Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 15 au 16 mars
 

Մինչեւ մարտի 1-ը եւ դրանից հետո

Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին: Արդյո՞ք տեղի ունեցածը կանխատեսելի էր ընդդիմության լիդերների համար: Ի՞նչ է լինելու հետո:

Սրանք հարցեր են, որ թերեւս այս օրերին ամենից շատ են հուզում հայաստանցիներին: Այս հարցերը էլ ավելի հրատապ են դառնում իշխանական գռեհիկ քարոզչության ֆոնին, որովհետեւ սա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ արհամարհանք սեփական, ավելի ճիշտ գերեվարված ժողովրդի նկատմամբ: Սակայն դառնանք մեր հարցերին եւ փորձենք գտնել պատասխաններ:

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ հասկանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը բացառիկ է Երրորդ հանրապետության պատմության մեջ: 1988 թվականի Համազգային Շարժումից ի վեր, սա առաջին հայաստանյան քաղաքական գործընթացն էր, որ հարաճուն, բայց հանդարտ ընթացք ուներ:  Անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորված բոլոր քաղաքական ընդդիմադիր  գործընթացները հանկարծահաս բռնկվում էին եւ նույնքան հանկարծահաս էլ մարում: Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության մեկնարկի օրը արդեն չորս ամսվա հրապարակային գործունեություն էր վարել: Սրան նախորդել էր խորհրդարանական քննարկումների մի բավական հագեցած շրջան: (Էլ չենք խոսում առաջին նախագահի տասնամյա խորհրդածությունների մասին): Այս արձանագրությունները սակայն միայն վիճակագրական նշանակություն չունեն: Այդ վիճակագրությունը գալիս էր վկայելու, որ սա հերթական քաղաքական բռնկումը չէ, եւ պետք չէ սպասել, որ այն սովորական վախճան կունենա: Սա թերեւս հասկանում էին նաեւ իշխանությունները: Եւ քանի որ ֆորմալ առումով քաղաքական եւ իրապես համաժողովրդական շարժումը կապված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ, Քոչարյան-Սարգսյան զույգը որոշեց արագ ավարտել ընտրությունները` Սերժ Սարգսյանի համար 53 տոկոս նկարելով: Սա իշխանության սպասած էֆեկտը չտվեց եւ նման գործելակերպը ավելի զայրացրեց հանրությանը: Բայց իշխանությունը սրանից անհրաժեշտ հետեւությունը չարեց, եւ շարունակեց կիրառել գործը արագ ավարտելու նախանշված ուղեգիծը: Ի դեպ ավազակապետությունը սեփական իդեաֆիքսերին տրվելու անխոհեմ հակում ունի: Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 21-ի ելույթից հետո բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին ցեխ շպրտել առաջին նախագահի ուղղությամբ: Տեր-Պետրոսյանի ասելիքը սակայն ավելի ու ավելի հասանելի եւ ընկալելի էր դառնում մարդկանց: Տոտալ հակաքարոզչությունը շարունակվում էր: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը` աճում: Հակաքարոզչությունը ավելի գռեհիկ էր դառնում: Տեր-Պետրոսյանի ժողովրդականությունը ավելի արագ էր աճում: Այս պրոցեսը նկարագրում եմ ցույց տալու համար, որ ավազակապետական իշխանությունը ծայրաստիճան պրիմիտիվ է եւ չի տիրապետում քայլերի բազմազանության: Հիմա հիշեցի Տիգրան Լեւոնյանի համեմատությունը. հարցազրույցներից մեկի ժամանակ նա Քոչարյան-Սարգսյան զույգին համեմատել էր կոկորդիլոսի հետ: Շատ դիպուկ համեմատություն է. որքան էլ սարսափազդու է կոկորդիլոսը, նա իրականում պրիմիտիվ կենդանի է, եւ նրա զինանոցում երկու-երեք քայլ կա: Նույնը վերաբերում է նաեւ ավազակապետական իշխանությանը, որը գիտի միայն գնել, ահաբեկել, ոչնչացնել: Հա` նաեւ կոկորդիլոսի արցունքներ թափել: Քոչարյանասերժական ավազակապետության գործունեության ցանկացած դրվագ, համոզված եմ, ձեւավորված է այս բանաձեւի ներքո:

Եւ ուրեմն, երբ իշխանության համար հասկանալի դարձավ, որ ընտրությունների գռեհիկ կեղծումը հանրային բողոքի ալիք է բարձրացրել, նրանք որոշեցին անել հաջորդ քայլը: ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը: Այս արդյունքները հրապարակվեցին այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում արդեն հինգերորդ օրը շարունակվում էր շուրջօրյա հանրահավաքը, որի մասնակիցների թիվը գնալով ավելանում էր: ԿԸՀ-ն խաղարկելով` ավազակապետական զույգը հույս ուներ մարդկանց ներշնչել հետագա պայքարի անիմաստության զգացողություն: Իբր` պայքարը նրա համար էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, եւ ԿԸՀ-ն արդեն վերջնականորեն հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ասել կուզի` ինչքան ուզում եք ցույց արեք: Այստեղ արդեն խոսք պետք է ասեր առաջին նախագահը: Նա մոտեցավ բարձրախոսին ու շատ հանգիստ հայտարարեց.« ԿԸՀ հայտարարությունը մեր պայքարում ոչինչ չի փոխում, պայքարը շարունակվում է»: Անկեղծ ասած, սա ես համարում եմ համաժողովրդական պայքարի ամենակարեւոր հանգրվանը: Այս տեղում շարժումը կրեց զարմանալի մետամորֆոզներ: Սա այլեւս պայքար է, ոչ թե հանուն որեւէ գործչի նախագահի պաշտոնում տեսնելու` սա պայքար է հանուն ազատության, հանուն արժանապատվության, հանուն քաղաքացիության: Սա պայքար է հանուն ապագայի: Ճիշտն ասած մենք այդ պայքարը հենց սկզբից էլ ընկալել ենք որպես այդպիսին: Բայց թերահավատներն էլ քիչ չէին: Եւ այդ մեծ վերափոխման սիմվոլը ինձ համար դարձավ մի տարօրինակ տեղեկատվություն. ընկերներս ինձ ասացին, որ Ազատության հրապարակում «հակալեւոնականների» վրան է հայտնվել: Առաջին հայացքից սա անհանգստացնող տեղեկատվություն էր. գուցե եկել են սադրանքներ հրահրելու: Սակայն վրանաբնակների պարզաբանումները մեզ համոզեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:  «Հակալեւոնականների» դիրքորոշումը հետեւյալն էր. մենք այստեղ ենք պայքարելու ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու համար, այլ հանուն մեր ազատության եւ իրավունքների, եկել ենք Տեր-Պետրոսյանին, ինչպես ինքն է խորհուրդ տվել, օգտագործելու որպես գործիք` բռնապետությունից ազատվելու համար: Սա իրապես կարեւոր շրջադարձ էր. Տեր-Պետրոսյանին հաջողվել էր ձեւավորել իրապես համաժողովրդական շարժում: Հաջորդ կարեւոր նորությունը երիտասարդության ակտիվացումն էր: ՀՀ առաջին նախագահի` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրավիրած հանրահավաքներին երիտասարդության մասնակցությունը հուսադրող չէր: Հանրահավաքի ճնշող մեծամասնությունը 35 տարեկանից բարձր անձինք էին: Ետընտրական հանրահավաքները սակայն երիտասարդությանն էին պատկանում, եւ սա սարսափազդու ուժ եւ էներգիա էր հաղորդում Ազատության հրապարակին: Իսկ Տեր-Պետրոսյանը իրապես հայտնություն էր մեր երիտասարդության համար: Ներկա ուսանողությունը կամ չէր տեսել, կամ չէր հիշում Տեր-Պետրոսյանին: Նրա մասին պատկերացումները սահմանափակվում էին միայն պաշտոնական քարոզչության շրջանակներում: Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է երիտասարդության շրջանում եւ հայտնի ռեմիքսը թերեւս հիթ-շքերթի ամենավերին տեղում է:

Եւ ուրեմն շարժումը ծավալվում էր, Ազատության հրապարակը փոթորկվում: Ամեն օր ժամը 15-ից 21-ը` հանրահավաք: Տեղի էին ունենում ամենօրյա երթեր, որոնք ապշեցնում էին իրենց ծավալներով: Ժամը 21-ից սկսվում էր երգ ու պարը, չնայած օրվա ընթաց քում էլ հանրահավաքը բազմաթիվ երաժշտական ընդմիջումներ էր ունենում: Ու որպեսզի տեղի ունեցող ակցիայի ծավալները ճիշտ ընկալվեն, անհրաժեշտ է մի կարեւոր ճշտում անել: Շուրջօրյա ակցիաները չպետք է չափել սովորական հանրահավաքների նման: Սովորական հանրահավաքն ունի մեկնարկի եւ ավարտի հստակ ժամեր: Մարդիկ նման հանրահավաքների գալիս են սկզբից մինչեւ վերջ մասնակցելու: Նման ձեւով հնարավոր չէ մասնակցել շուրջօրյա հանրահավաքների, որովհետեւ մարդը չի կարող 24 ժամ մնալ հանրահավաքում: Ասել կուզի` շուրջօրյա հանրահավաքն ունի հոսուն կազմ. մեկը գալիս էր կեսգիշերին, հրապարակում մինչեւ լույս մնալու համար, մեկը գալիս էր առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, մեկը գալիս էր ընդմիջման ժամին, մեկը աշխատանքից հետո, մեկն էլ աշխատանքից հետո գնում էր տուն, սնվում եւ նոր միայն գալիս հրապարակ: Եվ այս ամենով հանդերձ առնվազն ժամը 14:30-ից մինչեւ 22-ը` Ազատության հրապարակը միշտ լեփ լեցուն է եղել: Սա աննախադեպ ծավալների վկայություն է: Ի դեպ այս հանրահավաքները մի յուրատեսակ ռեաբիլիտացիա դարձան մեր ժողովրդի համար: Վերջին տարիներին շատ են տեսակետներ հնչել, թե մեր ժողովուրդը պայքարող չէ, մեր ժողովուրդը կոտրված է, մեր ժողովուրդը հանձնված է: Բայց հանրահավաքների օրերին տասնյակ անգամ եմ տեսել, թե ինչպես քաղաքացին հերթական օրը Ազատության հրապարակը լեփ լեցուն տեսնելով ասել է. «Մեր ժողովրդի ցավը տանեմ»: Սա այս պահին ունեցած մեր կարեւորագույն արդյունքներից մեկն է: Ժողովուրդը վեր գտավ հարգանքն ինքն իր նկատմամբ, եւ սա ամենաշատը սարսափեցրեց Քոչարյան-Սարգսյան զույգին: Նրանց թվում էր, թե իրենք ժողովուրդին վերջնականապես զրկել են ինքնասիրությունից եւ անհրաժեշտ է շտապ կասեցնել իրադարձությունների զարգացման նման անսպասելի ընթացքը: Ժողովրդին Քոչարյանն ու Սարգսյանը պետք է ապացուցեին, որ ինքը ոչինչ է, որ ինքն իրավունք չունի ինքնուրույն մտածելու: Եվ նորից սկսվեց մարդկանց հանրահավաքների քշելու ստորացուցիչ գործընթացը: Այս անգամ քաղաքացիները քշվում էին Սերժ Սարգսյանին պաշտպանելու: Եւ տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող հանրահավաք` Երեւանի հանրապետության հրապարակում: Աննախադեպությունը ոչ թե այն էր, որ մարդկանց քշելով, ստիպողաբար բերել էին Սերժ Սարգսյանին լսելու, այլ այն, որ հանրահավաքի ելքերը փշալարված էին: Սա արված էր այն բանի համար, որ մարդիկ չփախչեին հանրահավաքից` «ընտրյալ» նախագահի հանրահավաքից: Բայց ժողովուրդը այս փորձությունն էլ հաղթահարեց, եւ մարդիկ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով հեռացան Հանրապետության հրապարակից ու եկան Ազատության հրապարակ: Այստեղ արդեն Քոչարյանն ու Սարգսյանը ստիպված էին, ուղղակի ստիպված էին բացահայտել իրենց ամենակարեւոր «հաճախորդին»` Արթուր Բաղդասարյանին: Բայց սա նույնպես հակառակ ազդեցությունն ունեցավ եւ Ազատության հրապարակում իրենց խոսակցությունից հրաժարվող հարյուրավոր ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների սկսեցին միանալ նաեւ ՕԵԿ-ականներ: Տեղի էր ունեցել շատ կարեւոր իրադարձություն. այն ինչ մենք պետք է երկար բարակ բացատրեինք մարդկանց, այլեւս բացատրելու կարիք չկար: Արթուր Բաղդասարյանն ի սկզբանե եղել է ավազակապետության սպասարկուն, նրա հինգերորդ` պահեստային անիվը: Իսկ ընդհանրապես Արթուր Բաղդասարյանի բացահայտումով բացահայտվեց ավելի կարեւոր մի բան. ՀՀ-ում չկա այլ ընդդիմություն, քան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը` մնացածն ընդամենը իշխանության սպասարկուներն են: Այս արձանագրումը էլ ավելի ուժեղացրեց Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման դիրքերը: Իշխանությունը` Արթուր Բաղդասարյանին իր կողմը տանելով, ուզում էր ընդամենը ապացուցել, որ Ազատության հրապարակում հանրության, ժողովրդի փոքրամասնությունն է: Բայց Արթուրիկին ձայն են տվել քոչարյանասերժական ռեժիմի հակառակորդները, որոնք իրենց խաբված զգացին: Ամեն դեպքում այս չափազանց կոպիտ «գաղտնազերծումը» Քոչարյանին անհրաժեշտ էր ուժային գործողությունների ֆոն ստեղծելու համար: Իշխանության այն հույսը, թե ձերբակալությունները, ահաբեկումները, ստի եւ կեղծիքի հայլուրական տարածումը կկոտրեն Ազատության հրապարակում հավաքվածների ոգին` հօդս ցնդեցին: Մնում էր միայն մի տարբերակ` ուժային: Այլապես Բաղդասարյանի գաղտնազերծումը վճռական թափ էր հաղորդում համաժողովրդական շարժմանը:

Ուժային գործողությունների համար հարկավոր էր ֆորմալ պատճառ, որը գոյություն չուներ: Իշխանությունների այն պնդումը, թե տեղի ունեցող հանրահավաքները ապօրինի են, որովհետեւ իրազեկված չեն Երեւանի քաղաքապետարանին, բացարձակապես լուրջ չէին: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, նախատեսում է առանց քաղաքապետարանին իրազեկելու հանրահավաքներ, երթեր անցկացնելու հնարավորություն եւ մենք օգտվում էինք հենց այդ հնարավորությունից: Ուստի ֆորմալ առումով հանրահավաքի «ապօրինի» լինելը չներկայացվեց որպես ուժային գործողության պատճառ: Որպես այդպիսին ներկայացվեց իբր վրաններում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այս ամենը, սակայն հետագայում պետք էր ներկայացնել որպես տեղի ունեցածի բացատրություն:

Իսկ իրականում տեղի ունեցավ հետեւյալը. մարտի լույս 1-ի գիշերը, ժամը 6:20-ի մոտակայքում, վահանավոր, սաղավարտավոր, մահակավոր ոստիկանները շրջափակեցին վրաններում քնած ցուցարարներին: Ոստիկանների գալու պահին վրանաբնակների մի մասը, այդ թվում եւ առաջին նախագահը արթուն էին: Տեր-Պետրոսյանը միանգամից մոտեցավ բարձրախոսին եւ ասաց հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցներ, ձեզ հետ խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրում եմ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, եթե նրանք եկել են, նշանակում է մեզ ասելու բան ունեն, եկեք լսենք, թե ինչ են նրանք ուզում»: Սրան հետեւեց մոտ 30 վայրկյանանոց մի դադար` կատարյալ լռություն: Եվ հանկարծ Թումանյանի արձանի թիկունքից ոստիկանները հարձակվեցին: Ոչ մի բառ, ոչ մի պահանջ: Հարվածում են մահակներով, էլեկտրաշոկ են կիրառում ու չեն ասում` ինչ են պահանջում: Սա ասում եմ հատուկ, որովհետեւ նման գործելակերպը հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլեւ` օրենքին: «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքն ասում է, որ եթե հանրահավաքը հարկադիր դադարեցնելու, ցրելու որոշում է կայացվել, նախ այդ մասին պետք է իրազեկվեն կազմակերպիչները, ապա նրանց պետք է ողջամիտ ժամկետ տրվի հանրահավաքը դադարեցնելու համար, իսկ եթե կազմակերպիչները դա հրաժարվում են անել, ոստիկանությունը պարտավոր է առնվազն երկու անգամ բարձրախոսով հայտարարել, որ հանրահավաքի մասնակիցները տեղյակ լինեն, որ իրենց նկատմամբ կարող է ուժ կիրառվել: Այս ամենը սակայն չի արվել: Նաեւ` որեւէ մեկը, որեւէ մեկին խուզարկության պահանջ չի ներկայացրել, եթե ներկայացվեր անպայման կբավարարվեր, որովհետեւ մենք հո լավ գիտեինք, որ վրաններում ոչ մի զենք էլ չկա: Եւ եթե անգամ որեւէ վրանում զենք գտնվեր, դա չէր կարող ազդել շուրջօրյա ակցիայի շարունակության վրա, որովհետեւ ում վրանում զենք է հայտնաբերվում, նրան էլ պետք է պատասխանատվության կանչեն եւ դա չի կարող ազդել զենք չունեցողների` հանրահավաք անցկացնելու իրավունքների վրա: (Ի դեպ հանրահավաքի կարգապահական խմբերը Ազատության հրապարակի մերձակայքում կամ վրանների տակ անընդհատ ինչ-որ բենզինով շշեր, մետաղյա ձողեր, մահակներ էին գտնում, որոնք, ինչպես պարզվեց, տեղադրում էին ԱԱԾ եւ ոստիկանության պրովոկատորները): Կարճ ասած` ուժային գործողության հենց սկզբից իրավապահներն իրենց դուրս դրեցին օրենքից: Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ կռիվ: Ցուցարարները պաշտպանվում էին գիշերային խարույկի համար բերված վառելափայտով կամ ուղղակի մերկ ձեռքերով: Հասկանալի էր, որ այդպես հնարավոր չէր դիմադրել ոստիկաններին, որոնց թիվը գրեթե հավասար էր այդ պահին հրապարակում եղած ցուցարարների թվին: Ոստիկանությունն էլ, հասկանալի է, զինված էր տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ ամեն ինչով: Կռիվը տեւեց մոտավորապես 30-40 րոպե: Շատերը տեղում ձերբակալվեցին, շատերը նահանջում էին կռվելով եւ կռիվը Հյուսիսային պողոտայով հասավ գրեթե Հանրապետության հրապարակ: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, հենց սկզբից մոտ 20 հոգանոց մի խումբ նրան մեկուսացրեց եւ տարավ դեպի Թումանյանի արձանը: Մեր տղաներից մի քանիսը ինձ Ազատության հրապարակից տարան ապահով տեղ: Ահա այսպիսին ստացվեց 2008 թվականի գարնանային առաջին լուսաբացը: Բայց սա միայն սկիզբն էր դաժան եւ արյունալի իրադարձությունների: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ իսկապես քոչարյանասերժական ավազակապետության խնդիրը ոչ թե Ազատության հրապարակի հանրահավաքը ցրելն է, այլ ժողովրդին ջարդելը, նրան իր նախկին ստրկական վիճակին վերադարձնելը: Մարդիկ առավոտյան դեպքերից հետո, ոմանք էլ դրա մասին չիմանալով, գալիս են Ազատության հրապարակ` սովորականի նման հանրահավաքի: Ազատության հրապարակը նրանք գտնում են շրջափակված եւ բնականաբար խմբվում են մոտակայքում ու մեկ էլ հանկարծ մահակավոր ոստիկանները հարձակվում են նրանց վրա ու դաժան ծեծի ենթարկում: Հասկացանք` ոստիկանություն է, բայց համաձայնեք` ոչ ոք ոստիկանին իրավունք չի տալիս ուղղակի հարձակվել քեզ վրա ու մահականերով հարվածներ հասցնել, կամ էլ էլեկտրաշոկով տոկի տալ: Ոստիկանը նախ պետք է ասի, թե ինչ է ուզում եւ պետք է հիմնավորի իր պահանջի օրինականությունը: Եւ ահա մարտի մեկին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում, թե ոստիկանները մի քանի խումբ մարդկանց ծեծի են ենթարկել Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում եւ այլն: Ահա այս ծեծված մարդիկ շիվարած, վիրավորված որոշում են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Բայց այստեղ էլ նրանց սկսում են ծեծել: Հասկանում եք` ոչ մի պահանջ չեն ներկայացնում, ուղղակի ծեծում են եւ վերջ: Այս լուրը տարածվում է Երեւանով մեկ եւ մարդիկ մեկտեղվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ, եւ երբ մարդիկ հոգնում են ծեծվելուց, իրենք էլ չհասկանալով, թե ինչպես ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Մի քանի տրոլեյբուսներով փակում են ջրցան մեքենաների ճանապարհը, ոստիկանությունը սկսում է բանակցել: Սկսվում է անհեթեթ առաջարկների շարան. հանրահավաքը տեղափոխել երկաթուղու կայարանի մերձակա հրապարակ, «Դինամո» մարզադաշտի մոտ, ի վերջո Մատենադարանի մոտ: Բայց հարց է ծագում` ինչո՞ւ տեղափոխել: Ինչո՞ւ: Պատճառ կարող էր բերվել, որ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը խանգարում էր երթեւեկությանը: Բայց այդտեղ այնքան մարդ էր հավաքված, որ ուր էլ տեղափոխվեին, անգամ Ազատության հրապարակ, փողոց էր փակվելու: Մանավանդ Մատենադարանի դեպքում, որի վրա պնդում էր ոստիկանությունը, փակվելու էր Մաշտոցի պողոտան, Կորյունի փողոցին կապող հանգույցը եւ նույնիսկ Մոսկովյան փողոցը, հնարավոր էր նաեւ Սայաթ Նովա-Բաղրամյան պողոտա- Մաշտոցի պողոտա հանգույցը: Այսինքն բոլոր դեպքերում փողոցներ էին փակվելու: Եվ ուրեմն ինչո՞ւ էր ոստիկանությունը պնդում տեղափոխման վրա: Որովհետեւ այս հատվածում նրանք պատասխան ծեծ էին կերել, տարածքը արգելափակված էր ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի համար: Նրանց պետք էր մարդկանց դուրս բերել բաց տարածություն չորս կողմից ջարդ ու փշուր անելու համար: Ճանապարհին մի երկու պրովոկատոր կջարդեր մի երկու խանութի ապակի եւ սա էլ կլիներ ուժային գործողությունների ֆորմալ պատճառ: Այս սցենարը չստացվեց եւ ահա լուր եկավ, որ ոստիկանները հեռանում են Ֆրանսիայի հրապարակից: Սա սկզբում լավ լուր թվաց, բայց գրեթե միեւնույն ժամանակ եկավ մյուս լուրը` տարբեր տեղերից, այդ թվում եւ Ղարաբաղից, զորք է բերվել Երեւան,զինվորներին բաժանվել են մարտական փամփուշտներ եւ հրաման կա կրակել ցուցարարների վրա մարտական փամփուշտներով: Ես Ֆրանսիայի հրապարակի ճանապարհին էի, երբ այս լուրը ստացվեց: Ես չէի ուզում հավատալ, որ Քոչարյանն ու Սերժը կկրակեն ժողովրդի վրա, բայց եւ նման հեռանկարին կասկածելու որեւէ հիմք չունեի: Ֆրանսիայի հրապարակի տեսարանը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները, առաջինը` մարդկանց թվով, բայց եւ նկատելի էր, որ սադրիչների թիվն էլ քիչ չէր: Ոմանք մոտենում էին եւ ինչ-որ սադրիչ առաջարկներ անում: Բանը հասավ այնտեղ, որ ես ստիպված էի ոմանց կոպտել: Որոշումը միանշանակ էր` մենք մնում էինք Ֆրանսիայի հրապարակում եւ սպասում առաջին նախագահին: Բայց մյուս կողմից մոտենում էին զինված զորախմբեր, որոնք հրաման ունեին կրակել ժողովրդի վրա: Ի՞նչ անել: Միանշանակ պետք էր հոգ տանել հանրահավաքի մասնակիցների անվտանգության մասին: Առաջին խնդիրը հետեւյալն էր` այնպես անել, որ տեխնիկա չմտնի ցուցարարների մեջ: Մինչ իմ գալը, արդեն իսկ մի քանի կողմից փակված էին Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակի մուտքերը, իսկ հրապարակի կենտրոնում ավտոբուսներ եւ մի քանի ոստիկանական «Վիլիսներ» կային: Ահա այդ մեքենաները տեղափոխեցինք հրապարակի մուտքերի մոտ եւ դրանցով պատնեշներ ձեւավորեցինք` բարիկադներ: Ի դեպ, այդ ընթացքում հրապարակում գտնվող բոլոր մասնավոր մեքենաները հանգիստ եւ առանց խոչընդոտի դուրս են եկել այնտեղից: Իսկ իմ նշած ավտոբուսներով զինվորներ էին բերել հրապարակ: Այս ընթացքում մի քանի կողմից հրապարակ էին գալիս նաեւ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներ, երթուղայիններ, որոնց վարորդները միանում էին պատնեշներ կազմողներին: Ֆրանսիայի  հրապարակի մուտքերը փակված էին: Բայց սա դեռ չէր երաշխավորում հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Ես մարդկանց բարձրախոսով հստակ ասացի հետեւյալը. «Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակվել, բայց եթե մեզ վրա հարձակվեն` մենք կպաշտպանվենք»: Ո՞րն էր նման դիրքորոշման պատճառը: Իշխանության գործողությունները դուրս էին օրենքի շրջանակից եւ արդեն բեսպրեդելի ոլորտում էին: Մենք չէինք կարող ընկրկել ապօրինության առջեւ, բայց եւ չէինք կարող թույլ տալ, որ մեր կանանց, մայրերին մեր աչքի առաջ շան սատակ անեին, կամ մեզ  շան սատակ անեն մեր մայրերի ու կանանց աչքի առաջ: Ահա այստեղ է, որ ես տղամարդկանց խորհուրդ տվեցի ինքնապաշտպանության համար ձեռքներին ունենալ փայտ կամ քար: Այս ընթացքում զորքը մոտեցավ երկու կողմից` Շահումյան հրապարակի եւ «Ձկան խանութի»: Այս ողջ պատմության ամենակարեւոր մասն այն է, որ նրանք ոչ մի պահանջ չունեին: Ի՞նչ էին ուզում նրանք առավոտյան, ի՞նչ էին ուզում կեսօրին, ի՞նչ են ուզում հիմա, այդպես էլ անհայտ մնաց: Եվ ի դեպ, զորքը, բանակը եկել էր մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելը եւ ընդհանրապես շարքային ցուցարարը որտեղի՞ց պետք էր իմանար, որ արտակարգ դրություն է հայտարարված: Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որոնք բնորոշում են տեղի ունեցածի իրավական բնույթը, ավելի ճիշտ` ապօրինի բնույթը: Եվ ահա մի ինչ-որ պահի երեւանյան մթության մեջ լսվեցին կրակոցներ, պայթյուններ: Ֆրանսիայի հրապարակում ոչ ոք չընկրկեց: Երիտասարդների մի մեծ խումբ շտապեց դեպի «Ձկան խանութի» կողմը, որտեղից լսվում էին պայթյուններն ու կրակոցները: Սկզբում միայն օդ էին կրակում, լուսարձակ փամփուշտներով, բայց մի քանի րոպե անց զոհվեց առաջին ցուցարարը եւ քաղաքացիները հասկացան, որ զորքը եկել է իրենց կոտորելու: Ու սկսվեց իսկական մարտը, փայտերով, խողովակներով զինված տղերքը պաշտպանում էին իրենց` ոչ թե հանրահավաք անելու, այլ ապրելու իրավունքը, իրավունք որի դեմ դուրս էր եկել հայոց բանակը, որը մարտական AKC- ներով ու նռնակներով կրակում էր սեփական ժողովրդի վրա:  Այս ընթացքում ես անընդհատ բարձրախոսի մոտ էի: Մի շարք ընկերների հետ մենք փորձում էինք ինչ-որ բաներ ասել ժողովրդին, փորձում էինք այնպես անել, որ խուճապ չլինի: Հետո բարձրախոսի մոտից սկսեցին երգել ազգային ազատագրական երգեր, արտասանել բանաստեղծություններ, հետո կրակոցները դադարեցին: Իմացանք, որ ցուցարարները բանակին ետ են մղել մինչեւ Լեոյի փողոց, մինչեւ Ամիրյան փողոց` Մաշտոցի պողոտայի կողմից: Ու հետո տեղի ունեցավ կարճ դադար ու եկավ խանութների ջարդ ու փշուրի ու թալանի մասին լուրը: Հասկանալի էր, որ սա իշխանական ցերեկային սցենարի ուշացած իրագործումն էր, որովհետեւ, եթե հանրահավաքի շարքային, իսկական մասնակիցները ջարդ ու փշուր անեին, չկար ավելի լավ ու անպաշտպան թիրախ, քան Անդրանիկ Մանուկյանի «Մետրոպոլ» հյուրանոցը, կամ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը: Այդ թալանը իշխանությանն անհրաժեշտ էր հաջորդ օրը «Հայլուրով» ցուցադրելու բան ունենալու համար: Ի դեպ «Հայլուրը» մինչեւ այժմ չի ասել, որ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներով կրակել են եւ կրակողն էլ բանակն է եղել: Ինչեւէ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպասվում է հերթական գրոհը ցուցարարների վրա, այս անգամ արդեն տանկերով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը այս ողջ ընթացքում տնային կալանքի տակ էր, հանրահավաքի մասնակիցներին հորդորեց հեռանալ: Մինչ այդ արդեն իմացել էինք, որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կան բազմաթիվ վիրավորներ, որ կան բազմաթիվ զոհեր եւ այս ֆոնին խիստ պատեհ էր, որ հարթակից բարձրախոսով «Հայր մերը» հնչեցրեց հայ առաքելական եկեղեցու մի արդար սպասավոր: Ի դեպ Ազատության հրապարակում էլ շատ հաճախ հնչում էր «Հայր մերը» եւ հանրահավաքի մասնակիցները աղոթում էին: Այս անգամ սակայն Ֆրանսիայի հրապարակում շատերի աչքերին արցունքներ երեւացին:

Որոշ հարցեր եւ եզրակացություններ

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի: Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Ի՞նչ վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին մարտի մեկին: Միակ վտանգը այն էր, որ ոստիկանությունն ու բանակը դուրս էին եկել օրենքի շրջանակից եւ վերածվել մի մեծ հանցավոր զինված բանդայի: Եվ ընդհակառակը` հենց Քոչարյանի սահմանած արտակարգ դրությունն է սպառնում երկրի Սահմանադրական կարգին, երբ ընդդիմությունը բանտերում է կամ ընդհատակում, մամուլը եւ կուսակցությունները փաստացի փակված են, երթեր եւ ցույցեր անցկացնելը արգելված են, առաջին նախագահը տնային կալանքի տակ է, ժողովուրդը չունի տեղեկատվություն, Երեւանի կենտրոնական փողոցները վերահսկվում են ավտոմատավորների եւ տանկերի կողմից: Ահա այն իրավական ռեժիմը, որով ապահովվում է արտակարգ դրությունը: Բայց նույն Սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուրեմն հարց. կա՞ արդյոք Հայաստանում նման օրենք: Իհարկե չկա: Եւ ուրեմն` ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Քոչարյանը կատարել է գործողություն (սահմանել է արտակարգ դրության իրավական ռեժիմ), որի համար լիազորված չէ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Աղվան Հովսեփյան, սա է իշխանության յուրացումը, եւ ոչ թե այն ծիծաղելի հեքիաթները, որ հնարում եք դուք թերեւս անտաղանդ գրողներ Լեւոն Անանյանի եւ Ռազմիկ Դավոյանի օգնությամբ: Բայց սա ամենը չէ: Ո՞վ է Ռոբերտ Քոչարյանին եւ Սեյրան Օհանյանին իրավունք տվել բանակը հանել քաղաքացիական շարժման դեմ եւ տանկեր ու ավտոմատավորներ կանգնեցնել Երեւանի փողոցներում, կրակել մարդկանց վրա: Ցույց տվեք այն օրենքը, որով նման բան անելու իրավունք է տրված մեկին: Ինչո՞ւ է քաղաքացիների դեմ օգտագործվել մարտական զենք եւ ինչո՞ւ չեն կիրառվել գոնե ռետինե փամփուշտներ: Որովհետեւ` ճիշտ էր նկատել Հրանտը, Քոչարյանի եւ Սերժի համար հրապարակում կանգնածները ոչ թե համաքաղաքացիներ էին, այլ թշնամիներ: Եվ այդ թշնամիներին նրանք բնորոշում են կամ որպես հայաստանցի կամ որպես երեւանցի: Եւ ի դեպ, խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանը թույլ էր տվել այսպիսի արտահայտություն. «Մի հատ փըխկ անեմ, էս երեւանցիք փախչելու են»: Հուսախաբ եղավ, չփախան: Մարտի 1-ի իրադարձություններից հետո հասկանալի դարձավ, որ ռոբերտասերժական իշխանությունը եւ Հայաստանի ժողովուրդը գենետիկորեն անհամատեղելի են: Եւ առաջին նախագահի այն ձեւակերպումը, թե այս երկրից կամ Սերժը պիտի գնա, կամ ժողովուրդն է գնալու, որքան էլ դաժան, նույնքան դիպուկ է:

Ատելության մասին

Իշխանությունը անընդհատ թմբկահարում է, որ մեր շարժումը լի է ատելությամբ եւ հանրահավաքներում էլ ատելություն է քարոզվել: Ամենեւին դժվար չէ հերքել այս անհեթեթ պնդումը: Վերջին օրերի մեր երթերում մի այսպիսի ավանդույթ էր ձեւավորվել. որեւէ տեղում ոստիկանական շարքերի հանդիպելիս երթի մասնակիցները բուռն ծափերով ողջունում էին ոստիկանությանը, երթը պատշգամբներից նայող մարդկանց` լինեին դրանք պետական գերատեսչության, մասնավոր տների, թե իշխանական օլիգարխների պատկանող հիմնարկների պատշգամբներ, ահա այդ մարդկանց ջերմագին ողջույններ էր հղում եւ ստանում պատասխան: Սա իհարկե, ատելության նշան է, բայց համաժողովրդական ատելության` Ռոբի եւ Սերժի նկատմամբ:

Ազատության հրապարակում մարդիկ պարում էին ուրախանում, ուղղակի տոնում իրենց վերածնունդը, հոգ տանում միմյանց մասին: Եւ իսկապես զզվելի է լսել պաշտոնական տեղեկությունը այն մասին, թե հրապարակում մնալու համար մարդկանց փող են տվել: Ինչ վերաբերում է սնունդին, ես անուններով չգիտեմ, բայց դեմքով հիշում եմ տասնյակ մարդկանց, ովքեր հրապարակ սնունդ են բերել եւ մարդկանց բաժանել` տաք թեյ, տաք սպաս, բրդուճներ: Այո կազմակերպիչներն էլ սնունդ բաժանել են, որովհետեւ մեկը 100 դոլարի սնունդ է բերել Ազատության հրապարակ, մյուսը ուղղակի այդ 100 դոլարն է բերել եւ խնդրել, որ կազմակերպիչները դա ծախսեն շուրջօրյա ակցիայի կարիքների համար: Եղել են մարդիկ, ովքեր դեղորայք են բերել, վառելափայտ, տաք ծածկոցներ: Եւ ի դեպ, ամեն օր լուսաբացին Ազատության հրապարակը մաքրվել է, կարգի բերվել: Եւ հանրահավաքի ընթացքում Կենտրոնի թաղապետարանը հրապարակում մի օր աղբահանություն չի իրականացրել: Այդ ամենը արվել է հանրահավաքի մասնակիցների միջոցներով եւ օգնությամբ:

Անկարգություններ կազմակերպելու մասին

Հենց սկզբից ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահմանել է մեր պայքարի հիմնական սկզբունքը. ոչ մի բռնություն: Փետրվարի 20-ի, այսինքն առաջին հետընտրական հանրահավաքը շատ լարված էր: Մարդիկ պահանջում էին ուժային լուծման գնալ: Տեր-Պետրոսյանը սակայն այդ ագրեսիվությունը հիանալի կերպով վերածեց երգուպարի, տոնախմբության: 10 օր Ազատության հրապարակում տոնախմբություն էր, հրավառությամբ, երգ երաժշտությամբ ու պարով, ազգային պարով: Այս տոնախմբության պատճառով ավազակապետությունը ավելի ատեց ժողովրդին, որը նորանոր պատվիրակներ էր ուղարկում Ազատության հրապարակ, թույլ չտալով, որ տոնախմբությունը մարի: 10 օրվա հանրահավաքների, երթերի ընթացքում չի եղել ոչ մի անախորժություն, ոչ մի անկարգություն:  Ժողովուրդը հասել էր հոգեկան եւ հոգեւոր հավասարակշռության: Ու եթե չլիներ ոստիկանական լկտի, ապօրինի բռնությունը, տոնը ընթանալու էր առանց անախորժությունների:

Իշխանության յուրացման մասին

Այն մեղադրանքը, որ դատախազությունը հիմա փորձում է փաթաթել մեր վրա, ուղղակի զավեշտական է: ՔՕ հոդվածը կոչվում է «Իշխանության յուրացում»: Անգամ դպրոցականը կհասկանա, որ այս մեղադրանքի հասցեատերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որոնք չեն ընտրվել երկրի նախագահ, բայց յուրացրել են նախագահին ու ժողովրդին պատկանող իշխանությունը: Ընդ որում, ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների, մարզպետների, քաղաքապետարանների հետ հանցավոր համաձայնության գալով: Հանցավոր համաձայնության կարեւորագույն օղակ է նաեւ ՍԴ-ն: Սա թերեւս ամենաարգահատելի օղակն է, տառաճանաչ, բայց անդեմ, անողնաշար, անինքնասեր, փափկասուն կոկետուհիների հավաքածու:

Սպասո՞ւմ էինք արդյոք

Արդեն տասը տարի խոսվում է այն մասին, որ քոչարյանական իշխանությունը հանցագործ, մարդասպան իշխանություն է: Եւ այսպես պնդողները գտնվում էին հարթակում: Առաջին նախագահն էլ, որ ղեկավարում է շարժումը, համակարգված եւ ամբողջական ներկայացրեց վարչախմբի հանցավոր էությունը: Այսինքն` նման վարչախմբից կարելի է սպասել ամեն ինչ: Այդ առումով մարտի 1-ի եւ հետագա իրադարձությունները, իհարկե սպասելի էին եւ կանխատեսելի: Ուղղակի մեզնից յուրաքանչյուրը հույս ուներ, որ իշխանության մեջ դեռ ինչ-որ բանականություն եւ բարոյականություն մնացել է: Ի դեպ, մենք տեղյակ էինք նաեւ, որ մարտի լույս մեկի գիշերը ժամը 5-ին ներքին զորքերում, ոստիկանությունում եւ բանակում տագնապ է հայտարարվել: Տեղյակ էինք դեռ փետրվարի 29-ի երեկոյան:

Ի՞նչ է լինելու հետո

Քոչարյանն ու իր Սերժը ապացուցեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել. նրանց իշխանության պահպանումը աղետ է Հայաստանի համար: Նրանց իշխանության պահպանումը նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Շարժումը պետք է շարունակվի նոր թափով: Հայաստանի հրապարակներում պետք է տեղի ունենան հանրահավաքներ, փողոցներում երթեր, քանի դեռ ավազակապետությունը տապալված չէ: Ընդ որում, պայքարը պետք է շարունակել, թե բանտերում, թե ազատության մեջ, թե ընդհատակում:

Հ.Գ ՀՀ առաջին նախագահը ավազակապետության առանցքային դեմքերին նշելիս մոռացել էր խոսել մի առանցքային դեմքի մասին` Վեհափառ ավազակապետի:

Նիկոլ Փաշինյան



ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ 

Պատմում եւ վկայում են ցուցարարները  

Այն, որ մարտի 1-2-ի իրադարձությունները կանխավ ծրագրված սցենարով ընթացող գործողությունների հերթական օղակն էր եւ որ սադրանքների միջոցով երկիրը ապակայունացնելու, պետական մեքենան ԼՏՊ-ի խոսքով իսկ կազմաքանդելու միջոցով հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր եւ ղեկավարվում էր մի կենտրոնից, արդեն բազմիցս նշվեց ե՛ւ իրավապահների, ե՛ւ վերլուծաբանների ու քաղաքագետների կողմից։ 

Բայց մի բան է տեսական վերլուծությունը, մեկ այլ բան՝ գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կատարված եզրահանգումները եւ տրված գնահատականը։ Իսկ այս գնահատականների համար հիմք են ծառայում ԼՏՊ-ի հանրահավաքներին մասնակցած մարդկանց, այսինքն՝ ականատեսների վկայությունները, մարդիկ, ովքեր Թատերական հրապարակում գիշերներ են լուսացրել, անմիջականորեն տեսել ու լսել հայաստանյան, փառք Աստծո, որեւէ գույն չունեցող հեղափոխության կամ հեղաշրջման փորձի կազմակերպիչներին, անցել Թատերական հրապարակից Մյասնիկյան հրապարակ տանող ճանապարհով, տեսել մարտի 1-ի ահավոր իրադարձությունները եւ արդեն այս ամենն ամբողջացնելով հասկացել, որ իրենք օգտագործվել են։

Իսկ հանրահավաքներին եւ ցույցերին մասնակիցների վկայությունները, ըստ որի իրենք զինված են եղել երկաթյա ձողերով, փայտե մահակներով եւ մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում զինված «օղակ» կազմելու եւ հրապարակը ոչ մի կերպ չզիջելու հրահանգ են ստացել կազմակերպիչներից, ցուցարարները հերթով հաստատում են։

Այսպես, գյումրեցի Ռազմիկ Միքայելյանի վկայությամբ, «մարտի 1-ին, առավոտյան 6։10-ին Նիկոլ Փաշինյանը միկրոֆոնով հայտնեց, թե ոստիկանները գալու են, արթնացեք եւ զինվեք ձեզ բաժանված երկաթե ձողերով, փայտե մահակներով, օղակ կազմեք եւ պատրաստ եղեք։ Մասնակիցները կոչի հիման վրա զինվեցին իրենց մոտ եղած գործիքներով եւ ժողովրդի մոտ առաջացավ մարտական տրամադրություն։ Սկսվեց ոստիկանության եւ ժողովրդի ընդհարումը, չնայած այն բանին, որ ոստիկանները որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեն գործադրել»։

Մարտի 1-ի վաղ առավոտյան Թատերական հրապարակում գիշերած այնթափցի Գեւորգ Ազիզյանը գրեթե նույնը հաստատում է. «Ժամը 5։30-ի սահմաններում մտա վրան եւ փորձեցի քնել. կիսաքուն վիճակում էի, երբ դրսից ինձ եւ իմ հետ քնած դպրոցականներին արթնացրին։ Մենք դուրս եկանք վրանից եւ 2 մետր հեռավորության վրա ես տեսա Լ.Տեր-Պետրոսյանին, Ա.Սարգսյանին եւ մյուս համախոհներին։ Լեւոնի եւ մյուսների կողքին հավաքվեց մոտ 1000 մարդ եւ այդ ժամանակ Ա.Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունը գալիս է (նույնը կրկնում էին Լ.Տեր-Պետրոսյանը, Սասուն Միքայելյանը եւ մյուսները), ով ինչով կարող է թող զինվի։ Շրջան կազմեք եւ թույլ չտաք, որ ոստիկանները մտնեն Թատերական հրապարակ»։ Այս կոչին ականջալուր հրապարակում գտնվողները, ըստ Գ.Ազիզյանի, «թաքստոցներից հանեցին փայտեր, իսկ մյուսները սկսեցին կոտրել նստարանները»։

Հանրահավաքների եւ երթերի գյումրեցի մեկ այլ մասնակից՝ Մանուկ Հարությունյանը, եւս հաստատում է, որ կազմակերպիչները (այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը.-Ռ.Ս.) հայտարարել են, թե ոստիկանները գալիս են, բայցեւ հրահանգել՝ «տեղերում մնացեք, որ չկարողանան մեզ հրապարակից ցրել»։ Այս մասնակցի պատմելով՝ «րոպեներ անց ոստիկանները մտան հրապարակ եւ ասացին, որ պետք է գործողություն կատարեն։

Այդ պահին ժողովուրդը ընդդիմացավ, չէր ենթարկվում ոստիկանների պահանջին։ Կռվի բռնվեցին նրանց հետ՝ գործադրելով իրենց ձեռքերում եղած փայտե մահակները»։

Նրա ասելով՝ «ոստիկանների ժամանման պահին հանրահավաքի մասնակիցներից շատերի ձեռքում տեսել եմ փայտե եւ մետաղական մահակներ, որոնք մինչ այդ օրը չէի տեսել։ Թե որտեղից, ում կողմից եւ երբ դրանք բերվեցին հրապարակ, չգիտեմ»։

 ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մաթյու Բրայզան «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տրված հարցազրույցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրեց իբրեւ «ողբերգություն», եւս մեկ անգամ կոչ անելով Հայաստանի կառավարությանը վերացնել արտակարգ իրադրությունը եւ վերականգնել ազատությունը մամուլը: Թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխության» փորձ, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում եւ ինչպես ինքը վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց վերջերս, բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան պատասխանել է. - «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ողբերգություն է, քանի որ զոհվել են մարդիկ: Դա լուրջ հարված էր ժողովրդավարությանը: Դա կարելի է դիտարկել որպես հեղափոխություն կամ որպես լուրջ հասարակական ընդհարում», - ասել է Մաթյու Բրայզան: Ըստ ամերիկացի դիվանագետի, «ընտրությունները դուրս են եկել բնականոն գործընթացի սահմաններից եւ կարեւոր չէ, թե ինչպես են դրանք անվանվում»: «Մեծ հաշվով նշանակություն չունի, թե ինչպես մենք կանվանենք այն: Գլխավորը այն է, որ Հայաստանն ու Ամերիկան պետք է աշխատեն համատեղ, որպեսզի վերականգնեն ժողովրդավարության զարգացումը: Կարծում եմ, դա իրատեսական է», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը: Մեկնաբանելով ամերիկայի ձայնի թղթակցի այն ենթադրությունը, որ Հայաստանի նոր նախագահը շարունակելու է ռուսամետ քաղաքականություն վարել, Մաթյու Բրայզան նշել է, որ Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի, դա այնքան էլ կարեւոր չէ Միացյալ Նահանգների համար: «Մեզ համար կարեւորը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հավատարմությունն է ընդհանուր ռազմավարական շահերին եւ արժեքներին, որոնցից կարեւորագույնը ժողովրդավարությունն է: Հայաստանը բավական հաջողակ էր ժողովրդավարության առաջխաղացման բնագավառում, այդ պատճառով էլ իրավունք է ստացել մասնակցելու «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրին: Սակայն վերջին իրադարձությունները ստվեր են նետել հայկական ժողովրդավարության ամրության վրա: Մենք կոչ ենք անում կառավարությանը` վերականգնել մամուլի ազատությունը, վերացնել արտակարգ իրադրությունը եւ սկսել լայնածավալ երկխոսություն հասարակության հետ», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մաթյու Բրայզան: Ամեիրիկացի բարձրաստիճան դիվանագետը, ով նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն է ասել է, թե մեծ տարբերություն կա Լեռնային Ղարաբաղի կարգավորման Մինսկի խմբի ներկայիս ծրագրի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ներկայացված ծրագրի միջեւ: Ըստ նրա, որեւէ հիմք չկա համեմատելու Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի ժամանակներում ներկայացված ծրագրերը: «Մենք շատ հեռուն ենք գնացել այդ պահից սկսած: Օրակարգում դրված է սկզբունքային աաջարկների մի համալիր, որ կարելի է քննարկել: Այդ առաջարկները կբերեն տարածքների վերադարձ Ադրբեջանցիներին, փախստականների վերադարձ: Դա ներառում է Հայաստանը եւ Ղարաբաղը միացնող միջանցք եւ միջազգային խաղապահների ներկայություն: Այսինքն, այդ առաջարկները հիմք կհանդիսանան խաղաղ պայմանագրի համար, որը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում դրված են բացառիկ եւ հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ են կենսագործել», - եզրափակել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մաթյու Բրայզան:

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԸ

39 կողմ, 7 դեմ եւ 100 ձեռնպահ` ձայների հարաբերակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան անցած գիշեր ընդունեց Lեռնային Ղարաբաղին նվիրված բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից: Բանաձեւում մասնավորապես նշված է. - «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտան•ությունն ու խաղաղությունը»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ,անվերապահ ու լիակատար դուրս բերում: «ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը որ հիմա առկա է Lեռնային Ղարաբաղում եւ չպետք է դիմի որեւէ քայլի,որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը», - ասված է ՄԱԿ-ի բանաձեւում: Փաստաթուղթը նաեւ հաստատում է. - «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»: Սրան զուգահեռ ՄԱԿ-ի անդամների կողմից վերահաստատված այս բանաձեւում նշվում է, որ կազմակերպությունը ընդունում է «Ղարաբաղի հայակական եւ ադրբեջանական համայնքների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»: Բանաձեւի շուրջ քվեարկությունից առաջ ասամբլեայի լիագումար նիստին թեժ բանավեճ էր ծավալեվել, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրնեից երկուսի` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ադրբեջանից դիվանագետների կողմից պատրաստված այս փաստաթղթի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը` ելույթ ունենալով Մինսկի խմբի համանախագահների անունից ասել է, թե ներկայցված բանաձում տեղ է գտել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի: «Նման ընտրովի մոտեցումը կարգավորման սկզբունքներին ստիպում է մեր երեք պետություններին դեմ արտահայտվել ներկայացված նախա•ծին», - հայտարարել է Վուլֆը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս ընդգծել է փաստաթղթի միակողմանի բնույթը` ասելով, թե «ՄԱԿ-ի պատմության մեջ սա աննախադեպ մի երեւույթ է, երբ փորձ է արվում ընդունել մի բանաձեւ` նախապես դրա շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ չկազմակերպոլով»: «Ադրբեջանը նպատակ ունի այս քայլով իր ցանկությունները խտացնել մեկ առանձին վերցված թղթի կտորի վրա», - հայտարարել է Մարտիրոսյանը` համոզմունք հայտնելով, թե «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով` Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը: Ադրբեջանին աջակցություն հայտնած պետությունների մեծ մասը «Իսլակաման Համաժողով» կազմակերպության անդմաներն են, այդ թվում` Թուրքիան, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ պետություններից` Վրաստանը Մոլդովան, Ուկրաինան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ուզբեսկտանը: Ադրբեջանական պատվիրակության պատրատսած բանաձեւին կողմ է արտահայտվել նաեւ Սերբիան: Ինչ վերաբերում է ադրբեջանական առաջարկին դեմ հանդես եկած երկրներին, ապա դրանց թվում են Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ Հնդկաստանը, Անգոլան ու Օվկեանիայում գտնվող փոքրիկ Վանուատու կզղին: ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունները կամ ձեռնպահ են քվերակել, կամ էլ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը արդեն իսկ հույս է հայտնել, որ այս բանաձեւը «Ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Lեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումներին»: Հայաստանի արտգործնախարարության ուշ գիշեր տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, թե ՄԱԿ-ում անցկացված քվերկությունը տրամադրությունների յուրատեսակ ստուգատես էր: «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում Ադրբեջանական կողմի մոտեցումները, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովի պնդմամաբ, ընդունված բանաձեւը «շատ կարեւոր մի փաստաթուղթ է , որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի»: Ազիմովը խիստ քանադատության է ենթարկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախահագներին`պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել: «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինկսի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա», - ասել է Ազիմովը:


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակից Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները շարունակվում են: «Երեկ ձերբակալվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի ակտիվիստ, ՀՀՇ անդամ Յուրա Պողոսյանը, նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Փորձում ենք ճշտել, թե որտեղ է գտնվում: Առավոտյան տեղեկատվություն ստացվեց նաեւ, որ ձերբակալվել են Բուժականի ակտիվիստներից երկուսը, ըստ մեր ունեցած, սակայն, չճշտված տեղեկությունների, նրանք գտնվում են ԱԱԾ մեկուսարանում: Ասում են, նախորդ գիշեր եւ այսօր առավոտյան եղել են ձերբակալություններ եւ խուզարկություններ: Տպավորությունն այնպիսին է, կարծես թե սպասվում են նոր, անօրինական ինտենսիվ ձերբակալություններ», -նշեց Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա, այսօր առավոտյան առանց որեւէ ծանուցագրի ԱԱԾ են կանչել Նոր Հաճնի ենթաշտաբի պետ Մարիետա Պետրոսյանի որդուն, հարցաքննել են` առանց արձանագրություն կազմելու: Իսկ վաղ առավոտյան կանչել են նաեւ Մարիետա Պետրոսյանին, դարձյալ առանց ծանուցագրի: «Մենք խնդրել ենք, որպեսզի ծանուցագիր ուղարկեն, հանգամանքները պարզեն, թե որպես ինչ են հրավիրում, ամենակարեւորը, որն իրավապահները չեն ուզում անել, փոխարենը` դա որակում են որպես զրույց: Մենք արդեն խիստ հրահանգել ենք մեր ակտիվիստներին, որ բոլոր զրույցներն անցկացնեն սրճարաններում: Եթե կանչում են ԱԱԾ կամ դատախազություն, ապա անպայման թող պահանջեն ծանուցագիրը եւ հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են կանչում զրույցների: Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, մարտի 1-ից մինչ օրս ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից 200-ը, որոնցից 85-ն ազատ են արձակվել:


ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ 
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ-ՑԱՆՑՈՒՄ

 

 
Հեռահաղորդակցման միջազգային միության տվյալներով` 2007 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը 172 800 է (բնակչության 5.9 տոկոսը), իսկ հայաստանյան .am տիրույթում գրանցված դոմեյնների` ենթատիրույթների թիվը, 2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 9300: Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունից հետո լրատվամիջոցների գործունեությանը զուգահեռ մտցվեցին նաեւ ինտերնետային սահմանափակումներ, հայաստանյան մի շարք կայքէջեր, այդ թվում եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքէջը` azatutyun.am-ը, դարձան անմատչելի: «Հայաստանում ինտերնետը լրատվության աղբյուր է ծառայում ինտերնետից օգտվողների ոչ ավել, քան 5 տոկոսի համար, մոտ 5 տարի առաջ, ըստ հարցման, այդ ցուցանիշը 1 տոկոս էր: Հետեւաբար ինտերնետային սահմանափակումները հիմնավորված եւ ողջամիտ չեմ համարում: Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ում եւս լրատվամիջոցներին կոչ արվեց լինել զուսպ եւ խուսափել կտրուկ, միակողմ հայտարարություններից, ոչ ստուգված տեղեկությունների հրապարակումից, սակայն ոչ ոք ինտերնետային զտում չէր իրականացնում, վերջինս ավելի բնորոշ է տոտալիտար երկրներին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն, Հայաստանի ինտերնետ մատակարարող ընկերությունների միության խորհրդի անդամ Դավիթ Սանդուխչյանը: «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությունը, որը տնօրինում է երկրի տեղային` am տիրույթների ցանցը եւ ենթատիրույթների գրանցումը, մի քանի օր «լռությունից» հետո կայքում տեղադրել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԱԾ-ի պահանջով կասեցվել է որոշ ենթատիրույթների սպասարկումը: Իրենց բաժանորդներին որեւէ կերպ չեն տեղեկացրել նաեւ ինտերնետ մատակարարող ընկերությունները, որոնք թեեւ չեն տնօրինում ենթատիրույթները, սակայն, ըստ Դավիթ Սանդուխչյանի, կատարում են կայքէջերի բովանդակության զտում: «Ենթադրաբար ինտերնետ մատակարարող ընկերություններն են ֆիլտրացիա կատարում, այսինքն` զտում են այն բովանդակությունը, որն ինչ-ինչ պատճառներով համարում են արտակարգ դրությանը «հակասող»: Իրենք իրենց բաժանորդներին որեւէ տեղեկություն չեն տրամադրում, այս ամենը պարզաբանվում է բամբասանքների մակարդակով: Այսօր մենք ոչ թե տեղեկատվության, այլ բամբասանքների հասարակություն ենք, քանի որ Հայաստանում, թերեւս, հիմնական լրատվամիջոցն այսօր բամբասանքն է»,- նշեց Դավիթ Սանդուխչյանը: Հայաստանում ինտերնետ մատակարարող ընկերություններից մեկի` «Վեբ» ընկերության ղեկավար Ալբերտ Տոնեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ «արտակարգ իրավիճակի հետ կապված կայքերի որոշակի սահմանափակումներ կան» եւ «որոշակի ցանկեր գոյություն ունեն»: «Արմինկո» հայկական տեղեկատական ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի խոսքով էլ, նախագահի հրամանագրից բխող սահմանափակումների մասին «տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը` գրեթե ամենօրյա պարբերականությամբ»: «Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը փաստեց, որ այս ամենը բացասաբար է անդրադառնում ինտերնետ -շուկայի վրա, սակայն ինտերնետ մատակարարող ընկերությունները չեն պայքարում սպառողների իրավունքների համար եւ իրենց բիզնեսի կրած վնասների դեմ: «Հայաստանում բիզնեսը աշխատում է չվիճել, բախումներ չունենալ իշխանությունների հետ: Իր իրավունքները պաշտպանել փորձող ցանկացած ընկերություն ի վերջո պարտվում է: Հետեւաբար, նման քայլի դիմելու համար պետք է ունենանք անկախ դատական համակարգեւ օրինապաշտ հասարակություն, ինչը մենք այսօր չունենք,- եզրափակեց Դավիթ Սանդուխչյանը:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԹԻՎ

 

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ շաբաթ օրը իրենց անհանգստությունն են հայտնել լրատվական դաշտում ստեղծված իրավիճակի առթիվ: Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ -Հայաստան»-ը, «Ինտերնյուս»-ը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Վանաձորի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը համատեղ հայտարարության մեջ նշում են, որ մարտի 1-ից ի վեր տեղեկատվական ոլորտում եղել են օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես, ըստ հայտարարության հեղինակների, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով նախագահի հրամանագրի 4-րդ կետի, 4-րդ ենթակետը, հրապարակում ու հեռառձակում էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող: «Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական ան•ամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային հեռուստառադիոընկերությունում` (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում է», - ասված է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները նաեւ անդրադառնում են տպագիր մամուլում ստեղծված իրավիճակին. - «Չնայած հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ ար•ելված է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպա•րությունն արգելվել էր բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, ովքեր ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ», - նշում են հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչները: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նաեւ անդրադարձել են մի շարք ինտերնետային լրատվական կայքերի արգելափակմանը. - «Այս գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների կիրառումն այս պարագայում` գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներ տարածել», - նշված է հայտարարության մեջ: Այս ամենից ելնելով հայաստանյան հասարակական կազմակերպությունները պահանջում են` պատասխանատվության ենթարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում անընդունելի իրավիճակի համար; հետաքննել ապօրինի գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին ու նման հրահանգ տվողներին; անհապաղ վերանայել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը: «Միեւնույն ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում ենք ոչ-թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար, - գրված է հայաստանյան հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ:

Քաղաքական շմոն մետրոյում

Այս օրերին Երեւանի մետրոյի կայարաններում ոստիկանությունը երիտասրադներին հրավիրում է տեղի բաժին եւ խուզարկում:

Սակայն, այս ամենի մեջ ուշագրավն այն չէ, որ ոստիկանները երիտասարդ տղաներից պահանջում են գրպաններում եղած չեղածը դատարկել սեղանին: Էականը այդ ընթացքում տրվող հարցերն են, որոնք բացառապես վերաբերվում են երիտասարդների քաղաքական դիրքորոշմանը: Ոստիկանները ուղղակի հարցնում են, թե նախագահական ընտրություններում տվյալ երիտասարդը ում օգտին է քվեարկել: Իսկ քանի որ երիտասարդներից ոչ ոք մտադիր չէ անազատության մեջ հայտնվել, այն էլ նման հիմար ձեւով, արդյունքում մետրոյի կայարանների ոստիկանության բաժիններում Սերժ Սարգսյանի վարկանիշը գրեթե 150 տոկոս է:


Խաչիկ Չալիկյան. «Ճշմարտությունը ճչաց Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ» 


-Փետրվարի 20-ից սկսած Հայաստանում բազմահազարանոց հանրահավաքներ էին
ընթանում: Գիտեմ, որ Դուք էլ էիք մասնակցում: Ինչի՞ համար էր պայքարում
ժողովուրդը:

- Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հոկտեմբերի 26-ին հրավիրած
հանրահավաքում մեկուկես ժամ ելույթ էր ունենում շատ կիրթ, գրագետ
հայերենով, ժողովուրդը շունչը պահած լսում էր` անկախ նրանից նույնիսկ, թե
նա ինչ էր ասում: Պարզապես, նրա մտավոր հայերեն խոսքի պահանջը կար
ժողովրդի մոտ: Մտավորականի կերպարի պահանջը կար: Այն կերպարի, որը
մեզանից խլել էին 10 տարիների ընթացքում: Ժողովուրդը այդ արժեքը տեսավ
Լեւոնի մեջ, եւ ճշմարտությունը փնտրող մարդը չէր կարող չգնալ նրա
հետեւից:

- Ի՞նչ է, այդ տեսակը չկար՞ նախագահի մյուս թեկնածուների մեջ:

- Ժողովուրդը ինքը ապացուցեց, որ չկա: Մյուս թեկնածուները իրենց քայլերով
ապացուցեցին, որ իրենց հետաքրքրում է ոչ թե ազգի շահը, ոչ թե երկրի շահը,
այլ ուրիշ ինչ-ինչ խնդիրներ: Եվ, բնականաբար, այս դեպքում Լեւոն
Տեր-Պետրոսյանը ճիշտ էր նրանով, որ նրանցից Շարժումը
մաքրվում-տարանջատվում էր, որպեսզի վաղը պատեհապաշտները հանկարծ
չհայտնվեն իշխանության մեջ, որովհետեւ նրանք այսօր չեն մտածում երկրի
ապագայի մասին:

Դառնալով առաջին նախագահի ակտիվ քաղաքականություն վերադառնալու փաստին`
պետք է հիացմունքով նշեմ, որ նա ճիշտ ժամանակին հայտնվեց: Նա կարողացավ
արտահայտել ժողովրդին մտահոգող բոլոր խնդիրները, բոլոր պահանջները, որոնք
կուտակվել էին, եւ որոնց մասին ժողովուրդը չէր կարողանում բարձրաձայնել:

- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը: Մի՞թե մեր ազատ-անկախ-ժողովրդավարական
երկրում դեռեւս չլուծված խնդիրներ կան:

- Սկսեմ նրանից, որ այդ բնորոշումները մեր այսօրվա երկրի հետ ոչ մի կապ
չունեն: Ցանկացած երկրի համար շատ կարեւոր է երկրի ղեկավարի նաեւ
գեղարվեստական կերպարը, որով էլ պայմանավորվում է ժողովրդի նկարագիրը: Չի
կարող գավառամիտ ղեկավարը, որը հեռու է իր ժողովրդի ձեւավորած
հոգեւոր-մշակութային-բարոյական արժեքներից, իրենով պայմանավորել քիչ թե
շատ տանելի երկիր: Վերջին տասնամյակում բոլորովին այլ արժեքներ էին
քարոզվում եւ կամաց-կամաց երկրի թափթփուկը դարձավ երկրի տեր: Ծաղկում
ապրեց կեղծիքը, անբարոյականությունը, գործի մեջ դրվեց մոնղոլ-թաթարական
սինդրոմը եւ, բնականաբար, ժողովուրդը իր պահանջներով անցավ ընդհատակ:

Այսօրվա պայքարը ավելին է, քան` գաղափարները: Ճշմարտությունը վերագտնելու
եւ այդ մասին բարձրաձայնելու պայքար է: Ճշմարտությունը ճչաց եւ այդ ճիչն
արդեն անհնար է լռեցնել: Ճշմարտությունը ճչաց Լեւոն Տեր-Պետրոսյանի
շնորհիվ: Պատկերացրեք, թե ինչ ողորմելի քաղաքական իրականություն էր մեզ
սպասվելու, եթե նա չվերադառնար: Ցանկացած պարագայում տանուլ էինք տալու:

- Այսինքն` պայքարը շարունակվելու՞ է:

- Շարունակվում է: Միանշանակ: Սա ժամանակների, քաղաքակրթությունների
պայքար է: Ավարայրի ճակատամարտը շարունակվում է: Ցանկացած խնդիր
իրականություն է դառնում հոգեւոր հարթության մեջ, եւ կուզենայի այս
դեպքում երեւույթներին նայել հոգեւոր արժեքների տեսանկյունից: Այս
շարունակվող գոյամարտը երկրի նկարագրի, հոգեւոր տեսակի, ժողովրդի
ինքնության վերահաստատման համար է: Պայքարը ժողովրդի վերագտած այդ հզոր
հոգեւոր ուժի եւ ճղճիմ միջնադարից, աֆրիկյան ինչ-որ ջունգլիներից
հայտնված ուժերի միջեւ է, ու եթե նահանջենք, իսկապես կնետվենք միջնադար:

- Ունեցանք Մարտի 1 եւ Մարտի 2: Մտավորականությունը ինչու՞ է լռում:

- Ամենացավալին ինձ համար բարիկադի այն կողմում հայտնված մտավորական
կոչվածների` այսօրվա դավիթհովհաննեսների, դավոյանների, մերուժանների`
անվան ուղղակի իմաստով, գոյության փաստն է: Այդ կողմում, նույն այդ
«փղերի» մոտ է հայտնվել նաեւ հոգեւոր դասը` իր առաջնորդի ղեկավարությամբ:
Բայց, ի վերջո, խնդիրը մտավորականները չեն, ոչ էլ հոգեւոր այրերը, որոնք
իրենց պահվածքով իրենց մահկանացուն կնքեցին որպես այդպիսիք: Շատ ավելի
ողորմելի են իշխանությունները, որոնք հենվում են այդ չմտավորականության
վրա: Պալատներում անհնար է մտավորական փնտրել, դրանք պալատական
խեղկատակներ են միայն:

Ես ամաչում եմ մեր մտավորական դաշտի համար եւ ամաչում եմ, որ ինքս էլ
կրում եմ մտավորականի պիտակը: Սակայն հավատում եմ-վստահ եմ, որ պիտի ծնվի
նոր երկիր, նոր մտավոր դաշտով:

- Ձեր գնահատականը` վերջին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

- Ինձ համար վիրավորական է «գնահատական» բառը այս պարագայում
օգտագործելը: Գնահատական ինչի՞ վերաբերյալ, մի բանի, որը 21-րդ դարի
քաղաքակրթության ընկալումներից դու՞րս է: Իհարկե, դա բարբարոսություն էր:
Ես ամաչում եմ, որ այդ թափթփուկները կարող են ապրել նույն երկնքի տակ,
որտեղ ես եմ ապրում: Չեմ կարծում, թե մոլորակի որեւէ կետում կարող են
ժամանակները, քաղաքականությունները նման հակադրության մեջ հանդիպել
միմյանց` նույն տարածքի վրա: Եվ դեռ գործող իշխանությունները փորձում են
ժողովրդին կրկին մոլորեցնել, վարկաբեկել, խուճապի մատնել ինչ-որ
արհեստածին, ճղճիմ ներկայացումներով: Ի վերջո, ժողովուրդը շատ լավ
հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում:

- Արդեն մի քանի օր է Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված:
Քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, ազատ խոսքի իրավունքի
նկատմամբ արգելքներ: Իսկ դուք խոսում եք ինչ-որ ճշմարտության, զարթոնքի,
արժեքների վերահաստատման մասին:

- Պայքարը չի ավարտվել: Սա քաղաքակրթությունների պայքար է, հոգեւոր
պայքար է, եւ սրա հետ ոչ մի կապ չունեն իշխանության հայտարարությունները:
Այս պահին էլ կռիվը շարունակվում է: Շարունակվում է մարդու հոգեւոր
աշխարհում: Ո՞վ կարող է հարբած փղերով կռվել ոգու հետ: Մենք իրավունք
չունենք այս պայքարը տանուլ տալու, եւ վստահ եմ` հաղթելու ենք: Այն
ժողովրդին, որը պայքարում է իր ոգու հաղթանակի համար` անհնար է
ստորացնել, անհնար է լռեցնել: Կռիվ` ինչ-որ թափթփուկների հե՞տ: Նման
պարագայում հաղթողը միշտ ոգին է լինում:

Մենք գերխնդիրներ առաջադրող եւ այդ պարագայում հրաշքներ գործող ժողովուրդ
ենք: Եվ հրեական` 40 տարվա մոդելը մեզ հարիր չէ, քանի որ այդ դեպքում մեր
նկարագիրը կկործանվի: Մեր ժողովուրդը իսկապես հրաշքներ գործելու համար է
ծնվել եւ այն ճանապարհը, որ ուրիշ ժողովուրդներ շատ երկար են անցնում,
մենք կարող ենք մեկ օրում անցնել: 


ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԱԺ Նախագահ Տիգրան Թորոսյանին
Ամենայն հայոց կաթողիկոս Վեհափառ Գարեգին II –ին
Կոտայքի մարզ գյուղ Բալահովիտ
Իլիչ Վարդանի Մելքոնյան
Հեռ. 091 43 93 05

Պարոնայք իշխանավորներ և հոգևոր կրոնի առաջնորդներ, դժվար է պատկերացնել
աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրի, որտեղ գնդակահարում են իր քաղաքացիներին
և այդ երկրի, ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, կատարվածի
վերաբերյալ, համապատասխան դատապարտող գնահատական չտա:
Մենք բոլորս լավատեղյակ ենք, թե մեզանում ինչպիսի ընտրություններ տեղի
ունեցան և ահա հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս էին
եկել հրապարակ, ստին ու կեղծիքին ոչ ասելու ցանկությամբ, իշխանությունը,
նույն թվում ԱԺ-ը ժողովրդի ցանկությանը դիմավորեց զենքով:Ամենադառը
վիրավորանքը այն է, որ ժողովրդի կողմից «ընտրված» 131 պատգամավորներից և
ոչ մեկը համարձակություն չունեցավ դուրս գալ ամբիոն և իր մարդկային ճիչը
արձակեր կատարվածի մասին:Իր բարձրության վրա չգտնվել նաև հոգևոր կրոնը` ի
դեմս Գարեգին վեհափառի, որը նույնպես կատարվածի մասին որևէ վերաբերմունք
չարտահայտեց, բացի զոհվածների հիշատակին հոգեհանգստի լուռ
արարողությունը:Ստեղծվել է տպավորություն, որ ժողովուրդը անառաջնորդ է և
անտեր :
Հենց զուտ պաշտոնական տեղեկությունից պարզ դարձավ, թե իրականում մարտի
1-ի արյունոտ օրը ինչ՞ է կատարվել:Անխոհեմ քայլով բռնության սկիզբը դրվեց
Ազատության հրապարակում, որը իր դաժան շարունակությունը ստացավ
քաղաքապետարանի տարծքում և վերածվեց իսկական ազգային ողբերգության:
Հանրահավաքի մասնակիցները 10-20 հազար ըմբոստյալներ չէին:Ժամանակ է եղել,
երբ Ազատության հրապարակ են հավաքվել 5-6 հարյուր հազար մարդ:Ծեծով,
ձերբակալությամբ սպանությամբ, արտակարգ դրություն մտցնելով և այլն
մտածել, թե կարելի է վիճակը կայունացնել կարծում եմ, մեղմասած,
անիրատեսական է:
Աշխարհի ոչ մի երկրում նստած ցուցարարների դեմ զինվոր չեն օգտագործել և
զինվորի ձեռքերով իրենց քաղաքացիներին չեն գնադակահարել:
Ինչպիսին էլ որ լինեն կատարվածի հիմնավորումները դա որևէ արդարացում չի
կարող ունենալ, քանի որ թափվել է զինվորի, ոստիկանի և մեր
համաքաղաքացիների արյունը:
Մեզանից ոչ ավելի սուր քաղաքական իրավիճակներ ստեղծվեցին Վրաստանում
Ուկրաինայում, Կիրգիաստանում սակայն այդ հանրապետությունների ղեկավարները
գտան լուծման խոհեմ տարբերակները, բայց իրենց քաղաքացիներին չսպանեցին:
Ցանկացած քաղաքակիրթ երկրում, նման դեպքերին հաջորդում են ամենաբարձր
մակարդակի հրաժարականները, իսկ մենք շարունակում ենք ստանալ
շնորհավորանքներ:
Իհարկե պետության վարկանիշը խստագույնս ընկավ, մինշանակ բարդացրեց
Ղարաբաղյան հարցի լուծման, առանց այն էլ, դժվարին խնդիրը:
Ժողովուրդը, մարդիկ միմյանց զգուշացնում են խոսել շշուկով, կամ ուղղակի
լռե.լ դա նշանակում է, որ մեզանում կյանքի է կոչվել համակենտրոնացման
ճամբարի ոգին և եթե դուք որևէ կերպով մտահոգված եք ստեղծված վիճակով,
հապա դուրս գալու միակ և միակ ելքը, թեկուզ ուշացումով, նոր
ընտրություններ անցկացնելն է, ընտրություններ առանց խարդավանքի, կեղծիքի,
կաշաքռի, ծեծի ու բռնության, որոնց վերահսկումը, ցանկության դեպքում
իշխանությունը միշտ էլ կարող է անել:
Ատելությունը օր օրի վրա խորանում է, պահամջվում է ցուցաբերել ոչ միայն
կամք այլ վճռական կամք, կարողանալ հաղթահարել պաշտոնամոլության պատնեշը,
երկրի և ժողովրդի շահը գերադասել անձնական շահից, առանց
պատասխանատվությունից վախենալու, ցուցաբերել տղամարդուն վայել իսկական
քաջություն և գնալ այդ քայլին, անցկացնել նոր ընտրություն:
Միամտություն կլինի կարծել, որ այս նամակը կտրվի հասցեատիրոջ ընթերցմանը,
առավել ևս այն կունենա իր դերակատարությունը, պարզապես մտոհոգված լինելով
երկրում ստեղծված վիճակով փորձեցի ներկայացենել ճշմարտությունը և դրանից
դուրս գալու միակ ճիշտ առաջարկությունը և եթե այն օգնի և կատարվի այդ
հրաշքը, կմնա աղոթել աստծուն և խոնարհվել մարդու մեծության առջև:
Ի. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement