Comité de soutien à la démocratie en Arménie
  Articles du 07 au 08 mars
 

ԱՄՆ-ի վերաբերմունքը կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ մարտի 7-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ քոչարյանին, Վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմադիր այլ քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Հանդիպումների ընթացքում նա խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան նաեւ նշել է, որ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը բոլոր կողմերի միջեւ երկխոսությունն է, ինչը խրախուսելու համար անհրաժեշտ է հանել լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները եւ վերականգնել մամուլի լիակատար անկախությունը:Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է, որ ոստիկանությունն ու դատարանները պետք է մանրակրկտություն ցուցաբերեն մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հետ կապված հետաքննություններում, որպեսզի քաղաքական ընդդիմության հանդեպ հալածանքների տպավորություն չստեղծվի: Մեթյու Բրայզան նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել երկրում:

Իրեն «պատին դեմ տված իշխանությո՞ւն, թե` Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությո՞ւն

Ռուսական «FinTimes» ինտերնետային պարբերականը երեկ հրապարակել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններին նվիրված հոդված:

Դրանում, մադնավորապես, նշվում է, որ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը, ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները, որոնք իշխանությունների կողմից զսպվում են արյունահեղությամբ, եւ հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանը ոչ այնքան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է, որքան` Սերժ Սարգսյանի դեմ: «FinTimes»-ը գրում է, որ իրեն խայտառակ ընտրություններով վարկաբեկած իշխանությունը կրիտիկական պահին չդիմացավ եւ «ձեռքերին ազատություն տվեց»` մի ակնթարթում իր դեմ տրամադրելով ամբողջ միջազգային հասարակայնությանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումը գլխավորում է հենց այն նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 1980-ականների վերջերին իր կազմակերպած հանրահավաքներով կարողացավ Հայաստանում ջախջախել խորհրդային իշխանությունը: Հոդվածագիրը իրադարձությունների հետագա զարգացման մի քանի տարբերակներ է կանխատեսում: Ըստ հոդվածագրի, այն տարբերակները, որոնք ենթադրում են կողմերի միջեւ փոխզիջում, ճշմարտանման չեն, իսկ մյուս տարբերակները, որոնք ենթադրում են, որ արտակարգ դրության չեղյալ հայտարարումից հետո լարվածությունը ավելի կխորանա, Տեր-Պետրոսյանին կամ տանում են նախագահի նստավայր, կամ էլ` բանտ: «Երկու դեպքում էլ իշխող կոալիցիան վարկաբեկվելու է, ինչը վերջինիս համար ձեռնտու չէ»-կարծիք է հայտնում հեղինակը:

«Ռուսաստանի համար ի՞նչ է ներկայացնում իրեն «պատին դեմ տված» հայաստանյան իշխող կոալիցիան եւ ի՞նչ Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությունը»,-հարց է տալիս հեղինակը: «Այն, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից շատ կարեւոր երկիր է, կասկած չկա: Եվ, ի տարբերություն, Ռուսաստանի դեմ ագրեսիվորեն տրամադրված Վրաստանի կամ Ադրբեջանի, ուր ԱՄՆ-ը «նշանակել է իր մարդկանց» մենք դեռ Հայաստանը պահում ենք: Իսկ Հայաստանի նկատմամբ վերահսկողության կորստով Կրեմլը ամբողջությամբ կկորցնի Կովկասը»-եզրափակում է հոդվածագիրը:

ՍԴ-Ն ԳՆԱՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների քննարկումը:

ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Վահե Գրիգորյանը եւ Պարգեւ Օհանյանը հանդես եկան եզրափակիչ խոսքերով, իսկ պատասխանող կողմը շարունակեց պնդել իրենց իրականացրած կեղծիքները: Այդքանով, ՍԴ-ն ավարտեց դիմումների քննարկումը եւ գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:


Ստորեւ ներկայացնում ենք փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքն ամբողջությամբ.


«Ի լրումն նախկինում մեր կողմից ներկայացված դիմումի եւ բացատրությունների` սույն ամփոփիչ ելույթում ընդամենը հակիրճ կանդրադառնանք հետեւյալ 3 հարցադրումներին.


1. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջամտել է նախընտրական քարոզչությանը, իրականացրել է նախընտրական քարոզչություն հօգուտ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ դիմողի: Սույն հանգամանքը որեւէ կերպ չի առարկվել պատասխանողների կողմից: Ավելին,ի պատասխան մեր հարցի` պատասխանողի ներկայացուցիչ Գ. Ազարյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը «ոչ թե զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, այլ քաղաքական գործունեությամբ»: Իրականության մեջ սա ոչ թե առարկություն էր մեր պնդմանը, այլ դրա հաստատումը, քանի որ նախընտրական քարոզչությունը քաղաքական գործունեության ամենավառ դրսեւորումներից է: Ավելին, դատարանի հարցերից մեկին պատասխանելիս նույն ներկայացուցիչը  իր խոսքում բառացիորեն նշեց, որ ներկայացված քաղաքական գործունեության մեջ որոշակիորեն կային նախընտրական քարոզչության տարրեր: Բացի այս, եթե մի պահ վերանանք մեր բոլոր առարկություններից առ այն, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003թ.-ին, ապա զուտ պաշտոնական վիճակագրության հիման վրա նրան կողմ են քվերակել ընտրողների 1 մլն-ից ավելին: Դատարանին խնդրում ենք այս թվին համադրել Սերժ Սարգսյանին ընտրված համարելու համար անհրաժեշտ այն 46.000 ձայները, որոնք նրա համար ապահովել են մեկ փուլով ընտրվելու հնարավորություն: Մի±թե Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս երկրում չունի 46.000 համակիրներ եւ ընտրողներ, որոնք նրա կոչով եւ հորդորով իրենց ձայնը կտային թեկնածու Սերժ Սարգսյանին:


2. Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում ձեւավորված թեկնածուների միջեւ պայմանների  հավասարության վերաբերյալ թեկնածուի ներակայացուցիչը Բարձր դատարանի առջեւ հայտնեց, որ այդ հավասարությունը կարող է լինել միայն հարաբերական:  Ըստ էության չենք կարող առարկել այն փաստարկին, որ հավասարությունը բացարձակ չի կարող լինել ամեն դեպքում, սակայն եթե հարաբերական հավասարության սահմանը ընդգրկում է նաեւ վարչապետի լիազորությունների ծավալը, ապա այդ դեպքում ո±րն է անհավասարությունը: Վարչապետի լիազորությունների ծավալից առավել լիազորություններ ունի միայն հանրապետության Նախագահը, որը, ինչպես մեր ընդդիմախոսներն են պնդում, պարտավոր չէ նախընտրական քարոզչության մասնակցելիս դադարեցնել իր լիազորությունները: Փաստորեն, հարաբերական հավասարության սահմանը ներառում է այն առավելագույնը, որից դուրս այլեւս չկա որեւէ լիազորություն կամ դիրքի առավելություն: Այս դեպքում տարակուսելի է, թե ինչու է առհասարակ օրենսդրորեն ամրագրված թեկնածուների միջեւ հավասարության ապահովման պայմանը, այն դեպքում, երբ թեկնածուների միջեւ անհավասարությունը տեսականում եւ գործնականում անհնար է: Մեր կարծիքով հարաբերական հավասարության սահմանը ոչ մի դեպքում իր մեջ չի կարող ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորություններից եւ ոչ մեկը:


3. Ընդամենը 29.02.2008թ. մեր դիմումի մեջ այս դատարանին մենք կանխատեսումների ձեւով դատողություններ էինք ներկայացրել առ այն, որ ինչքան վտանգավոր կլիներ մեր երիտասարդ հանրապետության  ժողովրդավարության համար Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքաղաքական հարցերի հորձանուտում ներքաշվածությունը, եւ ինչ անդառնալի վնաս կհասցվեր մեր երկրում մարդկանց ազատություններին եւ իրավունքներին Զինված ուժերի` սահմանդրորեն ամրագրված ներքաղաքական հարցերում չեզոքության պայմանի խախտումը:  Արդեն 7 օր է` ներառյալ նաեւ սույն դատավարության ողջ ընթացքի համար մեր դատողություններն այլեւս կանխատեսումներ չեն. դրանք իրականություն են:

 Պատմության ընթացքում շատ հազվադեպ է պատահում, երբ այս կամ այն համայնքի, պետության, հասարակության տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական պատասխանատվությունն ընկնում է արդարադատության ատյանի վրա:

 Այս դատարանն իր որոշմամբ կհավաստի, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն եւ հավատարիմ այդ պետության սկզբունքներին:

 Այս դատարանի պատասխանատվության ներքո է նաեւ պատասխանել, թե որքանով է մեր հանրապետությունը սոցիալական պետություն` հաշվի առնելով այն իրողությունը, որ վիճարկվող որոշման ուժի մեջ մնալը բացառելու է ցանկացած քաղաքացիական համերաշխության դրսեւորում: Իսկ քաղաքացիական համերաշխությունը ցանկացած սոցիալական պետության առաջնային բնութագրիչն է:

 Ժողովրդավարության սկզբունքին հավատարիմ մնալը բացառվում է ցանկացած անազատ ընտրության իրականացմամբ: Եւ այս դատարանի հայեցողության սահմաններում է գտնվում որոշել, թե որքանով է գոյություն ունեցող փաստացի պետական կառույցը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:

 Եւ ի վերջո, ամենակարեւորը` ճգնաժամը, որ առկա է մեր երկում պայմանավորված զանգվածային եւ համակարգված ընտրախախտումներով, ստանալու է իր լուծումը: Այն կարող է լինել ներքին ռեսուրսի կամ օտար միջամտությունների արդյունքում: Ներքին իրավական ռեսուրսը ամբողջությամբ սպառված է: Մնացել է միայն օտար միջամտությունների ռեսուրսը, որի կիրառումը մեր երիտասարդ հանրապետությանը արտաքին քաղաքական ասպարեզում որոշակի ազատություններից զրկելու վտանգ է պարունակում: Եւ ուրեմն, 8 դատավորների ուսերին է ծանրացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանի որոշումը: Հուսով եմ, որ այդ սահմանը համապատասխանելու է մեր Սահմանադրության նախաբանին»:


Ի դեպ, ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը մարտի 8-ի 24.00-ն է:

Սպանվածը Ապերն էր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության հաղորդագրության համաձայն մարտի 4-ին անհայտ անձը հրազենով կրակել եւ սպանել է 1972 թ. ծնված Արսեն Գալստյանին:

Արդեն տեղեկացրել ենք, որ Գալստյանը եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մերձավորներից: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, սպանվածը Թոխմախի Մհերի աջ թեւերից մեկն էր, ով հայտնի էր Ապեր մականունով:

Վրացական հ/կ-ները դիմում են

Երեկ վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել պետիցիայով, որտեղ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին եւ դատապարտել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները:

Այդ մասին վրացական հ/կ-ները հայտարարություն են արել «Շերատոն Մետեխի-Պալաս»-ում կայացած ասուլիսի ժամանակ: Միջազգային հանրությանն ուղղված պետիցիայում հ/կ-ների ներկայացուցիչները կոչ են արել պատժել հայկական իրավապահ մարմինների աշխատակիցներին, նպաստել ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակմանը, արտակարգ իրադրության վերացմանը, ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությանն ու հայկական ԶԼՄ-ների ժողովրդավարացմանը:

Արտակարգ դրությունը միայն Երեւանում չէ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման  հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված  օրենքները խախտելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Որ միտինգի չգնան

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մեր աղբյուրները, հետընտրական շրջանում բավականին ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել ԱԱԾ-ում:

ԱԱԾ ղեկավարությունը ստիպում է իր աշխատակիցներին տուն գնալ բավականին ուշացումով, որպեսզի որեւէ մեկը հանկարծ չգնար ընդդիմության հանրահավաքներին: Բանն այն է, որ ԱԱԾ ղեկավարությունը պարզել է, որ իր աշխատակիցների մի մասը ոչ աշխատանքի բերումով հաճախում էին հանրահավաքներին:

Մահացել է Երվանդ Զախարյանի եղբայրը

Մարտի 4-ին մահացել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը: Նշվում է, որ Զախարյանի մահված պատճառ է եղել քաղցքեղը:

Հիշեցնենք, որ Զախարյանը 2003-ից մինչեւ 2006-ի մայիսի 22-ը (Արթուր Բաղդասարյանի հրաժարակը ԱԺ նախագահի պաշտոնից) եղել է Օրինաց Երկիր կուսակցության եւ խմբակցության անդամ: Բաղդասարյանի հրաժարականից հետո Զախարյանը եղել է ՕԵԿ-ից թռած 11 պատգամավորներից մեկը: Ուշագրավն այն է, որ Զախարյանի մահվան մասին համառորեն լռություն են պահպանում հայրենի պատասխանատու լրատվամիջոցները: 

Հանդիպել է Պրեսկոտի հետ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ինքն ամբողջությամբ համաձայն է Եվրամիության Նախագահության հայտարարության մեջ արտացոլված կետերի հետ,  որը նա դիտում է իր սեփական դիրքորոշում եւ ակնկալում իշխանությունների համարժեք պատասխանն այդ հայտարարությանը:  

Սերժ Սարգսյանի տխուր ելույթի մեկնաբանությունները

Մարտի 6-ին կայացած կառավարության նիստում Սերժ Սարգսյանը մի տխուր ելույթ է ունեցել իր նախարարների առջեւ, որը ոչ թե պատասխաններ, այլ հարցեր է առաջացրել: Մեկնաբանենք Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ:


«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Եթե Սերժ Սարգսյանն ընդունում է, որ մեղավոր են նաեւ իրենք, ուրեմն իրենք պետք է բարոյականություն ունենան եւ առաջինը հրաժարական տան: Եթե վարչապետը չի կարողանում,  ոստիկանապետը չի կարողանում, ազգային անվտանգության ծառայության պետը չի կարողանում կանխել իրադարձությունների ընթացքը, ուրեմն գործ ունենք ապաշնորհների հետ, ուրեմն նրանք բոլորը պետք է առաջինը հրաժարական տան: Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել նաեւ հոկտեմբերի 27-ը: Բայց հրաժարական տալու փոխարեն սկսեց պատժել 27-ի զոհերի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին բացահայտել հոկտեմբերի 27-ը: Հիմա չի կարողացել կանխել մարտի մեկը, բայց հրաժարական տալու փոխարեն խոսում է բոլորին պատժելու մասին:

------

«Մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Բա ինչպիսի~ բարոյական կորուստներ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո, միջազգային հեղինակության ինչպիսի~ կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ պիտի հանդուրժենք, որ սերժսարգսյանների նմանների շնորհիվ անընդհատ ունենանք մարդկային, բարոյական, նյութական, հեղինակության կորուստներ: Այդ ինչ բարոյականությամբ նրանց պիտի հանդուրժենք, նրանց հետ պիտի երկխոսության գնանք: Իսկ ավելի բարոյական չէ՞, որ նրանք ինքնակամ հեռանան:

----


«Հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, եւ այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ: Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է: Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»:

Մեկնաբանություն.
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի նախարարները չեն հավատում իրենց վարչապետին, չեն հավատում նրա ներկայացրած նյութերին, չեն հավատում պաշտոնական խողովակներով տրվող քարոզչությանը, չեն հավատում ոստիկանության ներկայացրած տեղեկատվությանը, չեն հավատում Ռոբերտ Քոչարյանի ելույթներում ասվածներին: Եթե հավատում են, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պիոների նման երդվում, որ դրանք ճշմարտություններ են: Ճշմարտությունն ապացուցելու համար չեն երդվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած բուրգն իրոք քանդվել է, իրոք ճաքեր է տվել եւ այն պահվում է ռեպրեսիվ ապարատի միջոցով: Պատկերացնու ե՞ք, եթե նախարարները հավատային իրենց վարչապետին, ի~նչ ոգեւորությամբ կլծվեին նրա ճշմարտությունները պաշտպանելու գործին:

-----

«Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը. որ բանակը  կարողացավ կրակել սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների վրա՞, որ կարողացավ սադրել մարտի 1-ի իրավիճակը՞: Ադրբեջանական բանակը մեկ հարձակումով կարողանում է գրավել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պահպանած դիրքերը եւ մի քանի ժամ հետո միայն, երկու վիրավոր զինվոր թողնելով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կարողանում է ետ վերցնել գրաված դիրքերը: Սա պաշտոնական տեղեկատվությամբ: Իրականում խոսակցություններ կան, որ այդ դիրքերը դեռ ադրբեջանակլան բանակի ձեռքում են: Ինչո՞ւ, որովհետեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը ուղնուծուծով ներքաշված են Սերժ Սարգսյանի ներքաղաքական խաղերում,  բանակը թողած պաշտպանում են Սերժ Սարգսյանի դիքերը: Նրանք պատրաստ են կորուստներ ունենալ նաեւ ղարաբաղյան դիրքերում, միայն թե պահպանեն Սերժ Սարգսյանին:

-------

«Բոլորիդ կոչ եմ անում լինել ակտիվ, լինել նախաձեռնող, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»,-ասում է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություն.
Իսկ եթե մեղավորը Սերժ Սարգսյանն է, ո՞վ պիտի հետամուտ լինի, որ նա պատժվի: Մենք իրավունք ունե՞նք ունենալ մեղավորներին պատժելու մեր հետամուտ լինելու իրավունքը: Եվ ինչու՞ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո 100 տոկոսով չխոստացավ պատժել մեղավորներին եւ ինչու՞ դա Սերժ Սարգսյանի համար պարտականություն չէր: Եվ ընդհանրապես, զարմանալի է չէ՞, որ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանի «Հայլուրն» այսքան ողբերգական տոներով չէր, այսքան շատ չէր խոստանում պատժել մեղավորներին, այսքան շատ երեւանցիներից կարծիք չէր հարցնում, որ դատապարտեն 27-ի կազմակերպիչներին: 27-ի գործը Քոչարյանը համարեց ուչաստկովիի բացահայտելու գորրծ, իսկ այսպիսի ծավալով գործ Քոչարյանն ու իր գլխավոր դատախազը դեռ չէին տեսել:



ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻ ԵՒ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ

Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը եւ այլոք: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը` հիմնված Եվրամիության նախագահության մարտի 4-ի հայտարարության վրա, որը, ինչպես Տեր-Պետրոսյանը հավաստել է Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում, նա ընդունում է ամբողջությամբ եւ համարում իրավիճակից դուրս գալու լավագույն առաջարկը: Նույն օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի ներքին իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ վերջին օրերին շփման գծում արձանագրված զինադադարի խախտման դեպքերին:

ԿԱՆԱՆՑ ԵՐԹ` ԵՐԵՒԱՆՈՒՄ 
 

 
Չնայած Երեւանում հայտարարված արտակարգ դրությանը` այսօր շուրջ երկու տասնյակ կանայք սեւ ժապավեններով երթ էին նախաձեռնել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի «փակ շուկայի» մոտից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցի: Ցուցարարները կանգ առան ֆրանսիական դեսպանատան մոտ, ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին` ի հիշատակ մարտի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած բախումների զոհերի: Ելույթներ չհնչեցին: Ցուցարարների թվում կային նաեւ կանայք, որոնց հարազատները ձերբակալված կամ կալանավորված են: Երթը հսկում էին մեծ թվով ոստիկաններ, այդ թվում` բարձրաստիճան:

ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է` ԴՈՒՐՍ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

Եnբ հռոմեական Ներոն կայսրը հրամայեց այրել Հռոմը ու մեղքը գցելքրիստոնյաների վրա, համատարած ձեnբակալություններ իրականացվեցին, սպանվեցին շատերը, Ներոնը «բացահայտեց», որ քրիստոնյաները դավադրություն էին ծրագրում Հռոմի դեմ: Դրանից շատ չանցած, սակայն, վերջ դրվեց նրա թագավորությանը եւ իրականությունը բացահայտվեց: Հ այաստանում այսօր բազմաթիվ ձերբակալություններ են իրականացվում, Տեր-Պետրոսյանի բազմաթիվ կողմն ակիցներ տարվում են ոստիկանություն, որոնցից, առանց փաստաբանի ներկայության, ցուցմունքներ են կորզվում: Ահազանգեր կան ձեnբակալվածների եւ կալանա- վորվածների հանդեպ բռնությունների կիրառման առթիվ: Պաշտոնական տվյալներով, հարցաքննության է ենթարկվել 350 անձ, ձեnբակալված է 16, կալանավորված` 53 մարդ: Քրօրի շուրջ 10 հոդվածներով հարուցված են մի շարք քրեական գործեր, որոնցով Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մեղադրվում են մոլորակի ծանրագույն հանցագործությունների մեջ: Երեկ զրուցեցինք «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ: - Պարոն Տեր-Եսայան, այս պահին հետապնդումների շարքը շարունակվում է, որպես փաստաբան ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: - Կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ամսի մեկից հետո, ամբողջը իրավական հարթության մեջ չէ: Այսինքն` տեղի է ունենում միակողմանի քննություն, ոչ բազմակողմանի: Շատերին փաստաբան չեն տալիս, ցուցմունք են վերցնում, ո՞նց կարող է այդ գործողությունը իրավական հարթության մեջ լինել: Եnբ փաստաբանը նույնիսկ ներկա է կամ շատ ուշ է մասնակցում այդ պրոցեսին օրենքով սահմանված ժամկետից կամ եթե մասնակցում է, խախտվում են մի շարք պրոցեդուրային դրույթներ` սկսած կալանքի միջնորդությունից: Դատարանը եnբեւիցե որեւէ մեկի կալանելու միջնորդությունը չի մերժում եւ ոչ մի արգումենտ, լինի դա առողջական վիճակը, մեղադրանքի ծանրությունը, թեթեւությունը, ոչ մի բան դատարանը հաշվի չի առնում: Քննիչը ում տանի դատարան կալանելու համար, բավարարված հետ կգա: Արդեն դատարան գնալն էլ անիմաստ է դառնում, ներկայությունը փաստաբանի դատարանում արդեն ձեւական բնույթ է կրում, որովհետեւ դատարանը չի ուզում լսել մյուս կողմին, արդեն դակիչի դեր է կատարում: Պարզապես կատարում է նոտարի ֆունկցիա, նայում է միջնոր դությունը եւ հաստատում է: - Ասել է թե` կարելի է ասել, որ այս ամենը ղեկավարվում է մեկ կենտրոնի՞ց: - Ես չեմ կարող հստակ ասել` մեկ կենտրոնից, բայց կարող եմ ասել` ոնց որ բոլոր դատավորները խոսքները մեկ արած լինեն: - Ցուցարարների նկատմաUբ հարուցված ծանրագույն մեղադրանքներով քրեական գործերը որքանո՞վ հիմք կարող են ունենալ: - Իրոք որ հոդվածները շատ ծանր են: Գիտեք, դա քննչական խմբի մոտեցումն է: Հենց դրա մասին էի խոսում, որ դատարանը, եnբ կալանքի որոշում է կայացնում, պետք է երկու կողմին լսի, թե չէ մեկ կողմը շատ բան կարող է գրել, կարող է գրել, որ այս մարդը այլմոլորակայինների հետ էլ է գիշերը շփվում: Բայց մյուս կողմին չեն ուզում լսել: Եթե լսում էլ են, չլսելու հաշիվ է, ձեւական պրոցեդուրա է: Ես ընդհանրապես համոզված եմ, որ մի շարք մարդկանց խափանմ ան միջոցը փոխվելու է եւ գործերը դատարան չեն տանելու: Դատարան տանեն, խայտ առակ կլինեն: Առավելագունը` կալանքը ամիսներով կերկարացնեն: Որ տեղի են ունենում մասսայական ձեnբակալությունն եր, դա փաստ է, արդեն կալանավորվածների եւ ձեnբակալվածների թիվն անցնում է 100-ի սահմանը: Տաnբեր պատրվակներով մի քանի հարյուր մարդիկ տարվում են ոստիկ անություն, նրանց կարգավիճակն անորոշ է եւ ամեն րոպե կարող է փոխվել: Լինում է` մեկ, երկու օր պահում, բաց են թողնում: Դժվար է ասել` վկա՞ է, թե՞ կասկածյալ: Չեն ասում: Օրենքով միանշանակ պետք է տեղեկացնեն, ինչ կարգավիճակով են տանում: Բայց ըստ էության տիրում է շաբլոն ոճ` դու վկա ես եւ վերջ, ինչ գործով, չեն ասում, 5 րոպե հետո վկայի կարգավիճակը փոխվում է, դառնում է կասկածյալ, կասկածյալն էլ ձեnբակալվում է: Կան հետախուզման մեջ գտնվող մարդիկ, որոնց ընտանիքներին անվերջ անհանգստացնում են, բայց ձեnբակալման մասին որեւէ որոշում չեն ներկայացնում: Բազմաթիվ օրինակներ կան, դա անհերքելի փաստ է, որ գնում են տները նստում են, դուրս չեն գալիս, մինչեւ հետախուզման մեջ գտնվողը իրենց չներկայանա` առանց տեղեկացնելու, թե ինչ հիմքով է նա հետախուզման մեջ: Ահազանգ ենք ստանում հետախուզման մեջ գտնվողների ընտանիքների անդամներից, որ գալիս, դուռը ջարդում են ուժային կառույցները, ուզում են մտնել տուն, մինչեւ փաստաբանը գնում է, տեսնի ով է, ինչ է, թողնում, փախչում են, մեկ ժամ հետո նորից գալիս դռները ջարդում են: Կամ գիշերվա ուշ ժամի են գալիս: Արտաշատում երեկ դեպքեր է եղել, որ արդեն ռետինե մահակներով են մտել տները, ահաբեկել, թե ուր է ձեր հարազատը, տվեք, թե չէ եղբորը կտանենք: Բայց ոչ մի փաստաթուղթ չեն ցույց տալիս ու օրվա որ պահին ուզում, գնում են: Բնականաբար ուժային կառույցները օրենքով իրավունք ունեն մտնելու զննության կամ եթե հետախուզում է հայտարարված, բայց այդ ընթացակարգը սահմանված է օրենքով, ինչը չի պահպանվում: - Ասել է թե` մարդու իրավունքների կոպիտ խախտումներո՞վ է քննություն իրականացվում: - Միանշանակ: Այո, որովհետեւ օրենսդրությաUբ ամրագրված է հստակ, ոնց կարելի է մտնել մարդու սեփականություն` բնակարան, ոնց կարելի է փնտրել, զննել, փնտրել հետախուզվողին: Մենք այդ օրենքի հոդվածներն ունենք եւ բնականաբար ուժային կառույցները պետք է հետեւեն օրենքի դրույթներին: Ինչ վերաբերում է ձեnբակալված եւ կալանավորված մարդկանց վիճակին, ապա հստակ գիտենք մարդիկ, որոնք որ լուրջ վնասվածքներով այսօր կալանքի տակ են: Դա փաստ է: Կալանավայրերում բազմաթիվ պրոցեդուրային խախտումներ կան, փաստաբանների բերած միջնորդությունները հաշվի չեն առնվում: Քննչական բոլոր գործողությունները մեխանիկական բնույթ են կրում: - Այս պարագայում ՀՀ քաղաքացիները որեւէ տեղ իրենց իրավունքները վերականգնելու հնարավորություն ունե՞ն: - Դե գիտեք ինչ` ասում են, եթե ծեծուջարդ է եղել, կա դատական բժիշկ, կանչեք բժիշկին, թող փորձագիտական եզրակացություն տա: Բայց մենք բոլորս էլ գիտենք` բժիշկները իրենց փորձաքննության մեջ ինչ են գրում, ոնց են գրում: Քաղաքացիները իրենց իրավունքները վերականգնելու համար պետք է դիմեն դատախազություն կամ դատարան: Հիմա դուք ինքներդ ձեր հարցին պատասխ անեք` կարո՞ղ են, թե՞ ոչ: Վստահություններշնչու՞մ են այդ մարմինները: Բոլորս կուզենայիք ճշմարտությունն իմանալ, ոչ թե միակողմանի քննություն գնար: Այն, ինչ կատարվում է` իրավական հարթության մեջ չէ, թեեւ իրավական ձեւակերպումներ են տալիս: Որքան էլ որ փաստարկները հիմնավոր լինեն, կա հստակ ուղղվածություն: Իրավական հարթության մեջ չի գնում զրույցը, քանի որ հստակ գիտեն, ինչ են ուզում անել եւ մյուս կողմի փաստարկներն անընդունելի են համարվում:

Վիճարկում են արտակարգ դրության մասին հրամանագիրը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մարտի 1-ից մարաքաղաք Երեւանում հայտարարված արտակարգ դրության մասին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս օրերին խմբակցությունն աշխատում է դիմումի վրա, որն առաջիկա օրերին ուղարկվելու է Ստրասբուրգ: Խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանն այսպես հիմնավորեց իրենց քայլը. «Մեր ներպետական մեխանիզմներն արդյունավետ չեն եւ այս ճանապարհով ավելի արդյունավետ պայքար կլինի այս հրամանագրի դեմ, քան այն ժամանակ, եթե մենք ինչ-որ մի նախագիծ ներկայացնեինք ԱԺ: Միեւնույնն է, այդ նախագիծը ԱԺ-ում չէր անցնելու»: Ըստ Փոստանջյանի` անօրինական է ոչ միայն Ռ.Քոչարյանի հրամանագիրը, այլ նաեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահ մարմինների իրականացրած, այսպես ասած, զննությունը: «Քրեական դատավարության մեջ զննություն, խուզարկություն եւ այլն, դատավարական գործողություններ են, որոնք տեղի են ունենում համապատասխան որոշման հիման վրա, եւ այդ որոշման մասին պետք է նախապես տեղյակ պահեին, իրազեկեին այդտեղ` հրապարակում գտնվող անձանց: Կարծում եմ, եթե տվյալ պահին այդ գործընթացները ղեկավարվում էին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, գոնե իրեն, գոնե հրապարակավ, գոնե բարձրախոսի միջոցով պետք է ասվեր, որ պատրաստվում է իրականացվել նման գործողություն, ինչն այդ պահին տեղի չի ունեցել:

Ոստիկանության աշխատակիցները, առանց որեւիցե արձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ձեռք են տալիս այդտեղ գտնվող զենք-զինամթերքին», - պարզաբանում է պատգամավորը` հավելելով, որ նույնիսկ լրագրողներին թույլ չի տրվել Ազատության հրապարակում նկարահանումներ կատարել, ավելին` հարձակումներ են եղել վերջիններիս վրա: Սպասենք դիմումի ճակատագրին ու դրան հետեւող զարգացումներին:

 

  

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցը

6:42 Yerevan | 2:42 GMT | Saturday 8 March 2008

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության նախնական զեկույցում դիտորդները լարվածություն եւ անհանգիստ վիճակ էին արձանագրել այցելած ընտրատեղամասերի ավելի քան 6 տոկոսում եւ «փոքրաթիվ բռնության դեպքեր»` չնայած «հարաբերականորեն հանգիստ մթնոլորտին»:

 

Դրանից հետո միջազգային դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել տարբեր աղբյուրներից տեղական դիտորդների, վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների եւ որոշ լրագրողների նկատմամբ գործադրված հարձակումների եւ ահաբեկումների մասին, հատկապես Երեւանի որոշ համայնքներում: Թիվ 1 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ), մասնավորապես, երկու դեպքում թեկնածուների վստահված անձինք հնարավոր ֆիզիկական պատժի մասին սպառնալիքներ են ստացել, թիվ 4 եւ 5 ԸԸՀ-ներում երեք թեկնածուների վստահված անձինք ֆիզիկական հարձակման են ենթարկվել. երկու դեպքում` ընտրատեղամասում, մեկ դեպքում` հարակից տարածքում: Թիվ 4 ԸԸՀ-ում մի տեղական դիտորդ ֆիզիկական հարձակման է ենթակվել եւ կորցրել է գիտակցությունը, իսկ 28 ԸԸՀ-ում ՏԸՀ-ի մի անդամ ընտրությունների օրը բռնի կերպով դուրս է բերվել հանձնաժողովից եւ այլեւս չի վերադարձել: Դիտորդական առաքելությունը նաեւ ծանոթացել է ՏԸՀ-ների երկու անդամների, երեք վստահված անձանց եւ մեկ քաղաքացու կողմից թիվ 28 ԸԸՀ-ին ներկայացված դիմում-բողոքներին հիշյալ ընտրական հանձնաժողովից իրենց բռնի ուժով հեռացնելու մասին: Ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փաստել էր, որ իրենց կողմից այցելած 111 ընտրատեղամասերից 16 տոկոսում քվեների հաշվման գործընթացը որակվել էր որպես «վատ» կամ «շատ վատ»` զորօրինակ 13/18, 13/30, 17/01 եւ 32/58 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 22/15 ընտրատեղամասում միջազգային դիտորդական առաքելության անդամները հաղորդել են, թե ՏԸՀ-ի անդամների վրա ճնշում է գործադրվել այլ թեկնածուների օգտին նշված քվեաթերթիկներից ավելացնել Սերժ Սարգսյանի քվեներին: Թիվ 13/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ցույց չի տվել նշված քվեաթերթիկները, ՏԸՀ-ի անդամները հաշվել են քվեները` գրիչները ձեռքներին, քվեաթերթիկները դրել են սխալ թեկնածուների տրցակների վրա եւ արձանագրությունները ստորագրվել են մինչեւ քվեների հաշվարկի ավարտը: 11/32 ընտրատեղամասում ՏԸՀ-ի անդամները ստորագրել են մաքուր արձանագրություն: 32/58 տեղամասում փորձեր են կատարվել խոչընդոտել դիտորդական առաքելության դիտորդներին` տեսնել քվեաթերթիկում կատարված նշումները: Այդուամենայնիվ, դիտորդները նկատել են, որ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկները հաշվարկվել են հօգուտ Սերժ Սարգսյանի: Երկու դեպքում քվեատուփերից դուրս են եկել «զգուշորեն իրար վրա դարսված» ծրարների փաթեթներ, որոնք բոլորն էլ քվեարկված էին հօգուտ Սերժ Սարգսյանի: Քվեարկության օրվա վերաբերյալ հետագա վերլուծությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելության որոշ անդամներ հայտնեցին, թե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները մշտապես հեռախոսազանգեր են ստացել արդյունքները զեկուցելու խնդրանքով, հատկապես պրն Սարգսյանի քվեարկության տոկոսների վերաբերյալ (օրինակ, 25/04 տեղամասի հանձնաժողովի նախագահին վեց անգամ կանչել են` զեկուցելու արդյունքների մասին): Միջազգային դիտորդական առաքելությունը արդյունքների ամփոփման գործընթացին հետեւել է բոլոր 41 ԸԸՀ-ում, ինչի վերաբերյալ լրացվել է դիտարկման 85 ձեւ: Դրանց մոտ 10 տոկոսում գործընթացը բացասական գնահատական է ստացել, 7 տոկոսում` թափանցիկության պակաս է արձանագրվել: Հաղորդված բացթողումները ներառել են` որոշ ՏԸՀ-ներից չկնքված փաթեթներով ստացված քվեարկության նյութերի դեպքեր, ՏԸՀ-ի արդյունքների արձանագրության մեջ տվյալների ոչ համահունչ լինելը: Մասնավորապես, միջազգային դիտորդները գրանցել են, որ արձանագրությունների մեջ փոփոխություններ են կատարվել, երբ թվերը չեն համընկել (դիտարկումների 39 տոկոսը), ՏԸՀ-ները ԸԸՀ-ից հեռացել են ընտրական նյութերով (օրինակ` թիվ 22/20 ընտրատեղամասի անդամները տարածքային ընտրական հանձնաժողով ժամանելուց հետո մոտ 4 ժամով անհետացել էին, իսկ երբ վերադարձել են` քվեարկության նյութերն ակնհայտորեն բացվել էին): Որոշ դեպքերում, օրինակ, թիվ 37 ԸԸՀ-ում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է, որպեսզի դիտորդները տեսնեն արձանագրությունները: Որոշ դեպքերում դիտորդական առաքելության անդամները զեկուցել են արդյունքների ամփոփման գործընթացի խախտումների մասին, օրինակ, թիվ 14 ԸԸՀ-ում Տեր-Պետրոսյանի վստահված անձը վերահաշվարկ է ներկայացրել այն բանից հետո, երբ թիվ 14/32 ՏԸՀ-ի նախագահը ներկայացրել է ՏԸՀ-ի անդամների կողմից ստորագրված 2 օրիգինալ դատարկ արձանագրություններ:

Միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական հայտարարության լուսաբանումը հեռուստատեսությամբ հիմնականում ներկայացրել է փաստաթղթի դրական կետերը եւ, ընդհանուր առմամբ, բաց թողել նշված թերություններին վերաբերող մասերը: Չնայած գործընթացի անցկացման նկատմամբ հանրության մեջ եղած զգալի հակասություններին` հիմնական հեռարձակող լրատվամիջոցները` այդ թվում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծ ծավալով լուսաբանել են իշխանությունների տեսակետները, սակայն հազվադեպ են հեռարձակել փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ ունեցող անձանց կարծիքները: Անդրադառնալով քվեարկության վերահաշվարկի փուլին` միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ, ԿԸՀ-ի համաձայն, վերահաշվարկի դիմումներ են ստացվել 25 ԸԸՀ-ում` 159 ՏԸՀ-ների արդյունքների վերաբերյալ: Մնացած դիմումները ԸԸՀ-ները մերժել են այն հիմնավորմամբ, թե վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն անցել է: ԸԸՀ-ները մերժել են 34 դիմում` դրանց «անհիմն» լինելու պատճառով: ԿԸՀ-ում գրանցվել են մի քանի բողոքներ, համաձայն որոնց ԸԸՀ-ները չեն գործել շարունակական հիմքերի վրա մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14.00-ը, այլ խոսքով` խոչընդոտել են վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացին: Օրինակ, ԿԸՀ բողոքներ են ստացվել թիվ 32 ԸԸՀ-ի վերաբերյալ, որը մերժել էր թիվ 32/30, 32/20, 32/46 ՏԸՀ-ներում ձայների վերահաշվարկ կատարել` հիմնավորելով, թե ժամկետը սպառվել է, մինչդեռ դիմումատուները հաստատում են, որ եղել են հանձնաժողովում ժամը 13.30-ին: Թիվ 8 ԸԸՀ-ի թիվ 8/6, 8/16, 8/17, 8/21, 8/23, 8/24 ՏԸՀ-ներում նույպես ԸԸՀ-ն մերժել է գրանցել վերահաշվարկի դիմումները, թեեւ դրանք ներկայացվել են մինչեւ գրանցման վերջնաժամկետի ավարտը: Թիվ 34/01, 34/07, 34/30 ՏԸՀ-ներում վերահաշվարկ չի կատարվել: Բողոք է ներկայացվել, որ թիվ 35 ԸԸՀ-ի նախագահը չի կատարել վերահաշվարկ`պատճառաբանելով, թե ՏԸՀ-ի հինգ անդամ են ներկա, թեեւ քվորում ապահովելու իրավական պահանջ գոյություն չունի: Վերահաշվարկի այլ պահանջներ են մերժվել թիվ 3, 21, 23, 24 եւ 38 ԸԸՀ-ում: ԿԸՀ-ն պատասխանել է, թե նման բողոքները պետք է ուղղվեն վարչական դատարան: Դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացրած ցուցակը իր կողմից պահանջված ՏԸՀ-ներում վերահաշվարկ կատարելու մասին տարբերվում է նույն թեկնածուի կողմից ԿԸՀ-ին ներկայացրած ցուցակից, ինչը դիտորդները որակել են որպես «շփոթեցնող փաստ»: Ընդ որում, որոշ դեպքերում, օրինակ թիվ 1, 4, 13 ԸԸՀ-ում հանձնաժողովը չի իրականացրել այլ թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկը, քանի որ զբաղված է եղել պարոն Հարությունյանի պահանջով իրականացվող վերահաշվարկով: Բացի այդ, ըստ դիտորդական առաքելության, դիտարկված վերահաշվարկների մեծամասնությունը ցույց է տվել, որ առաջնային հաշվարկում կային անհամապատասխանություններ ու սխալներ, որոնց մի մասը նշանակալի էր եւ կասկածի տակ էր դնում ՏԸՀ-ների եւ ԸԸՀ-ների քաղաքական անկողմնակալությունը: Թիվ 5 ԸԸՀ-ն` Դավիթաշեն, օրինակ, անգործություն է ցուցաբերել փետրվարի 23-ին թիվ 5/21 ՏԸՀ-ում վերահաշվարկի, ինչպես նաեւ անհայտ անձանց կողմից ԸԸՀ-ն գրոհելեւ վերաբերյալ, ովքեր ստիպել են ԸԸՀ-ի անդամներին եւ այլ իրավասու անձանց, այդ թվում`թեկնածուների վստահված անձանց, լրագրողների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հեռանալ հանձնաժողովի տարածքից, մինչդեռ ոստիկանները պասիվորեն կանգնած են եղել: Նույն օրը թիվ 13/10 ՏԸՀ-ում արդյունքների վերահաշվարկի ժամանակ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկների ծրարն անհետացել է: Այլ թերությունների թվում էին քվեաթերթիկների ոչ անհրաժեշտ դասումը որպես անվավեր եւ քվեաթերթիկների վրա կատարված նշումների կամ դրանց վավեր լինելու ուսումնասիրության չկատարումը: Զեկույցը փաստում է, որ վերահաշվարկի իրականացման վերջնաժամկետի սպառման պահին 24 ՏԸՀ-ների կողմից վերահաշվարկ դեռ կատարված չէր: «Չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ ԸԸՀ-ները կարող են երկարաձգել իրենց աշխատանքային ժամերը, այդուամենայնիվ, առաքելությունը չունի տեղեկատվություն, որ որեւէ ԸԸՀ այդպես է վարվել աշխատանքն ավարտելու համար»: Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակման փուլին, առաքելությունը փաստում է, որ յուրաքանչյուր ՏԸՀ-ի համար ԿԸՀ-ի կողմից թողարկված արդյունքները պարունակում են մի շարք անոմալ արդյունքներ: «Հայաստանում կան 1923 ընտրատեղամասեր, որոնցից 95-ում մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, այդ թվում` 44-ում մասնակցությունը եղել է ավելի քան 95 տոկոս»: «Նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարսգայնի սերտ ընտանեկան կապերը Գորիսի շրջանում 4 ՏԸՀ-ների արդյունքները ապշեցուցիչ են այն պատճառով, որ նա այստեղ ստացել է քվեների ավելի քան 99 տոկոսը», - արձանագրված է զեկույցում: Որոշ դեպքերում քվեատուփում եղած թերթիկների թիվը գերազանցել է ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը, կամ հակառակը` նշանակալիորեն պակաս եղել:





«Բալկանյան քաղաքական ակումբ» - ի նախագահ, Գ.Դ. Ժելյու Ժելևի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ

Որպես Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ, ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով:

Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների 40/ - սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը:

Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի  Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորուման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է  աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղությանը պահպանումը և անվտանգությունը,  ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն  է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն  քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն:
Բալկանյան քաղաքական ակումբ» - ի նախագահ, Գ.Դ. Ժելյու Ժելևի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ

Որպես  Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ, ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով: Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների 40/ - սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը:

Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի  Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորուման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է  աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղությանը պահպանումը և անվտանգությունը,  ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն  է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն  քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն:


ՍԴ ութ դատավորների ուսերին է ծանրացել

6:58 Yerevan | 2:58 GMT | Saturday 8 March 2008

ՀՀ ինքնիշխանության սահմանի որոշումը

Փետրվարի 19-ի վրա աչք փակելը անբարոյականություն կլինի

Էմմա Գաբրիելյան

 

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը, լսելով բոլոր կողմերի եզրափակիչ ելույթները, անցավ խորհրդակցական սենյակ, ՍԴ-ն որոշումը պետք է կայացնի մինչեւ մարտի 8-ի ժամը 24: 00-ն:

 

Մինչ այդ կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եզրափակիչ խոսքում կարեւորեց ՍԴ-ի դերը Սահմանադրությանը համապատասխանող պետություն ունենալու խնդրում. «Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները բեւեռացրեցին հասարակությունը, իսկ հետընտրական զարգացումները ապացուցեցին, որ մեր հասարակությունն արդեն դուրս է եկել անցումային պետության ժամանակաշրջանից եւ իր ամենաակտիվ մասով ակնկալում է ժամանակակից, 21-րդ դարին հարիր պետական եւ հասարակական կարգ ու իրողություն: Կարողանում է եւ կկարողանա՞, արդյոք, մեր պետությունը բավարարել հասարակական այս անկոտրում պահանջը` կախված է միայն պետական իշխանությունից, որի առանցքային մարմիններից մեկը ՍԴ-ն է: Այժմ, ինչպես եւ 2003թ., ՍԴ-ից է կախված մեր երկրում Սահմանադրությանը համապատասխանող պետության արմատավորումը, որը հասարակության այլեւս անհետաձգելի պահանջն է: Եթե մեր պետական իշխանությունը այսուհետ եւս շարունակի չհամապատասխանել այդ պահանջին, որը ընդամենը Սահմանադրությունն ու իրականությունը համապատասխանության բերելու պահանջն է, ապա մենք իրապես դուրս կմղվենք քաղաքակիրթ զարգացման որեւէ ուղուց ու ետ կշպրտվենք դեպի բռնատիրություն ու խավարի իշխանություն»:

Ա.Զեյնալյանը փաստեց, որ վերջին տարիների ուսումնասիրությունները վկայել են այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացներում որոշակի թերություններ, ընտրախախտումներ, ընտրական հանցագործություններ կրում են կրկնվող կամ պարբերական բնույթ: Խոսելով ԵԱՀԿ դիտորդների եզրակացության «ապացուցողական ուժի մասին»` Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը պարզաբանեց, որ դա այն փաստաթուղթն է, որը բոլոր պետական մարմինները եւ նաեւ ԿԸՀ-ն վկայակոչում են որպես ընտրությունների միջազգային ճանաչման վկայություն, սակայն բուն այդ փաստաթղթում դիտորդները որպես անմիջական ականատեսներ, վկաներ ներկայացրել են մի շարք էական ընտրախախտումների փաստեր. «Եթե պատասխանողը գտնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ միայն դիտորդների կարծիքն են, ապա ինքը հերքում է նաեւ այն, որ այդ կարծիքի մեկ այլ մասը իշխանությունը վկայակոչում է որպես ընտրությունների միջազգային ճանաչման հիմք: Հերքելով որեւէ միասնական փաստաթղթի մեկ մասը` նրանք պարտավոր են հերքել նաեւ մյուսը, սակայն այդ հերքելը չի կարող դրսեւորվել «դա միայն իրենց կարծիքն է» արտահայտությամբ: Դիտորդների եզրակացության մեջ ներկայացված են նրանց կողմից իրենց միջազգային մանդատի շրջանակներում գրանցված ընտրախախտումների փաստեր, որոնք ունեն ապացուցողական ուժ եւ կարող են հերքվել միայն ծանրակշիռ այլ ապացույցներով, այլ ոչ թե պատասխանողի քամահրական արտահայտություններով», - նկատեց Ա.Զեյնալյանը: Գալով նախընտրական քարոզչության ընթացքում ներկայացված բողոքներին, որոնք Ա.Զեյնալյանի վկայությամբ չեն հերքվել պատասխանողի կողմից ոչ մինչդատական վարույթում, ոչ էլ ՍԴ-ում` Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ս.Սարգսյանի միջեւ անհավասար պայմանների առկայությունը փաստել են նաեւ դիտորդները. «Երրորդ անձի պատճառաբանությունները հարաբերական հավասարության մասին անհիմն են, քանի որ դրանք չեն համապատասխանում մեր օրենսդրությանը, բացի այդ` վերաբերում են միայն լրատվամիջոցներին, այնինչ մենք խոսում ենք նաեւ արգելված նախընտրական քարոզչության մասին: Մասնավորապես` պատասխանողը չկարողացավ հերքել ոչ նախագահի, ոչ արտասահմանյան քաղաքացիների, ոչ էլ եկեղեցու սպասավորների ապօրինի քարոզչությունը, որը տիրաժավորվում էր զանգվածային գրեթե բոլոր լրատվամիջոցներով», - շեշտեց նա` հավելելով, որ պատասխանողը նաեւ ապօրինի որոշում է կայացրել փետրվարի 17-ին բոլոր բողոքների վերաբերյալ` առանց որեւէ իրավական պատճառաբանության մեկ նախադասությամբ հերքելով փաստերը կամ ուղղակի անտեսելով դրանք: «Կարծում ենք, ՍԴ-ն գնահատական կտա եւ այս, այսպես կոչված, որոշմանը, եւ այն հանգամանքին, որ բոլոր այս բողոքները քննարկելիս հանձնաժողովը խախտել է լսվելու մեր իրավունքը, այլ խոսքերով` բողոքները մերժելու իր այդ որոշումը ապօրինի է: Դա նշանակում է, ինչպես որ փաստում են նաեւ ԵԱՀԿ դիտորդները, որ բողոք բերելը ԿԸՀ եղել է ոչ արդյունավետ պաշտպանության միջոց: Գործնականում ԿԸՀ-ն սահմանափակվել է մեր բոլոր փաստերին եւ փաստարկներին մեկ նախադասությամբ «ոչ» ասելով, չհերքելով անգամ, որ դա էլ հենց իրենց պատճառաբանությունն է: Սա ոչ այլ ինչ է, քան քամահրանք եւ արհամարհանք հարյուր հազարավոր ընտրողների, թեկնածուների եւ նաեւ պետության ու հասարակության հանդեպ»:

Այնուհետեւ Ա.Զեյնալյանը շեշտեց, որ թվով 167 ընտրական տեղամասերում ներկայացրել են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ, որոնց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ընդհանրապես չեն անդրադարձել կամ էլ կայացրել են դրանք մերժելու վերաբերյալ չպատճառաբանված որոշումներ, մի քանի դեպքերում ԸԸՀ որոշումները բողոքարկվել են ԿԸՀ, սակայն որեւէ արձագանք չի եղել. «Չնայած որ ԿԸՀ բողոքելն անարդյունավետ էր, այլ որոշումների դեմ բողոքներ չենք ներկայացրել ոչ միայն այդ պատճառով, այլեւ այն, որ ԿԸՀ-ն, շտապելով, ամսի 24-ին ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, զրկել է մեզ ԸՕ 40-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բողոքարկման հնարավորությունից: Հարց է ծագում` ինչու՞ էր ԿԸՀ-ն շտապում, նախապես իմանալով բողոքարկման հետագա հավանականության մասին: Համոզված ենք, որ շտապել է նաեւ հենց այդ բողոքները «կանխելու» մտադրությամբ», - հայտարարեց Ա.Զեյնալյանը` բխեցնելով, որ նման իրավիճակում բոլոր այդ տեղամասերում քվեարկության արդյունքները չեն կարող գնահատվել որպես հավաստի, քանի որ բողոքներում արծարծվող փաստերը չեն հերքվել որեւէ պատճառաբանված որոշմամբ կամ առհասարակ որեւէ որոշմամբ, դրանք մեծամասամբ չեն էլ քննարկվել: Ա.Զեյնալյանը հայտնեց, որ թվով 35 տեղամասերում ներկայացրել են վերահաշվարկի պահանջներ, որոնք կամ մնացել են անարձագանք կամ մերժվել են անհիմն պատճառաբանությամբ. «Այս բողոքներում շարադրված փաստերը եւս, համաձայն ՍԴՕ 74 հոդվածի, պետք է գնահատվեն որպես հավաստի: Հիշյալ տեղամասերի քվեարկությունների արդյունքները չեն կարող համարվել հավաստի»:

ՍԴ-ում նաեւ հայտնի դարձավ, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերի զգալի մասում, որոնցում ընդգրկված էին քվեարկությանը մասնակցած ընտրողների շուրջ` մեկ միլիոն երկու հարյուր հազարը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերն ընդհատվել են. «Այս փաստն արձանագրված է ԿԸՀ պաշտոնական հաղորդումներում` ժամը 22: 00-ից մինչեւ փետրվարի 20-ի ժամը 03: 00-ն, տեղամասերից, այդ թվում` Երեւանում, արդյունքների վերաբերյալ տվյալներ չէին ստացվում: ՏԸՀ-ի նիստերի ընդհատված լինելու ընթացքում վստահված անձանց եւ դիտորդների վկայությամբ տեղի են ունեցել քվեարկության արդյունքների ամփոփման կարգի եւ ՀՀ «Ընտրական» օրենսգրքի այլ հիմնարար նորմերի խախտումներ: Այս խախտման վերաբերյալ ներկայացրել ենք դիմում-բողոք, որը մնացել է անպատասխան, այդ թվում` դատաքննության ընթացքում եւ այս բողոքում շարադրված փաստը եւս, համաձայն ՍԴՕ 74 հոդվածի, պետք է գնահատվի որպես հավաստի», - հայտարարեց Ա.Զեյնալյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների եզրակացության` տեղամասերի 16 տոկոսում քվեների հաշվարկի ընթացքը որպես «վատ» կամ «շատ վատ» գնահատականին, նշեց, որ որպեսզի հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ չկրկնվի նույն իրավիճակը եւ պետական մարմիններն ու կուսակցություններն ու քաղաքական գործիչները ավելի լուրջ վերաբերվեն ընտրական ինստիտուտին, ապա ՍԴ-ն պետք է անվավեր ճանաչի վիճարկվող որոշումը:

Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Պարգեւ Օհանյանը իր ելույթում մասնավորապես հիշեցրեց, որ այն թեկնածուները, ովքեր գրանցման պահից գտնվում են պետական ծառայության մեջ, ընտրությունների ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործել իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը. «Իմպերատիվ այս նորմի շեղում որպես բացառություն օրենքով սահմանված է միայն ՀՀ նախագահի եւ նախագահի պաշտոնակատարի համար, որը նշանակում է, որ պետական ծառայության մեջ գտնվող այլ թեկնածուն, ինչպիսին ՀՀ վարչապետն է, պարտավոր էր, որպես թեկնածու գրանցվելուց անմիջապես հետո, ժամանակավոր դադարեցնել, հրաժարվել աշխատանքային պարտականություններից հատկապես արձակուրդ գնալու միջոցով», - ընդգծեց Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ շարունակեց. «Չնայած ԸՕ-ի հիշատակված նորմի իմպերատիվ բնույթին եւ նրանում պետական ծառայող հասկացության միանշանակությանը, փորձ է արվում այն մեկնաբանել մեկ այլ` ԸՕ-ի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտի մեջ չմտնող` քաղաքացիական ծառայության մասին օրենքով, այն էլ` մեղմ ասած, ոչ ճիշտ մեկնաբանելով նաեւ այդ օրենքում տեղ գտած հասկացությունները», - շեշտեց Պարգեւ Օհանյանը` հավելելով, որ օրենքի միայն այս խախտումը ավելի քան բավարար էր ԿԸՀ-ի կողմից ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Անդրադառնալով դատախազության պատճառաբանություններին, թե բազմաթիվ դիմումներով կամ կատարված հանցագործությունների մասին հաղորդումներով քրեական գործեր չեն հարուցվել, նյութեր չեն նախապատրաստվել եւ որոշումներ չեն կայացվել, քանի որ դրանք կրել են ընդհանրական բնույթ կամ ապացույցներ չեն ներկայացվել, Պ.Օհանյանը նկատեց. «Իսկ մի՞թե ապացույցներ ներկայացնելը դիմումատուի, իսկ մամուլով կամ ԶԼՄ-ներով հանցագործությունների մասին հաղորդումներով հանդես գալը այդ միջոցների պարտականությունն է: Մի՞թե դա վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը չէ, որն իրացնելու համար նա պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, այդպիսիք ձեռնարկելու հանձնարարություններ տա, անձամբ հարցումներ անի, բացատրություններ վերցնի եւ այլն, պարզի հաղորդման հիմնավորվածությունը: Կամ մի՞թե ընդհանրական կարելի է գնահատել հաղորդումն այն մասին, որ այս գյուղում կամ շենքում զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվում կամ հավաքում են անձնագրային տվյալներ: Մեկ շենքը իր բնակարանների չափով հավասար է մեկ գյուղի, իսկ հարցում անելը մի քանի ժամվա խնդիր էր», - ընդգծեց Պ.Օհանյանը` վերջում հիշեցնելով Պողոս Առաքյալի խոսքը, որ ցավն ու տառապանքը, հիվանդություններն ու ախտերը հետեւանք են նրա, որ մարդիկ արդարությունը անիրավությամբ գործեցին:

Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եզրափակիչ իր ելույթում երեկ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը միջամտել է նախընտրական քարոզչությանը, իրականացրել է նախընտրական քարոզչություն հօգուտ Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ դիմողի. «Ի պատասխան մեր հարցի` պատասխանողի ներկայացուցիչ Գ.Ազարյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահը «ոչ թե զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, այլ քաղաքական գործունեությամբ»: Իրականության մեջ սա ոչ թե առարկություն էր մեր պնդմանը, այլ դրա հաստատումը, քանի որ նախընտրական քարոզչությունը քաղաքական գործունեության ամենավառ դրսեւորումներից է: Ավելին` դատարանի հարցերից մեկին պատասխանելիս նույն ներկայացուցիչը իր խոսքում բառացիորեն նշեց, որ ներկայացված քաղաքական գործունեության մեջ որոշակիորեն կային նախընտրական քարոզչության տարրեր: Բացի այս, եթե մի պահ վերանանք մեր բոլոր առարկություններից առ այն, թե ինչպես է ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003-ին, ապա զուտ պաշտոնական վիճակագրության հիման վրա նրան կողմ են քվեարկել ընտրողների 1 մլն-ից ավելին: Դատարանին խնդրում ենք այս թվին համադրել Սերժ Սարգսյանին ընտրված համարելու համար անհրաժեշտ այն 46.000 ձայները, որոնք նրա համար ապահովել են մեկ փուլով ընտրվելու հնարավորություն: Մի՞թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս երկրում չունի 46.000 համակիրներ եւ ընտրողներ, որոնք նրա կոչով եւ հորդորով իրենց ձայնը կտային թեկնածու Սերժ Սարգսյանին», - նկատեց Վ.Գրիգորյանը:

Իր ելույթը Վահե Գրիգորյանն ավարտեց հետեւյալ շեշտադրմամբ. «Այս դատարանն իր որոշմամբ կհավաստի, թե որքանով է Հայաստանը իրավական պետություն եւ հավատարիմ այդ պետության սկզբունքներին: Այս դատարանի հայեցողության սահմաններում է գտնվում որոշել, թե որքանով է գոյություն ունեցող փաստացի պետական կառույցը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին: Եվ, ի վերջո, ամենակարեւորը` ճգնաժամը, որ առկա է մեր երկրում պայմանավորված զանգվածային եւ համակարգված ընտրախախտումներով, ստանալու է իր լուծումը: Այն կարող է լինել ներքին ռեսուրսի կամ օտար միջամտությունների արդյունքում: Ներքին իրավական ռեսուրսը ամբողջությամբ սպառված է: Մնացել է միայն օտար միջամտությունների ռեսուրսը, որի կիրառումը մեր երիտասարդ հանրապետությանը արտաքին քաղաքական ասպարեզում որոշակի ազատություններից զրկելու վտանգ է պարունակում: Եվ ուրեմն, ութ դատավորների ուսերին է ծանրացել ՀՀ ինքնիշխանության սահմանի որոշումը: Հուսով եմ, որ այդ սահմանը համապատասխանելու է մեր Սահմանադրության նախաբանին», - ամփոփեց Վ.Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, ՀՀ դատախազությանը եւ ՀՌԱՀ-ին, ապա նրանց ներկայացուցիչները հայտարարում են, թե փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումներն ու կեղծիքները զանգվածային բնույթ չեն կրել, թերություններ եղել են, սակայն դրանք չեն ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա: Մասնավորապես գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն, օրինակ, հայտարարեց, թե դատախազությունում 37 քրեական գործ է հարուցվել եւ առանձնապես ծանր հանցագործություններ թե նախընտրական, թե ընտրությունների փուլերում չեն կատարվել: Նաեւ պարզվեց, որ նախընտրական շրջանում հանցագործության մասին 52 հաղորդում է ստացվել եւ դրանցից միայն 12-ի մասով է քրեական գործ հարուցվել:

Ուշագրավ է, որ ՍԴ-ում երրորդ անձի` Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը երեկ եզրափակիչ ելույթով հանդես չեկավ: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ` մարտի 6-ի երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հանդիպել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Տուժած» վարկանիշի մասին

6:54 Yerevan | 2:54 GMT | Saturday 8 March 2008

Գ. Ա.

 

Վերջին օրերս տարբեր կարգի պաշտոնյաներ, այդ թվում նաեւ հանրապետության նախագահը, հայտարարում են, թե հայտնի դեպքերը խոշոր հարված հասցրեցին պետության ունեցած միջազգային հեղինակությանը: Այս առումով, կարծում ենք, հետաքրքիր կլինի մի փոքրիկ էքսկուրս կազմակերպել պատմական մի կարճ ժամանակահատվածում:

 

1988 թվական: Միլիոնանոց ցույցերը գրավել են աշխարհի ուշադրությունը եւ քաղաքակիրթ Եվրոպան ապշած ու հիացած արձանագրում է, որ բազմահազարավոր ցուցարարների շրջանում գործում է երկաթյա կարգապահություն` նույնիսկ գրպանահատները «գործ» չեն անում: Այդ ժամանակների մասին խոսելիս կարելի է անդրադառնալ միջազգային վարկանիշին: Կարելի էր այդ մասին խոսել, երբ պատերազմող Հայաստանի մայրաքաղաք Երեւանը ցնցվում էր դաշնակների կազմակերպած ցույցերից: Չնայած պատերազմին, երկրաշարժի արհավիրքին, տնտեսական համակարգի փլուզմանը, շրջափակմանը խրոխտ դաշնակները սոցիալական խնդիրներ էին բարձրացնում, մարդու իրավունքներ եւ այլն: Այդպիսի բան մեկ էլ եղել է ռուսական հեղափոխության ժամանակ, երբ Լենինը բանվոր-գյուղացիներին կոչ արեց զենքն ուղղել սեփական իշխանությունների դեմ: Չնայած դաշնակների արածը ոչնչով չէր տարբերվում դրանից, բայց մեր պետությունը կոչվում էր «ազատության կղզյակ» բռնակալական Կովկասում: Պետության վարկանիշը իր բարձրակետին հասավ, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետության կայունությունը չխախտելու նպատակով հրաժարական տվեց իր ամբողջ թիմով: Թող բանաստեղծական չհնչի, բայց այս քայլի առաջ նույնիսկ պատմությունը կարկամեց, որովհետեւ ինքն էլ նման ազնիվ քայլ չէր տեսել: Ի՞նչ եղավ հետո: Իշխանության գլուխ եկան «հայտնի ուժերը» ու կազմակերպեցին իրենց առաջին ընտրությունը: Չնայած աշխարհն իմացավ, որ Քոչարյան-Կ.Դեմիրճյան թեկնածուներից ժողովուրդը ձայնը տվեց Դեմիրճյանին, բայց նախագահ դարձավ Քոչարյանը: Պետության հեղինակության հետ չխաղալու եւ իրավիճակը շտկելու նպատակով Դեմիրճյանը հաշտվեց ընտրությունների արդյունքների հետ, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ Սպարապետի հետ ստեղծեց «Միասնություն» դաշինքը եւ դարձավ ԱԺ նախագահ: Սրան հետեւեց խորհրդարանի նախճիրը: Սովորական «ուչաստկովիի» մակարդակի գործն այդպես էլ ամբողջությամբ չբացահայտվեց: Թե սրանից ինչքանով «շահեց» երկրի միջազգային վարկանիշը` թողնում ենք ընթերցողի դատին ու գնում առաջ: 2003թ.-ի նախագահի ընտրություններում Քոչարյանն այս անգամ մրցեց Դեմիրճյան որդու հետ եւ նորից տանուլ տվեց, բայց նորից հաղթանակը գրեց իր հաշվին: Աշխարհի աչքի առաջ նորից ցույցեր ու բողոքներ տեղի ունեցան: Հետո եղան խորհրդարանական ընտրությունները, որն ավելի խայտառակ էր, քան նախագահինը: Ժողովուրդը նորից փողոց դուրս եկավ ու տուն «վերադարձավ» միայն ապրիլյան ջարդից հետո: 2007-08` մեկը մյուսից ավելի խայտառակ խորհրդարանական ու նախագահի ընտրություններ, կես միլիոնից ավելի ցուցարարներ, խաղաղ ցույցի ջարդ ու մարդկանց սպանություններ: Այսքանին գումարենք այս տարիների ընթացքում տարբեր առիթներով մարդկանց նկատմամբ կիրառված բռնի ուժի փաստերը եւ հարց տանք` ո՞ր միջազգային վարկանիշի մասին է խոսքը: Բացի Ֆրանսիայից (այն էլ միայն Ազնավուրի խաթր), ո՞ր գերտերության ղեկավարը այցելեց Հայաստան կամ մեր իշխանավորներին հրավիրեց իր մոտ: Ոչ մեկը (Ռուսաստանը չհաշված, որովհետեւ այստեղ ուրիշ շահեր են): Այսինքն` ստացվում է, որ վարկանիշը ֆիկցիա է, միֆ: Ուրիշ բան է, որ ասեն` ստիպեցիք, որ մեր դեմքը նորից ցույց տանք: Սա անկեղծ խոստովանություն կլիներ, որն իհարկե չարվեց:

Հ.Գ. Իրականում հնարավոր էր այս օրերին երկրի վարկանիշը բարձրացնել: Դրա համար ընդամենը պետք էր ընդառաջել հազարավոր ցուցարարների պահանջին` վերահաշվարկ կատարել եւ անկեղծորեն սեղմել հաղթողի ձեռքը:

Անհանգստացնող նորություններ Կովկասից The Economist-ի տպագիր տարբերակից, Մարտ 6, 2008

Հայաստանի արյունահեղ դեպքերը անհանգստացնում են Ռուսաստանին և Արևմուտքին Դմիտրի Մեդվեդևի նախագահական հաղթանակից մեկ օր անց մոսկովյան հեղինակավոր թերթերը իրենց ուշադրության կենտրոնը ռուսաստանյան վաղուց կանխատեսելի արդյունքներից տեղափոխեցին դեպի հայաստանյան անսպասելի արյունահեղություն. առնվազն ութ մարդ մահացավ անվտանգության մարմինների և նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքների դեմ բողոքի ելած ընդդիմադիր ուժերի բախման հետևանքով:

<<Արյունով հաղթած ընտրություններ>>. այսպես էր վերնագրված առաջատար բիզնես օրաթերթ Կոմերսանտի հոդվածը:

Հայաստանը, լինելով փոքր ու բարդ երկիր` դժվար արտասանվող անուններով, տևական ժամանակ դուրս էր մնացել համաշխարհային նորությունների մայրուղուց: Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ տեղի է ունենում այս երկրում, իր հետևանքներն է թողնում ոչ միայն ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա, որը, ի դեպ, Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կարևորագույն ռեգիոն է, այլև Ռուսաստանի վրա: Կեղծված ընտրությունների, կոռումպացված պաշտոնյաների և մահացած ցուցարարների մասին պատմությունը հատկապես կարող է թուլացնել իր կայունությամբ հպարտացող Ռուսաստանի ուժը:

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Թեկնածու վարչապետ Սերժ Սարգսյանը կողմնակալ մամուլի և քվեատուփերի պատահական լցոնումների շնորհիվ հաղթեց ձայների 53%-ով: Եթե ընտրություններն անցկացվեին արդար, հավանականությունը մեծ է, որ նա կպայքարեր նաև երկրորդ փուլում, և հնարավոր է` պարտվեր: Սակայն պարոն Սարգսյանը ուներ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, ինչն էլ իր ազդեցությունը թողեց արդյունքների վրա: Պարոն Քոչարյանը, ասում են, ձգտում է վարչապետի պաշտոնին այնպես, ինչպես իր ռուս գործընկերը:

Միջազգային դիտորդները իրենց իսկ շնորհիվ չարժանացան ակնածանքի: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը մատնանշեց շատ թերություններ, սակայն նախնական զեկույցում ասաց, որ ընտրությունները <<հիմնականում համապատասխանում էին երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին>>:

Ընդդիմությունը` գիտնական և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պահանջեց նոր ընտրությունների անցկացում, և նրա կողմնակիցները դուրս եկան փողոց: Պարոն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարական հրեշտակ չէ: Տարածված կարծիք է, որ 1996-ի նախագահական ընտրությունները նա կեղծել է իր իսկ օգտին: Սրանով հանդերձ, նրանք, ովքեր այս անգամ նրան ձայն տվեցին, հիմնականում այդ քայլ գնացին` դեմ լինելով պարոն Քոչարյանի հետ ասոցիացվող տեղական մաֆիային, կոռուպցիային և գործազրկությանը:

Տասնմեկ օր շարունակ իշխանությունը հանդուրժեց խաղաղ ցույցերը, սակայն մարտի 1-ին ոստիկանությունը գործի անցավ` պատճառաբանելով, թե իբր ցուցարարները կրում են հրաձիգներ, որոնք, ըստ բազմաթիվ ականատեսների, տեղադրվել էին արհեստականորեն: Պարոն Տեր-Պետրոսյանին ենթարկեցին դե ֆակտո տնային կալանքի, իսկ ամբոխը ցրեցին: Ինչպես և սպասվում էր, այն վերստին միավորվեց և հավաքվեց Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Պարոն Քոչարյանը գործի դրեց բանակը, և տարածքը շուտով բռնկվեց հետևողական կրակոցներով:

Մահացավ 8 մարդ, այրվեցին մեքենաներ, կողոպտվեցին խանութներ: Ցուցարարներից շատերը զինված էին քարերով և մետաղյա ձողերով, սակայն վերջնական պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, որը թույլ տվեց իրավիճակի վերածումը քաոսի: Պարոն Քոչարյանի կողմից հայտարարված 20 օրով արտակարգ իրավիճակը, իր մեջ ներառելով մամուլի ժամանակավոր բացակայություն և ընդդիմադիր անձանց ձերբակալություն, կարող է մի որոշ ժամանակ ճնշել ցույցերը, սակայն հազիվ թե լուծի ֆունդամենտալ խնդիրները:

Այդ խնդիրների մեջ են մտնում կոռուպցիան, ցածր կենսամակարդակը և տնտեսական շրջափակումը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի պատճառով: Վերջինս Ադրբեջանի տարածքում հայաբնակ անկլավ է, որը Հայաստանը գրավել է 1994 թվականին: Այս հակամարտությունը երկար ժամանակ սառեցված էր, սակայն երևանյան բռնություններից 3 օր անց հայկական և ադրբեջանական ուժերը մասնակցեցին վերջին տասը տարում ամենաահավոր հրաձգություններին: Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են փոխհրաձգությունը սկսելու մեջ, որի արդյունքում երկու կողմն էլ ունեցավ վիճելի թվով զոհեր:

Պնդելով, որ անցած ամիս Կոսովոյի անկախության հռչակումը ոգեշնչել է հայ սեպարատիստներին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևը զգուշացրեց, որ ինքը զենքեր է գնում` անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղը ուժով հետ վերցնելու նպատակով: Նոր պատերազմը կապակայունացնի տարածաշրջանը և կվտանգի դեպի Թուրքիա ձգվող ռազմավարական նշանակության նավթամուղը, որն ընդամենը 15 կիլոմետր (10 մղոն) հեռավորության վրա է զինադադարի գծից:

Լեռնային Ղարաբաղը շարունակում է <<բաց վերք>> մնալ: Պարոն Տեր-Պետրոսյանի անկումը 1998-ին գլխավորապես դրդված էր առավել ճկուն մոտեցում ցուցաբերելու իր ակնարկներով` միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Ե’վ պարոն Քոչարյաը, և’ պարոն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղից են և կռվել են պատերազմում, սակայն նրանք քիչ բան են արել խաղաղության հասնելու գործում: <<Վաշինգթոն Փոսթ>>-ում վերջերս հրապարակված իր հոդվածում պարոն Տեր-Պետրոսյանը հերքում է այն միտքը, թե միայն ծագումով ղարաբաղցի կոշտ դիրքորոշում ունեցողները կարող են հակամարտությունը լուծել: Ավելին` նա փաստում է, որ պարոն Սարգսյանը, ում նախագահությունը պղծված է արյունահեղությամբ և անվստահությամբ, շատ ավելի քիչ ունակ կլինի կառավարել:

Ռուսաստանը և Արևմուտքը հետաքրքրված են Հայաստանի կայունությամբ և նրանք պետք է աշխատեն այն պահպանելու ուղղությամբ: Սա կարող է լինել պարոն Մեդվեդևի առաջին միջազգային փորձությունը որպես նախագահ:

Խստագույնս պատասխան են տալու

6:45 Yerevan | 2:45 GMT | Saturday 8 March 2008

Մեր հարցազրույցը Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ

Աստղիկ Սարգսյան

 

-Անկախ ձեր կարգավիճակից` դուք ակտիվորեն հետեւում եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպե՞ս կբնութագրեք մարտի 1-ին տեղի ունեցածը:

- Հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ ջանքերին, որ չարիքի վարչախումբը կազմաքանդվի առանց արյունի եւ առանց զոհերի, ցավոք` չստացվեց: Եվ տեղի ունեցավ բոլորիս համար ամենաանցանկալին: Գարնան առաջին օրը` մարտի 1-ը, զուգադիպեց այն դաժան օրերին, երբ 20 տարի առաջ, Սումգայիթում մոնղոլ-թաթարների հետնորդները սպանդի ենթարկեցին հայերին: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ Երեւանում զոհվածները հայերն էին, իսկ ոճրագործները` մոնղոլ-թաթարների հետնորդները: Մարտի 1-ը պատմության մեջ կմնա որպես ենիչերիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրագործած կոտորածի օր, որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի համար նահատակված նվիրյալների հիշատակի օր:

Իհարկե, հոգեվարքի մեջ գտնվող չարիքի իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկության դեպքում մարտի 1-ին վերջնականապես կտապալվեր, բայց Լեւոնն ամեն ինչ անում էր, որ արյուն չթափվի: Սակայն եղկելի սադրիչները ու նրանց ողորմելի տերերը դա արեցին: Նրանք մարտական փամփուշտներով կրակեցին ժողովրդի վրա ու սկսեցին անխնա կոտորել, որից հետո միայն ժողովուրդն անցավ ինքնապաշտպանության: Եվ եթե իշխանությունները կարծում են, թե իրենք պետք է կրակեն ժողովրդի վրա, իսկ ժողովուրդն ինքնապաշտպանության չդիմի, դա արդեն խաբկանք է: Թող Քոչարյանը մեկընդմիշտ մոռանա այն քստմնելի միտքը, թե ինքը միակ տղամարդն է այս երկրում: Եվ եթե մինչեւ այսօր կասկածներ կային, որ այս իշխանությունների մեղքով եղել են առեղծվածային սպանություններ, ապա մարտի 1-ի դեպքերը դրանք բացահայտ հիմնավորեցին: Իսկ հետագա օրերին իշխանավորներն իրենց անմարդկային դեմքն ու էությունը բացահայտեցին նաեւ նրանով, որ որեւէ ձեւով չցավակցեցին անգամ զոհվածների հարազատներին: Այսպիսի դեպք եթե տեղի ունենար որեւէ այլ պետությունում, անկախ դեպքի մեղավորներից, հաջորդ օրն իսկ համազգային սուգ կհայտարարվեր: Այս փաստը մեկ անգամ եւս հիմնավորում է, որ մենք չենք գտնվում նորմալ պետությունում, այլ կատարյալ ավազակապետությունում:

Այս ողբերգական դեպքերի հետագա շարունակությունն ու արյունահեղությունը կանխվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերով եւ նրա հրահանգով, ի տարբերություն այն բարբաջանքների, թե իբր բանակային ուժերին գործի դնելու շնորհիվ իշխանությունները կարողացան զսպել իրավիճակը: Դա անամոթ, լկտի սուտ է: Մազից կախված սարսափահար իշխանությունները լավ գիտեին, որ դրանք գործի դնելու դեպքում բանակը կմիանա ժողովրդին, քանի որ բացի մի քանի ծախված, թալանչի եւ ստորաքարշ գեներալներից, բանակը հիմնականում ժողովրդի հետ է: Իրականում հետագա արյունահեղությունը կանխեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա երբեք չի ցանկացել բռնությամբ կամ հեղաշրջմամբ իշխանության գնալ:

- Ու՞մ մեղքն եք տեսնում այս ամենում:

- Տեղի ունեցածը մեր ժողովրդի նկատմամբ վերջին 10 տարիներին իրագործված ամենօրյա հանցանքների գագաթնակետն էր: Եվ եթե մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները պահանջում էին, որ Սերժիկն ու Ռոբերտը հեռանան երկրից, ապա այսօր մենք ասում ենք, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որ նրանք չճողոպրեն, չհեռանան երկրից: Ընդամենը վերջին օրերն ապրող այս մեռնող իշխանության տապալումից հետո նրանք պետք է կանգնեն օրենքի ու դատարանի առաջ: Որեւէ մեկը մազաչափ անգամ թող չկասկածի, որ ինչպես քոչարյանասերժական կլանը, այնպես էլ նրանց կամակատար ենիչերիները խստագույնս պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ թույլ տված բոլոր ոճրագործությունների համար:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից դուրս գալու ելքը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ ըստ Ձեզ:

- Մեր համոզմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլով ընտրված նախագահ է: Սակայն, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը համապատասխան դիրքում պահելու համար անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ: Բայց այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Քոչարյանի եւ Սերժիկի հրաժարականից հետո միայն, քանի որ այս իշխանությունների օրոք ընտրություններ անցկացնելը ուղղակի անհեթեթություն է:

Վերջապես 1991-ից հետո թող մեր ժողովուրդը մեկ անգամ էլ տեսնի արդար ընտրություններ եւ վերականգնի իր կորսված հավատը մեր պետականության նկատմամբ: Եթե իրոք ցանկանում ենք ունենալ օրենքի գերակայության երկիր, ուրեմն պետք է գործի դնել վերը նշված տարբերակը, որն իրականացնելու համար մեր ժողովուրդն այսօր պատրաստ է: Եվ եթե քաղաքակիրթ աշխարհը հավատարիմ է իր դավանած արժեքներին ու սկզբունքներին, ապա նրանք նույնպես պետք է երաշխավոր լինեն այս տարբերակին:

- Ի՞նչ կոչով կդիմեք ժողովրդին, ընդդիմությանը կամ իշխանություններին:

- Այս չարագործ իշխանություններին հորդորում ենք իրավիճակը ճիշտ գնահատել եւ օր առաջ հրաժարական տալ: Բացի այդ, պետք է նրանք պատրաստ լինեն նաեւ դատարանի առաջ պատասխան տալ իրենց կատարած ոճրագործությունների համար: Եթե նրանք չհամակերպվեն այս պահանջների հետ, իրենք իրենց ձեռքով ընկնելու են տխրահռչակ

Չաուշեսկուի օրը:

Իսկ ժողովրդին եւ ընդդիմությանը այսօր մենք միացնում ենք իրար, քանի որ կա ոչ թե ընդդիմություն, այլ համաժողովրդական շարժում, որի նպատակն է ազատագրել մեր երկիրը կեղեքիչներից ու բռնատիրությունից:

Ազգային-ազատագրական շարժման յուրաքանչյուր անդամի մենք կոչ ենք անում լինել ավելի համախմբված ու վճռական, ավելի տոկուն ու համարձակ, անվերապահ հավատալ ու վստահել համաժողովրդական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր հրահանգներն ու առաջադրանքները:

Մեր հաղթանակն անկասելի եւ անխուսափելի է: Մեր հաղթանակը շատ մոտ է:

 

 

 

«Ժողովուրդն արթնացել է 10-ամյա թմբիրից եւ նրան քնեցնել հնարավոր չէ»

6:56 Yerevan | 2:56 GMT | Saturday 8 March 2008

Հ.Մելիքսեթյան

 

Երեկ զրուցեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերից մեկի` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:

 

-Տիկին Սարգսյան, մարտի 1-ի դեպքերից անցել է շուրջ 7 օր: Ի՞նչ կասեք այդ օրը արձանագրված անցքերի եւ դրանց հաջորդած զարգացումների մասին:

- Այն, ինչ տեղի ունեցավ, կանխագուշակելի էր, բայց ոչ այդ մակարդակով: Ինձ թվում էր, թե այս պետության գլուխ կանգնած մարդիկ քիչ թե շատ պիտի գիտակցեին, որ ժողովրդի դեմ այդ ձեւով դուրս գալ չի կարելի, ու մի փոքր զիջող վերաբերմունք պիտի ցուցաբերեին, մանավանդ այն բանից հետո, ինչ կատարեցին փետրվարի 19-ին` համատարած լցոնումներ, ընտրակաշառք, բռնություններ... Նույնիսկ բարոյական իրավունք չունեին ժողովրդին մատով դիպչելու, որովհետեւ նրանք արել էին ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը դուրս գար Ազատության հրապարակ: Եվ վերջին հաշվով, ո՞վ ասաց, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, իսկ մենք մեր ձայնի իրավունքը պաշտպանելու իրավունք անգամ չունենք, ո՞վ ասաց, որ իրենք տեր են այս երկրում: Դա գուցե իրենք են որոշել, բայց իրականում իրենք տեր չեն այս երկրում: Այն խուճապը, այն լկտի պահվածքը, որ իրենք ունեն այսօր եւ ժողովրդի, եւ քաղաքական ուժերի, եւ լրագրողների նկատմամբ` նրանց կողմից չի մարսվելու: Երկու անգամ արյունով իշխանություն են պահել, եւ իրենց թվում է, որ երրորդ անգամ էլ են պահելու, դա նրանց չի հաջողվելու: Երկու արյուն մարսել են, երրորդը չեն մարսելու, մենք ազգ չենք լինի, եթե թույլ տանք, որ այս անգամ էլ մարսեն իրենց վերջին արարքները: Երկու մարդ, փաստորեն, երկրում որոշում են ամեն ինչ, իսկ ո՞վ ասաց, որ իրենք այդքան իրավունք ունեն, ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: Իրենք ժողովուրդ չունեն այլեւս...ու՞մ են ղեկավարելու, ո՞ր երկրի վրա են իշխելու, երբ չունեն ոչինչ, բացի իրենց կրիմինալ խմբից: Թող տղամարդ լինեն, որի մասին այդքան հիշեցնում են ու գլուխ են գովում եւ թող հանրաքվե անցկացնեն: Իրենց գուցե թվում է, որ տղամարդկությունը անզեն ժողովրդի դեմ դուրս գալն է: Տղամարդկությունն այն կլիներ, եթե նրանք գիտակցեին, որ իրենք զզվելի են այս ժողովրդի համար, որ ընդունելի չեն այս երկրի համար եւ իրենց վեշչերը հավաքեին ու ռադ լինեին: Այ դա տղամարդկություն կլիներ, իսկ այս դեպքում նրանք տղամարդ չեն, ընդամենը ֆաշիստ են սեփական ժողովրդի գլխին: Մենք երբեք թույլ չենք տա, որ Հայաստանում հաստատվեն ֆաշիստական կարգեր, ինչքան ուզում են ձերբակալեն, բռնանան: Բանտարկեցի՞ն Շարժման լիդերներին, նոր լիդերներ են ի հայտ գալու, ժողովուրդը իրենցից չի վա-խե-նում: Դրանում այս իշխանությունները համոզվեցին մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ փորձեցին բարոյապես եւ ֆիզիկապես ժողովրդին ջախջախել, սակայն ստացան հակառակ էֆեկտը: Ժողովուրդը վախի մթնոլորտից դուրս է եկել, մենք ստրուկ ազգ չենք, որ այդ ամեն ինչին դիմանանք, ժողովուրդն արթնացել է 10-ամյա թմբիրից եւ այլեւս նրան քնեցնել հնարավոր չէ:

- Տկն Սարգսյան, ասում եք` ժողովրդին քնեցնել հնարավոր չէ, գուցե դրա՞ համար են այս օրերին տեղի ունենում ցուցարարների զանգվածային ձերբակալությունները, որպեսզի այլեւս ազատ մարդ չմնա մեր երկրում եւ նորից չկազմակերպի եւ կամ չմասնակցի հանրահավաքի:

- Այդ ի՞նչ հիմքերով են մարդկանց ձերբակալում, այդ ի՞նչ բռնություններ են կիրառում նրանց նկատմամբ, եթե նրանցից եւ ոչ մեկի մեղքը հաստատված չի եւ չեն էլ կարողանալու հաստատել: Մեզանից ոչ մեկը կոչ չի արել բռնի ուժով իշխանափոխություն կատարել, մենք սահմանադրական ճանապարհով գնում էինք օրինական իշխանափոխության, որը իրականում տեղի էր ունեցել: Տեր-Պետրոսյանը ընտրություններում ստացել էր առնվազն 60-65 տոկոս ձայն, եւ իրենց թվում էր, որ դա պետք է իրենց զիջեի՞նք: Դա ժողովրդի ընտրությունն է եղել, իսկ ռեժիմը պարտավոր է հաշվի նստել իրողության հետ: Չեն մարսելու... Այն հոդվածները, որոնք դրել են Շարժման մասնակից իմ ընկերների վրա, չեն կարողանալու հաստատել, որովհետեւ նրանցից եւ ոչ մեկը երբեք բռնի իշխանափոխության կոչ չի արել: Ռեժիմն այսօր օրենքից դուրս է, որովհետեւ Սահմանադրական դատարանը քանի դեռ իր որոշումը չէր կայացրել, նրանք իրավունք չունեին որեւէ գործողություն կատարել: Մենք ընտրական պրոցեսի մեջ էինք դեռ եւ եթե իրենց թվում է, թե այն հերհյուրանքը, որ իրենք այսօր թափում են եթերից, դա ժողովրդի համար ընդունելի է կամ դրան ժողովուրդը մի տոկոս հավատում է, չարաչար սխալվում են: Ես հազարավոր մարդիկ գիտեմ, որ հենց լուրերը սկսվում է, հեռուստացույցն անջատում են, որպեսզի այն չջարդեն: Նորից եմ կրկնում, թող չմոռանան, որ Հայաստանը միայն հայաստանցիներով չի, սփյուռքում այնքան հայաստանցիներ ու այնքան հայեր կան, որոնք իրենց գործողությունները մինչեւ վերջ շարունակելու են եւ այն խուլ ականջներն ու կույր աչքերը, որոնք առ այսօր փորձում են չտեսնել ու չլսել այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում, վաղը լսելու եւ տեսնելու են, իսկ ժողովուրդն այլեւս տրամադրված չի լռելու ու կուլ տալու այս ամենը: Այնպես որ, թող հետեւեն դեպքերի զարգացումներին:

- Ձեր խոսքերից ենթադրե՞նք, որ արտակարգ դրության 20-օրյակից հետո Շարժումը նորից շարունակվելու է:

- Միանշանակ, այս Շարժումն այլեւս կասեցնել հնարավոր չէ, որովհետեւ սա Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցը չի, սա քաղաքական ուժերի հարցը չի, արդեն ժողովրդի եւ երկրի գոյատեւման, երկիրը նորմալ հունի մեջ դնելու խնդիրն է դրված: Եթե մի տեղ առանց կոչի ու հրավերի հրապարակ է դուրս գալիս կես միլիոն մարդ, այն դեպքում, որ իրականում Հայաստանում միլիոն ու կես ենք մնացել, դա նշանակում է, որ իրենք գործ ունեն համաժողովրդական շարժման հետ, որի դեմը ոչ մի ուժ չի կարող առնել: Քանի ուշ չի թող ուշքի գան ու հասկանան, որ իրենք կորցրել են ամեն ինչ: Երկու խոսք էլ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի մասին: Վերջապես նա հասկացավ, որ ինքը հայ է, հայաստանցի է եւ պետք է մեր ժողովրդի շահերը պաշտպանի, իսկ պարոն Քոչարյանը ըմբոստացավ դրա դեմ, թե ինքը շատ մեծ կադրային սխալ է թույլ տվել: Երեւի երբ Քոչարյանն ասում է, թե օմբուդսմենը պետք է ծառայի Հայաստանին, ինքն ի նկատի ունի, որ Հայաստանն ինքն է: Ուզում եմ նորից հիշեցնել` պարոն Քոչարյան, Հայաստանը Դուք չեք, Հայաստանը մենք եք, նրանք, ում նկատմամբ դուք բռնի ուժ կիրառեցիք, այն մարդիկ են, որոնց դուք այսօր ձերբակալել եք, որովհետեւ այդ մարդիկ քաջություն են ունեցել ճշմարտությունը հրապարակավ ասել: Երեւի երեկոյան մեկ-մեկ նստեք ու մտորեք, որ Հայաստանը բացարձակ դուք չեք, ավելին` Հայաստանն ընդհանրապես կապ չունի ձեզ հետ, Հայաստանը մենք ենք, ու մենք ենք այն պահելու:

- Ասում եք առանց կոչի ժողովուրդը նորից դուրս է գալու եւ շարժումը շարունակվելու է: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են առաջնորդելու վերսկսված այդ շարժումը, առաջնորդների կարիք զգալու՞ է այն:

- Նույնիսկ եթե մեր բոլոր ղեկավարներին ձերբակալեն, ժողովրդի միջից արդեն ծնվում են նոր լիդերներ, երիտասարդությունն այլեւս տրամադրված չի համակերպվելու այս իրավիճակի հետ, իսկ մենք իսկապես փայլուն երիտասարդներ ունենք, փայլուն սերունդ է աճում, որն ականատես եղավ այս ամենին: Նրանք ավելի ազատ են, քան մենք 1988 թվին էինք, այս անգամ հենց նրանք են ղեկավարելու այս շարժումը: Այնպես որ, խորհուրդ կտայի իշխանություններին նոր ձերբակալություններ չանել, որովհետեւ, այնուամենայնիվ մեզ փոխարինողներ կլինեն:

- Տիկին Սարգսյան, մարտի 21-ին, ըստ վերն ասվածի, պետք է վերսկսվի ընդհատված Շարժումը, որի նպատակը սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելն է: Որքանո՞վ եք հավանական համարում այն, որ ձեզ կհաջողվի դե յուրե նախագահ դարձած Սերժ Սարգսյանին հասցնել այն վիճակին, որ նա որոշի հրաժարական տալ:

- Մենք այս ողջ ընթացքում միշտ օրինական ճանապարհով ենք ղեկավարել Շարժումն ու նույն ոգով շարունակելու ենք նաեւ այսուհետ: Խորհուրդ եմ տալիս այս դեպքում ոչ թե Քոչարյանին, այլ Սերժ Սարգսյանին սթափ լինել, որովհետեւ կարծես թե նրա բանականությունն ավելի շատ է, քան Քոչարյանինը: Նրա մոտ ավելի շատ տղայական մոտեցում է այս հարցերի նկատմամբ, քան թե պետական մտածողությամբ մոտեցում: Մարդը որոշել է, որ ինքը տղա է ու տղայական ճանապարհով պիտի գնա: Երկրի ղեկավարը տղա չի, տղա ջան, երկրի ղեկավարը պետական մտածողությամբ մարդ պիտի լինի, որը 10 տարում Ռոբերտ Քոչարյանը ձեռք չբերեց եւ մնաց նույն տղան: Սերժ Սարգսյանը, եթե բանական էակ է, պիտի հասկանա, որ արյան վրա նախագահ չեն դառնում ու ինքը, միեւնույնն է, լեգիտիմ չի լինելու: Իսկ եթե լեգիտիմ չի, աշխարհի համար ընկալելի չի լինելու, ո՞նց է պատրաստվում ղեկավարել մի երկիր, որտեղից ինքը դուրս գալու հնարավորություն չի ունենալու: Եթե Սերժ Սարգսյանն իրոք այդպես մտածի, պետք է չեղյալ հայտարարի ընտրություններն ու նոր, քաղաքակիրթ երկրին հարիր ընտրություններ նշանակի:

- Տիկին Սարգսյան, Ձեր նկատմամբ այս ընթացքում բռնություններ կամ այդ ձեռագրով որեւէ գործողություն կատարվե՞լ է:

- Կոնկրետ իմ նկատմամբ` ոչ, որից ես շատ զարմացած եմ: Հավանաբար նրանց ողջախոհությունն աշխատում է ու հասկանում են, որ եթե ինձ ձերբակալեն, առնվազն 16 երկիր իրենց դեմ է դուրս գալու, 16 երկրում Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը ներկայացված է ու մեկ զանգով կարող ենք ոտքի հանել ամբողջ հնչակյան կառույցներն ու միանշանակ բոլոր երկրներում ակցիաներ կազմակերպել: Կարծում եմ, որ այդքան խելք ունեն ու դրա համար էլ ինձ չեն ձերբակալում:

 
   
 
Ce site web a été créé gratuitement avec Ma-page.fr. Tu veux aussi ton propre site web ?
S'inscrire gratuitement