Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 19 au 20 mars
 

Արյունոտ Սուլթան Աբդուլ-Համիդի հոգեզավակները

19.03.2008, Երեւան

Առաջին պահին միայն ծիծաղի ու ծաղրի արժանի համարվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա քաղաքական թիմի կողմից հասարակության վրա հիպնոսի, հոգեբանական ներգործության միջոցների օգտագործման մասին, ինչը, իբր, զանգվածայինհոգեխանգարմանէ հասցրել հասարակության մեծ մասին: Քոչարյանա-սերժականհանճարիերկնած այս գյուտը իր բնական բացատրությունն ունի:

 

Նրանք չեն կարողանում համակերպվել հետեւյալ փաստի հետ. իրենք ամբողջ 10 տարի, իրենց անմիջական վերահսկողության տակ պահելով զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, հսկայական ծախսեր անելով, կաշառելով մտավորակության մեծ մասին, “գաղափարական աշխատանքիհեղեղով, բոլոր միջոցների գործադրմամբ չկարողացան հասնել անգամ 10 տոկոսին այն արդյունքի, ինչին Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ ընդամենը 4-5 ամսվա ընթացքում 5-6 հանրահավաքային ելույթով: Եւ եթե դրան որեւէ այսօրինակկախարդականբացատրություն էլ չգտնեին, ուրեմն ստիպված պետք է լինեին ընդունել, որ պատճառն այլ բան չէ, քան ինտելեկտուալ առումով Լեւոն Տեր-Պետրասյանի մի քանի հազար անգամ գերազանցությունը իրենց երկուսի նկատմամբ միասին վերցրած:

 

Բայց վերադառնանք քոչարյանասերժականհոգեներգործությանուհոգեխանգարմանգյուտի հետագա զարգացումներին, ինչը զարմանալի որոշակիությամբ բացահայտում է դրա ակունքները: Հաջորդ օրը, զարգացնելով գլխավոր դատախազի թեզը, “պետական հեղաշրջմանընդհանուր գործի հատուկ քննիչներից մեկը խոսեց այդօրինակ ներգործության միջոցներից մեկի` “նեյրո-լինգվիստական” (նյարդա-լեզվաբանական) մեթոդի մասին: Նա առանձնացրեց նման մոգական ազդեցություն ունեցող երեք բառ. “Հայրենիք”, “ընտանիք”, “հաղթել”, որոնք, իբր, “կոդավորվածեն եւ, հաճախ օգտագործվելով ելույթներում ու նախընտրական քարոզչական նյութերում, ահա, “հոգեխանգարմանեն հասցրել հասարակության մեծ մասին: Անշուշտ, այս գյուտն էլ սովորական քննիչի խելքի բանը չէր, եւ տվյալ բառացանկը նրան ուղարկվել էրվերեւից”:

 

Քոչարյանասերժական հանճարը, ինչպես պարզվում է, ամենեւին էլ էկզոտիկ եւ եզակի չէ իր դրսեւորումներում ու չի կարող հեղինակային իրավունքի հավակնել: Այն ունեցել է իր նախատիպը, որի հետ ուղղակի արյունակցական կապն ակնհայտ է: Մի քանի պատմաբաններ, միմյանցից անկախ, մեզ հիշեցրեցին ճիշտ նույնպիսի մի դրվագ, որ վերաբերում է 19-րդ դարի 90-ական թվականներին: Դա հետեւյալն է. 1894թ. Օսմանյան բռնապետության դեմ հերոսական Զեյթունի հերթական ապստամբությունից հետո արյունոտ սուլթան Աբդուլ-Համիդը նույնքան ահաբեկված էր, որքան այսօր Հայաստանում իշխող այս զույգը: Այդ ժամանկվա հնչակյան գործիչները անեկդոտանման պատմություն էին պատմում միմյանց, թե ինչպես սուլթանը ամեն օր քնելուց առաջ նախ ստուգում էր` հոթախտիտակ հնչակ ահաբեկիչ չկա՞: Եւ ահա, նույն այդ սուլթան Աբդուլ-Համիդը, այն ժամանակ իր հրամանագրով արգելեց հայերենումՀայաստան”, “Ազատություն”, “Եղբայրությունբառերի օգտագործումը` ճիշտ նույն կերպ համարելով, որկոդավորվածայդ բառերը հոգեներգործուն ազդեցություն են ունենում հայ զանգվածների վրա, նրանց հասցնում հոգեխանգարման` անհնազանդության, դրանով իսկ խախտում երկրի ներքին կայունությունը: Հայտնի է, օրինակ, որ Մ. Նալբանդյանի հայտնիԱզատությունբանաստեղծությունն այդ շրջանում որպեսզի տպագրվեր, “Ազատությունբառի փոխարեն դրվում էրԱշխատանքբառը:

 

Ինչպես դժվար չէ նկատել, սուլթան Աբդուլ-Համիդը կարծես թե ավելի խելոք է եղել, ավելի խորն է ուսումնասիրելնեյրո-լինգվիստիկանու ճիշտ է հասկացել, թե հատկապես որ բառերն են առավել վտանգավոր բռնապետական իշխանության համար: Դժվար չէ նկատել նաեւ, որ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արյունոտ սուլթանի արյունակից հոգեզավակներն են: Այնպես որ` Ռ. Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին խորհուրդ ենք տալիս ավելի հիմնավոր հետազոտել իրենց քաղաքական նախապապի թողած թանկարժեք ժառանգությունը:

 

Ագոն է գալիս

19.03.2008, Երեւան - Բրյուսել

Մարտի 30¬-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի խումբը` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Խմբի անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարների հետ: Ագոյի խումբը զբաղվում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգով:

Չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր” դիմելաձեւով

19.03.2008, Երեւան

Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ հավատացյալներ եւ սպասավորներ այսօր Գարեգին 2-րդ կաթողիկոսին հղել են մի նամակ, որում, մասնավորապես, նշվում է հետեւյալը.

 

“Ցավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհափառ Տեր”` Մայր Աթոռ ս. Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով: Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին պետությունից անջատված լինելու, “աշխարհիկ” գործերին չմիջամտելու եւ նմանօրինակ հնարավոր այլ բացատրություններն ու պատճառաբանությունները: Դրանք փարիսեցիական վատթարագույն օրինակներ են: Մեր պատմության մեջ միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական պատերազմները: Քանզի ամեն մի իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության քաղաղաքացին է, ուստիեւ իր պարտքը պետք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով: Առավել եւս` երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս` հովվապետին: Դարձյալ` մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:

 

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր, նույն խնդիրն է ըստ էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը, ազատազրկողը, լլկողը, սպանողը, այո°, սովորաբար օտարն է լինում: Սակայն դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն ունի նաեւ դրա, ճիշտ է` ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի նվաճողի վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է` նվաճվածին հնազանդ պահելու համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ ավելի զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու անհանդուրժելի: Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես ազգային-ազատագրական է, նույնքան սրբազան, իր բնույթով ու խնդիրներով նման Ավարայրին ու Սարդարապատին:

 

Մենք ոչինչ չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի սեփական երկրում, սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին հատուկ մի քաղաքականություն, ինչի հետեւանքով`

 

- ընչազուրկ էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր առատության մեջ.

- վախն ու սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.

- ստորացված, անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն ընչազուրկները, այլ նաեւ շատ թե քիչ ունեւորները.

- պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես ապրել չի կարող, եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.

- օրենքի փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.

- խաղաղ պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնակչույթունից տարեկան մի քանի տասնյակ հազար արտագաղթով:

 

Համեմատեք այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ 20-ի սկզբում Օսման կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի: Պակասում է 1915 թվականի եղեռնն ու ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը, իսկ տասնյակ ցինիկ ու անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան ջա՞րդը, խաղաղ ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է ամեն մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը երկրի կորուստն էր` բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են նրանք, ում քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով մի իրական, իր հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է իրականացվում Հայաստանում ահա 10 տարի:

Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին միլիոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու` հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին: Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ, ազգային-ազատագրական է, մեզ համար` նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների հսկա մի աղբալեռ: Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի կողքին չեղաք` փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք` դավաճանաբար: Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին` իր տարած կեղծ հաղթանակի համար:

 

Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել “Վեհապառ տեր” հորջորջմամբ:

 

Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն ենք թողնում սեփական ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը: Հակառակ դեպքում այդ մեղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:”

 

Ո՞ւմ վրա է հղում անում Լարիսկան

19.03.2008, Երեւան

Երկու օր առաջ հրավիրված հայտնի մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ  Քոչարյանի Լարիսկա կլիչկայով հայտնի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե Հանրային կոչվող հեռուստաըներության “Հայլուր” լրատվականը ամենաբարձր ռեյտինգ ունեցող հաղորդումներից է, եւ անգամ հայտարարել է, թե այդ հաղորդումը 85 տոկոս ռեյտինգ ունի: Սողոմոնյանը նաեւ ինչ-ինչ հայտնի ընկերության անուններ է տվել, որոնք էլ ռեյտինգավորում են իրականացնում Հայաստանում: Որպեսզի հանրահայտ Լարիսկան ինքն էլ չսկսի հավատալ իր ասածներին, ներկայացնենք այն տեղեկությունները, որ կա մեր ձեռքի տակ` կապված Հայաստանում ռեյտինգավորում իրականացնող ընկերությունների հետ: Նախ նշենք, որ Հայաստանում նման 2 ընկերություն կա միայն: Առաջինը կոչվում է GFK, որը պատկանում է Սերժի փեսա Միշիկին, եւ որի տնօրենն է “Jazzve” ընկերության նախկին մենեջեր Տիգրան Սաֆարյանը: Երկրորդ ընկերությունը կոչվում է “AGB NEILSN Armenia”, սա էլ գտնվում է հոկտեմբերի 27-ի գործով անցնող, հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի վերահսկողության տակ: Ահա սրանք են այն ընկերությունները, որոնց վրա հղում է անում Վիկտորը: Զարմանալին այն է միայն, որ անգամ Սերժիկի եւ Ռոբիկի անձնական օգտագործման այս ընկերությունները Սերժիկի եւ Ռոբիկի անձնական օգտագործման “Հայլուրի” համար հազիվ 85 տոկոս ռեյտինգ են կրակում, եւ ոչ թե 100:  

 

ԵԽԽվ-ն մտահոգված է

19.03.2008, Երեւան - Բրյուսել

Եվրախորհրդի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում երեկ կայացած հանդիպման ժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանում ավելի քան 100 մարդու կալանավորման եւ այդ կալանքների իրականացման պայմանների առնչությամբ: Հանձնաժողովի կարծիքով, ընդդիմության մեծ թվով առաջնորդների եւ խորհրդարանի երեք պատգամավորների կալանավորումը անխուսափելիորեն ընկալվում է որպես իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ բռնություններ եւ չի նպաստի Հայաստանում լարվածության թուլացմանը: Հանձնաժողովը բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ լարվածությունը մեծացնող որեւէ գործողությունից եւ ներգրավվել ներկայիս ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրական երկխոսության մեջ:

 

Հաղորդագրության համաձայն, հանձնաժողովը իր բանագնաց Ջոն Պրեսկոտից տեղեկացել է մարտի 7-8-ը Երեւանում նրա իրականացրած փաստահավաք առաքելության հիմնական եզրակացություններին եւ կոչ է արել բոլոր կողմերին ընդունել Պրեսկոտի առաջարկները` ուղղված ներկայիս ճգնաժամի հաղթահարմանը: Այդ առաջարկներից են, մասնավորապես, նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի ճանաչումը, արտակարգ դրության վերացումը եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնումը, ազատազրկված այն ակտիվիստների ազատ արձակումը, որոնք բռնություններ չեն գործել, մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննության նախաձեռնումը եւ ընթացող քննության դիտարկումը:

Ջոն Պրեսկոտը նաեւ առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն նախաձեռնել հետեւյալ բնագավառներում` ընտրական միջավայրի բարեփոխում` վերականգնելու համար ընտրությունների անցկացման եւ արդյունքների նկատմամբ հասարակական վստահությունը, քաղաքական համակարգի բարեփոխում` որոշումների կայացման գործընթացում եւ երկրի կառավարման մեջ ընդդիմությանը պատշաճ տեղ հատկացնելու հեռանկարով, եւ լրատվամիջոցների բարեփոխում, հատկապես` ուղղված իրապես անկախ հանրային հեռարձակողի ստեղծմանը: Մոնիտորինգի հանձնաժողովը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունը կարող է նախաձեռնվել “կլոր սեղանների” ձեւով` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո:

Հանձնաժողովը ողջունել է նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 14-18-ը կայանալիք նստաշրջանում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու` Վեհաժողովի քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկը:

 

Դրամահավաք ԳԱԼԱ-ն փրկելու համար

19.03.2008, Երեւան - Գյումրի

Այսօր առավոտյան Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը: Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի տարածած հայտարարության համաձայն, “հեռուստամարաթոնի նպատակն է` մեկ օրվա ընթացքում հավաքել 25 միլիոն 665 հազար 100 դրամ”: Սա այն գումարն է, որը պահանջում են հեռուստաընկերությունից Հայաստանի հարկային մարմինները: Այսօր օրվա երկրորդ կեսին Գյումրիի դատարանում հրապարակվելու է ԳԱԼԱ հեռուստաընկերության գործով վճիռը:

Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի հաղորդագրության մեջ ասված է. - “Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչը շատ հավանական է, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով հեռուստաընկերությունը կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզիան, որի գործողության ժամկետը սպառվում է 2012 թվականին”:

 

Կամայականությունների հնարավորություն տվող օրենք

19.03.2008, Երեւան

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ զանգվածային միջոցառումների մասին օրենքի` այս շաբաթ ընդունված փոփոխությունները, որոնք սահմանափակում են հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը, հակասահմանադրական են: Նրա խոսքերով “ակնհայտ է, որ այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս կամայականորեն արգելել ցանկացած հանրահավաք”:

“Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով հնարավոր չէ հաղթահարել այս ճգնաժամը: Առաջին հերթին, պետք է պատասխանատվության ենթարկել կեղծարարներին եւ բռնարարքներ իրականացրած անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, տարանջատել քրեական հանցագործություններ կատարած անձանց իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող մարդկանցից: Եվ անկասկած, պետք է անցկացվի մարտի 1¬-ին կատարվածի անկախ միջազգային հետաքննություն”,¬ - ասել է Դեմիրճյանը: Նա նաեւ հայտնել է, որ իր կուսակցության որեւէ անդամ ձերբակալված եւ կալանավորված չէ, սակայն “շատերին հրավիրում են ոստիկանություն, զրույցներ են տեղի ունենում` հիմնական նպատակն այն է, որ մարդիկ չմասնակցեն առաջիկա հանրահավաքներին”:

 

Փաստացի արգելված կուսակցություն

19.03.2008, Երեւան

“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը այսօր “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ կուսակցությունը “փաստացի արգելված է”: “Որեւիցե մեկը թող իլյուզիաներ չունենա, թե Հայաստանում այս ռեժիմի օրոք կուսակցություններ չեն արգելվել”,-նշել է Զեյնալյանը` փաստարկելով.-”Եթե փաստացի քաղխորհրդի անդամների մի զգալի մասը ազատազրկված է` եւ քաղաքական հոդվածներով է ազատազրկված, հետեւաբար այդ կուսակցությունը փաստացի արգելված է: Դա արվում է նրա համար, որ կուսակցությունը չգործի”: Կալանավորված են “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի 3 անդամներ` Սմբատ Այվազյանը, Սուրեն Սուրենյանցը եւ Գեղամ Հարությունյանը: Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ քաղխորհրդի մյուս անդամներից Սուրեն Աբրահամյանը եւ Ռաֆիկ Մկրտչյանը թաքնվում են: Զեյնալյանի խոսքերով, ազատազրկման մեջ են նաեւ կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ անդամներ. - “Կան մարդիկ, ում տեղը չգիտենք, կամ կապը կորած է, որոնք գտնվում են ընդհատակում, որպեսզի չհայտնվեն ազատազրկման մեջ: Նրանց շարքում է նաեւ Արամ Սարգսյանը”: “Որեւիցե մեկս երաշխիք չունենք, որ այս իշխանությունների պարագայում չի հայտնվի ճաղավանդակների այն կողմում: Համոզված ենք, որ եթե Արամ Սարգսյանը ընդհատակում չլինի, անպայման կազատազրկեն”, - եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

 

Շվեդները անհանգստացած են Հայաստանում ստեղծված իրավիճակից

19.03.2008, Երեւան - Ստոկհոլմ

Շվեդիայի խորհրդարանի Ձախերի կուսակցությունը օրերս հանդես է եկել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ: Ձախերի կարծիքով, Շվեդիան պետք է միջոցներ ձեռնարկի Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ իրականացվող հանցանքի դեմ: Այդ կապակցությամբ Ձախերի կուսակցությունը օրերս տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. “Վերջերս Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնք անկախ դիտորդների կողմից նկարագրվում են որպես ոչ դեմոկրատական: Ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրյալ վարչապետ Սերժ Սարգսյանը ճանաչվեց հաղթող: Սա հայտարարելուց հետո մեծ թվով ցույցեր տեղի ունեցան մայրաքաղաք Երեւանում: Ռեժիմը որոշեց բռնությամբ ճնշել խախաղ բողոքը,  որպեսզի լռեցնի ցուցարարներին: Արտակարգ դրություն հայտարարվեց, շատ պատգամավորներ եւ ընդդիմության առաջնորդներ են ձերբակալվել: Պատկերը ծանոթ է անցյալ տարվա խորհրդարանային ընտրություններից, երբ նախագահը փակեց անկախ լրատվությունը: Շվեդիայի լրատվության եւ քաղաքական գործիչների շրջանում Հայաստանի վերաբերյալ տեղեկացվացությունը սարսափեցնելու աստիճան քիչ է: Իրավիճակը շատ անհանգստացնող է: Լրատվությունը չափազանց խիստ հսկողության տակ է: Որսում են լրագրողներին, ձերբակալում են պատգամավորների եւ բանտարկում ընդդիմության առաջնորդներին: Մենք ցանկանում ենք ընդլայնել տեղեկացվածությունը եւ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ քննարկում անցկացնել: Միաժամանակ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացած է Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսի վրա, Հայաստանն ամբողջովին մոռացվել է, որտեղ իրավիճակն առնվազն նույնչափ վատ է: Նույնիսկ մեր երկրում Հայաստանը շարունակում է մնալ թե քաղաքական, եւ թե լրատվական ստվերում: Բացի այդ այս տարվանից սկսած Շվեդիան դադարեցրել է իր օժանդակությունը այդ երկրին: Դա կատարվում է այն ժամանակ, երբ, ընդհակառակն, չափազանց կարեւոր է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան եւ շվեդական կառավարությունը օգնեն եւ աջակցեն ժողովրդավարական ուժերին, որոնք չնայած այս ամենին գոյություն ունեն երկրում: Ձախ կուսակցությունը պահանջում է, որ Շվեդիան հստակորեն դատապարտի Հայաստանում օրեցօր տեղի ունեցող ոտնձգությունները: Շվեդիան պետք է ստիպի Հայաստանի կառավարությանը վերջ տալ բռնություններին եւ ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները ոտնահարելուն: Մարդու իրավունքները պետք է անվերապահորեն հարգվեն, իսկ Հայաստանի կառավարությունը չպետք է բացառություն լինի: Այն հաշվետվությունները, որոնք օրեցօր ստանում ենք Հայաստանից, ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ մի կերպ կառավարելի չէ: Հայաստանի ռեժիմի կողմից ընդդիմության նկատմամբ կատարվող մշտական գրոհումներից պարզ է դառնում, թե մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը որքան քիչ են հարգված: Պարզապես անընդունելի է, որ Շվեդիան լուռ է նույնիսկ այս իրավիճակում”:

 

Համատեղ ուժերով ընդդեմ 53 տոկոսանոց բռնապետների

19.03.2008, Երեւան - Մոսկվա

Ռուսական “Նեզավիսիմայա գազետա” պարբերականը երեկ հրապարակել է մի հոդված, որում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” օրենքի մեջ, որը փաստացի սահմանափակում է  քաղաքացիների` հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու իրավունքը: Ըստ հոդվածագրի, նոր օրենքը պրակտիկորեն արգելում է իշխանությունների դեմ որեւէ բողոքի ակցիայի անցկացումը:, քանզի դրանց անցկացման հնարավորությունը նախապես պետք է որոշեն հենց իշխանությունները:Ի դեպ, պարբերականը նշում է, որ 6 պատգամավորներ, որոնցից 5-ը ներկայացնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն անցած ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցությունը, նոր օրենքը անվանել են “դրակոնյան”: “Նեզավիսիմայա գազետա”-ն գրում է, որ նոր օրենքի էությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում բողոքի ակցիայի անցկացման պայմանները կրում էին իրազեկիչ բնույթ, ապա այժմ իրավասու մարմինները դիմողից ինչ-որ ակցիայի իրականացնելու մասին իրազեկում ստանալու դեպքում կարող են մերժել, ընդ որում, նույնիսկ պատճառների ցուցակը, որոնց հիման վրա կարող է հիմնավորվել մերժումը, այնքան մեծ է, որ ինչ որ բանից “կախվել” իշխանությունների համար դժվարություն չի ներկայացնի:

 

Միաժամանակ, “Նեզավիսիմայա գազետա”-ն գրում է, որ երեքշաբթի օրվանից Վաշինգտոնում տեղի հայերը` ի նշան իրենց պատմական հայրենիքում նախագահական ընտրություններից հետո ստեղծված վիճակի, ցույց են կազմակերպել:Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ-ում գտնվող վրացի գրող Իրակլի Կակաբաձեն “Նեզավիսիմայա գազետա”-ին տեղեկացրել է, որ հայերին միանալու են նաեւ վրացական համայնքի ներկայացուցիչները: Այդ կապակցությամբ Կակաբաձեն “Նեզավիսիմայա գազետա”-ին ասել է հետեւյալը.”Հայաստանում եւ Վրաստանում կառավարում են 53 տոկոսանոց  բռնապետները (պաշտոնական տվյալներով ընտրություններում մոտավորապես հենց այդքան ձայն են ստացել Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին): Համատեղ ուժերով պետք է պայքարենք Հարավային Կովկասում հաստատված բռնապետության դեմ”:

 

Օմբուդսմենի գրասենյակի ստուգայցերից

19.03.2008, Երեւան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության համաձայն մարտի 14-ից 17-ը օմբուդսմենի հանձնարարությամբ աշխատանքային խմբերը այցելել են “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույց ունեցել երկու տասնյակից ավել կալանավորների հետ: Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները զրուցել են մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված կալանավորների հետ: Ըստ առանձնազրույցների արդյունքում կազմված եզրակացության, կալանավորները հիմնականում փաստել են, որ իրենք հետապնդվում են քաղաքական հայացքների համար, իսկ իրենց առաջադրված մեղադրանքները անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում: “Նուբարաշեն” ՔԿՀ-ում օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների հետ առանձնազրույց ունեցած անձանցից միայն երկուսն են հայտնել իրենց նկատմամբ բռնություններ կիրառելու եւ իրենց խոշտանգելու մասին: Ի դեպ, քաղբանտարկյալներից մեկը հաշմանդամ է. խուլ ու համր:

ՄԻ գրասենյակի աշխատակիցները այցելել են նաեւ “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկ որտեղ հանդիպել եւ առանձնազրույց են ունեցել տաս կալանավորների հետ, որոնք անազատության մեջ են գտնվում քաղաքական դրդապատճառներով: Ի դեպ, նրանցից մեկը տեղեկացրել է, որ իրեն մարտի 1-ին ոստիկանություն բերման ենթարկելիս խոշտանգել են: Նա այդ մասին պաշտոնապես հայտարարություն է տվել: Ոստիկանները ստիպված են եղել նրան դատաբժշկի ուղեգիր տալ, սակայն, դատաբժիշկը ի հայտ է եկել տաս օր անց, այսինքն այնքան ուշ, որպեսզի կալանավորի մարմնական վնասվածքների հետքերը գործնականում վերացած լինեն:


Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը

 

Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական հզորության ցուցադրումով, իսկ 2004-ին` ֆիզիկական ուժով, վերագտավ իր ձայնը երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով:

Այդ օրը մոտ 10.000 մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու նախկին նախագահի առաջին հրապարակային ելույթը 1998-ի փետրվարին հրաժարական տալուց հետո: Այդ մարդկանց համար, ում թիվը հաջորդ չորս ամիսների ընթացքում անշեղորեն աճում էր, Տեր-Պետրոսյանի վերադարձը նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի 10 տարիների ընթացքում անընդհատ ծանրացող ճնշման լծից ազատվելու հույսի ազդանշան էր: Շատերն էլ, կարծես, պատրաստ էին ռիսկի դիմելու` հուսալով, որ Տեր-Պետրոսյանը չի վերադառնա նախագահության ժամանակների ճնշման իր հին սովորույթներին:

Շատերն էին պատրաստ հուսալու:

Սակայն այդ հույսը ներկայացվեց ատելության քարոզչությամբ` հոկտեմբերի 26-ից ընդհուպ մինչև ընտրության օրը` փետրվարի 19-ը, և մինչև գարնան առաջին արյունոտ օրը: Գալիք հինգ տարվա համոզիչ ծրագիր ներկայացնելու փոխարեն Տեր-Պետրոսյանը ապավինեց հուզական ելույթներին` մեղադրելով ներկա վարչախմբին «Հայաստանը բարոյազրկելու» մեջ: Վերադառնալով քաղաքական ասպարեզ` երկրի նախկին ղեկավարը նոր բառով որակեց Քոչարյանի գլխավորած չարիքի բուրգը` «ավազակապետություն»:

Ուժերի համախմբումը սկսվեց հոկտեմբերի 26-ին
Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը շարունակեց աճել նույնիսկ վիճահարույց ընտրություններից հետո, որում, իր հավաստմամբ, հաղթել էր ձայների տպավորիչ 65 տոկոսով: Իր ընտրության օրինականությունը ցույց տալու նպատակով ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում հսկայական բազմություն հավաքեց, սակայն ավտոբուսներով մարզերից հարկադիր բերված քաղաքացիներից շատերը լքեցին Սարգսյանի հանրահավաքը, որպեսզի լսեն Տեր-Պետրոսյանի ելույթը: Կեղծիքներով ու բռնություններով անցած ու Սարգսյանին հաղթանակ բերած ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց դա անհնազանդության ցուցադրում էր, որը, անշուշտ, պետք է առաջ բերեր ընտրված նախագահի մտահոգությունը, և հուժկու աջակցություն էր Տեր-Պետրոսյանին:

Ընտրության օրվա կեղծիքների շարանը, կարծես, հաստատում էր Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Սարգսյանն ընդամենը ավազակ է` օժտված չափազանց մեծ իշխանությամբ: Ամբողջ Հայաստանով մեկ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամներին մեղադրում էին ընտրախախտումների մեջ` քվեատուփերի լցոնումներից մինչև բռնաբարության սպառնալիքները:

Սակայն ըստ պաշտոնական տվյալների` ձայների 52,8 տոկոսը ստացած Սարգսյանին քաջալերեց միջազգային մարմինների աջակցությունը, առաջին հերթին` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որը, ի զարմանս նույնիսկ սեփական դիտորդների, հավանություն տվեց ընտրություններին: Մարտի 2-ին պարզ դարձավ, որ միջազգային կառույցները զղջում են ցույց տված աջակցության համար:

Փետրվարի 19-ին հաջորդեցին զարմանալիորեն խանդավառ ընդդիմության ամենօրյա բողոքի ցույցերը, որոնք գագաթնակետին հասան փետրվարի 26-ին, երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թիվը բացահայտորեն գերազանցեց Սարգսյանի ու նրա կողմնակիցների հավաքագրած բազմությանը, թեև ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների` Տեր-Պետրոսյանը ստացել էր Սարգսյանի ստացած ձայների կեսից էլ քիչը` մոտ 21 տոկոս: Այս մարդիկ փողոց էին դուրս եկել ոչ այնքան Տեր-Պետրոսյանին սատարելու համար, որքան ի նշան բողոքի, որ իրենց քվեաթերթիկներն առանց ճշտելու հավաքել ու լցրել են Սարգսյանի պարկը:

Նրանց բարձրագոչ վանկարկումների ուղերձը բացահայտեց այդ մարդկանց ցանկությունը` ոչ թե անձի, այլ ինստիտուցիոնալ փոփոխություններ: «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներին ավելի ու ավելի հաճախ միախառնվում էին «Ազատությո~ւն» կրքոտ կոչերը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ականատես էր եղել զանգվածային դժգոհության մեկ այլ առիթով, երբ 2003-ին պահպանեց իր իշխանությունը` հակառակ ընտրախախտումների մեղադրանքներին: Մի քանի օր շարունակ թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները բողոքում էին, մինչև տեղի տվեցին հյուծվածության ու համոզմունքի բացակայության պատճառով:

Փետրվարի 26-ին Տեր-Պետրոսյանի հանրահավաքն ավելի մեծաթիվ էր, քանի Սարգսյանինը
Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր. ցուրտ ձմեռով առավել նվիրվածները գիշերում էին Ազատության հրապարակում` իրենց համերաշխությունը ցույց տալու Տեր-Պետրոսյանին կամ առնվազն նրա ներկայացրած հնարավորությանը: Նախկին նախագահը հրապարակում քնողների հետ էր, թեև գիշերում էր ոչ թե վրանում, այլ իր «Լինքոլն թաունքար» ավտոմեքենայի հարաբերական հարմարության ու անվտանգության մեջ: Գիշերով աճում էր վրանաքաղաքը, իսկ ցերեկով` հանրահավաքները, մինչև Քոչարյանն իրեն հարկադրված զգաց վերացնելու ընտրությունների լեգիտիմության ուժ հավաքող մարտահրավերը` խոստանալով սահուն վերադարձ կյանքի բնականոն հուն և իշխանության նկատմամբ իր կառավարության անառարկելի լիազորության վերականգնում:

«Սիրելի ժողովուրդ, գործիք մի դարձեք անպատասխանատու քաղաքական գործիչների ձեռքին: Դա ձեր խաղը չէ, դուք այդ խաղում չեք շահելու, միայն տանուլ եք տալու, ու տանուլ է տալու երկիրը»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին` իր հեռուստաելույթում ասաց Քոչարյանը: Նա նաև վճռականություն հայտնեց կարգ հաստատելու համար դիմել «Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքներին»:

Իսկ երբ մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Արմեն Հարությունյանը քննադատեց ուժի կիրառումը Քոչարյանի կողմից, նախագահն արձագանքեց` խորհուրդ տալով օմբուդսմենին հիշել, որ ինքը Ստրասբուրգում չէ (որտեղ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը):

Համառորեն պնդելով ապրիլի 9-ին իրեն սպասող աթոռը գրավելու իրավունքը` Քոչարյանի աջակցությունը վայելող ընտրված նախագահ Սարգսյանը փոխզիջման առաջարկ արեց` կոչ անելով երկխոսություն սկսել ու կոալիցիոն կառավարություն ստեղծել: Թե որքանով էր այդ առաջարկն անկեղծ, պարզել չհաջողվեց, քանի որ Տեր-Պետրոսյանն իր հակառակորդի առաջարկն ընդունեց ծաղրանքով ու վիրավորանքով` հայտարարելով, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես իրավունք չուներ առաջադրվելու (քանի որ չէր բավարարում քաղաքացիության պահանջը), և ասելով, որ ինքը չի բանակցի օրինախախտների հետ:

Շարունակելով իշխանություններին սևացնելու իր քարոզարշավը` Տեր-Պետրոսյանը նաև դիմեց Սահմանադրական դատարան, որն իրավասու էր բեկանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Սարգսյանին նախագահ հռչակած որոշումը:

Ազատության հրապարակը վերածվել էր վրանաքաղաքի
Մինչ նախագահի մյուս թեկնածուները (առաջադրվել է ընդամենը 8 թեկնածու) մեղմացրին իրենց դիրքորոշումները` սահմանափակվելով իրենց քվեները գողանալու մասին հայտարարություններով, ուշադրության կենտրոնում հայտնվեց «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը (ընտրություններում նա ստացավ ձայների 16 տոկոսը), որը հրաժարվեց սատարել Տեր-Պետրոսյանին` փոխարենը ցուցաբերելով երիտասարդ ու հավակնոտ քաղաքական գործչի հատկանիշներ, որը ձգտում է լավ գործարքի ու ապագայի:

Նախագահական քարոզարշավից առաջ 39-ամյա պատգամավոր Բաղդասարյանը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում 2006-ի ձմռանը, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ռեստորաններից մեկում նա հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ և փորձել ապահովել Մեծ Բրիտանիայի աջակցությունը ընդդիմությանը 2007-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ խոսակցությունը ձայնագրվել է գաղտնի լսասարքով մի ռեստորանում, որտեղ հաճախ էր լինում ընդդիմադիր դարձած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (ներկայումս նա փախուստի մեջ է` խուսափելով մարտի 1-ի իրադարձություններին առնչվող մեղադրանքներից):

Այդ հանդիպման ժամանակ դեռևս շարունակվում էին Բաղդասարյանի տարաձայնությունները Քոչարյանի հետ, որոնք հանգեցրել էին նրա հրաժարականին խորհրդարանի խոսնակի հզոր պաշտոնից ու դարձրել Հայաստանի այն ժամանակ տկար ընդդիմության դեֆակտո առաջնորդը:

Բաղդասարյանի ու Քոչարյանի միջև թշնամանքի այդ օրերին նախագահը պատգամավորին անվանեց «դավաճան», որը եթե մի անգամ դավաճանել է իր երկրին (նման հարցեր քննարկելով օտարերկրյա դիվանագետի հետ), ապա կդավաճանի կրկին:

Շաբաթ ցերեկով պարզ դարձավ, որ առճակատումն անխուսափելի է
Այդուհանդերձ, այս տարվա փետրվարի 29-ին` մայրաքաղաքի փողոցներ զինվորական ուժեր դուրս բերելու նախօրեին, Սարգսյանը Բաղդասարյանին նշանակեց «դավաճանին» ոչ այնքան վայել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին: Բաղդասարյանի աշխատասենյակին դեռ նոր ցուցանակ չէին հասցրել փակցնել, երբ Հայաստանի առջև ծառացավ ամենամեծ ներքին ճգնաժամը, որը, շատերի կարծիքով, ավելի լուրջ է, քան նույնիսկ 1999-ի խորհրդարանի գնդակահարությունը, որին զոհ գնացին բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ` վարչապետը:

Քաղաքական առումով թափառիկ Բաղդասարյանը վերադարձավ իշխանություն, գործարքները կնքվեցին, ու ամեն ինչ վերջացավ, ինչպես և այն ութ մարդու համար, ովքեր այլևս չեն տեսնի, թե ինչպես է գարուն գալիս իրենց երկիր, որ չեն իմանա` արդյո՞ք դրան հետևեց ժողովրդավարությունը:

Դաժան արևածագ

Երևանի կենտրոնում գտնվող հարյուրավոր մարդկանց համար գալիք բռնությունների ազդանշանը եկավ ավտոքարշերի ու ոստիկանական մեքենաների ձայնի հետ: Ժամը 7:30-ի մոտ քաղաքի կենտրոնական Մաշտոցի պողոտայում ավտոքարշերի շքերթ էր, որոնք Ազատության հրապարակի մերձակայքից հեռացնում էին այնտեղ կայանված ավտոմեքենաները:

Հեռացված ավտոմեքենաների տեղը գրավեցին ուս ուսի տված ոստիկանները: Աղմուկի վրա հավաքված մարդիկ ականատես եղան մի տեսարանի, որը հիշեցնում էր տոնավաճառ, որի անհոգ կազմակերպիչներն ամեն ինչ թափած` թողել ու հեռացել էին: Կոմպոզիտոր Սպենդիարյանի ու գրող Թումանյանի արձանների միջև թափված էին բազմագույն վրանները, որոնք բավականաչափ ամուր չէին, որ պաշտպանեին իրենց բնակիչներին այդ առավոտվա «տեղումներից»:

Վրանների մոտ 700 բնակիչների թվում էին նաև երեք եղբայրներ ու նրանց հայրը:

Նախագահը խոստացել էր չընկրկել ապստամբների առջև
Ընտանիքի բոլոր անդամները լավ կրթություն են ստացել, խոսում են մի քանի լեզուներով, նրանցից մեկն աշխատել է ՄԱԿ-ում: Նրանք քվեարկել են ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ Վազգեն Մանուկյանի օգտին, որը փետրվարի 19-ին ստացել է ձայների ընդամենը 1,3 տոկոսը:

Եղբայրները հայտնեցին «ԱրմենիաՆաուին», որ միացել են Ազատության հրապարակի նստացույցին, որովհետև Տեր-Պետրոսյանի մեջ տեսել են այն «գործիքը», որի միջոցով կարելի է դրական փոփոխություն կատարել:

Եղբայրներն ասում են, որ Ազատության հրապարակում անցկացրած 10 օրում ոչ մի անգամ զենք չեն տեսել, քանի որ Տեր-Պետրոսյանն ինքն էր պնդել, որ բազմությունը պետք է խաղաղ լինի:

«Նույնիսկ առաջին հանրահավաքի ժամանակ (փետրվարի 20-ին) բազմությունը վանկարկում էր «հի-մա, հի-մա»` կոչ անելով Տեր-Պետրոսյանին գլխավորել հեղափոխությունը,- հիշում է եղբայրներից մեկը: - Բայց նա դադարեցրեց այդ կոչերը` ասելով, որ փոփոխությունները պետք է իրականացվեն խաղաղ ճանապարհով»:

Նրանք ասում են, որ ամեն գիշեր Ազատության հրապարակում նախազգուշացումներ էին լինում, թե ոստիկանությունը ցրելու է մարդկանց, և նույնիսկ այդ շաբաթ առավոտյան` ժամը 6-ի մոտ, երբ ոստիկաններ երևացին, Տեր-Պետրոսյանը կանգնեց Օպերայի շենքի հարթակին և հորդորեց մարդկանց շփման մեջ չմտնել ոստիկանների հետ: Նրանց հավաստմամբ` երբ ոստիկաններն անցան «գրոհի», Տեր-Պետրոսյանը կոչ էր անում նրանց վնաս չհասցնել բազմության մեջ եղած կանանց:

Եղբայրներն ասում են, որ մարդիկ վախեցան ու սկսեցին պաշտպանվելու միջոցներ փնտրել` կոտրելով զբոսայգու նստարաններն ու զինվելով փայտերով:

«Նախազգուշացման մի խոսք անգամ չեղավ, ոստիկանները պարզապես վրա տվեցին ու սկսեցին ծեծել»:

Կիրակի առավոտյան
Եղբայրներն ու նրանց հայրը վազել են դեպի Հյուսիսային պողոտա, սակայն մթության մեջ չեն տեսել «Ատլանտիկ» սրճարանը երիզող ծառերն ու հայտնվել են փակուղում: Հարյուրավոր մարդկանց նման նրանք էլ են ծեծվել: Նրանցից մեկը կորցրել է գիտակցությունը, հետո նրա գլխին վեց կար են դրել:

Եղբայրները կարծում են, որ իշխանությունների հաշվարկով` ոստիկանության գործողություններն ու ընդդիմության իմիջին հասցված վնասը պետք է ազդեր Սահմանադրական դատարանի վրա, որին Տեր-Պետրոսյանը դիմել էր ընտրությունների արդյունքները անվավեր համարելու պահանջով:

Նրանք նաև ասում են, որ հակառակ իշխանությունների տված գնահատականներին, սա չտեղեկացված ու անհասկացող մարդկանցից կազմված ընդդիմություն չէ:

«Սրանք մարգինալացված մարդիկ չեն,- ասում է եղբայրներից մեկը: - Կա որակական մեծամասնություն, որը հիմա դեմ է իշխանություններին: Սա կարևոր է: Այս պայքարի առանցքում ոչ թե Տեր-Պետրոսյանն է` որպես անձ, այլ ազատությունն ու արդարությունը»:

Ազատություն: Արդարություն: Պետական կարգ: Զայրույթ: Կոռուպցիա: Պատմություն: Այս և շատ այլ բաներ ընդհարվեցին այդ մոտ կես ժամանոց բախման ընթացքում, որին հաջորդեց Արյունոտ շաբաթվա անհանգիստ անդորրը:

Ցնցված ոստիկանները, որոնք ամսական մոտ 250 դոլար աշխատավարձ են ստանում, նստած ծխում էին` ձեռքներին այն կոտրված փայտի կտորները, որ նրանց վերադասները հետո պիտի ներկայացնեին որպես ծրագրված պետական հեղաշրջման զենքեր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանի դիմաց շարվել են զինվոր տղաներ, որոնք պետք է, անհրաժեշտության դեպքում, իրենց սուսերով պարը պարեն: Նրանք «բարի լույս» են ասում անցորդներին ու վանդակից դուրս թողնված շան ձագերի նման նրանց դեմքերին չկա ոչ մի նշան, որ պատկերացում ունեն, թե ինչպես է ավարտվելու այդ օրը:

Ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանին նախագահի անվտանգության ծառայությունը տարել է իր առանձնատուն, որտեղ մինչև հիմա պահվում է փաստացի տնային կալանքի տակ, որը, իշխանությունների հավաստմամբ, կվերացվի, հենց որ Տեր-Պետրոսյանը հրաժարվի պետական պաշտպանության իր իրավունքից: Նրա հետևորդներից մոտ 100-ն այսօր բանտերում են, ավելի մեծ թվով մարդիկ կալանված են, ուրիշներն էլ փախուստի մեջ են: Նախկին նախագահը, որը գիտնական է, անշուշտ, գիտակցում է սեփական անելանելի վիճակի ողջ բարդությունը:

Այդ առավոտ շատերն ընկան հիվանդանոց, այդ թվում` իրավապահներ: Շատ բողոքավորներ, ինչպես եղբայրներից մեկը, որի գլուխը պատռվել էր, ձերբակալության վախից հիվանդանոց չէին գնում: Ասում են, որ իրենց ծանոթներից մեկին ձերբակալել են միայն նրա համար, որ վիրավորների համար շտապօգնություն է կանչել: Բազմաթիվ մարդկանց ծեծել են, հետապնդել, էլեկտրաշոկել` ստիպելով փախչել ուր կարողացել են: Ոմանց հետապնդել են հրապարակից մոտ մեկուկես կիլոմետր հեռու:

Սակայն ոչ ոք չի սպանվել: Չի սպանվել նաև նրանց դիմադրությունը սնող զայրույթը:

Անհանգստության ու հարցերի ցերեկ

Ազատության հրապարակում տեղի ունեցած «քաղաքական զտման» մասին լուրերի հետ տարածվեցին նաև վերախմբավորման կոչերը: Հազարավոր մարդիկ հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ նրանց միացան Հայաստանի Հանրապետության օմբուդսմենը, «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը (որը դանակահարվել է` փորձելով կասեցնել մի ընդհարում): Այնտեղ կուտակվել են նաև ոստիկաններ, հատուկ ուժեր, զորք:

Ժամը 15-ի սահմաններում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Երևանի քաղաքապետարանի մոտ` Խորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի դիմաց:

Ոստիկանի հուղարկավորությունը նաև կոչ էր` ի զեն
Նրանք տրոլեյբուսներով բարիկադներ էին սարքում, որպեսզի պաշտպանվեն հակառակորդից` հատուկ հանդերձավորված ոստիկաններից, «ԱԿ-47» ինքնաձիգներով զինված զինվորներից ու հատուկ հրացաններով դիպուկահարներից: Ղեկավարներից մեկը հորդորում է մարդկանց խուսափել իրավապահների հետ շփումից: Մեկ ուրիշը սակայն հիշեցնում է, որ առավոտվա դեպքերը ցույց են տալիս, որ հարկավոր է պատրաստվել պաշտպանության:

Մոտակա շինհրապարակներից փայտեր ու ձողեր են հավաքում: Ամերիկահայ միլիարդատիրոջ միջոցներով իրականացվող քաղաքի կառուցապատման ծրագրով կառուցված մայթերից հանած սալիկների ռազմավարական պաշար են ստեղծում, որ պահում են զբոսայգիների վառ գույներով ներկված նստարաններից սարքած զինապահեստներում:

Մոտակա խանութներում վերջանում են երշիկը, հացն ու շշալցված ջուրը: Մարդիկ պատրաստվում են գիշերվա, որն ավարտվեց ավելի շուտ, քան ենթադրում էին:

Ժամը 21:00-ի սահմաններում բարիկադների վրայով զինվորների վրա նետում են Մոլոտովի կոկտեյլներ (դյուրավառ հեղուկով լցված շշեր, որ այդպես են կոչվել Ստալինի զինակցի անունով, որն օգնել է բռնապետին իրականացնելու իր Մեծ զտումը): Մի կողմն ասում է, որ առաջինը նետեցին շշերը, մյուս կողմն ասում է, որ դրանք ընդդիմադիրների պատասխանն էին ժողովրդի վրա արձակված կրակոցներին: Ինչ էլ որ լինի ճշմարտությունը, դրանով սկսվեցին ջարդի ու մահվան մեկ ժամն ու քաղաքացիների խորհրդային ոճի հետապնդումների շաբաթները, որ միջազգային համբավ ունեցող «Քրիշչն սայընս մոնիթոր» օրաթերթը հետո պիտի անվաներ «նախկին խորհրդային նմուշ», ինչպես դա եղել էր Վրաստանում, Ուկրաինայում ու Ղրղըզստանում:

Հաջորդ մի քանի րոպեների ընթացքում, երբ սպանվեցին յոթ բողոքավորներ ու ոստիկանության մեկ սպա, վիրավորվեցին 130-ից ավելի մարդիկ, իրավապահները ծայրահեղ ուժ կիրառեցին` գրոհելու ու նահանջելու միջև ընդմիջումներում ցուցաբերելով, իրենց խոսքերով, արտակարգ համբերություն մարդկանց բազմության հանդեպ, որն ապացուցեց, որ ի վիճակի է դիմակայելու ամեն ինչի, բացի կոտորածից:

Օրինապահների շարքերում կային սև դիմակներով թիկնեղ զինվորներ (այդպիսի դիմակներ, սովորաբար, կրում են մերձավորարևելյան ահաբեկիչներն ու հակաահաբեկիչները), որոնք այդտեղ էին պաշտպանելու իրենց կառավարությունը: Անդեմ մարդիկ բախվեցին հուսահատ անանուն մարդկանց հետ` կրակելով կամ նետելով ինչից ու ինչ կարող էին, որպեսզի հետո նրանց առաջնորդները հերքեն այդ օրը կատարվածը, իսկ իշխանություններն էլ լռեցնեն իրենց հակասող բոլոր ձայները: «Ցուցարարների վրա ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասվում է ոստիկանության` օրեր անց հրապարակված հայտարարության մեջ:

Վատագույն դեպքում դա բացարձակ սուտ է, ինչը վկայում են ականատեսներն ու տեսագրությունները: Լավագույն դեպքում դա այդ սարսափելի օրվա վեճերի առարկա դարձած բազմաթիվ իրադարձություններից մեկն է, որը մայրաքաղաքի խմբագրատներն ու գրասենյակները բաժանել է երկու ճամբարի. նրանց, ովքեր հավատում են իշխանությունների տարբերակին, և նրանց, ովքեր հավատում են վիճահարույց տեսագրությանը, որտեղ Մաշտոցի պողոտայում իրավապահները մահաբեր կրակահերթեր են արձակում քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Ինչ էլ որ կատարվելիս լիներ, ամեն ինչ դադարեց կարծես անջատիչի պտույտով, երբ ժամը 22:00-ի մոտ նախագահ Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարեց` վերջ դնելով վիճելի որոշումների և ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան: Դրանց թվում են հետևյալները.

• Եթե, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, իրենք զինվում էին հանպատրաստից, միայն ինքնապաշտպանության համար, ապա որտեղից հայտնվեցին Մոլոտովի կոկտեյլները, որոնք նախատեսված չեն անձնական պաշտպանության համար: (Դեպքի վայրից արված որոշ հաղորդումներում նշվում է, որ դրանք պատրաստվում էին ընդդիմության գրաված ավտոբուսների բենզինով:)

• Եթե իրավապահները, ինչպես իրենք են պնդում, գնացել են Ազատության հրապարակ զենքի խուզարկություն անցկացնելու նպատակով, ապա ինչո՞ւ են գնացել մթով, երբ մեկ-երկու ժամ սպասելուց հետո կարող էին խուզարկություն անցկացնել լույսով:

• Եթե ոստիկանությունը, ինչպես հայտարարում է, իր ուժերը մտցրել է Ազատության հրապարակ «իրավիճակի անկանխատեսելիության պատճառով», ապա ինչո՞ւ էր այն այդքան պատրաստ ուժ գործադրելու` միաժամանակ բոլորովին անպատրաստ լինելով 10 օր խաղաղ ցույցեր արած բազմությունը խաղաղ ճանապարհով ցրելուն:

• Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող բողոքավորները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա 1. Ինչպե՞ս կարող էր կանխամտածված կերպով ատրճանակ կրողն այնքան անհոգ լինել, որ վայր գցեր զենքը, այն էլ այնպես, որ դրանք, ինչպես գրել է «Նյու Յորք թայմզ» թերթը, «Զատկի ձվերի նման դրված լինեն խոտերի մեջ»: 2. Եթե այդ հարբած ու թմրանյութ օգտագործած բողոքավորները (ինչպես նրանց ներկայացնում էին ոստիկանությունն ու հեռուստատեսությունը) այդքան զենք ունեին, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ ոչ մի կրակոց չեղավ:

• Եթե, ինչպես ներկայացնում է հեռուստատեսությունը` կադր կադրի հետևից ցույց տալով ներարկիչները, որ պետք է վկայեն թմրանյութերի զանգվածային չարաշահումները բողոքավորների շարքերում, դա այդպես է, ապա ինչո՞ւ անպատիժ թալանի ընթացքում կոշիկի, հագուստի ու մթերքի խանութները թալանած ամբոխը չթալանեց դրանց մոտ գտնվող երկու դեղատները, որոնք պիտի որ լիքը լինեին թմրանյութերով:

• Եթե, ինչպես հայտարարել էր գլխավոր դատախազը, Մաշտոցի պողոտայում ամբոխը սկսել էր ամեն ինչ թալանել ու ավերել, ապա ինչպե՞ս եղավ, որ ընդամենը կես թաղամաս հեռու գտնվող կանցաղային սարքերի ու համակարգիչների չորս խանութներին, որոնք սովորաբար դառնում են զանգվածային թալանի առաջին թիրախները, ձեռք չէին տվել:

• Եթե, ինչպես հայտարարել էր ոստիկանությունը և ցուցադրել էր հեռուստատեսությունը, Ազատության հրապարակը մաքրելու ընթացքում առգրավվել էր մեծ քանակությամբ զենք, ապա ինչպե՞ս եղավ, որ հիստերիկ թալանով զբաղված ամբոխը նորից չզինվեց` թալանելով Մաշտոցի պողոտայում ու մերձակայքում գտնվող երկու որսորդական խանութները:

Առա՞ջ

Հայաստանի հանրապետական կուսակցության «Առաջ, Հայաստան» կարգախոսով և այն մարդկանց դիմադրությամբ, ովքեր չեն ցանկանում հանդուրժել Սերժ Սարգսյանի իշխանությունը, այս երկիրն իրոք տարան… հետ: Այն ամբողջ հարգանքը, որ Հայաստանն իրավամբ վաստակել, գնել կամ խաբելով ստացել էր Եվրոպայից ու Արևմուտքից, ջուրն ընկավ: Եվ դժվար թե հնարավոր լինի վերականգնել այն առնվազն մինչև 2013 թվականը, երբ ժողովրդավարությունը ևս մեկ հնարավորություն կստանա նրանցից, ում հանդուրժողականությունը ենթարկվել է լուրջ փորձության և ում վստահությունը չարաշահվել է:

Ավելի վատ է այն, որ, ինչպես շատերն են այստեղ կարծում, մարտի 1-ի իրադարձություններ ի չիք են դարձրել այն ամբողջ առաջընթացը, որին պաշտոնավարման ժամկետն ավարտող վարչախունբը կարողացել էր հասնել նվաճումների ու նահանջների միջոցով` Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի խոսքերով` մոտ ժամանակներում բանակցությունները «կասկածի տակ են»:

Այդուհանդերձ, եթե Երևանի փողոցային մարտերը ընտրություններ էին, ապա միջազգային դիտորդները գուցե կարող էին ասել, որ թեև դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, վիճակը կարող էր ավելի վատ լինել: Տարածաշրջանում ամեն օր ավելի վատ բաներ են կատարվում: Դիտորդները կարող էին ասել` այո, եղել են խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, խախտումների առանձին դեպքերը չեն ազդել վերջնական արդյունքների վրա: Դա ապացուցեցին մարտի 8-ը` սպանվածների յոթի օրը, ինչպես նաև այն օրը, երբ Սահմանադրական դատարանը վերահաստատեց փետրվարի 19-ի արդյունքները:

Հետևանքներ Ցասումն արդեն նվազում է` տեղի տալով սրտի կսկիծին ու ճնշվածությանը: Համակերպվելը շուտով կընկալվի որպես համոզմունք, մի տեսակ տարերային անխուսափելիություն, որին դիմադրելու համար չափից ավելի եռանդ է պետք: Այս մարտ ամսվա հետևանքները, որի սկիզբը բուռն էր, բայց ելքը, հուսանք, խաղաղ կլինի, դեռ երկար կզգացվեն Հայաստանում: Հավատը բռնաբարվել է, հարաբերությունները խաթարվել են: Համատարած քարոզչության դեմ արդեն գրեթե չեն խոսում, քանի որ շատ ավելի սարսափելի բաներ են կատարվում մի ժողովրդի դեմ, որի զոհաբերությունները չեն մոտեցնում ժողովրդավարությունը:

Արյունոտ շաբաթ օրվա տգեղ ճշմարտությունը ինքնին խոսուն է: Այն ավերածություն գործեց այն ժողովրդի մեջ, որը հպարտանում է իր ավանդական հյուրասիրությամբ: Ճշմարտությունը ազատություն չբերեց: Ճշմարտությունն ամայացրեց ժողովրդին, որին օտարների ոտնձգություններին դիմագրավելիս միավորել է, թերևս, միայն հարազատ արյունը: Բայց այդ սարսափելի շաբաթ օրը ուրիշ հոր կամ ուրիշ աստծո արյունը չէր, որ հեղեղեց մայթերին ու բռնաբարեց պարկեշտությունը:

Զոհաբերվեց ժողովրդի հավաքական ոգին, և այն էլ ո՞ւմ` սեփական ազգակցին, ինչը չափազանց թանկ ու անընդունելի է:

Հայաստանը 17 տարի շարունակ ժողովրդավարության դասեր է ստացել, աճման ցավեր ունեցել ու ձգտել «բավարարել միջազգային չափանիշները»: Հիմա ունի նաև զոհվածների անուններ.

Գրիգոր Գևորգյան
Համլետ Թադևոսյան
Տիգրան Խաչատրյան
Գոռ Քլոյան
Զաքար Հովհաննիսյան
Հովհաննես Հովհաննիսյան
Դավիթ Պետրոսյան
Արմեն Ֆարմանյան:

Հայկական սովորությամբ` մահացածների սուգը տևում է 40 օր: Այս մահացածների քառասունքը կլրանա ապրիլի 9-ին: Նույն օրը տեղի կունենա Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը:

 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement