակիորեն ապացուցում են Քոչարյանի գործած ոճրագործությունը, սակայն արդեն իսկ անվիճելի է, որ Քոչարյանը արյուն թափեց, նպատակ ունենալով այդ արյունը «բարդել» ընդդիմության վրա, սակայն այս անգամ նրա հաշվարկները չարդարացան: Եվ ամենացավալին այն է, որ այդ դեպքերից հետո ոչ միայն սգո օր չհայտարարվեց, այլեւ` նա ցավակցություն չհայտնեց զոհվածների ընտանիքներին. իրեն մտավորական համարող Քոչարյանի նոմենկլատուրայի որեւէ ներկայացուցիչ նույնպես ցավակցություն չհայտնեց, ավելին` ԼՂ-ից ոչ միայն համաժողովրդական Շարժմանը սատար կանգնելու որեւէ արձագանք չեղավ, այլեւ չգտնվեց ցավակցություն հայտնող: 

Քոչարյանը իր սահմանափակ, գավառամիտ եւ բացառապես քրեական (կրիմինալ) մտածողությամբ չի գիտակցում մեկ պարզ իրողություն. սա արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը չէ, սա արդեն մեր ժողովրդի` ՀՀ քաղաքացիների պայքարն է. ժողովուրդը սա երբեք չի հանդուրժելու եւ պայքարը իրականում նոր է սկսվում: 

Մի ուշագրավ փաստ եւս` մարտի 1-ի երեկոյան ինձ երկու տասնյակից ավելի մարդիկ մոտեցան, ասացին, որ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, բայց որոշել են Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ գալ` Ազատության հրապարակում առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններից հետո: Այսինքն` մի կողմում մեր ամբողջ հասարակությունն է, իսկ մյուս կողմում` իշխանությունը: Քոչարյանը ապացուցեց, որ եղել եւ մնում է օտար, որ ինքը օկուպացիոն ռեժիմ է ղեկավարում եւ այժմ այդ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի է ելել ողջ ժողովուրդը, եւ այդ ռեժիմը դատապարտված է: Քոչարյանը գտնվելով անդունդում` փորձում է իր շրջապատին էլ քաշել անդունդը: 

Մեկ կարեւորագույն հանգամանք` համաժողովրդական այս Շարժման եւ 1988թ. Շարժման միջեւ զուգահեռներ-ընդհանրություններ անշուշտ կան, սակայն այս Շարժումը, դրականորեն, էապես տարբերվում է 1988թ. Շարժումից. սա Շարժում է հանուն ազատության եւ քաղաքացիական իրավունքների, սա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների Շարժումն է` հանուն արժանապատվության եւ ազատության հաստատման: Իշխանությունները չեն գիտակցում, որ այսօր գործ ունեն նոր ժողովրդի հետ. սա այն ժողովուրդը չէ, որը մինչ այժմ էր, այս ժողովուրդը գիտի ինչ է անում, եւ զանգվածային ինքնակազմակերպման այն գործընթացները, որոնք ծավալվում են` անշրջելի են: Այս իշխանության ճակատագիրը կանխորոշված է, նրանց չի փրկի ոչ միջազգային հանրությունը (որի դիրքորոշումն իմիջիայլոց կտրուկ փոխվել է հօգուտ հայ ժողովրդի), ոչ կրիմինալը: Ես հպարտ եմ, որ հիմա մենք այսպիսի ժողովուրդ ենք: Եվ բանակը, եւ ոստիկանությունը, եւ գեներալիտետը հստակ գիտակցում են, թե Ռ.Քոչարյանը ինչպիսի արհավիրքի առաջ է իրենց կանգնեցրել, քանի որ այն արյունը, որը թափվել է մարտի 1-ին` ոչ միայն Քոչարյանի վրա է, այլեւ իրենց վրա է, եւ նրանք պիտի գիտակցեն, որ ովքեր Քոչարյանի կողքին են այսօր` նրանք եւս հանդիսանում են այդ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները: 

- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը օրերս հրապարակեց իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում բավականաչափ օրինախախտումների փաստեր են ներկայացված, Եվրամիության նախագահության հայտարարության եւ արեւմտյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների ականատեսն ենք վերջին օրերին: Սակայն մյուս կողմից էլ իշխանությունները միջազգային հանրության պահաջները, կոչերը շրջանցելու մարտավարություն են կարծես որդեգրել. օրինակ` ամենահաճախ հնչող հորդորներից մեկը` «բոլոր կողմերի միջեւ երկխոսություն սկսելու» գաղափարն է, որը չի կայանում: Նման իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում` Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու նպատակով: 

- Միջազգային հանրության կողմից արձագանքները բազմաթիվ են` միջազգային տարբեր ատյաններից, կազմակերպություններից, կուսակցություններից, անհատներից հսկայական թվով համերաշխության ուղերձներ են ստացվում: Կանդրադառնամ երկուսին. ԵՄ նախագահության հայտարարությունը. կոչ էր ուղղված երկու կողմերին` Տեր-Պետրոսյանին եւ իշխանություններին. հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունը անվերապահորեն ընդունել է` այդ մասին հայտարարելով Հայաստանի ամենաբարձր ատյանում` Սահմանադրական դատարանում: Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չկա: Երկրորդ կարեւոր փաստաթուղթը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցն է, որը, ըստ էության, դատավճիռ է այս իշխանությունների համար: Այդ զեկույցից կարելի է բացառապես մեկ եզրակացության գալ` Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է երկխոսությանը` ապա իշխանությունները մյուս թեկնածուների հետ, այսինքն` իրենց ներսում ինչ-որ բանակցություններ են վարում: Այս ընտրությունները հստակ եւ վերջնականապես ցույց տվեցին թե մեր ժողովրդին, թե ամբողջ աշխարհին, որ գոյություն ուներ ընդդիմության մեկ թեկնածու, իշխանության ութ թեկնածու` առանց որեւէ բացառության եւ նույնիսկ այդ պայմաններում Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այժմ էլ տեղեկատվական բլոկադա են իրականացնում, զանգվածային կեղծիք ու սուտ են տարածում, թույլ չեն տալիս թերթերը տպագրվեն, կայքեր են արգելափակում, ինտերնետն էլ գուցե արգելեն` այս պայմաններում դա էլ չի բացառվում. հետո ի՞նչ պետք է անեն. «սանձել է ուզում հողմերին էս ողորմելին»... 

- Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման հարյուրավոր կողմնակիցների, Լ.Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ մշակվել է քաղաքական հետապնդումների հստակ ծրագիր. այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետագա քայլերը եւ իշխանության հետագա գործողությունները. ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները արտակարգ դրություն հայտարարելուց հետո: 

- Ինչպես գիտեք, հարյուրավոր ձերբակալվածներ կան: Տեր-Պետրոսյանն արդեն դիմել է` ամսի 21-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելով: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանի թիմը, ինչպես եղել է` այդպես էլ շարունակելու է մնալ բացառապես օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կարծում եմ, որ Քոչարյանը սրանով չի սահմանափակվելու, նա նորանոր սադրանքներ է կազմակերպելու, որպեսզի երկարաձգի արտակարգ դրությունը, ավելին` հաշվի առնելով Քոչարյանի ոչ ռացիոնալ, իրավիճակին բացարձակապես ոչ համարժեք (ոչ ադեկվատ) մտածելակերպը, վստահ եմ, որ նրա ծրագրերում է նաեւ ռազմական դրություն հայտարարելու գաղափարը, որը կարող է իրագործել` օգտագործելով ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք ես չափազանց մտահոգիչ եմ համարում: Չեմ բացառում, որ դեպքերի նման ընթացքի դեպքում նա փորձի ապրիլի 9-ի Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությունն էլ ոչ նպատակահարմար համարել: Իսկ Տեր-Պետրոսյանը այս ամբողջ ընթացքում խախտել է ընդամենը մեկ օրենք, այսպես կոչված` «չարտոնված հանրահավաքներ» է անցկացրել (թեեւ «չարտոնված ցույց, հանրահավաք, երթ» ձեւակերպում գոյություն չունի` հանրահավաքը խաղաղ է, կամ ոչ խաղաղ), մինչդեռ այսօր գոյություն չունի քրեական մեկ հոդված, Հայաստանի ստանձնած մեկ միջազգային պարտավորություն, որը այս իշխանությունները խախտած չլինեն: Ամեն օր ձերբակալվածների, կալանավորների թիվը ավելանում է, շարունակում են ռեպրեսիաները, իշխանությունները ավելի են սրում իրավիճակը: Այսինքն` այս իշխանությունները ապացուցում են, որ Հայաստանում իսկապես ավազակապետություն է, որ այս իշխանությունների հիմքը կրիմինալն է: Ի դեպ, միջազգային հանրությունն էլ արդեն համոզվել է, որ Հայաստանում ավազակապետություն է, եւ որ ԱԺ, ՍԴ, դատարաններ գոյություն չունեն, դրանք ընդամենը ցուցանակներ են: 

- Ընդհանրապես, երբ ասում ենք «իշխանություններ», ու՞մ պետք է նկատի ունենալ` Ռ.Քոչարյանի՞ն, թե՞ Ս.Սարգսյանին, եւ մարտի 1-ի դեպքերի պատասխանատուն Ռ.Քոչարյա՞նն է, թե՞ Ս.Սարգսյանը: 

- Չեմ ցանկանում նրանց միմյանցից տարանջատել. գոյություն ունի պարագլուխ, որը արդեն կործանված է, իր շրջապատին էլ իր հետ տանում է: 

- Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ որեւէ այլ վճիռ չէիք ակնկալում ՍԴ-ից, իրո՞ք կանխատեսելի էր այդ վճիռը: 

- Ավելի քան կանխատեսելի էր: 

- Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրությունը Ձեր կարծիքով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապ ու՞նի, եւ եթե այո` ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ: 

- Անշուշտ կապ ունի, որովհետեւ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչի` նա Ղարաբաղն էլ կզոհի, ժողովրդին էլ է պատրաստ զոհել` հանուն իր անձի. նրա գործողությունները երբեք ադեկվատ չեն իրավիճակին: Իսկ հետեւանքները կարող են շատ ծանր լինել առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի համար: Եթե Քոչարյանի իշխանությունը երկարաձգվի` ԼՂ-ի հարցը արդեն անվերադարձ կլուծվի` գուցե արդեն դե ֆակտո: 

Մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո

Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:

Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի նկատմամբ: Սակայն դառնանք մեր հարցերին եւ փորձենք գտնել պատասխաններ:

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ հասկանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառիկ է Երրորդ հանրապետության պատմության մեջ: 1988 թվականի Համազգային Շարժումից ի վեր, սա առաջին հայաստանյան քաղաքական գործընթացն էր, որ հարաճուն, բայց հանդարտ ընթացք ուներ:  Անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորված բոլոր քաղաքական ընդդիմադիր  գործընթացները հանկարծահաս բռնկվում էին եւ նույնքան հանկարծահաս էլ մարում: Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության մեկնարկի օրը արդեն չորս ամսվա հրապարակային գործունեություն էր վարել: Սրան նախորդել էր խորհրդարանական քննարկումների մի բավական հագեցած շրջան: (Էլ չենք խոսում առաջին նախագահի տասնամյա խորհրդածությունների մասին): Այս արձանագրությունները սակայն միայն վիճակագրական նշանակություն չունեն: Այդ վիճակագրությունը գալիս էր վկայելու, որ սա հերթական քաղաքական բռնկումը չէ, եւ պետք չէ սպասել, որ այն սովորական վախճան կունենա: Սա թերեւս հասկանում էին նաեւ իշխանությունները: Եւ քանի որ ֆորմալ առումով քաղաքական եւ իրապես համաժողովրդական շարժումը կապված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ, Քոչարյան-Սարգսյան զույգը որոշեց արագ ավարտել ընտրությունները` Սերժ Սարգսյանի համար 53 տոկոս նկարելով: Սա իշխանության սպասած էֆեկտը չտվեց եւ նման գործելակերպը ավելի զայրացրեց հանրությանը: Բայց իշխանությունը սրանից անհրաժեշտ հետեւությունը չարեց, եւ շարունակեց կիրառել գործը արագ ավարտելու նախանշված ուղեգիծը: Ի դեպ ավազակապետությունը սեփական իդեաֆիքսերին տրվելու անխոհեմ հակում ունի: Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթից հետո բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին ցեխ շպրտել առաջին նախագահի ուղղությամբ: Տեր-Պետրոսյանի ասելիքը սակայն ավելի ու ավելի հասանելի եւ ընկալելի էր դառնում մարդկանց: Տոտալ հակաքարոզչությունը շարունակվում էր: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը` աճում: Հակաքարոզչությունը ավելի գռեհիկ էր դառնում: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը ավելի արագ էր աճում: Այս պրոցեսը նկարագրում եմ ցույց տալու համար, որ ավազակապետական իշխանությունը ծայրաստիճան պրիմիտիվ է եւ չի տիրապետում քայլերի բազմազանության: Հիմա հիշեցի Տիգրան Լեւոնյանի համեմատությունը. հարցազրույցներից մեկի ժամանակ նա Քոչարյան-Սարգսյան զույգին համեմատել էր կոկորդիլոսի հետ: Շատ դիպուկ համեմատություն է. որքան էլ սարսափազդու է կոկորդիլոսը, նա իրականում պրիմիտիվ կենդանի է, եւ նրա զինանոցում երկու-երեք քայլ կա: Նույնը վերաբերում է նաեւ ավազակապետական իշխանությանը, որը գիտի միայն գնել, ահաբեկել, ոչնչացնել: Հա` նաեւ կոկորդիլոսի արցունքներ թափել: Քոչարյանասերժական ավազակապետության գործունեության ցանկացած դրվագ, համոզված եմ, ձեւավորված է այս բանաձեւի ներքո:

Եւ ուրեմն, երբ իշխանության համար հասկանալի դարձավ, որ ընտրությունների գռեհիկ կեղծումը հանրային բողոքի ալիք է բարձրացրել, նրանք որոշեցին անել հաջորդ քայլը: ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը: Այս արդյունքները հրապարակվեցին այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը շարունակվում էր շուրջօրյա հանրահավաքը, որի մասնակիցների թիվը գնալով ավելանում էր: ԿԸՀ-ն խաղարկելով` ավազակապետական զույգը հույս ուներ մարդկանց ներշնչել հետագա պայքարի անիմաստության զգացողություն: Իբր` պայքարը նրա համար էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, եւ ԿԸՀ-ն արդեն վերջնականորեն հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ասել կուզի` ինչքան ուզում եք ցույց արեք: Այստեղ արդեն խոսք պետք է ասեր առաջին նախագահը: Նա մոտեցավ բարձրախոսին ու շատ հանգիստ հայտարարեց.« ԿԸՀ հայտարարությունը մեր պայքարում ոչինչ չի փոխում, պայքարը շարունակվում է»: Անկեղծ ասած, սա ես համարում եմ համաժողովրդական պայքարի ամենակարեւոր հանգրվանը: Այս տեղում շարժումը կրեց զարմանալի մետամորֆոզներ: Սա այլեւս պայքար է, ոչ թե հանուն որեւէ գործչի նախագահի պաշտոնում տեսնելու` սա պայքար է հանուն ազատության, հանուն արժանապատվության, հանուն քաղաքացիության: Սա պայքար է հանուն ապագայի: Ճիշտն ասած մենք այդ պայքարը հենց սկզբից էլ ընկալել ենք որպես այդպիսին: Բայց թերահավատներն էլ քիչ չէին: Եւ այդ մեծ վերափոխման սիմվոլը ինձ համար դարձավ մի տարօրինակ տեղեկատվություն. ընկերներս ինձ ասացին, որ Ազատության հրապարակում «հակալեւոնականների» վրան է հայտնվել: Առաջին հայացքից սա անհանգստացնող տեղեկատվություն էր. գուցե եկել են սադրանքներ հրահրելու: Սակայն վրանաբնակների պարզաբանումները մեզ համոզեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:  «Հակալեւոնականների» դիրքորոշումը հետեւյալն էր. մենք այստեղ ենք պայքարելու ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար, այլ հանուն մեր ազատության եւ իրավունքների, եկել ենք Տեր-Պետրոսյանին, ինչպես ինքն է խորհուրդ տվել, օգտագործելու որպես գործիք` բռնապետությունից ազատվելու համար: Սա իրապես կարեւոր շրջադարձ էր. Տեր-Պետրոսյանին հաջողվել էր ձեւավորել իրապես համաժողովրդական շարժում: Հաջորդ կարեւոր նորությունը երիտասարդության ակտիվացումն էր: ՀՀ առաջին նախագահի` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրավիրած հանրահավաքներին երիտասարդության մասնակցությունը հուսադրող չէր: Հանրահավաքի ճնշող մեծամասնությունը 35 տարեկանից բարձր անձինք էին: Ետընտրական հանրահավաքները սակայն երիտասարդությանն էին պատկանում, եւ սա սարսափազդու ուժ եւ էներգիա էր հաղորդում Ազատության հրապարակին: Իսկ Տեր-Պետրոսյանը իրապես հայտնություն էր մեր երիտասարդության համար: Ներկա ուսանողությունը կամ չէր տեսել, կամ չէր հիշում Տեր-Պետրոսյանին: Նրա մասին պատկերացումները սահմանափակվում էին միայն պաշտոնական քարոզչության շրջանակներում: Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է երիտասարդության շրջանում եւ հայտնի ռեմիքսը թերեւս հիթ-շքերթի ամենավերին տեղում է:

Եւ ուրեմն շարժումը ծավալվում էր, Ազատության հրապարակը փոթորկվում: Ամեն օր ժամը 15-ից 21-ը` հանրահավաք: Տեղի էին ունենում ամենօրյա երթեր, որոնք ապշեցնում էին իրենց ծավալներով: Ժամը 21-ից սկսվում էր երգ ու պարը, չնայած օրվա ընթաց քում էլ հանրահավաքը բազմաթիվ երաժշտական ընդմիջումներ էր ունենում: Ու որպեսզի տեղի ունեցող ակցիայի ծավալները ճիշտ ընկալվեն, անհրաժեշտ է մի կարեւոր ճշտում անել: Շուրջօրյա ակցիաները չպետք է չափել սովորական հանրահավաքների նման: Սովորական հանրահավաքն ունի մեկնարկի եւ ավարտի հստակ ժամեր: Մարդիկ նման հանրահավաքների գալիս են սկզբից մինչեւ վերջ մասնակցելու: Նման ձեւով հնարավոր չէ մասնակցել շուրջօրյա հանրահավաքների, որովհետեւ մարդը չի կարող 24 ժամ մնալ հանրահավաքում: Ասել կուզի` շուրջօրյա հանրահավաքն ունի հոսուն կազմ. մեկը գալիս էր կեսգիշերին, հրապարակում մինչեւ լույս մնալու համար, մեկը գալիս էր առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, մեկը գալիս էր ընդմիջման ժամին, մեկը աշխատանքից հետո, մեկն էլ աշխատանքից հետո գնում էր տուն, սնվում եւ նոր միայն գալիս հրապարակ: Եվ այս ամենով հանդերձ առնվազն ժամը 14:30-ից մինչեւ 22-ը` Ազատության հրապարակը միշտ լեփ լեցուն է եղել: Սա աննախադեպ ծավալների վկայություն է: Ի դեպ այս հանրահավաքները մի յուրատեսակ ռեաբիլիտացիա դարձան մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին շատ են տեսակետներ հնչել, թե մեր ժողովուրդը պայքարող չէ, մեր ժողովուրդը կոտրված է, մեր ժողովուրդը հանձնված է: Բայց հանրահավաքների օրերին տասնյակ անգամ եմ տեսել, թե ինչպես քաղաքացին հերթական օրը Ազատության հրապարակը լեփ լեցուն տեսնելով ասել է. «Մեր ժողովրդի ցավը տանեմ»: Սա այս պահին ունեցած մեր կարեւորագույն արդյունքներից մեկն է: Ժողովուրդը վեր գտավ հարգանքն ինքն իր նկատմամբ, եւ սա ամենաշատը սարսափեցրեց Քոչարյան-Սարգսյան զույգին: Նրանց թվում էր, թե իրենք ժողովուրդին վերջնականապես զրկել են ինքնասիրությունից եւ անհրաժեշտ է շտապ կասեցնել իրադարձությունների զարգացման նման անսպասելի ընթացքը: Ժողովրդին Քոչարյանն ու Սարգսյանը պետք է ապացուցեին, որ ինքը ոչինչ է, որ ինքն իրավունք չունի ինքնուրույն մտածելու: Եվ նորից սկսվեց մարդկանց հանրահավաքների քշելու ստորացուցիչ գործընթացը: Այս անգամ քաղաքացիները քշվում էին Սերժ Սարգսյանին պաշտպանելու: Եւ տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող հանրահավաք` Երեւանի հանրապետության հրապարակում: Աննախադեպությունը ոչ թե այն էր, որ մարդկանց քշելով, ստիպողաբար բերել էին Սերժ Սարգսյանին լսելու, այլ այն, որ հանրահավաքի ելքերը փշալարված էին: Սա արված էր այն բանի համար, որ մարդիկ չփախչեին հանրահավաքից` «ընտրյալ» նախագահի հանրահավաքից: Բայց ժողովուրդը այս փորձությունն էլ հաղթահարեց, եւ մարդիկ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով հեռացան Հանրապետության հրապարակից ու եկան Ազատության հրապարակ: Այստեղ արդեն Քոչարյանն ու Սարգսյանը ստիպված էին, ուղղակի ստիպված էին բացահայտել իրենց ամենակարեւոր «հաճախորդին»` Արթուր Բաղդասարյանին: Բայց սա նույնպես հակառակ ազդեցությունն ունեցավ եւ Ազատության հրապարակում իրենց խոսակցությունից հրաժարվող հարյուրավոր ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների սկսեցին միանալ նաեւ ՕԵԿ-ականներ: Տեղի էր ունեցել շատ կարեւոր իրադարձություն. այն ինչ մենք պետք է երկար բարակ բացատրեինք մարդկանց, այլեւս բացատրելու կարիք չկար: Արթուր Բաղդասարյանն ի սկզբանե եղել է ավազակապետության սպասարկուն, նրա հինգերորդ` պահեստային անիվը: Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանի բացահայտումով բացահայտվեց ավելի կարեւոր մի բան. ՀՀ-ում չկա այլ ընդդիմություն, քան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը` մնացածն ընդամենը իշխանության սպասարկուներն են: Այս արձանագրումը էլ ավելի ուժեղացրեց Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման դիրքերը: Իշխանությունը` Արթուր Բաղդասարյանին իր կողմը տանելով, ուզում էր ընդամենը ապացուցել, որ Ազատության հրապարակում հանրության, ժողովրդի փոքրամասնությունն է: Բայց Արթուրիկին ձայն են տվել քոչարյանասերժական ռեժիմի հակառակորդները, որոնք իրենց խաբված զգացին: Ամեն դեպքում այս չափազանց կոպիտ «գաղտնազերծումը» Քոչարյանին անհրաժեշտ էր ուժային գործողությունների ֆոն ստեղծելու համար: Իշխանության այն հույսը, թե ձերբակալությունները, ահաբեկումները, ստի եւ կեղծիքի հայլուրական տարածումը կկոտրեն Ազատության հրապարակում հավաքվածների ոգին` հօդս ցնդեցին: Մնում էր միայն մի տարբերակ` ուժային: Այլապես Բաղդասարյանի գաղտնազերծումը վճռական թափ էր հաղորդում համաժողովրդական շարժմանը:

Ուժային գործողությունների համար հարկավոր էր ֆորմալ պատճառ, որը գոյություն չուներ: Իշխանությունների այն պնդումը, թե տեղի ունեցող հանրահավաքները ապօրինի են, որովհետեւ իրազեկված չեն Երեւանի քաղաքապետարանին, բացարձակապես լուրջ չէին: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, նախատեսում է առանց քաղաքապետարանին իրազեկելու հանրահավաքներ, երթեր անցկացնելու հնարավորություն եւ մենք օգտվում էինք հենց այդ հնարավորությունից: Ուստի ֆորմալ առումով հանրահավաքի «ապօրինի» լինելը չներկայացվեց որպես ուժային գործողության պատճառ: Որպես այդպիսին ներկայացվեց իբր վրաններում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այս ամենը, սակայն հետագայում պետք էր ներկայացնել որպես տեղի ունեցածի բացատրություն:

Իսկ իրականում տեղի ունեցավ հետեւյալը. մարտի լույս 1-ի գիշերը, ժամը 6:20-ի մոտակայքում, վահանավոր, սաղավարտավոր, մահակավոր ոստիկանները շրջափակեցին վրաններում քնած ցուցարարներին: Ոստիկանների գալու պահին վրանաբնակների մի մասը, այդ թվում եւ առաջին նախագահը արթուն էին: Տեր-Պետրոսյանը միանգամից մոտեցավ բարձրախոսին եւ ասաց հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցներ, ձեզ հետ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրում եմ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, եթե նրանք եկել են, նշանակում է մեզ ասելու բան ունեն, եկեք լսենք, թե ինչ են նրանք ուզում»: Սրան հետեւեց մոտ 30 վայրկյանանոց մի դադար` կատարյալ լռություն: Եվ հանկարծ Թումանյանի արձանի թիկունքից ոստիկանները հարձակվեցին: Ոչ մի բառ, ոչ մի պահանջ: Հարվածում են մահակներով, էլեկտրաշոկ են կիրառում ու չեն ասում` ինչ են պահանջում: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ նման գործելակերպը հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլեւ` օրենքին: «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքն ասում է, որ եթե հանրահավաքը հարկադիր դադարեցնելու, ցրելու որոշում է կայացվել, նախ այդ մասին պետք է իրազեկվեն կազմակերպիչները, ապա նրանց պետք է ողջամիտ ժամկետ տրվի հանրահավաքը դադարեցնելու համար, իսկ եթե կազմակերպիչները դա հրաժարվում են անել, ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու անգամ բարձրախոսով հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները տեղյակ լինեն, որ իրենց նկատմամբ կարող է ուժ կիրառվել: Այս ամենը սակայն չի արվել: Նաեւ` որեւէ մեկը, որեւէ մեկին խուզարկության պահանջ չի ներկայացրել, եթե ներկայացվեր անպայման կբավարարվեր, որովհետեւ մենք հո լավ գիտեինք, որ վրաններում ոչ մի զենք էլ չկա: Եւ եթե անգամ որեւէ վրանում զենք գտնվեր, դա չէր կարող ազդել շուրջօրյա ակցիայի շարունակության վրա, որովհետեւ ում վրանում զենք է հայտնաբերվում, նրան էլ պետք է պատասխանատվության կանչեն եւ դա չի կարող ազդել զենք չունեցողների` հանրահավաք անցկացնելու իրավունքների վրա: (Ի դեպ հանրահավաքի կարգապահական խմբերը Ազատության հրապարակի մերձակայքում կամ վրանների տակ անընդհատ ինչ-որ բենզինով շշեր, մետաղյա ձողեր, մահակներ էին գտնում, որոնք, ինչպես պարզվեց, տեղադրում էին ԱԱԾ եւ ոստիկանության պրովոկատորները): Կարճ ասած` ուժային գործողության հենց սկզբից իրավապահներն իրենց դուրս դրեցին օրենքից: Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ կռիվ: Ցուցարարները պաշտպանվում էին գիշերային խարույկի համար բերված վառելափայտով կամ ուղղակի մերկ ձեռքերով: Հասկանալի էր, որ այդպես հնարավոր չէր դիմադրել ոստիկաններին, որոնց թիվը գրեթե հավասար էր այդ պահին հրապարակում եղած ցուցարարների թվին: Ոստիկանությունն էլ, հասկանալի է, զինված էր տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ ամեն ինչով: Կռիվը տեւեց մոտավորապես 30-40 րոպե: Շատերը տեղում ձերբակալվեցին, շատերը նահանջում էին կռվելով եւ կռիվը Հյուսիսային պողոտայով հասավ գրեթե Հանրապետության հրապարակ: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, հենց սկզբից մոտ 20 հոգանոց մի խումբ նրան մեկուսացրեց եւ տարավ դեպի Թումանյանի արձանը: Մեր տղաներից մի քանիսը ինձ Ազատության հրապարակից տարան ապահով տեղ: Ահա այսպիսին ստացվեց 2008 թվականի գարնանային առաջին լուսաբացը: Բայց սա միայն սկիզբն էր դաժան եւ արյունալի իրադարձությունների: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես քոչարյանասերժական ավազակապետության խնդիրը ոչ թե Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելն է, այլ ժողովրդին ջարդելը, նրան իր նախկին ստրկական վիճակին վերադարձնելը: Մարդիկ առավոտյան դեպքերից հետո, ոմանք էլ դրա մասին չիմանալով, գալիս են Ազատության հրապարակ` սովորականի նման հանրահավաքի: Ազատության հրապարակը նրանք գտնում են շրջափակված եւ բնականաբար խմբվում են մոտակայքում ու մեկ էլ հանկարծ մահակավոր ոստիկանները հարձակվում են նրանց վրա ու դաժան ծեծի ենթարկում: Հասկացանք` ոստիկանություն է, բայց համաձայնեք` ոչ ոք ոստիկանին իրավունք չի տալիս ուղղակի հարձակվել քեզ վրա ու մահականերով հարվածներ հասցնել, կամ էլ էլեկտրաշոկով տոկի տալ: Ոստիկանը նախ պետք է ասի, թե ինչ է ուզում եւ պետք է հիմնավորի իր պահանջի օրինականությունը: Եւ ահա մարտի մեկին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում, թե ոստիկանները մի քանի խումբ մարդկանց ծեծի են ենթարկել Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում եւ այլն: Ահա այս ծեծված մարդիկ շիվարած, վիրավորված որոշում են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բայց այստեղ էլ նրանց սկսում են ծեծել: Հասկանում եք` ոչ մի պահանջ չեն ներկայացնում, ուղղակի ծեծում են եւ վերջ: Այս լուրը տարածվում է Երեւանով մեկ եւ մարդիկ մեկտեղվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, եւ երբ մարդիկ հոգնում են ծեծվելուց, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Մի քանի տրոլեյբուսներով փակում են ջրցան մեքենաների ճանապարհը, ոստիկանությունը սկսում է բանակցել: Սկսվում է անհեթեթ առաջարկների շարան. հանրահավաքը տեղափոխել երկաթուղու կայարանի մերձակա հրապարակ, «Դինամո» մարզադաշտի մոտ, ի վերջո Մատենադարանի մոտ: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ տեղափոխել: Ինչո՞ւ: Պատճառ կարող էր բերվել, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը խանգարում էր երթեւեկությանը: Բայց այդտեղ այնքան մարդ էր հավաքված, որ ուր էլ տեղափոխվեին, անգամ Ազատության հրապարակ, փողոց էր փակվելու: Մանավանդ Մատենադարանի դեպքում, որի վրա պնդում էր ոստիկանությունը, փակվելու էր Մաշտոցի պողոտան, Կորյունի փողոցին կապող հանգույցը եւ նույնիսկ Մոսկովյան փողոցը, հնարավոր էր նաեւ Սայաթ Նովա-Բաղրամյան պողոտա- Մաշտոցի պողոտա հանգույցը: Այսինքն բոլոր դեպքերում փողոցներ էին փակվելու: Եվ ուրեմն ինչո՞ւ էր ոստիկանությունը պնդում տեղափոխման վրա: Որովհետեւ այս հատվածում նրանք պատասխան ծեծ էին կերել, տարածքը արգելափակված էր ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի համար: Նրանց պետք էր մարդկանց դուրս բերել բաց տարածություն չորս կողմից ջարդ ու փշուր անելու համար: Ճանապարհին մի երկու պրովոկատոր կջարդեր մի երկու խանութի ապակի եւ սա էլ կլիներ ուժային գործողությունների ֆորմալ պատճառ: Այս սցենարը չստացվեց եւ ահա լուր եկավ, որ ոստիկանները հեռանում են Ֆրանսիայի հրապարակից: Սա սկզբում լավ լուր թվաց, բայց գրեթե միեւնույն ժամանակ եկավ մյուս լուրը` տարբեր տեղերից, այդ թվում եւ Ղարաբաղից, զորք է բերվել Երեւան,զինվորներին բաժանվել են մարտական փամփուշտներ եւ հրաման կա կրակել ցուցարարների վրա մարտական փամփուշտներով: Ես Ֆրանսիայի հրապարակի ճանապարհին էի, երբ այս լուրը ստացվեց: Ես չէի ուզում հավատալ, որ Քոչարյանն ու Սերժը կկրակեն ժողովրդի վրա, բայց եւ նման հեռանկարին կասկածելու որեւէ հիմք չունեի: Ֆրանսիայի հրապարակի տեսարանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, առաջինը` մարդկանց թվով, բայց եւ նկատելի էր, որ սադրիչների թիվն էլ քիչ չէր: Ոմանք մոտենում էին եւ ինչ-որ սադրիչ առաջարկներ անում: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի ոմանց կոպտել: Որոշումը միանշանակ էր` մենք մնում էինք Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում առաջին նախագահին: Բայց մյուս կողմից մոտենում էին զինված զորախմբեր, որոնք հրաման ունեին կրակել ժողովրդի վրա: Ի՞նչ անել: Միանշանակ պետք էր հոգ տանել հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին: Առաջին խնդիրը հետեւյալն էր` այնպես անել, որ տեխնիկա չմտնի ցուցարարների մեջ: Մինչ իմ գալը, արդեն իսկ մի քանի կողմից փակված էին Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակի մուտքերը, իսկ հրապարակի կենտրոնում ավտոբուսներ եւ մի քանի ոստիկանական «Վիլիսներ» կային: Ահա այդ մեքենաները տեղափոխեցինք հրապարակի մուտքերի մոտ եւ դրանցով պատնեշներ ձեւավորեցինք` բարիկադներ: Ի դեպ, այդ ընթացքում հրապարակում գտնվող բոլոր մասնավոր մեքենաները հանգիստ եւ առանց խոչընդոտի դուրս են եկել այնտեղից: Իսկ իմ նշած ավտոբուսներով զինվորներ էին բերել հրապարակ: Այս ընթացքում մի քանի կողմից հրապարակ էին գալիս նաեւ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներ, երթուղայիններ, որոնց վարորդները միանում էին պատնեշներ կազմողներին: Ֆրանսիայի  հրապարակի մուտքերը փակված էին: Բայց սա դեռ չէր երաշխավորում հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Ես մարդկանց բարձրախոսով հստակ ասացի հետեւյալը. «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն` մենք կպաշտպանվենք»: Ո՞րն էր նման դիրքորոշման պատճառը: Իշխանության գործողությունները դուրս էին օրենքի շրջանակից եւ արդեն բեսպրեդելի ոլորտում էին: Մենք չէինք կարող ընկրկել ապօրինության առջեւ, բայց եւ չէինք կարող թույլ տալ, որ մեր կանանց, մայրերին մեր աչքի առաջ շան սատակ անեին, կամ մեզ  շան սատակ անեն մեր մայրերի ու կանանց աչքի առաջ: Ահա այստեղ է, որ ես տղամարդկանց խորհուրդ տվեցի ինքնապաշտպանության համար ձեռքներին ունենալ փայտ կամ քար: Այս ընթացքում զորքը մոտեցավ երկու կողմից` Շահումյան հրապարակի եւ «Ձկան խանութի»: Այս ողջ պատմության ամենակարեւոր մասն այն է, որ նրանք ոչ մի պահանջ չունեին: Ի՞նչ էին ուզում նրանք առավոտյան, ի՞նչ էին ուզում կեսօրին, ի՞նչ են ուզում հիմա, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ի դեպ, զորքը, բանակը եկել էր մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ ընդհանրապես շարքային ցուցարարը որտեղի՞ց պետք էր իմանար, որ արտակարգ դրություն է հայտարարված: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք բնորոշում են տեղի ունեցածի իրավական բնույթը, ավելի ճիշտ` ապօրինի բնույթը: Եվ ահա մի ինչ-որ պահի երեւանյան մթության մեջ լսվեցին կրակոցներ, պայթյուններ: Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք չընկրկեց: Երիտասարդների մի մեծ խումբ շտապեց դեպի «Ձկան խանութի» կողմը, որտեղից լսվում էին պայթյուններն ու կրակոցները: Սկզբում միայն օդ էին կրակում, լուսարձակ փամփուշտներով, բայց մի քանի րոպե անց զոհվեց առաջին ցուցարարը եւ քաղաքացիները հասկացան, որ զորքը եկել է իրենց կոտորելու: Ու սկսվեց իսկական մարտը, փայտերով, խողովակներով զինված տղերքը պաշտպանում էին իրենց` ոչ թե հանրահավաք անելու, այլ ապրելու իրավունքը, իրավունք որի դեմ դուրս էր եկել հայոց բանակը, որը մարտական AKC- ներով ու նռնակներով կրակում էր սեփական ժողովրդի վրա:  Այս ընթացքում ես անընդհատ բարձրախոսի մոտ էի: Մի շարք ընկերների հետ մենք փորձում էինք ինչ-որ բաներ ասել ժողովրդին, փորձում էինք այնպես անել, որ խուճապ չլինի: Հետո բարձրախոսի մոտից սկսեցին երգել ազգային ազատագրական երգեր, արտասանել բանաստեղծություններ, հետո կրակոցները դադարեցին: Իմացանք, որ ցուցարարները բանակին ետ են մղել մինչեւ Լեոյի փողոց, մինչեւ Ամիրյան փողոց` Մաշտոցի պողոտայի կողմից: Ու հետո տեղի ունեցավ կարճ դադար ու եկավ խանութների ջարդ ու փշուրի ու թալանի մասին լուրը: Հասկանալի էր, որ սա իշխանական ցերեկային սցենարի ուշացած իրագործումն էր, որովհետեւ, եթե հանրահավաքի շարքային, իսկական մասնակիցները ջարդ ու փշուր անեին, չկար ավելի լավ ու անպաշտպան թիրախ, քան Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը, կամ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը: Այդ թալանը իշխանությանն անհրաժեշտ էր հաջորդ օրը «Հայլուրով» ցուցադրելու բան ունենալու համար: Ի դեպ «Հայլուրը» մինչեւ այժմ չի ասել, որ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներով կրակել են եւ կրակողն էլ բանակն է եղել: Ինչեւէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպասվում է հերթական գրոհը ցուցարարների վրա, այս անգամ արդեն տանկերով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այս ողջ ընթացքում տնային կալանքի տակ էր, հանրահավաքի մասնակիցներին հորդորեց հեռանալ: Մինչ այդ արդեն իմացել էինք, որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կան բազմաթիվ վիրավորներ, որ կան բազմաթիվ զոհեր եւ այս ֆոնին խիստ պատեհ էր, որ հարթակից բարձրախոսով «Հայր մերը» հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու մի արդար սպասավոր: Ի դեպ Ազատության հրապարակում էլ շատ հաճախ հնչում էր «Հայր մերը» եւ հանրահավաքի մասնակիցները աղոթում էին: Այս անգամ սակայն Ֆրանսիայի հրապարակում շատերի աչքերին արցունքներ երեւացին:

Որոշ հարցեր եւ եզրակացություններ

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի: Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ի՞նչ վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին մարտի մեկին: Միակ վտանգը այն էր, որ ոստիկանությունն ու բանակը դուրս էին եկել օրենքի շրջանակից եւ վերածվել մի մեծ հանցավոր զինված բանդայի: Եվ ընդհակառակը` հենց Քոչարյանի սահմանած արտակարգ դրությունն է սպառնում երկրի Սահմանադրական կարգին, երբ ընդդիմությունը բանտերում է կամ ընդհատակում, մամուլը եւ կուսակցությունները փաստացի փակված են, երթեր եւ ցույցեր անցկացնելը արգելված են, առաջին նախագահը տնային կալանքի տակ է, ժողովուրդը չունի տեղեկատվություն, Երեւանի կենտրոնական փողոցները վերահսկվում են ավտոմատավորների եւ տանկերի կողմից: Ահա այն իրավական ռեժիմը, որով ապահովվում է արտակարգ դրությունը: Բայց նույն Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուրեմն հարց. կա՞ արդյոք Հայաստանում նման օրենք: Իհարկե չկա: Եւ ուրեմն` ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Քոչարյանը կատարել է գործողություն (սահմանել է արտակարգ դրության իրավական ռեժիմ), որի համար լիազորված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Աղվան Հովսեփյան, սա է իշխանության յուրացումը, եւ ոչ թե այն ծիծաղելի հեքիաթները, որ հնարում եք դուք թերեւս անտաղանդ գրողներ Լեւոն Անանյանի եւ Ռազմիկ Դավոյանի օգնությամբ: Բայց սա ամենը չէ: Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին իրավունք տվել բանակը հանել քաղաքացիական շարժման դեմ եւ տանկեր ու ավտոմատավորներ կանգնեցնել Երեւանի փողոցներում, կրակել մարդկանց վրա: Ցույց տվեք այն օրենքը, որով նման բան անելու իրավունք է տրված մեկին: Ինչո՞ւ է քաղաքացիների դեմ օգտագործվել մարտական զենք եւ ինչո՞ւ չեն կիրառվել գոնե ռետինե փամփուշտներ: Որովհետեւ` ճիշտ էր նկատել Հրանտը, Քոչարյանի եւ Սերժի համար հրապարակում կանգնածները ոչ թե համաքաղաքացիներ էին, այլ թշնամիներ: Եվ այդ թշնամիներին նրանք բնորոշում են կամ որպես հայաստանցի կամ որպես երեւանցի: Եւ ի դեպ, խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանը թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Մի հատ փըխկ անեմ, էս երեւանցիք փախչելու են»: Հուսախաբ եղավ, չփախան: Մարտի 1-ի իրադարձություններից հետո հասկանալի դարձավ, որ ռոբերտասերժական իշխանությունը եւ Հայաստանի ժողովուրդը գենետիկորեն անհամատեղելի են: Եւ առաջին նախագահի այն ձեւակերպումը, թե այս երկրից կամ Սերժը պիտի գնա, կամ ժողովուրդն է գնալու, որքան էլ դաժան, նույնքան դիպուկ է:

Ատելության մասին

Իշխանությունը անընդհատ թմբկահարում է, որ մեր շարժումը լի է ատելությամբ եւ հանրահավաքներում էլ ատելություն է քարոզվել: Ամենեւին դժվար չէ հերքել այս անհեթեթ պնդումը: Վերջին օրերի մեր երթերում մի այսպիսի ավանդույթ էր ձեւավորվել. որեւէ տեղում ոստիկանական շարքերի հանդիպելիս երթի մասնակիցները բուռն ծափերով ողջունում էին ոստիկանությանը, երթը պատշգամբներից նայող մարդկանց` լինեին դրանք պետական գերատեսչության, մասնավոր տների, թե իշխանական օլիգարխների պատկանող հիմնարկների պատշգամբներ, ահա այդ մարդկանց ջերմագին ողջույններ էր հղում եւ ստանում պատասխան: Սա իհարկե, ատելության նշան է, բայց համաժողովրդական ատելության` Ռոբի եւ Սերժի նկատմամբ:

Ազատության հրապարակում մարդիկ պարում էին ուրախանում, ուղղակի տոնում իրենց վերածնունդը, հոգ տանում միմյանց մասին: Եւ իսկապես զզվելի է լսել պաշտոնական տեղեկությունը այն մասին, թե հրապարակում մնալու համար մարդկանց փող են տվել: Ինչ վերաբերում է սնունդին, ես անուններով չգիտեմ, բայց դեմքով հիշում եմ տասնյակ մարդկանց, ովքեր հրապարակ սնունդ են բերել եւ մարդկանց բաժանել` տաք թեյ, տաք սպաս, բրդուճներ: Այո կազմակերպիչներն էլ սնունդ բաժանել են, որովհետեւ մեկը 100 դոլարի սնունդ է բերել Ազատության հրապարակ, մյուսը ուղղակի այդ 100 դոլարն է բերել եւ խնդրել, որ կազմակերպիչները դա ծախսեն շուրջօրյա ակցիայի կարիքների համար: Եղել են մարդիկ, ովքեր դեղորայք են բերել, վառելափայտ, տաք ծածկոցներ: Եւ ի դեպ, ամեն օր լուսաբացին Ազատության հրապարակը մաքրվել է, կարգի բերվել: Եւ հանրահավաքի ընթացքում Կենտրոնի թաղապետարանը հրապարակում մի օր աղբահանություն չի իրականացրել: Այդ ամենը արվել է հանրահավաքի մասնակիցների միջոցներով եւ օգնությամբ:

Անկարգություններ կազմակերպելու մասին

Հենց սկզբից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահմանել է մեր պայքարի հիմնական սկզբունքը. ոչ մի բռնություն: Փետրվարի 20-ի, այսինքն առաջին հետընտրական հանրահավաքը շատ լարված էր: Մարդիկ պահանջում էին ուժային լուծման գնալ: Տեր-Պետրոսյանը սակայն այդ ագրեսիվությունը հիանալի կերպով վերածեց երգուպարի, տոնախմբության: 10 օր Ազատության հրապարակում տոնախմբություն էր, հրավառությամբ, երգ երաժշտությամբ ու պարով, ազգային պարով: Այս տոնախմբության պատճառով ավազակապետությունը ավելի ատեց ժողովրդին, որը նորանոր պատվիրակներ էր ուղարկում Ազատության հրապարակ, թույլ չտալով, որ տոնախմբությունը մարի: 10 օրվա հանրահավաքների, երթերի ընթացքում չի եղել ոչ մի անախորժություն, ոչ մի անկարգություն:  Ժողովուրդը հասել էր հոգեկան եւ հոգեւոր հավասարակշռության: Ու եթե չլիներ ոստիկանական լկտի, ապօրինի բռնությունը, տոնը ընթանալու էր առանց անախորժությունների:

Իշխանության յուրացման մասին

Այն մեղադրանքը, որ դատախազությունը հիմա փորձում է փաթաթել մեր վրա, ուղղակի զավեշտական է: ՔՕ հոդվածը կոչվում է «Իշխանության յուրացում»: Անգամ դպրոցականը կհասկանա, որ այս մեղադրանքի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք չեն ընտրվել երկրի նախագահ, բայց յուրացրել են նախագահին ու ժողովրդին պատկանող իշխանությունը: Ընդ որում, ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների, մարզպետների, քաղաքապետարանների հետ հանցավոր համաձայնության գալով: Հանցավոր համաձայնության կարեւորագույն օղակ է նաեւ ՍԴ-ն: Սա թերեւս ամենաարգահատելի օղակն է, տառաճանաչ, բայց անդեմ, անողնաշար, անինքնասեր, փափկասուն կոկետուհիների հավաքածու:

Սպասո՞ւմ էինք արդյոք

Արդեն տասը տարի խոսվում է այն մասին, որ քոչարյանական իշխանությունը հանցագործ, մարդասպան իշխանություն է: Եւ այսպես պնդողները գտնվում էին հարթակում: Առաջին նախագահն էլ, որ ղեկավարում է շարժումը, համակարգված եւ ամբողջական ներկայացրեց վարչախմբի հանցավոր էությունը: Այսինքն` նման վարչախմբից կարելի է սպասել ամեն ինչ: Այդ առումով մարտի 1-ի եւ հետագա իրադարձությունները, իհարկե սպասելի էին եւ կանխատեսելի: Ուղղակի մեզնից յուրաքանչյուրը հույս ուներ, որ իշխանության մեջ դեռ ինչ-որ բանականություն եւ բարոյականություն մնացել է: Ի դեպ, մենք տեղյակ էինք նաեւ, որ մարտի լույս մեկի գիշերը ժամը 5-ին ներքին զորքերում, ոստիկանությունում եւ բանակում տագնապ է հայտարարվել: Տեղյակ էինք դեռ փետրվարի 29-ի երեկոյան:

Ի՞նչ է լինելու հետո

Քոչարյանն ու իր Սերժը ապացուցեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել. նրանց իշխանության պահպանումը աղետ է Հայաստանի համար: Նրանց իշխանության պահպանումը նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Շարժումը պետք է շարունակվի նոր թափով: Հայաստանի հրապարակներում պետք է տեղի ունենան հանրահավաքներ, փողոցներում երթեր, քանի դեռ ավազակապետությունը տապալված չէ: Ընդ որում, պայքարը պետք է շարունակել, թե բանտերում, թե ազատության մեջ, թե ընդհատակում:

Հ.Գ ՀՀ առաջին նախագահը ավազակապետության առանցքային դեմքերին նշելիս մոռացել էր խոսել մի առանցքային դեմքի մասին` Վեհափառ ավազակապետի:

Նիկոլ Փաշինյան

 
 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement